Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երազ տեսայ, որ զարհուրեցրեց ինձ, եւ խռովուեցի իմ անկողնում: Իմ մտքի տեսիլքը տագնապեցրեց ինձ
   
   Տե՛ս, թե ինչպես էր Աստված ցանկանում նրան խոնարհեցնել ոչ թե գործով, այլ գալիք իրադարձության կանխատեսումով: Տե՛ս, թե որքան սարսափելի էր երազը: Ինչո՞ւ այժմ էլ նախկինի պես ոգին նրանից չհեռացավ, և նա չմոռացավ երազը: Քանի որ հենց նախորդ երազի բացատրությամբ Դանիելն արդեն (իր իմաստության մասին) բավարար ապացույց էր ներկայացրել, և երկրորդ փորձի դիմելու անհրաժեշտություն ամենևին չկար: Աստված ամեն ինչ անում է ըստ կարիքի, այլ ոչ թե ունայնությունից դրդված: «Զարհուրեցրեց ինձ»,–  ասում է թագավորը: Սակայն, նույնիսկ այս պարագայում ավելի լավը չդարձավ, այլ ցանկացավ փորձել: Այսպիսով՝  Աստված միշտ անմեղ է:

   Մարգարեների ժամանակ այդքան շատ հրաշքներ չկային, որոնք կհաստատեին նրանց քարոզչությունը: Ընդհակառակը, կային շատ կեղծ մարգարեներ, որոնց հրեա ժողովուրդն ավելի պատրաստակամորեն էր լսում. այդ իսկ պատճառով էլ նրանք ստիպված էին այս կերպով սկսել իրենց մարգարեությունները: Եվ եթե հրաշքներ էլ էին տեղի ունենում, ապա դրանք լինում էին հեթանոսների համար, որպեսզի նրանք ավելի մեծ թվով ուղղորդվեին դեպի հուդայականությունը, ինչպես նաև դրանք լինում էին Աստծո զորության դրսևորման համար, երբ հրեաներին նվաճած թշնամիները մտածում էին, որ իրենց աստվածների զորությամբ են հաղթահարել նրանց: Այդպիսի  հրաշք  եղավ Եգիպտոսում, որտեղից ժողովրդի մի մեծ բազմություն դուրս եկավ հրեաների  հետևից: Հետագայում նմանատիպ հրաշքներ  եղան նաև Բաբելոնում. դրանք  են հնոցի և երազի հրաշքները: Այնուամենայնիվ, հրաշքներ եղան նաև անապատում, երբ հրեաները այնտեղ միայնակ էին, ճիշտ մեզ հետ պատահածի պես: Նաև մեզ համար շատ հրաշքներ եղան, երբ մենք մոլորությունից դուրս եկանք: Բայց ավելի ուշ, երբ բարեպաշտությունը  գլուխ բարձրացրեց ամենուր, հրաշքները դադարեցին: Եթե նույնիսկ հետագայում էլ ​​հրեաների մոտ հրաշքներ եղան, ապա դրանք  շատ չէին և հազվադեպ էին: Հրաշքներից մեկը արեգակի կանգ առնելն էր, իսկ մյուսը՝ ետ գնալը: Մեզ մոտ ևս կարելի է նույնը տեսնել:  Մեր ժամանակներում էլ չարությամբ բոլորին գերազանցած Հուլիանոսի հետ է բազում հրաշալի բաներ պատահել: Երբ հրեաները ձեռնամուխ եղան Երուսաղեմի տաճարի վերականգնմանը, հիմքի ստորին մասից կրակ դուրս եկավ և խոչընդոտեց աշխատանքներին:  Եվ երբ Հուլիանոսը փորձեց խենթությամբ ոտնձգություն կատարել սրբազան անոթների հանդեպ, գանձերի պահապանը մահացավ՝ որդերի կեր դառնալով, իսկ Հուլիանոսի քեռին, որի անունով էլ նրան անվանակոչել էին, մասերի բաժանվեց:  Շատ կարևոր հրաշք էր նաև այն, որ այնտեղ զոհաբերություններ մատուցելու ժամանակ աղբյուրները չորանում էին, և որ Հուլիանոսի օրոք քաղաքներում սով եղավ: Աստված սովորաբար նշաններ է կատարում, երբ չարը բազմանում է: Երբ Նա տեսնում է, որ Իր ծառաները ճնշված են, իսկ հակառակորդները չափից ավելի են զվարճանում նրանց խոշտանգմամբ, այդ ժամանակ ցույց է տալիս Իր սեփական իշխանությունը: Նա այդպես վարվեց նաև Պարսկաստանում գտնվող հրեաների հետ:
   

Ա. Լոպուխին

«Բայց ես մի երազ տեսա, որն ինձ վախեցրեց, և իմ անկողնում մտածումներն ու իմ գլխի տեսիլքներն ինձ խռովեցրին»։ (Սինոդական թարգ․) [2]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):1
-------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Երազ տեսայ, որ զարհուրեցրեց ինձ, եւ խռովուեցի իմ անկողնում: Իմ մտքի տեսիլքը տագնապեցրեց ինձ
(Արարատ թարգ․ 4։2) Երազ տեսա, որն ինձ վախեցրեց։ Խորհուրդներս անկողնում ու մտքիս տեսիլքներն ինձ խռովեցրին։
(Գրաբար) Երա՛զ տեսի՝ և զարհուրեցոյց զիս, և խռովեցայ յանկողնի իմում. և տեսիլ գլխոյ իմոյ տագնապեա՛ց զիս։