Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Իսկ ահա երկրորդ գազանը նման էր արջի, մի կողմ էր կանգնած եւ երեք կողոսկրեր կային բերանում՝ ժանիքների մէջ: Այսպէս էին ասում նրան. «Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինը»:
   
    «Իսկ ահա երկրորդ գազանը նման էր արջի․․.»։ Պարսկական թագավորությունն առանձնանում էր իր դանդաղկոտությամբ: Մեդացիների ու պարսիկների տիրապետության տակ «երեք ժանիք», այսինքն՝ նրանց կողմից միմյանց միացված երեք երկրներ կամ թագավորություններ կային: «Այսպես էին ասում նրան. «Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինը», քանի որ նրանք գրավեցին նաև Բաբելոնը և շատ աղետներ պատճառեցին:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, կանգնած էր մի կողմի վրա և երեք ժանիք ուներ բերանում՝ իր ատամների միջև․ նրան այսպես ասացին. «Վե՛ր կաց, շատ մի՛ս կեր»։ (Սինոդական թարգ․) [5]
   
    Երկրորդ թագավորության խորհրդանիշը արջն է: Այս գազանի դաժանությունը և որկրամոլությունը («Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինը») միանգամայն հստակ մատնանշում են բաբելոնական թագավորությանը հաջորդած Մեդա–պարսկական միապետությունը, որը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, անհագ էր նվաճումներում: Կյուրոսի օրոք դրանք սկսվեցին Լիդիայի թագավոր Կրեսոսի իշխանությունը ճանաչող` Բակտրիայի և Փոքր Ասիայի փոքրաթիվ ժողովուրդների, այնուհետև Լիդիայի, Փոքր Ասիայի հունական գաղութներ` Էոլիդայի ու Հոնիայի և Լիդիայի հետ դաշնակցած Բաբելոնի հպատակեցմամբ, ու շարունակվեցին Կյուրոսի որդու՝ Կամբիզի օրոք Եգիպտոսի նվաճմամբ և ավարտվեցին Դարեհի և Քսերքսեսի իշխանության շրջանում, որոնք պարսիկների տիրապետությունը տարածեցին գրեթե ամբողջ պատմական արևելքում (Եսթ․ 1։1): Արջի բերանի երեք ժանիքները ցույց են տալիս Բաբելոնը, Մեդիան և Պարսկաստանը, որոնք միավորվել էին Կյուրոսի և նրա հաջորդների իշխանության ներքո:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Իսկ ահա երկրորդ գազանը նման էր արջի, մի կողմ էր կանգնած եւ երեք կողոսկրեր կային բերանում՝ ժանիքների մէջ: Այսպէս էին ասում նրան. «Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինը»:
(Արարատ թարգ․ 7։5) Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման։ Մի կողմի վրա կանգնեց և կողքի երեք ոսկոր ուներ բերանում՝ ատամների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. Վե՛ր կաց, շատ մի՛ս լափիր։
(Գրաբար) Եւ ահա երկրորդ գազանն նմա՛ն արջոյ, և եկաց’ի կողմն մի. և կողք երեք’ի բերա՛ն նորա՝’ի մէջ ժանեաց նորա. և ա՛յսպէս ասէին ցնա. Արի՛ կե՛ր զմարմինս բազմաց։