Երեմիայի մարգարեության մեկնություն 1:13

Ա. Լոպուխին

13-14. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ մի ուրիշ անգամ. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Ես ասացի. «Տեսնում եմ քամուց փչվող մի եռացող կաթսա, և նրա երեսը հյուսիսից է»»։ [13] «Եվ Տերն ասաց ինձ. «Հյուսիսից աղետ է պատուհասելու այս երկրի բոլոր բնակիչների վրա»»։ (Սինոդական թարգ․)
   
    Այստեղ Աստված ավելի պարզորոշ է բացահայտում այն ուղին, որով Նա իրականություն է դարձնելու Իր խոսքը։ Եռացող մեծ կաթսա (Դ Թագ․ 4։38 և Եզեկ․ 24։3) տեսած մարգարեին Աստված բացատրում է, որ այդ կաթսան, որը կարծես մարգարեին ներկայանում է հյուսիսից Հուդայի ուղղությամբ շարժվող, այն աղետներն ու դժբախտություններն են,  որոնք հյուսիսից թափվելու են Հուդայի բնակիչների վրա, որտեղից համեմատաբար վերջերս էր Իսրայելական թագավորության վրա աղետ եկել։ Եռում, եփվում են այդ կաթսայի մեջ, այսինքն Աստծո կողմից Հուդայի համար պատրաստվում են տարբեր պատիժներ, որոնք գալու են հյուսիսային հզոր (քաղդեական) թագավորության ձեռքով։

    Երեմիա․ 1։14-րդ համարից մինչև գլխի ավարտը մարգարեի խոսքը կրկին հանգավորված երանգ է ստանում։
--------------------------------
[13] (Էջմիածին թարգ․) Եւ Տէրը նորից խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Եռացող կաթսայ եմ տեսնում՝ բերանը հիւսիսից դէպի այս կողմ»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս կրկին անգամ եւ ասէ, Զի՞նչ տեսանես. եւ ասեմ, Կատսա յեռանդան տեսանեմ ես, եւ երեսք նորա յերեսաց հիւսւսոյ։