Երեմիայի մարգարեության մեկնություն 1:5

Ա. Լոպուխին

«Նախքան Ես ձևավորեցի Քեզ որովայնում, Ես ճանաչեցի քեզ, և նախքան դու դուրս եկար արգանդից, Ես սրբացրի քեզ. ժողովուրդների համար մարգարե կարգեցի քեզ»։ (Սինոդական թարգ.)[5]
   
   Տեր Աստծո խոսքը այստեղ ռիթմիկ բնույթ ունի, և ամբողջ համարը երեք մասի է բաժանվում։

   «Ես ճանաչեցի քեզ»։ Այստեղ նկատի է առնվում ոչ միայն մտավոր գիտելիքը֊ճանաչողությունը, նաև այն գիտելիքը, որը կապված է ճանաչվողի նկատմամբ հոգևոր բարեհաճությամբ, նախախնամությամբ (Հռոմ. 8։29, 11.2, Ա Պետրոս. 1։20)։

   «Ես սրբացրի քեզ», այսինքն՝ Երեմիային առանձնացրեց մյուս մարդկանց միջավայրից և նրանց հետաքրքրությունների ոլորտից, կարգելով նրան Իր հետ հատուկ անձնական հարաբերությունների մեջ, կարգեց նրան Իրեն ծառայելու համար։

   «Ժողովուրդների վրա քեզ մարգարե կարգեցի»։  Ամոսը և Եսային արդեն կարգվել էին մարգարե՝ տարբեր ժողովուրդների համար, բայց միայն Երեմիայի դեպքում է որ այս հանգամանքը մղվում է առաջին պլան, որը ճշմարիտ բնույթ է տալիս նրա մարգարեական կոչմանը (Հմմտ. Եր. 1։10, 36։2, 25։15, 18։9, 27։2)։ Այս հանգամանքով է հատկապես ընդգծվում նրա կոչման իրողությունը և նրա մարգարեական ծառայության ճշմարտացիությունը։ Ճշմարիտ մարգարեները, ըստ Երեմիայի, անշուշտ խոսում էին տարբեր ժողովուրդների մասին (հմմտ. Եր. 28։8), իսկ նա պարտավոր էր նրանց մասին էլ ավելի հաճախ խոսել՝ այդ կերպ ընդլայնելով իր ծառայության ասպարեզը, որովհետև, (ակնհայտորեն այդպես էր մտածում մարգարեն), Բաբելոնի վասալ պետություն դարձած Հրեական թագավորությունը արդեն դարձել էր ամբողջ աշխարհի կյանքի մի մասը, և նրա պատմությունն այժմ սերտորեն կապված էր Բաբելոնյան մեծ թագավորության պատմության հետ, որն իր մեջ ներառում էր բազմաթիվ ժողովուրդներ։
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»:
(Արարատ թարգ․) «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։
(Գրաբար) Մինչ չեւ ստեղծեալ էիր յորովայնի, գիտեմ զքեզ. եւ մինչ չեւ ելեալ էիր յարգանդէ, սրբեցի զքեզ. մարգարէ ի հեթանոսս եդի զքեզ։