Երեմիայի մարգարեության մեկնություն 16:13

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու»։
   
    ;Խոսում է օտար աստվածների դաժանության մասին: Նրանք չէին ողորմում նաև իրենց ծառայողներին։ Ինձ անարգում էին, իսկ Ես ողորմում էի, որպեսզի համեմատության մեջ տեսնեին, թե ով եմ Ես, և ովքեր են նրանք։ Եթե մեկը պատիժ է փնտրում, ապա կգտնի, քանի որ համբերությունը պակաս օգտակար չէ խելամիտների համար:
 Ինչո՞ւ է մատնանշում ուրախ իրադարձությունները: Դա ոչ թե նրանց հանգստացնելու համար է անում, այլ որպեսզի հավատան նաև սպասվելիք տխրություններին։ Հատկապես վերադարձն է մատնանշում, որ հեռանալու հավատն էլ ունեն:
   

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու»։
   
    Տիրոջ կողմից լքվելուց հետո նրանք դատապարտելի բաներ էին անում, որպեսզի գնան ըստ իրենց չար սրտի ցանկությունների, և, հետևաբար, նրանք բաժանվում են եկեղեցուց, որպեսզի գնան մի հեռավոր երկիր (որ նախքան մեղք գործելը ո՛չ նրանք, և ո՛չ  էլ նրանց հայրերը չգիտեին), որպեսզի այնտեղ ծառայեն օտար աստվածների, որոնք աստված չեն, բայց այդպիսին են համարվում՝ նրանց երկրպագողների սխալի պատճառով: Եվ «օր ու գիշեր» բառերն ավելացնելով՝ ցույց է տալիս մեղսագործությունների մեջ մեղավորների դրսևորած մշտական համառությունը, քանի որ նրանք օրվա ընթացքում ծառայում էին ախտերին, իսկ գիշերը՝ տռփանքներին: «Որոնք ձեզ հանգիստ չեն տա»  միտքը, անկասկած, ցույց է տալիս սուտ աստվածներին, որոնց մասին նա ասաց՝ «և այնտեղ կծառայե՛ք օտար աստվածներին»: Այսպիսով` այն ամենը, ինչով մենք մեղք ենք գործում, այն ամենը, ինչ մենք անում ենք օր ու գիշեր և չարիք ենք գործում, դառնում է դևերի տիրույթը, ովքեր երբեք մեզ հանգստ չեն տալիս, այլ մշտապես մեղքերը մեղքերով բազմապատկել և մեղքերի փունջ հավաքել են քաջալերում:
   

Ա. Լոպուխին

«Դրա համար Ես ձեզ այս երկրից դուրս եմ նետելու մի այնպիսի երկիր, որը ո՛չ դուք գիտեիք, ո՛չ էլ ձեր հայրերը, և այնտեղ պիտի ծառայեք ուրիշ աստվածների` օր ու գիշեր. որովհետև Ես ձեր նկատմամբ ողորմածություն չեմ ցուցաբերելու»։ (Սինոդակ. թարգմ.) [13]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 14:9

---------------------------------------

[13](Էջմիածին թարգմ.) Այս երկրից ես ձեզ կը նետեմ մի երկիր, որը չգիտէք ո՛չ դուք եւ ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կը ծառայէք օտար աստուածներին, բայց ձեզ ողորմածութիւն չեն անի»:
(Արարատ թարգմ.) Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու»։
(Գրաբար) Եւ ընկեցից զձեզ յերկրէդ յայդմանէ յերկիր՝ զոր ո́չ գիտիցէք դուք եւ հարքն ձեր. եւ ծառայեսջիք անդ աստուածոց օտարաց՝ ՛ի տուէ եւ ՛ի գիշերի, եւ ո́չ արասցեն ձեզ ողորմութիւն։