Երեմիայի մարգարեության մեկնություն 16:6

Թեոդորոս Կյուրացի

Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու նրանց համար։
   
    Աստված պատվիրում է նրան, որ չամուսնանա և երեխաներ չունենա, որովհետև թե՛ ծնողները և թե՛ ծնվածները մատնվելու են սովի, ժանտախտի, ծեծի և ստրկության: Նաև ուրախացողներին՝ չուրախանալ, իսկ տխրողներին՝ չտխրել է պատվիրում: Քանի որ ասում է. «Իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից»  (Երեմիա 16։5)։
    «Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում»: Նա ասում է, որ մահացածները թաղման չեն արժանանա, որ նրանց վրա սովորական լաց չի լինի, և նրանց վրա լացողները ոչ մի մխիթարություն չեն արժանանա: Նաև սպառնում է քաղաքը զրկել ամեն տեսակ զվարճանքներից, ուստի՝  կյանքում մարդկանց ուրախություն պատճառող ոչ մի ձայն՝ ո՛չ ամուսնության, ո՛չ խնջույքների, ո՛չ էլ որևէ այլ բանի լսելի չի լինի։  «Եվ երբ,– ասում է Աստված,– նրանք կխնդրեն և կասեն. «Ո՞ր մեղքի համար ենք մենք այս աղետների մեջ ընկել»:  Նրանց հիշեցրո՛ւ հայրերի չարությունը, ցո՛ւյց տուր այն,  ինչ իրենք համարձակվել են անել, և բացատրի՛ր, որ նրանք ավելի շատ մեղքեր են գործել, քան իրենց հայրերը, քանի որ ոչ թե Իմ Օրենքին, այլ իրենց սեփական մտքերին հետևելով են կյանք վարել»:
   

Ա. Լոպուխին

«Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. և չեն թաղվելու, ու ոչ ոք չի սգալու նրանց համար, իրենց չեն տանջելու, մազերը չեն կտրելու նրանց համար»։ (Սինոդակ. թարգմ.) [6]
   
    Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը,այսինքն՝ ազնվականները և հասարակ մարդիկ:«Փետել», եբրայերենից ավելի ճշգրիտ՝ «մարմնի վրա կտրվածքներ անել» (Եր. 41։5, 47։5), իսկ հետո գլուխը բոլորովին խուզել (Եր. 47։5, Ես.  22։12): Երկուսն էլ արգելված էին Մովսիսական օրենքով (Ղևտ. 19։27, 21։5), սակայն, այնուամենայնիվ, գործադրվում էին հրեաների կողմից: Մարգարեին արգելվում է մասնակցել այս կամ այն ընտանիքի սգին՝ ընտանիքի ցանկացած անդամի մահվան դեպքում: Սա կլինի այն բանի խորհրդանիշը, որ նրանք մոտակա ժամանակներում չեն կարողանա սգալ մահացածներին և նույնիսկ թաղել նրանց՝ դա անելու անհնարինության պատճառով: Ուստի կենդանի մնացած հրեաները ստիպված են միայն իրենց մասին մտածել...
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:1

---------------------------------------

[6] (Էջմիածին թարգմ.) Թէ՛ մեծերը եւ թէ՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու, նրանց համար արիւնբզիկ չեն լինելու եւ մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման:

(Արարատ թարգմ.) Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու նրանց համար։

(Գրաբար)   Եւ մեռանիցին մեծամեծք եւ փոքունք յերկրին յայնմիկ. մի́ կոծեսցին, եւ մի́ ցտեսցին, եւ մի́ խզեսցին, եւ մի́ լացցին, եւ մի́ թաղեսցին։