Երեմիայի մարգարեության մեկնություն 17։1

Սուրբ Եփրեմ Ասորի

Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։
   
    Մարգարեն խոսում է կուռքեր պաշտելու մեղքի մասին, և սա անջնջելի է համարում այն ​​իմաստով, որ հրեաները իրենց սրտի խորքում որոշել էին, որ հավիտյան չեն թողնելու այս մեղքը, կամ այն ​​իմաստով, որ հրեաները Աստծո առաջ ո՛չ զոհաբերությամբ և ո՛չ էլ աղոթքով երբեք չէին քավելու այս անխոհեմությունը: Մարգարեն կռապաշտությունը Հուդայի մեղք է կոչում, քանի որ հրեաները կուռքեր էին պաշտում, և նրանց դեպի այդ պաշտամունքը առաջնորդել էր Հուդայի Մանասե թագավորը, քանի որ Երեմիան խոսում է այն նույն մեղքի մասին, որը  հստակ հայտարարվում է Թագավորների Չորրորդ գրքում. «Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը, սակայն, չմեղմացավ, ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ»» (Դ Թագ. 23:26–27)։ Այլաբանական իմաստով այն առավելագույնս կատարվեց Հուդա առաքյալի միջոցով, որն իր Վարդապետին մատնեց խաչողներին, և այժմ նրա մեղքը գրվել է ու երբեք չի ջնջվի:
   

Ա. Լոպուխին

«Հուդայի մեղքը գրված է երկաթե սայրով, ադամանդյա ծայրով փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա»։ (Սինոդակ. թարգմ.) [1]
   
    Ինչպես փորագրիչն է ալմաստե ծայրով մետաղի կամ ապակու վրա մաքուր և ճշգրիտ տառերը կտրում, այնպես էլ Հուդայի մեղքը դրոշմվեց նրա սրտի և նրա զոհասեղանների եղջյուրների վրա: Այսպիսով` Տերը տեսնում է, որ Հուդան սրտի խորքում ձգտում է դեպի հեթանոսությունը: Ինչ վերաբերում է հեթանոսական աստվածների պատվին կառուցված զոհասեղաններին, որոնք, իհարկե, արդեն ոչնչացվել էին Հովսիա թագավորի օրոք, պետք է ասել, որ Տերը, այնուամենայնիվ, չմոռացավ դրանք և դրանք զարդարող եղջյուրների մասին, որոնք  պատրաստված էին Եհովայի տաճարում եղած իրական զոհասեղանի եղջյուրների նմանությամբ:
    Հրեա ժողովուրդը անխուսափելիորեն պետք է պատժվի իր մեղքերի համար
    Տերը չի կարող մոռանալ Հուդայի ոճրագործությունների մասին, քանի որ դրանց մեջ լինելով հանդերձ՝ Հուդան ապաշխարել չի ցանկանում: Հետևաբար, Նա Հուդայի երկիրը ամայացման, իսկ ժողովրդին գերության կմատնի։

---------------------------------------

[1] (Էջմիածին թարգմ.) «Յուդայի երկրի մեղքերը գրուած են երկաթէ գրչով, ադամանդէ գրչածայրով, որոնք փորագրուած պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին եւ նրանց զոհասեղանների եղջիւրներին,

(Արարատ թարգմ.) Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։

 (Գրաբար) Մեղք Յուդայ գրեալ են գրչաւ երկաթեաւ, անդամանտեայ եղեգամբ. մածեալ է ի տախտակս սրտից նոցա, եւ յեղջեւրս սեղանոց ձերոց: