Երեմիայի մարգարեության մեկնություն 31:27

Ա. Լոպուխին

27–40. «Ահա, գալու են օրեր, - ասում է Տերը, - երբ Ես Իսրայելի տանը և Հուդայի տանը սերմանելու եմ մարդու սերմեր և անասունի սերմեր»։ [27] ««Եվ ինչպես որ Ես հսկում էի նրանց` արմատախիլ անելու և ջախջախելու, քանդելու և կործանելու ու վնաս պատճառելու համար, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար, - ասում է Տերը»։ «Այն օրերին այլևս չեն ասի. «Հայրերը թթու խաղող կերան, բայց զավակների ատամները թմրեցին»»։ «Այլ ամեն մարդ պիտի մեռնի իր սեփական անօրենության համար. ով որ թթու խաղող ուտի, հենց նրա' ատամները պիտի թմրեն»։ «Ահա օրեր են գալու, - ասում է Տերը, - երբ Ես Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կնքելու»։ ««Ոչ թե այնպիսի ուխտ, ինչպիսին Ես կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից, որպեսզի նրանց հանեմ Եգիպտոսի երկրից. Իմ այդ ուխտը նրանք խզեցին, թեպետ Ես ուխտի մեջ մնացի նրանց հետ», - ասում է Տերը»։ «Բայց սա է այն ուխտը, որը Ես պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այդ օրերից հետո», - ասում է Տերը. - «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն, և Ես պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը»։ «Եվ այլևս չեն սովորեցնի ընկերն իր ընկերոջը, եղբայրը` եղբորը, և չեն ասի. «Ճանաչե՛ք Տիրոջը», որովհետև նրանք ամենքը պիտի ճանաչեն Ինձ՝ փոքրից մինչև մեծը, - ասում է Տերը, - որովհետև Ես պիտի ներեմ նրանց անօրինությունները և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։ «Այսպես է ասում Տերը, Որն արեգակը տվել է ցերեկվա լույսի համար, լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, Որը խռովեցնում է ծովին այնպես, որ նրա ալիքները գոչում են. «Զորությունների Տեր» է Նրա անունը»։ «Եթե այս կանոնները դադարեն գործել Իմ առաջ, - ասում է Տերը, - ապա Իսրայելի սերունդն էլ Իմ առաջ ընդմիշտ կդադարի ժողովուրդ լինելուց»։ ««Այսպես է ասում Տերը. «Եթե երկինքը հնարավոր լինի չափել վերևում, և երկրի հիմքերը հետազոտել ցածում, ապա Ես էլ կմերժեմ Իսրայելի ամբողջ սերնդին` այն ամենի համար, ինչ նրանք արել են», - ասում է Տերը»։ «Ահա, գալիս են օրեր, - ասում է Տերը, - երբ քաղաքը պիտի կառուցվի Տիրոջ փառքի համար՝ Անամեյիլի աշտարակից մինչև անկյան դարպասը»։ «Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարիբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ»։ «Եվ դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հեղեղատը, մինչև ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, պիտի լինեն Տիրոջ սրբավայրը. այն չի քանդվելու և չի կործանվելու դարեդար»։ (Սինոդական թարգմ.)
    
    Այստեղ Աստված պատկերվում է որպես սերմանող, Ով առատաձեռնորեն կյանքի սերմերը սերմանում է ամենուր:  

    Նոր ուխտը

    Տեր Աստված, ով մինչ այժմ այդպիսի ահավոր աղետներ էր ուղարկում իրենց երկրում ապրող հրեաներին, այժմ անդադար հոգ է տանելու Հրեաստանի բնակչության աճի և դրա բնակիչների բարեկեցության մասին: Դեռևս հրեաների վրա ծանրացած նրանց նախնիների մեղքերի անեծքը հանվելու է նրանց վրայից: Ոչ ոք չի տառապելու ուրիշի մեղքերի համար։ Բայց հրեաների համար լիակատար և վերջնական երանությունը գալու է այն ժամանակ, երբ Տերը նրանց հետ Նոր Ուխտ է կնքելու: Այդ ժամանակ Աստվածային Օրենքը ոչ թե գրված է լինելու քարե տախտակների վրա, այլ անջնջելիորեն հաստատված է լինելու մարդկանց սրտերում: Այս ապագա Ուխտի ամենակարևոր տարբերությունն այն է, որ այդ ժամանակ մարդկանց պարգևվելու է լիակատար մեղքերի թողություն: Այս ամենը այնպիսի հաստատությամբ է կատարվելու, որքան հաստատուն է երկնային մարմինների շարժման մեջ եղած կարգը: Տեղագրական ճշգրտությամբ մարգարեն պատկերում է Երուսաղեմի հետագա վերակառուցման աշխատանքը, ինչպես նաև նշում է այն փաստը, որ նոր Երուսաղեմում ոչ մի կեղտոտ և անմաքուր տեղ չի լինելու:

-----------------------------------------
[27](Էջմիածին թարգմ.) «Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով եւ անասունի սերնդով:
(Արարատ թարգմ.) «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տանը և Հուդայի տանը մարդու սերունդ և անասունի սերունդ եմ սերմանելու։
(Գրաբար) Ահա աւուրք գան ասէ Տէր. եւ սերմանեցից զտունն Իսրայէլի, եւ զտունն Յուդայ ի զաւակ մարդկան եւ ի զաւակ անասնոյ։