Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝«Ճանաչի՛ր Տիրոջը», քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ, - ասում է Տէրը, - որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ»:
«Այլևս չեն սովորեցնելու»։ Ասա՛ ինձ, ո՞րն է սովորելու անհրաժեշտությունը: Ո՞ր պետությունը, ո՞ր ծովը, ո՞ր ցամաքը ցանկանում ես գնա՛. Բարբարոսակա՞ն, Հելլադա՞, քաղաքներ, թե՞ անապատ: Այնտեղ խաչ կգտնես, անթիվ պատմություններ կլսես: Ե՛վ անապատը, և՛տիեզերքը, և՛ լեռները, և՛ հարթավայրերը բարձրաձայն խոսում են Քրիստոսի մասին: Ինչպես արևն է փայլում ոչ միայն մեծերի, այլ նաև փոքրերի համար, այնպես էլ ճշմարտության արեգակն է գիտելիքի լույսով լուսավորում փոքրերի, մեծերի, ստրուկների, ազատների, պետերի, ենթակաների, Թագավ., հպատակների, երիտասարդների, ծերերի, մի խոսքով՝ բոլոր մարդկանց հոգիները:
«Ամենքը ճանաչելու են Ինձ»։ Սա վերածննդի ջուր է տալիս: Գիտե՞ս այս օրենքի իրական խորհրդանիշը: Բայց, պետք է նշել, որ Հին օրենքն այսպիսին, այսինքն՝ «ամենքը ճանաչելու են Ինձ» բառերի արտահայտած բովանդակության նման չէր. քանզի Նոր Ուխտում մարդիկ կանչվում են ոչ թե աշխատանքի և ջանքերի համար, այլ իրենց հանցանքների ներման և մեղքերի թողության համար: «Որովհետև ոչ բոլոր նրանք, որ Իսրայելի ցեղից են, իսրայելացիներ են: Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են» (Հռովմ. 9:6)։
Լսի՛ր, իսկ ո՞ր իսրայելացիների մասին է խոսում: «Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մարդիկ են միայն մնալու» (Ես. 10:22)։ Սա ավելի հանգամանալից բացատրելով՝ Երանելի Պողոսն ասում է. «Մի՞թե մերժեց (οὐκ) Աստված իր ժողովրդին: Քա՛վ լիցի. քանզի ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից» (Հռովմ. 11:1)։ Տեսնում ես մնացորդին՝ առաքյալներին և իսրայելացիներից նրանց, ովքեր առաքյալներից ստացան խոսքը՝ երեք հազար և հինգ հազար. ահա՛, «Գործք Առաքելոց»–ում նշված բազմությունը (Գործք. 2:41, 4:4):
Ա. Լոպուխին
«Եվ այլևս չեն սովորեցնի ընկերն իր ընկերոջը, եղբայրը` եղբորը, և չեն ասի. «Ճանաչե՛ք Տիրոջը», որովհետև նրանք ամենքը պիտի ճանաչեն Ինձ՝ փոքրից մինչև մեծը, - ասում է Տերը, - որովհետև Ես պիտի ներեմ նրանց անօրինությունները և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։ (Սինոդական թարգմ.) [34]
Նոր Ուխտի երրորդ տարբերությունն այն է, որ այդ ժամանակ կարիք չի լինի, որ քահանաները և մարգարեները անընդհատ հիշեցնեն Տիրոջը ու Նրա սուրբ կամքը ճանաչելու անհրաժեշտության մասին, ինչպես դա պահանջվում էր Հին Ուխտի ժամանակներում: Այդ ժամանակ բոլորը կճանաչեն Տիրոջը և կձգտեն կատարել Նրա կամքը (Ես. 54:13, Հովհ. 6:45, Ա Հովհ. 2:20, 27): Նոր Ուխտի չորրորդ տարբերությունն այն է, որ այդ ժամանակ Տերը չի հիշի մարդկանց մեղքերը և անօրինությունները, մինչդեռ Հին Ուխտում այն զոհաբերությունները, որոնք անընդհատ մատուցվում էին մեղքերի համար, ցույց էին տալիս, որ Տերը հիշում է մարդկանց մեղքերի մասին: Բայց, իհարկե, մեղքերի այս մոռացումը չի ցույց տալիս այն, որ Աստվածային Դատավորը միայն աչք է փակելու մարդկանց մեղքերի և հանցանքների վրա: Անկասկած, այստեղ մարգարեն նկատի ունի այն քավությունը, որը բոլոր մարդկանց համար կատարվելու է Քրիստոս Փրկիչի միջոցով, և որի ուժով էլ բոլոր մեղքերը կարող են ներում գտնել (Ա Հովհ. 2:1): Նոր Ուխտի այս վերջին տարբերությունը նաև ամենաէականն է, քանի որ ոչինչ մարդուն այնպես չի ջախջախում, ինչպես Աստծուց նրան օտարման գիտակցությունը, որն էլ առաջանում է նրա մեղքերի հետևանքով:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27
---------------------------------------
[34](Էջմիածին թարգմ.) Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝«Ճանաչի՛ր Տիրոջը», քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ, - ասում է Տէրը, - որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ»:
(Արարատ թարգմ.) Եվ այլևս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը և յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով. Ճանաչե՛ք Տիրոջը, որովհետև նրանք ամենքը՝ նրանց փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ,- ասում է Տերը,- որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։
(Գրաբար) Եւ մի եւս ուսուցանիցեն իւրաքանչիւր զընկեր իւր, եւ իւրաքանչիւր զեղբայր իւր ասել՝ թէ ծանիր զՏէր. զի ամենեքին ծանիցեն զիս ի փոքրկանց նոցա մինչեւ ի մեծամեծս՝ ասէ Տէր. զի քաւիչ եղէց անաւրէնութեանց նոցա, եւ զմեղս նոցա ոչ եւս յիշեցից։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: