Երեմիայի մարգարեության մեկնություն 45։1

 Սուրբ Եփրեմ Ասորի

Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները:
     
     Բարուքը մտածում էր, որ ինքը ևս կստանա իր ուսուցչի հոգին, ինչպես Հեսուն ստացել էր Մովսեսից, իսկ Եղիսեն` Եղիայից: Քանի որ նա լսեց, որ տաճարը հիմնովին կավերվի, և սրբավայրը կկործանվի, ուստի ըմբոստացավ այն հարցի համար, որ բացի մյուս աղետներից՝ կայրվի նաև մեր հոգիների մաքրման տունը:
     

 Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները:
     
     Եթե ինչ–որ մեկը կարծում է, որ մարգարեի մոտ սա համապատասխան տեղում չի դրվել, ապա պետք է նկատի ունենալ, որ Սուրբ Գրքում այս յուրահատկությունը հաճախ է նկատվում, քանի որ պատմությունը գրի առնողները ոչ այնքան հաջորդականության մասին են հոգ տարել, որքան ի շահ իրենց ընթերցողների գրելու: Իսկ մյուս պարագան (այսինքն` ներկայացման այս եղանակը) ավելի ներդաշնակ է ասվածի հետ: Քանի որ նա ասաց, որ Եգիպտոսում գտնվողներից միայն Հրեաստան փախածները կփրկվեն, իսկ մնացած բոլորը կկորչեն, սակայն (նրանք) չհավատացին, ուստի` դա հաստատում է նախկինով: «Ինչպես նախկինում,–ասում է,– Հովակիմի օրոք աղետներ կանխատեսած Բարուքը չկործանվեց, և ինչպես նրան խոստում տված Աստված բոլորի միջից միայն նրան ամբողջությամբ անվնաս պահեց, այդպես էլ այսօր նա կփրկի հավատացյալներին»:
     

  Ա. Լոպուխին

1-5. «Այն խոսքը, որը Երեմիա մարգարեն ասաց Բարուքին` Ներիայի որդուն, երբ նա այս խոսքերը Երեմիայի բերանից գրում էր գրքում` Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու չորրորդ տարում»: [1] «Այսպես է ասում քեզ Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք»։ «Դու ասում ես. «Վա՜յ ինձ, որովհետև Տերը վիշտ է ավելացրել իմ ցավերի վրա. ես հոգնել եմ իմ հառաչանքներից և չեմ գտնում հանգստություն»»։ «Այսպե՛ս ասա նրան. «Այսպես է ասում Տերը. «Ահա, ինչը որ Ես կառուցեցի, քանդելու եմ, և ինչը որ տնկեցի, արմատախիլ եմ անելու, [այսինքն`] այս ամբողջ երկիրը»»։ «Իսկ դու քեզ համար մեծամեծ բաներ ես որոնում. մի՛ որոնիր. որովհետև, ահա, Ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա, - ասում է Տերը, - իսկ քեզ իբրև ավար պիտի տամ քո հոգին այն բոլոր վայրերում, ուր էլ որ գնալու լինես»։ (Սինոդակամ թարգմ.)
     
     Հովակիմի թագավորության չորրորդ տարում Բարուքի համար հրեական պետության կործանման անխուսափելիությունն արդեն իսկ հստակորեն սահմանված էր, և այդ գիտակցությունը միաժամանակ ճնշող էր նրա համար:
------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.)Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները:
(Արարատ թարգմ.) Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով.
(Գրաբար) Բանն զոր խաւսեցաւ Երեմիա մարգարէ՝ առ Բարուք որդի Ներեայ. յորժամ գրեաց զբանսս զայսոսիկ ի մատենի ի բերանոյ Երեմիայի, յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ։