Երեմիայի մարգարեության մեկնություն 46։1

Սուրբ Եփրեմ Ասորի

1–2. Ահա Երեմիա մարգարէին ուղղուած Տիրոջ խօսքը եգիպտական բոլոր ազգատոհմերի եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ, Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան:
     
       Մարգարեն այստեղ պատմում է երկու ճակատամարտերի մասին, որոնց ընթացքում եգիպտացիները և նրանց դաշնակից ժողովուրդները պարտության մատնվեցին բաբելոնացիների կողմից: Այս ճակատամարտերից առաջինը տեղի է ունեցել Կարքեմիշի մոտ՝ Եփրատ գետի ափին, իսկ մյուսը՝ Եգիպտոսում: Նաբուգոդոնոսորը հարձակվեց Եգիպտոսի վրա և հնազանդեցրեց ինչպես  եգիպտացիներին, այնպես էլ Եգիպտոսում թաքնված հրեաներին, և դաժանորեն ճնշեց նրանց: Այս մասին Երեմիան կանխատեսել էր նախկինում` իր կողմից ավելի վաղ արված մարգարեությունների մեջ:
     

  Ա. Լոպուխին

1-15. «Տիրոջ խոսքը, որը հասավ Երեմիա մարգարեին հեթանոս ժողովուրդների մասին»:[1] «Եգիպտոսի մասին, Նեքավով փարավոնի` Եգիպտոսի թագավորի զորքի մասին, որը Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, և որին ջախջախեց Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու չորրորդ տարում»: «Պատրաստե´ք վահաններն ու նիզակները և մարտի՛ ելեք»: «Թամբե՛ք ձիերը և հեծնե՛ք, ձիավորնե՛ր, և կանգնե՛ք սաղավարտներով. սրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք»։ ««Ինչո՞ւ եմ Ես նրանց տեսնում զարհուրած և հետ նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են, և փախչում են առանց հետ նայելու. շուրջբոլորը սարսափ է, - ասում է Տերը»։ «Արագաշարժը չի փախչի, և ուժեղը չի փրկվի. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, նրանք կսայթաքեն ու կընկնեն»։ «Ո՞վ է սա, որ բարձրանում է գետի պես, և, հոսքերի նման, ալեկոծվում են նրա ջրերը»։ «Եգիպտոսը բարձրանում է գետի պես և, հոսքերի նման, ալեկոծվում են նրա ջրերը, և ասում է. «Կբարձրանամ և կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքը և նրա բնակիչներին»»։ «Հեծնե՛ք ձեր ձիերը և մոլեգնե՛ք, մարտակառքեր, ու առա´ջ նետվեք, զորավոր եթովպացիներ և լիբիացիներ` զինված վահաններով, և լիդիացիներ, որ աղեղակիրներ ու աղեղները լարողներ եք»։ «Որովհետև այդ օրը Զորությունների Տեր Աստծո համար վրեժխնդրության օր է, որպեսզի վրեժխնդիր լինի Իր թշնամիներից. և սուրը պիտի խժռի, և պիտի հագենա ու լիանա նրանց արյունով. որովհետև դա Զորությունների Տեր Աստծո համար զոհաբերություն պիտի լինի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ»։ «Գնա՛ Գաղաադ և բալասա՛ն վերցրու, կո՛ւյս, Եգիպտոսի՛ դուստր. դու զուր ես շատացնելու դեղամիջոցները, բուժում չկա քեզ համար»։ «Ժողովուրդները լսել են քո անարգանքի մասին, և քո աղաղակը լցրել է երկիրը. որովհետև զորավորը բախվեց զորավորի հետ, և երկուսն էլ միասին ընկան»։ «Այն խոսքը, որը Տերն ասաց Երեմիա մարգարեին Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի արշավանքի մասին, երբ նա պիտի գա Եգիպտոսի երկիրը զարկելու համար»: «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, ու հռչակե՛ք Նոֆում և Տափնիսում. ասացե՛ք. «Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի խժռի քո շրջակայքը»»։ «Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց»։ (Սինոդական թարգմ.)
     
     Այս գլխագրությունը վերաբերում է 46–51–րդ գլուխներն ընդգրկող ամբողջ հատվածին, որտեղ զետեղված են հեթանոսական ժողովուրդների մասին ճառերը:

------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Ահա Երեմիա մարգարէին ուղղուած Տիրոջ խօսքը եգիպտական բոլոր ազգատոհմերի
(Արարատ թարգմ.) Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին,
(Գրաբար) Ի վերայ Եգիպտոսի։ Բանն Տեառն՝ որ եղեւ առ Երեմիա մարգարէ ի վերայ ամենայն ազգացն եգիպտացւոց։