Երեմիայի մարգարեության մեկնություն 48։26

Սուրբ Եփրեմ Ասորի

Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ,
     
     Մովաբը պետք է հարբած լինի Աստծո բարկության գինուց  (Երեմ. 13:13,  25:15):
     «Հարբեցրե՛ք նրան», այսինքն՝ դուք՝ քաղդեացիներդ, կեղեքե՛ք Մովաբի ժողովրդին այնպես,  որ ծանր վշտից նրանք խելագարվածի պես դառնան, որովհետև գինին խավարեցնում է հարբեցողների միտքը: «Որովհետև հոխորտաց Տիրոջ դեմ», այսինքն՝ նա այնպիսի պատիժ է կրելու, որին արժանի է Աստծուն ծաղրողը: «Թող Մովաբը թաղվի իր փսխման մեջ, և ինքը ծաղրի առարկա դառնա», այսինքն՝ իր ներքին տանջանքներով նա դուրս պիտի գցի գանձերը, որոնք հավաքել և չարությամբ կուլ է տվել: Այսպիսով՝ մարգարեն ասում է, որ բաբելոնացիները մովաբացիներին պիտի զրկեն այն գանձերից, որոնք նրանք հավաքել էին իրենց թալանած ազգերից և մինչ այժմ պահում էին իրենց մոտ:  Նրանք տանջվելու են, երբ տեսնեն, որ իրենցից խլվել է այն ամենը, ինչն իրենք թալանել և ագահաբար կլանել են:
     

Ա. Լոպուխին

«Արբեցրե՛ք նրան, որովհետև նա բարձրացավ Տիրոջ դեմ. և թող Մովաբը թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս ծաղրի առարկա դառնա»։ (Սինոդական թարգմ.) [26]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

------------------------------------

[26](Էջմիածին թարգմ.) Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ,
(Արարատ թարգմ.) Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։
(Գրաբար) Արբեցուցէք զնա, զի ի վերայ Տեառն մեծաբանեաց. ծափ զծափի հարցէ Մովաբ, եւ եղիցիի կատականս եւ ինքն։
;