Սուրբ Եփրեմ Ասորի
«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետեւ չար լուր լսեցին, տագնապի մատնուեցին ծովում, զայրացան եւ չեն կարողանում հանգստանալ:
Մարգարեն իր խոսքը ուղղում է Դամասկոսին և նրան ենթակա ժողովուրդներին ու նրանց համար ևս նույնատիպ նեղություն ու դժբախտություն է կանխատեսում, ինչպիսին սահմանվել է նախկինում հիշատակված ժողովուրդների համար: Եմաթը և Արփաթը (Արթաթ) Դամասկոսի տիրապետության ներքո գտնվող երկու քաղաքներ էին: Երկուսի մասին նշում է նաև Եսայիան (տե՛ս, 36:19), իսկ Զաքարիան ասում է, որ Եմաթը Դամասկոսի թագավորության կազմում էր (Զաք. 9:2): Նրանց բնակիչները ողբում էին, որովհետև բաբելոնացիների մոտենալու մասին «չար լուրն էին լսել»: Քաղդեացիների մոտենալու մասին լուրերի վախը Դամասկոսին ծովն է նետում: Նավաբեկության ենթարկված և փրկության ուղին չտեսնող ծովագնացի նման Դամասկոսում բոլորը տանջվում էին և չէին կարողանում հանգստանալ:
Ա. Լոպուխին
23-27. «Դամասկոսի մասին։ «Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև, լսելով վշտալի լուրը, նրանք հալվեցին. տագնապ կա ծովում, չեն կարողանում հանդարտվել»։ [23] «Թուլացել է Դամասկոսը և շրջվել է, որ փախչի. վախը տիրել է նրան. ցավն ու տանջանքները պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը»։ «Ինչպե՞ս չփրկվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը»։ ««Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա փողոցներում, և բոլոր պատերազմիկները կզոհվեն այդ օրը, - ասում է Զորությունների Տերը»։ «Եվ կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարիսպների մեջ, և այն պիտի ոչնչացնի Բենադադի ամրոցները»։ (Սինոդական թարգմ.)
Դամասկոսը և հարևան սիրիական Եմաթ և Արփաթ քաղաքները նույնպես կավերվեն ու կկործանվեն թշնամու կողմից:
«Դամասկոս»–ի մասին ընթերցի՛ր Եսայի. 17:1 համարի մեկնաբանության մեջ:
«Եմաթի և Արփաթի» մասին ընթերցի՛ր Եսայի 10:9:
«Տագնապի մատնվեցին ծովում» ավելի ճիշտ կլինի թարգմանել. «Անընդհատ ալեկոծվող ծովի նման»:
---------------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) «Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետեւ չար լուր լսեցին, տագնապի մատնուեցին ծովում, զայրացան եւ չեն կարողանում հանգստանալ:
(Արարատ թարգմ.) Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցին և վախից հալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։
(Գրաբար) Ի վերայ Դամասկոսի։ Յամաւթ եղեւ Եմաթ՝ եւ Արփաթ. զի լուր չարեաց լուան, յիմարեցան ի ծովուն. զայրացան՝ եւ հանգչել ոչ կարասցեն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: