Երեմիայի մարգարեության մեկնություն 49։1

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Տէրը. «Միթէ Իսրայէլը որդիներ չունի՞ եւ կամ միթէ ժառանգորդ չունի՞: Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակւում:
   
    Մարգարեն կանխատեսում է հինգ ազգերի՝ ամմոնացիների, եդոմացիների, Դամասկոսի բնակիչների, Կեդարի որդիների և ելամացիների պարտությունը և ասում, որ Նաբուգոդոնոսոր թագավորը կխոնարհեցնի և կկործանի նրանց: Ամմոնացիներն իրենց աստծուն անվանում են Մելքոմ (Մողոք), իսկ սիդոնացիները՝ Բահաղ. երկու անունների իմաստն էլ նույնն է` թագավոր ու տեր: Մարգարեն ամմոնացիների անվան փոխարեն օգտագործում է Մելքոմ աստծու անունը, ինչպես Գադի անունն էր օգտագործում Գադի ցեղի ժառանգության փոխարեն, որը Ռուբենի և Մանասեի ցեղերի ժառանգության հետ միասին գրավեցին Գաղաադի լեռների ստորոտի ամմոնացիները: Քանի որ երբ այս ցեղերը ասորիների կողմից վերաբնակեցվեցին Մեդիայում, ամմոնացիները՝ որպես մերձավոր հարևաններ, գրավեցին բնակիչների թողած հողերը: Բայց, հավանաբար, ամմոնացիներն օգնեցին ասորիներին Իսրայելի մնացած ցեղերի ոչնչացման գործում: Հենց մարգարեներն են վկայում, որ նրանք ուրախանում էին Իսրայելի կործանմամբ: Սրանք են այն պատճառները, որոնց համար Երեմիան, Եզեկիելը, Ամոսը և Սոփոնիան ամմոնացիների համար կանխատեսեցին նկարագրված աղետները և ասացին, քանի որ ամմոնացիները ներխուժեցին եղբայրների ժառանգության մեջ և բռնագրավեցին իրենց չպատկանող իրերը, ուստի նրանք պիտի կորցնեն իրենց սեփական երկիրը. և որովհետև նրանք ծիծաղեցին ճնշվածների դժբախտությունների վրա և հայհոյեցին, ուստի իրենք էլ իրենց համար պիտի լաց լինեն:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը. «Միթէ Իսրայէլը որդիներ չունի՞ եւ կամ միթէ ժառանգորդ չունի՞: Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակւում:
   
    Արդյո՞ք նրանք չեն հնազանդվում Աստծուն, թե՞ լիովին զրկված են Նրա օգնությունից, որ այդքան ընդվզեցին իսրայելացիների դեմ: Դրանով նա հրեաներին ցույց է տալիս, որ նրանց հասցված աղետների համար Աստված պատժում է ազգերին:
   

  Ա. Լոպուխին

1-6. «Ամմոնի որդիների մասին այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, մի՞թե նա ժառանգ չունի. ինչո՞ւ Մաղքոմը տիրեց Գադին, և իր ժողովուրդը բնակվեց նրա քաղաքներում»»։ [1] ««Ուստի ահա, գալիս են օրեր, - ասում է Տերը, - երբ Ռաբբայում Ամմոնի որդիները պիտի լսեն պատերազմի ահազանգը, և նա ավերակների կույտ պիտի դառնա, ու նրա քաղաքները պիտի այրվեն կրակով, և Իսրայելը պիտի տիրի նրանց, ովքեր տիրել էին իրեն», - ասում է Տերը»։ «Ողբա՛, Եսեբոն, որովհետև Գային կործանվեց. աղաղակե՛ք, Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, արտասվե՛ք և դեսուդե՛ն վազեք այգիներում, որովհետև Մաղքոմը գերության պիտի մատնվի իր քահանաների ու իշխանների հետ»։ «Ինչո՞ւ ես պարծենում հովիտներով: Քո հովիտը արյունով կհոսի, հավատուրա´ց դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ ասելով. «Ո՞վ մոտ կգա ինձ»»։ «Ահա, Ես քեզ վրա սարսափ եմ բերելու քո բոլոր կողմերից, - ասում է Զորությունների Տեր Աստված. - պիտի ցրվեք ամեն մեկդ մի ուղղությամբ, և ոչ ոք չպիտի հավաքի փախստականներին»։ ««Բայց դրանից հետո Ես Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից», - ասում է Տերը»։ (Սինոդականթարգմ.)
   
    Ամմոնացիներն անօրինական կերպով զբաղեցրին Գադի ցեղին պատկանող շրջանները, և դրա համար էլ մարգարեն հայտնում է նրանց  քաղաքների ավերման և գերության տարվելու մասին: Այնուամենայնիվ, գերեվարված ամմոնացիները, ի վերջո, կվերադարձվեն իրենց երկիրը:
Ղովտի սերունդ ամմոնացիները, որոնք ապրում էին Հորդանանի արևելքում՝ Առնոն և Հաբոկ գետերի միջև, նախ ամորհացիներին դուրս մղեցին իրենց տիրույթներից, որոնց ժառանգները նվաճողի իրավունքով իսրայելացիներն էին, մանավանդ Գադի և Ռուբենի ցեղը: Բայց արդեն իսրայելացիների և սիրիացիների միջև եղած պատերազմի ընթացքում դեպի արևելք քշված ամմոնացիներն օգտվեցին Իսրայելի կաշկանդված վիճակից և իրենց սահմաններն ընդլայնելու համար հարձակվեցին նրա տիրույթների վրա  (Ամոս 1:13): Նրանք էլ ավելի զորացան այն բանից հետո, երբ Իսրայելի թագավորության բնակիչները գերեվարվեցին Թիգլաթպալասարի կողմից  (Դ Թագավ. 15:29): Երբ մ.թ.ա. 722 թվականին վերջ դրվեց Իսրայելի թագավորությանը, ամմոնացիները, իհարկե, էլ ավելի համարձակ դարձան, ուստի  իրենց տարածքներում մնացած Գադի ցեղին պատկանող փոքրաքանակ իսրայելացիները  չէին կարող ընդդիմանալ ամմոնացիների կողմից իրենց քաղաքների գրավմանը: Մարգարեն նաև ասում է, որ ամմոնացիներն իզուր են տիրաբար տնօրինում Հորդանանը: Այնտեղ դեռ կային իսրայելացիներ, որոնք ասորեստանցիների կողմից չէին գերեվարվել, ու նրանք և ոչ թե ամմոնացիները, իրավունք ունեն ժառանգելու գերեվարված իսրայելացիների հողերը:
«Մողոքը»՝  ավելի ճիշտ՝  «Մելքոմը»,  ամմոնացիների աստվածն է:

----------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Միթէ Իսրայէլը որդիներ չունի՞ եւ կամ միթէ ժառանգորդ չունի՞: Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակւում:
(Արարատ թարգմ.) Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ Մեղքոմը ժառանգեց Գադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։
(Գրաբար) Ի վերայ որդւոցն Ամովնայ։ Այսպէս ասէ Տէր. Միթէ որդիք ո՞չ իցեն Իսրայէլի. կամ յանձանձիչս ո՞չ իցէ նոցա. ընդէ՞ր ամփոփեաց Մեղքովմ զԳադ, եւ ժողովուրդ սոցա ի քաղաքս նոցա բնակէ։