Զաքարիայի մարգարեության մեկնություն 10։3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Իմ բարկությունը բորբոքվեց հովիվների դեմ, և Ես պիտի պատժեմ նոխազներին, որովհետև Զորությունների Տերը պիտի այցելի Իր հոտին՝ Հուդայի տանը, և նրանց պիտի դարձնի ինչպես Իր փառավոր մարտական ձին պատերազմի մեջ»։ (Սինոդական թարգ․) [3]
   
    Աստծու բարկությանը ենթարկված անհավատարիմ հովիվների ներքո մեկնիչները հասկանում են կա՛մ հրեա ժողովրդի միջից ելած կառավարիչներին ու առաջնորդներին (Երանելի Թեոդորիտոս, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Ստեղծագործություններ, մաս 5, Ս. Պոսադ, 1907, էջ 105; երանելի Հերոնիմոս, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Ստեղծագործություններ, մաս 15, Կիև, 1900, էջ 116–117), կա՛մ էլ հեթանոս թագավորներին ու իշխաններին, որոնց ենթակայության տակ էին գտնվում հրեաներ (Keil С.F. Op. cit. S. 608):

    Յուրահատուկ մեկնություն է առաջարկում սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին. նա այստեղ հովիվների ներքո հասկանում է «սուտ մարգարեներին, սուտ գուշակներին ու մոլորության վարդապետներին»: Նա ճշմարտությանը հակառակ չի համարում «սուտ մարգարեների շարքին նաև հույն մեծերից մի քանիսին ավելացնելը, որոնք, խիստ իմաստուն այրեր համարվելով, իրենց ճարտասանությամբ մոլորության մեջ էին գցում իրենցով հրապուրված մարդկանց» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Ստեղծագործություններ, մաս 11, Ս.Պոսադ, 1898, էջ 137):

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Իմ բարկութիւնը բորբոքուեց հովիւների վրայ, եւ ես պիտի նայեմ գառներին: Տէրը՝ Ամենակալ Աստուածը, պիտի այցելի Յուդայի տան իր հօտին, պիտի պատրաստի նրան, ինչպէս իր գեղեցիկ երիվարին՝ պատերազմի համար:
(Արարատ թարգ․) «Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներին պիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։
(Գրաբար) Ի վերայ հովուաց բարկացաւ սրտմտութիւն իմ, եւ ի վերայ գառանց այցելութիւն արարից. եւ այց արասցէ Տէր Աստուած ամենակալ խաշին իւրոյ տանն Յուդայ. եւ յարդարեսցէ զնոսա իւր իբրեւ զերիվար գեղեցիկ պատերազմի։