Ա․ Լոպուխին
17-21․ «Ու եթե այնպես լինի, որ երկրի ազգերից որևէ մեկը չգնա Երուսաղեմ` երկրպագելու Թագավորին` Զորությունների Տիրոջը, ապա նրանց մոտ անձրև չի լինելու»: [17] «Եթե Եգիպտացիների ազգատոհմը նույնպես չգնա, ապա նրանց մոտ նույնպես անձրև չի լինելու ու նրանց ևս հասնելու է այն նույն հարվածը, որը պիտի հասնի բոլոր այն ազգերին, որոնք չեն գնա Տաղավարահարաց տոնը տոնելու»: «Ահա թե ինչ է լինելու Եգիպտոսի ու մյուս բոլոր ազգերին` իրենց մեղքերի համար, եթե նրանք չգան տոնելու Տաղավարահարաց տոնը»: «Այն օրը նույնիսկ ձիերի սանձերի վրա է գրված լինելու «Սրբություն` նվիրված Տիրոջը», ու Տիրոջ տան կաթսաները պետք է լինեն ինչպես զոհասեղանի առջևի աշտանակը», «և Երուսաղեմում ու Հուդայի երկրում ամեն մի կաթսա պետք է նվիրված լինի Տիրոջը: Բոլոր նրանք, ովքեր զոհ կբերեն ընծայելու, պիտի վերցնեն այդ կաթսաներից` դրանց մեջ միս եփելու համար. և այն օրը Զորությունների Տիրոջ տանը այլևս չի լինի ոչ մի քանանացի»: (Սինոդական թարգ․)
Որպես վերջաբան մարգարեն համառոտ կերպով նկարագրում է այն ժամանակը, երբ վերանալու է սուրբի և ոչ սուրբի տարբերությունը, երբ գալու է համընդհանուր սրբության և բոլոր անմաքուր բաների վերջնական ոչնչացման օրը: Այդ ժամանակ այնպիսի իրերի վրա, ինչպիսիք ձիերի սանձերն են, հնարավոր կլինի գրել այն, ինչը գրվում է քահանայապետի գոտու վրա` «Սրբություն` նվիրված Տիրոջը» (տե՛ս Ելք. 28:36): Տիրոջ տան կաթսաները, որոնց մեջ եփվում էր զոհաբերության միսը, ոչ պակաս սուրբ կլինեն, քան զոհաբերության զոհասեղանի առաջ դրված ամանները. ոչ միայն տարբեր նշանակություն և սրբության տարբեր աստիճաններ ունեցող տաճարի անոթները միմյանցից այլևս չեն տարբերվելու, այլ նաև Երուսաղեմի ու Հուդայի ամբողջ երկրի կենցաղային սպասքն է սրբություն դառնալու, և թույլատրվելու է այն սրբազան ծիսակատարությունների ժամանակ օգտագործել: Այսպիսով` 21, 22−րդ համարներում նկարագրվում է ղևտական պաշտամունքի ավարտը, որն ամբողջությամբ հիմնված էր սրբության և անմաքրության տարբերության վրա: Զաքարիա մարգարեն այստեղ նկարագրում է այն ժամանակը, երբ սուրբի և ոչ սուրբի, ինչպես նաև տաճարային սպասքին տրված սրբության տարբեր աստիճանների վերաբերյալ Մովսիսական օրենքների ստույգ հրահանգներն այլևս կորցնելու են իրենց նշանակությունը. երբ գալու է համընդհանուր սրբության ժամանակը (Ружемонт; Keil. Op. cit. S. 656, 657): Միևնույն ժամանակ, Տիրոջ տան մուտքը փակվելու է հեթանոսության մեջ համառորեն հարատևողների, կամ էլ միայն խոսքերով հավատացողների, բայց ըստ էության քանանացիներից չտարբերվողների համար: Ըստ սուրբ Կյուրեղի` «չեն լինելու քանանացիներ, այսինքն` օտարերկրացիներ և կռապաշտներ» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 232)։ Ըստ Թեոդորոս Կյուրացու` «չի լինելու նա, ով մտածում է քանանացիների նման, ապրում է անմաքուր կյանքով և օրենքին հակառակ է գործում» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 127): Եփրեմ Ասորին այսպես է մեկնաբանում 14−րդ գլխի 20−րդ համարի առաջին հատվածը. «Լինելու են ոչ թե պատերազմ ու բարկություն, այլ սրբություն և խաղաղություն», և մարգարեական այս հատվածը նմանեցնում է Ես. 2:4 համարին (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 264; հմմ. Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, էջ 277): Ժամանակակից արևմտյան ուսումնասիրողները ևս այս ընկալման կողմնակիցներն են: Ըստ Վելհաուզենի` «մարգարեների համար ձիերը վրդովմունքի պատճառ են» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 203), սակայն ժամանակ է գալու, երբ դրանք այլևս ռազմական նպատակների համար չեն ծառայելու, այլ ընծայվելու են Աստծո ծառայությանը (Marti. Op. cit. S. 455): Եկեղեցական հայրերից ոմանք Զաք. 14:20ա համարի կատարումը կապում են Կոստանդիանոս Մեծի կյանքում տեղի ունեցած մի հայտնի դրվագի հետ: Գրիգոր Տյուրացին, սուրբ Հեղինեի կողմից Փրկչի Խաչի մոտ գտած գամերի ճակատագրի մասին հաղորդելով, հատկապես խոսում է այն երկուսի մասին, որոնք օգտագործվել են կայսերական ձիու սանձը պատրաստելու համար. «հայտնի է, որ դրանց մասին մարգարեացել է Զաքարիա մարգարեն ու ասել, որ «Տիրոջ սրբություն է լինելու այն, ինչը դրվում է ձիու բերանին»» («Erit, quod in os equi ponitur, Sanctum Domini», — S. Georgii Florentii Gregorii Turoneusis episcopi opera omnia, ed. Migne, Patrol. l. LXXI. Paris, 1849. Libri miraculorum. lib. I, cap. VI, col. 710; Там же. Сol. 710g; տե՛ս նաև հղում այլ Հայրերի գրվածքներին): Նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին է իր մեկնաբանության մեջ ասում, որ «ոչ մի անհամապատասխան բան չկա նրանում, որ… Զաքարիա մարգարեն հիշատակում է մի հիշարժան իրադարձության, աստվածավախ, ճշմարիտ և առաքինի թագավորի, ինչպես նաև Քրիստոսի հանդեպ սիրուն նվիրված ժամանակների մասին, քանի որ ազնվագույն Խաչից վերցված գամերով թագավորական ձիերին զարդարելը մեզ ուրիշ ի՞նչ կարող է ցույց տալ, եթե ոչ տիրակալների մեծագույն և իրապես փառահեղ բարեպաշտությունը» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 228): Երանելի Հիերոնիմոսը, ընդհակառակը, թեև մարգարեության նմանատիպ մեկնաբանությունը վերագրում է բարեպաշտական զգացումների ազդեցությանը, սակայն դա ծիծաղելի է անվանում՝ «ընթերցողի խոհեմությանը թողնելով այն ընդունելը կամ չընդունելը» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 193, հմմ. Luth. 360):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ եթէ լինի այնպէս, որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝ երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, ապա նա եւս պիտի գնայ:
(Արարատ թարգ․) Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։
(Գրաբար) Եւ եղիցի որ միանգամ ոչ ելանիցեն յամենայն ազգաց երկրի յԵրուսաղէմ՝ երկիր պագանել թագաւորին Տեառն Աստուծոյ ամենակալի, եւ սոքա ի նոսա յաւելցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: