Զաքարիայի մարգարեության մեկնություն 4։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ նա ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես պատասխանեցի. «Տեսնում եմ ահա մի աշտանակ՝ ամբողջովին ոսկուց, նրա վերևում՝ յուղի գավաթ, և նրա վրա՝ յոթ ճրագներ, իսկ վերևում եղող այդ ճրագներից յուրաքանչյուրի համար՝ յոթ խողովակներ»»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Քեյլի մեկնության համաձայն` յոթը ճրագները ներկայացնում են ընտրյալ ժողովրդի պատկերը, որը Տիրոջ առաջ փայլում է իր աստվածճանաչողության լույսով և լուսավորում է հեթանոսական անաստվածության խավարը: Աշտանակն ինքը խորհրդանշում է հինկտակարանյան եկեղեցու արտաքին տեսքը, իսկ յուղը, որը պահպանում է ճրագների կրակը և դրանից ճառագող լույսը, Աստծու Հոգու խորհրդանիշներն են: Աշտանակը, որը տեսնում է մարգարեն, հատուկ կերպով հարմարեցված է այնպես, որ յուղի պակասության պատճառով նրա ճրագների լույսը երբեք չմարի, ինչը խորհրդանշում է Եկեղեցին չլքող Սուրբ Հոգու զորությունը:
   Ըստ էության՝ շարադրված պատկերը, Սուրբ Եփրեմ Ասորու համաձայն, պետք է հասկանալ հետևյալ կերպ. «․․․Ոսկե աշտանակը․․․ խորհրդանշում է թագավորական արժանապատվությունը, որի վրա հենված է ամեն բան, իսկ նրա վերևում եղող ճրագները խորհրդանշում են քահանայությունը: Երկու ձիթենիները, որոնցից մեկը աշտանակի աջ կողմում է, իսկ մյուսը` ձախ, խորհրդանշում են հրեա ժողովրդի երկու կառավարիչներին` Հեսուին ու Զորաբաբելին, որոնցից մեկն օծված է թագավորության, իսկ մյուսը` քահանայության համար»: Յոթ ճրագների ներքո սուրբ Եփրեմ Ասորին հասկանում է հետգերության շրջանի երեք մարգարեներին և այն անձանց, որոնք հիշատակվում են Զաք. 6:10-ում (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Ստեղծագործություններ, հ. 6, Մոսկվա, 1907, էջ 223–224; հմմտ. Երանելի Թեոդորիտոս Կյուրացի, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Ստեղծագործություններ, մաս 5, Սերգիև Պոսադ, 1907, էջ 86):

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։
(Գրաբար) եւ ասէ ցիս. Զի՞նչ տեսանես դու։ Եւ ասեմ. Տեսանեմ ահա՝ աշտանակ ոսկի ձոյլ, եւ գունդ ի վերայ նորա, եւ եւթն ճրագ ի վերայ նորայ, եւ եւթն բերանք ճրագացն որ ի վերայ նորա.