Հովնանի մարգարեության մեկնություն 4:6

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

6-11․ «Եվ Տեր Աստված մի բույս աճեցրեց, և այն բարձրացավ Հովնանի վրա, որպեսզի նրա գլխին հովանի լինի և ազատի նրան իր տրտմությունից. և Հովնանը շատ ուրախացավ այդ բույսի համար»։ [6] «Եվ Աստված այնպես արեց, որ հաջորդ օրը՝ արշալույսի ծագելուն պես, մի որդ ուտելով վնասեց բույսը, և այն չորացավ»: «Երբ արևը ծագեց, Աստված տաք արևելյան քամի ուղարկեց, և արևն սկսեց այրել Հովնանի գլուխը, այնպես որ նա ուժասպառ եղավ ու իր համար մահ խնդրեց՝ ասելով. «Ինձ համար ավելի լավ է մեռնել, քան ապրել»»: «Եվ Աստված ասաց Հովնանին. «Մի՞թե այդքան խիստ տրտմեցիր բույսի համար»»։ Եվ նա ասաց. «Շատ եմ տրտմել, նույնիսկ մահու չափ»»։ «Այնժամ Տերն ասաց.«Դու ցավում ես բույսի համար, որի վրա չես չարչարվել, որը չես աճեցրել, և որն աճեց մեկ գիշերվա մեջ ու մեկ գիշերվա մեջ էլ չորացավ»»: «Եվ արդ, մի՞թե Ես պիտի չխնայեմ Նինվեին՝ մեծ քաղաքին, որտեղ կան ավելի քան հարյուր քսան հազար մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերել իրենց աջ ձեռքը ձախից, և շատ անասուններ» (Սինոդական թարգ․)
   
   Նախքան նինվեացիների հանդեպ Տիրոջ ողորմածության մասին հայտնած դժգոհության առիթով Հովնանին «խրատելը»՝ Աստված մարգարեին ստիպեց խղճահարություն զգալ իր գլխավերևում աճած բույսի համար: Այնուհետև Տերն ասաց, որ եթե Հովնանը ցավում է մի չորացած բույսի համար, ապա մի՞թե ավելի մեծ խղճահարության ու ողորմության արժանի չէ այն քաղաքը, որտեղ ապրում են ավելի քան հարյուր հազար անմեղ երեխաներ: Այս հասարակ պատմությունն ինքնին դժվարություն է առաջացնում միայն այն առումով, թե ինչպես պետք է հասկանալ բույսի աճելը և Հովնանի գլխավերևում նրա թոռոմելը, որպես բնական գործընթա՞ց, թե՞ հրաշագործություն: Կարծես թե երևույթի հրաշք լինելու օգտին է խոսում այն հանգամանքը, որ այդ բույսն անսովոր արագությամբ աճեց և չորացավ (աճեց մեկ գիշերվա մեջ և մեկ գիշերվա մեջ էլ չորացավ), ինչպես նաև այն, որ այստեղ բազմիցս նշվում է Տիրոջ անմիջական մասնակցության մասին (Տերն այնպես արեց… Տերն աճեցրեց…): Սակայն այս տվյալներն այստեղ որոշիչ դեր չեն խաղում. Աստվածաշնչում հաճախ բնական երևույթների մասին ևս ասվում է, որ դրանք տեղի են ունենում Աստծու կամքով, քանի որ, հոգևոր ընկալման համաձայն, աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում՝ ըստ Աստծու կամքի (Մատթ. 10:30, այս մասին ընթերցի՛ր նաև Հովն․1։4 համարի ծանոթագրությունը): Բույսի արագ աճելու մասին խոսքերը (աճեց մեկ գիշերվա մեջ և մեկ գիշերվա մեջ էլ չորացավ.  Հովն․4։10) բառացիորեն հասկանալու անհրաժեշտություն չկա. այն, հնարավոր է, չափազանցված է ներկայացվել, որպեսզի արտահայտվի բույսի աննշանությունը մարդու կյանքի համեմատ ընդգծելու համար (Ես. 40:6, Սաղմ. 102:15): Կարծես թե երևույթների բնական լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ հեղինակը հիշատակում է տարատեսակ բնական երևույթների մասին, որոնք իրականացնում են այս կամ այն գործողությունը. որդը ուտում է բույսը, արևելյան խորշակից այն չորանում է: Հենց պատմության ընթացքն էլ հրաշքի անհրաժեշտություն չի ենթադրում. մարգարեին խրատելու համար հրաշքի կարիք չկար, քանի որ բնական կարգի դեպքում ևս նա կարեկցել է սովորում նույնքան, որքան հրաշքի դեպքում: Բույսը, որի մասին այստեղ խոսվում է, եբրայերեն տեքստում հիշատակվում է «kikayon» բառով, որը սովորաբար ծագել է եգիպտական «kjkj» բառից: Հնարավոր է, որ հրեաներն այս բույսին ծանոթացել են դեռևս Եգիպտոսում, ուստի հանդիպելով դրան իրենց հայրենիքում՝ այն եգիպտերեն անվան ձևափոխված տարբերակով են կոչել: Այս բույսը նկարագրում են Հերոդոտոսը, Պլինիոսը և երանելի Հերոնիմոսը: Նրանք բոլորն էլ միաձայն ասում են, որ այն ունի խոտածածկ ցողուն, լայն տերևներ, հասնում է մինչև 8−12 ոտնաչափ բարձրության (մոտավորապես 2,4−3,7 մ), արագ աճում է և չորանում:

   Այսպիսով, այն դդմենի կամ բաղեղ չէ, ինչպես նշված է սլավոնական և լատինական թարգմանություններում, այլ մի յուրահատուկ բույս է, որը բուսաբանության մեջ հայտնի է «palma Christi» անվանումով:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր տանջանքներից: Յովնանը չափից շատ ուրախացաւ դդմենու համար:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին և ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դդմենու համար մեծապես ուրախացավ։
(Գրաբար) Եւ հրաման ետ Աստուած դըդմենւոյն, եւ ել ի վերայ գլխոյն Յովնանու՝ լինել նմա հովանի ի վերայ գլխոյ նորա. զովացուցանել զնա ի տառապանաց իւրոց. եւ ուրախ եղեւ Յունան ի վերայ դդմենւոյն ուրախութիւն մեծ։