Ովսեեի մարգարեության մեկնություն 10:11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եփրեմը վարժեցրած երինջ է՝ սովոր կալսելուն, և Ես Ինքս լուծ պիտի դնեմ նրա պարարտ պարանոցին: Եփրեմի վրա պիտի հեծած գնան, Հուդան պիտի հերկի, Հակոբը՝ տափանի։ (Սինոդական թարգ․)[11]
   
    «Եփրեմը վարժեցրած երինջ է՝ սովոր կալսելուն»։ Արևելքում կալսը այսպես էր կատարվում։ Կա՛մ կապված եզներին քշում էին դարսված խուրձերի վրայով, և դրանք իրենց սմբակներով ճզմելով՝ հասկերից դուրս էին հանում ցորենը, կա՛մ էլ (եզների փոխարեն դա անում էին) իրենց հետ նախապես բերած հատուկ մուրճերով։ Միաժամանակ համաձայն Մովսեսի պատվիրանի (Բ Օր․ 25։4)՝ եզներին դնչկալ չէին հագցնում, այնպես որ նրանք կարող էին ուտել այն հացահատիկը, որը կալսում էին։ Արդյունքում կալսելը եզան համար հեշտ, շահավետ և կարծես թե սիրելի աշխատանք էր։ Իսրայելի առնչությամբ օգտագործվող կալսին սովոր եզան պատկերն այն իմաստն է արտահայտում, որ նա սովոր է օգտվել Տեր Աստծու կողմից առաքվող բարիքներից, և այդ պատճառով էլ գիրացել, պարարտացել և ճարպոտել է (Բ Օր․ 32։15, Ովս․13։6) ու մոռացել իր Աստծուն։ Դրա համար որպես պատիժ Իսրայելը և Հուդան պետք է ծանր աշխատանք կատարեն։

    Ռուսերեն տեքստի «սովոր է կալսելուն» ընթերցման փոխարեն սլավոներենում «սիրում է վիճաբանությունը» տարբերակն է։ Յոթանասնիցը, «ladusch»−ի (մուրճով ծեծել) փոխարեն, ակնհայտորեն ընթերցել է «ladun» (այս բառը առաջացել է «dun»՝ դատել, բախվել, բառից):

    Ռուսերեն տեքստի «Հուդան կհերկի, Հակոբը՝ տափանի» ընթերցման փոխարեն սլավոներենում «կանտեսեմ Հուդային, և Հակոբը կհզորանա նրա դեմ» տարբերակն է, քանի որ Յոթանասնիցը «jacharo ch» բայը («charach» բառից) ընդունել է համատեքստին չհամապատասխանող՝ «համր լինել, լռել» իմաստով, իսկ «а jesaded» (տափանել) բառը փոխանցել է «jeschadede» («schadad» բառից՝ ուժով գերազանցել, ուժեղացնել) տարբերակով։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան:
(Արարատ թարգ․) Եփրեմը մի վարժ երինջ է, որ սիրում էր կալ կալսել, բայց ես նրա վզի վայելչության վրա լուծ կանցկացնեմ. Եփրեմին լծելու եմ, Հուդան պիտի հերկի, Հակոբը պիտի տափանի նրա համար։
(Գրաբար) Եփրեմ երինջ կիրթ՝ սիրել զհակառակութիւն. բայց ես հասի՛ց ի վերայ գեղոյ պարանոցի նորա. ելի՛ց ի վերայ Եփրեմայ, և անփո՛յթ արարից զՅուդայէ. և զօրասցի ի վերայ նորա Յակովբ։