Ովսեեի մարգարեության մեկնություն 10:9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ավելի քան Գաբբայի օրերին դու մեղք գործեցիր, Իսրայե՛լ, նրանք այնտեղ կանգնեցին, անօրենության որդիների դեմ Գաբավոնում եղած պատերազմը նրանց չհասավ։ (Սինոդական թարգ․)[9]
   
    «Ավելի քան Գաբբայի օրերում»․ եբրայերեն՝ «mimej ha-Giv‘ah» արտահայտությունը պետք է թարգմանել «Գաբբայի օրերից»։ Յոթանասնիցը «haggjvah» անունը 9−րդ համարում ընդունել է որպես հասարակ գոյական («բլուր» իմաստով), այստեղից էլ ծագել են սլավոներեն «բլուրները կան» և  «բլուրների վրա»  տարբերակները։ Մարգարեն կա՛մ ցանկանում է ասել, որ Իսրայելը մեղք է գործում Դատավորաց գրքում (20−21 գլուխներ) նկարագրված Գաբբայում տեղի ունեցած սարսափելի հանցագործության կատարման ժամանակից սկսած, կա՛մ էլ, ինչպես մտածում են որոշ մեկնիչներ (Նովակ, Վելհաուզեն), մարգարեն նկատի ունի Գաբբայում Սավուղի ընտրության փաստը և թագավորական իշխանության հաստատումը, որոնց կրողների մեջ էլ մարգարեն տեսնում է Իսրայելի մեղքերի համար մեղավորներին։

    «Նրանք այնտեղ կանգնեցին»ը մի անհասկանալի արտահայտություն է։ Այն հետևյալ իմաստով է ընկալվում՝ Գաբբայի նմանությամբ Իսրայելն էլ է մինչ օրս անօրենության մեջ ապրում։

     «Անօրենության որդիների դեմ Գաբավոնում եղած պատերազմը նրանց չհասավ»։ Մեկնիչները մարգարեի խոսքերը վերածում են հարցականի և այսպես կապ են հաստատում նախորդ խոսքերի հետ․«Իսրայելացիներն ընկղվում են մեղքերի մեջ, ինչպես որ Գաբբայի բնակիչները, մի՞թե նրանք նույնպես չեն կրի այն նույն ճակատագիրը, այն նույն պատիժը, որը մի ժամանակ կրեցին  Գաբբայի բնակիչները (Բրոդովիչ)։

    Ըստ Նովակի ենթադրության՝ մարգարեի միտքն այն է, որ Իսրայելի մեղքերի համար թշնամիները կտիրեն նրա ամբողջ թագավորությանը։ Պատերազմը կհասնի անգամ թագավորության ամենահարավային սահմանին գտնվող Գաբբային։

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Այն օրից, երբ բարձունքները գոյութիւն ունեն, Իսրայէլը մեղք գործեց: Այնտեղ տեղաւորուեցին նրանք: Եւ բարձունքի վրայ չի հասնի նրանց պատերազմը,
(Արարատ թարգ․) Գաբաայի օրերից սկսած՝ մեղք գործեցիր, ո՛վ Իսրայել. նրանք այնտեղ շարունակեցին կանգնել. մի՞թե չարության որդիների դեմ պատերազմը Գաբաայում չհասավ նրանց։
(Գրաբար) Յորմէհետէ բարձո՛ւնք են՝ մեղա՛ւ Իսրայէլ. ա՛նդ առին զտեղի, և մի՛ հասցէ նոցա ի բարձունս.