Ա․ Լոպուխին
Իր բարության համար սգում է Մարոթի բնակչուհին, քանզի Տիրոջից տառապանք պետք է իջնի Երուսաղեմի դարպասների վրա։ (Սինոդական թարգ․)[12]
«Մարոթի բնակչուհի» բառերով մարգարեն ընդհանրապես կոչում է Մարոթի բնակիչներին։ Մարոթի գտնվելու վայրն անհայտ է։ Ենթադրաբար, Մարոթը նույնացվում է Հս․ 15։59 համարում հիշատակվող Մոորաթի հետ, որը Երուսաղեմի մոտակայքում է՝ Հուդայի ցեղին պատկանող տարածքում։ Սակայն որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ Մարոթը փյունիկյան բնակավայր է (Գոոնակեր)։ Հուդային սպասվող աղետները պատկերելիս մարգարեն օգտագործում է Մարոթ անվանումը՝ հաշվի առնելով դրա իմաստը (դառնություն, վիշտ)։ Հենց Մարոթի մասին մարգարեի արտահայտությունը տարբեր կերպ է հասկացվում․ մեր տեքստում (ենթադրաբար` ռուսերեն) եբրայերեն «halah tetov» արտահայտությունը «սգում է բարության համար» ձևով է թարգմանվում, ընդ որում՝ «tor» բառը ունեցվածքի իմաստով է հասկացվում։ Նորագույն շրջանի մեկնաբանները (Նովակ, Գոոնակեր), «tov» բառի վերացական նշանակությունը նկատի ունենալով, բերված արտահայտությունը որպես «սպասում է բարություն» են փոխանցում։ Եթե Մարոթի ներքո ոչ թե հրեական, այլ հրեաների թշնամիներին պատկանող բնակավայր հասկացվի, ապա միտքն այն կլինի, որ Մարոթը (դառնություն) իր համար բարիք է ակնկալում Հուդային սպասվող առաջիկա աղետներից։ Աղետի մասին մարգարեն նկատում է, որ այն «իջել է Երուսաղեմի դարպասներին»։ Սա նշանակում է, որ աղետը մոտեցել է, սակայն դեռևս չի սկսվել։ Հունարեն և սլավոներեն տեքստերում 12−րդ համարի առաջին կեսը բնագրից տարբերվող իմաստ է փոխանցում։ «Ki chalah» (քանզի սգում է) արտահայտության փոխարեն Յոթանասնիցը, ըստ երևույթին, ընթերցել է «mi chalal», որն էլ «τίς ἤρξατο» (սլավոներեն` «ո՞վ սկսեց») է թարգմանել։ «Maroth» (Մարոթ) բառը Յոթանասնիցի կողմից հասարակ անվան իմաստով է հասկացվել և «ὀδυνη» (հիվանդություն) բառով է թարգմանվել։ Ըստ սլավոներեն տեքստի` ամբողջ արտահայտությունը հետևյալ տեսքն է ստանում․ «ո՞վ սկսեց բարիք անել հիվանդությունների մեջ բնակվողին», կամ էլ, ինչպես որ պետք է լինի․ «ո՞վ սկսեց ցավեր ուղարկել բարիքի մեջ ապրողին», այսինքն` «ո՞վ սկսեց հիվանդություններ ուղարկել բարեկեցության մեջ ապրողին»։ Խոսքը Երուսաղեմի մասին է, որը 11−րդ համարում Սենաար է անվանվում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ո՞վ սկսեց բարիք անել ցաւի մէջ բնակուողին, քանի որ Տիրոջ կողմից չարիք իջաւ Երուսաղէմի դռների վրայ:
(Արարատ թարգ․) Որովհետև բարու համար ցավով գալարվում է Մարոթի բնակչուհին, սակայն Տիրոջից չարիք իջավ մինչև Երուսաղեմի դարպասը։
(Գրաբար) Ո՛վ արար սկիզբն բարեաց բնակելոյն ի մէջ ցաւոց. զի իջին չարիք ի Տեառնէ ի վերայ դրանցն Երուսաղեմի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: