Ա․ Լոպուխին
Այսպես է Տերը խոսում այն մարգարեների մասին, որոնք Իր ժողովրդին մոլորության են տանում, որոնք իրենց ատամներով կրծում են, և խաղաղություն են քարոզում, իսկ ով ոչինչ չի նետում նրանց բերանը, նրա դեմ պատերազմ են հայտարարում։ (Սինոդական թարգ․)[5]
5−7−րդ համարներում մարգարեն դատապարտում է սուտ մարգարեներին, ընդ որում՝ նրա պախարակումները նման են Երեմիայի (Եր․ 6։14, 19) և Եզեկիելի (Եզ․ 13։10−19) դատափետումներին։ Միքիան դիմում է այն սուտ մարգարեներին, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվում էին ոչ թե իրական մարգարեների տեսակետերից տարբերվող ինչ−որ համոզմունքներով (Եր․ 7։4), այլ բացառապես շահույթով։ Օգտվելով ժողովրդի վստահությունից` նրանք, գինու և ցքիի, այսինքն` լիակատար բարեկեցության մասին քարոզելով մխիթարում էին ոմանց, և մյուսների դեմ թշնամաբար էին տրամադրվում։ «Իրենց ատամներով կրծում են», այսինքն` իրենց գուշակությունների դիմաց (Յունգերով․ «համարձակ լեզվով») հաց էին ստանում (Ամ․ 6։14)։ «Նրա դեմ պատերազմ են հայտարարում»․ եբրայերենից «սրբացնում են («kidschu») պատերազմը», այսինքն` դրան աստվածահաճո բնույթ են հաղորդում։ Մարգարեն ցանկանում է ասել, որ սուտ մարգարեները իրենց բերանը ոչինչ չնետողների դեմ ուղղված իրենց անձնական թշնամությունը Աստծուն ծառայելու դիմակով էին ծածկում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այսպէս ասաց Տէրը մարգարէների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով եւ խաղաղութիւն են քարոզում նրան: Բայց ոչինչ չդրուեց նրանց բերանը, եւ նրա դէմ պատերազմ յարուցեցին:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում իմ ժողովրդին մոլորեցնող մարգարեների մասին, որ աղաղակում են՝ «խաղաղությո՜ւն», երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանը բան չի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն.
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր ի վերայ մարգարէիցն՝ որ մոլորեցուցանեն զժողովուրդ իմ. որ խածանեն ատամամբք իւրեանց, և քարոզեն նմա զխաղաղութիւն. և ո՛չ տուաւ ի բերան նոցա. և յարուցին ի վերայ նոցա պատերազմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: