Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, և մյուսը՝ երեսնապատիկ»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:3
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն:
Ուրիշ [մաս] էլ ընկավ լավ հողի մեջ և պտուղ տվեց. մեկը հարյուրավոր էր, մեկը՝ վաթսնավոր, մեկն էլ՝ երեսնավոր:
Սրանք այն [մարդիկ] են, ովքեր իրենց մտքի անդաստանը ճիշտ մշակեցին, ինչպես նրանք, ովքեր «ամեն ինչ թողեցին ու Նրա հետևից գնացին» (հմմտ. Մատթ. 19։27): [Այս խոսքը] նաև ցույց է տալիս, որ աշխատանքը սակավ է, իսկ փառքը՝ շատ, միաժամանակ սովորեցնում նաև այն, որ սակավաթիվ են լինելու փրկվածները:
Իսկ «հարյուրավոր», «վաթսնավոր» և «երեսնավոր» նախ նրանց մասին է ասում, ովքեր բարի գործեր կատարեցին երեք տարիքներում՝ մանուկ, երիտասարդ և ծեր:
Երկրորդ՝ երեք ժամանակներում հավատացին. ոմանք՝ մանուկ տարիքում և ընդունելի եղան, ուրիշներ՝ կատարյալ հասուն տարիքում և արժանավոր գտնվեցին, ոմանք էլ ծեր տարիքում աշակերտեցին ու հաճելի գտնվեցին:
Երրորդ՝ հարյուրով նկատի ունի կատարյալների ընտրությունը, ովքեր հավատին ու գործին հավելեցին նաև արյամբ նահատակությունը, «վաթսնավոր»-ով՝ նրանց, ովքեր կանչվեցին մարտի դաշտ և իրենց մարմինը չարչարանքի մատնեցին հանուն Տիրոջ, բայց մահվանը, որին ձգտում էին, չհասան, այլ բռնակալներից ազատ արձակվելով՝ անվրդով մնացին մինչև վախճան, իսկ «երեսնավոր»-ով՝ [նրանց], ովքեր ընտրվեցին աշակերտելու Քրիստոսին, և հալածանք չեղավ նրանց հանդեպ, այլ իրենց բարի գործերով պսակվեցին՝ իբրև պտուղներով զարդարված հող:
Չորրորդ՝ նրանք, որ բնական օրենքով առաքինացան, երեսնավորն են, ովքեր գրավոր [օրենքով]՝ վաթսնավորը, և ովքեր Ավետարանով՝ նեղ ու անձուկ ճանապարհով ընթացան և մաքրեցին ոչ միայն մարմինը, այլև միտքը՝ հարյուրավորը:
Հինգերորդ՝ ովքեր հոգին զարդարեցին խոհական [մասի] առաքինությամբ, հարյուրավորն են. ովքեր խոսքը պայծառացրին ճշմարտախոսությամբ, վաթսնավորն են. իսկ ովքեր մարմինն անբիծ վարքով պահեցին՝ երեսնավորը: Եթե [այս] ամենը մեկ մարդ կատարեց՝ ըստ Դավթի. «Ով անբիծ է ընթանում, արդարություն գործում, ճշմարտությունը խոսում» (Սաղմ. 14։2), կժառանգի երեք փառքերն էլ՝ հոգունը, խոսքինը և մարմնինը, իսկ եթե տարբեր մարդիկ [են կատարում], տարբեր կերպ կփառավորվեն:
Վեցերորդ՝ ոչ թե այնտեղի փառքի մասին է խոսում, այլ այստեղի: Արդ՝ ով «գնաց Նրա հետևից՝ թողնելով ամե՛ն ինչ՝ կնոջը, որդիներին, քույրերին ու ագարակները, հարյուրապատիկն այստեղ կընդունի և հավիտենական կյանքը կժառանգի» (հմմտ. Մատթ. 19։29). այստեղինը տոնախմբություններն են, ինչպես սրբերի և նրանց նշխարների միջոցով գործված հրաշքների [առիթով], իսկ այնտեղինը՝ երկնքի արքայությունը: Իսկ ովքեր իրենց ունեցվածքի կեսը բաշխեցին [աղքատներին] և [միայն] մի մասին ծառայեցին որպես անհրաժեշտ առարկաների, վաթսնավորն են, ովքեր այս կյանքում հիշատակվում ու գովվում են բարի [գործերով] և այնտեղ ևս արժանանում փառքի՝ ունեցած [առաքինության] չափով: Եվ ովքեր ապրում են արդար վաստակով՝ չհափշտակելով ուրիշինը, այլ բավարարվում են իրենց ունեցվածքով և կատարում նաև մյուս օրենքները, երեսնավորն են, ովքեր մարմնավոր այս կյանքում առատորեն վայելում են Աստծո պարգևները և այն [կյանքում] ևս հանգիստ գտնում:
Յոթերորդ՝ ովքեր ժառանգելու են երկինքը, հարյուրավորն են՝ ըստ այսմ. «Արդար ու կատարյալ մարդկանց հոգիները՝ գրված երկնքում՝ Անդրանիկների Եկեղեցում» (հմմտ. Եբր. 12։23). դրանք առաքյալները, մարգարեները, հոգով ու մարմնով կույսերը, նահատակները և քարոզիչ վարդապետներն 1 են: Իսկ ովքեր [ժառանգելու են] դրախտը 2, վաթսնավորն են. դրանք նահապետերը, հայրապետերն ու արդարներն են: Եվ ովքեր [ժառանգելու են] դրախտացած այս երկիրը 3, երեսնավորն են՝ հավատացյալ ու սրբազան ժողովուրդները՝ քրիստոնյաների ուղղափառ Եկեղեցիները, որոնք աղանդի հետևորդ չեն: Որովհետև ինչպես որ աստիճաններն ու գործերն են զանազան, այդպես էլ փառքն է զանազան՝ ըստ առաքյալի (Ա Կոր. 15։41):
Ութերորդ՝ երեսնավոր են նրանք, ովքեր ծառայական երկյուղով սպասավորեցին Աստծուն, վաթսնավոր՝ ովքեր վարձի համար մշակեցին աստվածային օրենքի այգում, իսկ հարյուրավոր՝ ովքեր որդիական սիրով կատարեցին երկնավոր Հոր կամքը:
Իններորդ՝ կուսաններին 4 պարգևվում է հարյուրապատիկ ու երկնային պտուղ, և դա է խորհրդանշվում հարյուրավորով: Այրիներին 5 պարգևվում է վաթսունապատիկ պտուղ, որովհետև այդպիսիք իրենց հանձնել են ողորմության գործին: Իսկ ամուսնացածներին պարգևվում է երեսնապատիկ պտուղ, որովհետև նրանց համար բավական է, որ Սուրբ Երրորդության հավատով կատարեն տասը պատվիրանները, քանի որ երեք անգամ տասը հավասար է երե սունի: Ըստ այսմ թող [Աստված] լույսի մեջ գտնվող սրբերի բաժնին արժանացնի նաև մեզ՝ [այս մեկնության վրա] աշխատողներիս, և ձեզ՝ օգուտ քաղողներիդ ու լսողներիդ:
--------------------------------
1 Խոսքը ոչ թե Հայոց Եկեղեցու նվիրապետական համակարգի մաս կազմող վարդապետների մասին է, այլ Եկեղեցու ուղղափառ հավատքի գլխավոր ուսուցիչների, ինչպես, օրինակ, ընդհանրական հայրեր Աթանաս Ալեքսանդրացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու ևն, և Հայոց Եկեղեցու վար¬դա պետության գլխավոր ուսուցիչ համարվող սբ Գրիգոր Լուսավորչի կամ մեծ աստվածաբան ու հայրապետ սբ Հովհան Օձնեցու ևն:
2 Ինչպես տեսնում ենք, Ծործորեցին խոսում է «երկնքի» և «դրախտի» մասին իբ¬րև տարբեր վայրերի, թեև դրախտը, ըստ նրա, նույնպես երկնքում է: Այս մասին առավել հանգամանալից տես սույն գրքի 6 գլխի ծնթ. 26:
3 Եկեղեցու հայրերը, հիմնվելով Ես. 34։4, Եբր. 12։26-27 և Հայտ. 6։14 համարների վրա, համարում են, որ այս երկիրն ու երկինքը, որոնց փոխարինելու են «նոր երկինքն ու նոր երկիրը» (Հայտ. 21։1), ոչ թե ոչնչանալու են, այլ փոփոխության ենթարկվելու (տես այս մասին նաև Ծործորեցու Մատթ. 5։18-ի մեկնության մեջ): Ուստի այս երկիրը դրախտանալու է, ինչպես ասում է Ծործորեցին: Վարդան վրդ. Այգեկցին ևս ասում է. «Քանզի այս աշխարհը, ուր բնակված է մարդկային ցեղը, դրախտ և Աստծո տուն է դառնալու» (Վարդան Այգեկցի, Խրատներ, 12, «Դժոխքի և նրա չար ու դառը տանջանքների մասին», Ս. Էջմիածին, 2008, էջ 152):
5 Խոսքը Եկեղեցու սպասավորությանը նվիրված այրիների մասին է, ովքեր, ինչպես հասկանում ենք Ծործորեցու այս նախադասությունից, հիմնականում զբաղվում էին բարեգործությամբ: Հավատացյալ այրիները հնում՝ առաքելա-կան ժամանակներից իսկ, Եկեղեցում հատուկ կարգավիճակ էին ստանում (Ա Տիմ. 5։3-16): «Այրի» անվանվող կուսաններ» է հիշատակում, օրինակ, սբ Իգնա տիոս Անտիոքացին Զմյուռնացիներին ուղղած իր նամակում (հայ.՝ գլ. Գ, այլալեզու՝ հատված 12 կամ 13):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: