Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:8

Հովհաննես Ծործորեցի

Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն:

 

    Ուրիշ [մաս] էլ ընկավ լավ հողի մեջ և պտուղ տվեց. մեկը հարյուրավոր էր, մեկը՝ վաթսնավոր, մեկն էլ՝ երեսնավոր:

Սրանք այն [մարդիկ] են, ովքեր իրենց մտքի անդաստանը ճիշտ մշակեցին, ինչպես նրանք, ովքեր «ամեն ինչ թողեցին ու Նրա հետևից գնացին» (հմմտ. Մատթ. 19։27): [Այս խոսքը] նաև ցույց է տալիս, որ աշխատանքը սակավ է, իսկ փառքը՝ շատ, միաժամանակ սովորեցնում նաև այն, որ սակավաթիվ են լինելու փրկվածները:

    Իսկ «հարյուրավոր», «վաթսնավոր» և «երեսնավոր» նախ նրանց մասին է ասում, ովքեր բարի գործեր կատարեցին երեք տարիքներում՝ մանուկ, երիտասարդ և ծեր:

    Երկրորդ՝ երեք ժամանակներում հավատացին. ոմանք՝ մանուկ տարիքում և ընդունելի եղան, ուրիշներ՝ կատարյալ հասուն տարիքում և արժանավոր գտնվեցին, ոմանք էլ ծեր տարիքում աշակերտեցին ու հաճելի գտնվեցին:

    Երրորդ՝ հարյուրով նկատի ունի կատարյալների ընտրությունը, ովքեր հավատին ու գործին հավելեցին նաև արյամբ նահատակությունը, «վաթսնավոր»-ով՝ նրանց, ովքեր կանչվեցին մարտի դաշտ և իրենց մարմինը չարչարանքի մատնեցին հանուն Տիրոջ, բայց մահվանը, որին ձգտում էին, չհասան, այլ բռնակալներից ազատ արձակվելով՝ անվրդով մնացին մինչև վախճան, իսկ «երեսնավոր»-ով՝ [նրանց], ովքեր ընտրվեցին աշակերտելու Քրիստոսին, և հալածանք չեղավ նրանց հանդեպ, այլ իրենց բարի գործերով պսակվեցին՝ իբրև պտուղներով զարդարված հող:

    Չորրորդ՝ նրանք, որ բնական օրենքով առաքինացան, երեսնավորն են, ովքեր գրավոր [օրենքով]՝ վաթսնավորը, և ովքեր Ավետարանով՝ նեղ ու անձուկ ճանապարհով ընթացան և մաքրեցին ոչ միայն մարմինը, այլև միտքը՝ հարյուրավորը:

    Հինգերորդ՝ ովքեր հոգին զարդարեցին խոհական [մասի] առաքինությամբ, հարյուրավորն են. ովքեր խոսքը պայծառացրին ճշմարտախոսությամբ, վաթսնավորն են. իսկ ովքեր մարմինն անբիծ վարքով պահեցին՝ երեսնավորը: Եթե [այս] ամենը մեկ մարդ կատարեց՝ ըստ Դավթի. «Ով անբիծ է ընթանում, արդարություն գործում, ճշմարտությունը խոսում» (Սաղմ. 14։2), կժառանգի երեք փառքերն էլ՝ հոգունը, խոսքինը և մարմնինը, իսկ եթե տարբեր մարդիկ [են կատարում], տարբեր կերպ կփառավորվեն:

    Վեցերորդ՝ ոչ թե այնտեղի փառքի մասին է խոսում, այլ այստեղի: Արդ՝ ով «գնաց Նրա հետևից՝ թողնելով ամե՛ն ինչ՝ կնոջը, որդիներին, քույրերին ու ագարակները, հարյուրապատիկն այստեղ կընդունի և հավիտենական կյանքը կժառանգի» (հմմտ. Մատթ. 19։29). այստեղինը տոնախմբություններն են, ինչպես սրբերի և նրանց նշխարների միջոցով գործված հրաշքների [առիթով], իսկ այնտեղինը՝ երկնքի արքայությունը: Իսկ ովքեր իրենց ունեցվածքի կեսը բաշխեցին [աղքատներին] և [միայն] մի մասին ծառայեցին որպես անհրաժեշտ առարկաների, վաթսնավորն են, ովքեր այս կյանքում հիշատակվում ու գովվում են բարի [գործերով] և այնտեղ ևս արժանանում փառքի՝ ունեցած [առաքինության] չափով: Եվ ովքեր ապրում են արդար վաստակով՝ չհափշտակելով ուրիշինը, այլ բավարարվում են իրենց ունեցվածքով և կատարում նաև մյուս օրենքները, երեսնավորն են, ովքեր մարմնավոր այս կյանքում առատորեն վայելում են Աստծո պարգևները և այն [կյանքում] ևս հանգիստ գտնում:

    Յոթերորդ՝ ովքեր ժառանգելու են երկինքը, հարյուրավորն են՝ ըստ այսմ. «Արդար ու կատարյալ մարդկանց հոգիները՝ գրված երկնքում՝ Անդրանիկների Եկեղեցում» (հմմտ. Եբր. 12։23). դրանք առաքյալները, մարգարեները, հոգով ու մարմնով կույսերը, նահատակները և քարոզիչ վարդապետներն 720 են: Իսկ ովքեր [ժառանգելու են] դրախտը  721, վաթսնավորն են. դրանք նահապետերը, հայրապետերն ու արդարներն են: Եվ ովքեր [ժառանգելու են] դրախտացած այս երկիրը  722, երեսնավորն են՝ հավատացյալ ու սրբազան ժողովուրդները՝ քրիստոնյաների ուղղափառ Եկեղեցիները, որոնք աղանդի հետևորդ չեն: Որովհետև ինչպես որ աստիճաններն ու գործերն են զանազան, այդպես էլ փառքն է զանազան՝ ըստ առաքյալի  723:

    Ութերորդ՝ երեսնավոր են նրանք, ովքեր ծառայական երկյուղով սպասավորեցին Աստծուն, վաթսնավոր՝ ովքեր վարձի համար մշակեցին աստվածային օրենքի այգում, իսկ հարյուրավոր՝ ովքեր որդիական սիրով կատարեցին երկնավոր Հոր կամքը:

    Իններորդ՝ կուսաններին  724 պարգևվում է հարյուրապատիկ ու երկնային պտուղ, և դա է խորհրդանշվում հարյուրավորով: Այրիներին 725 պարգևվում է վաթսունապատիկ պտուղ, որովհետև այդպիսիք իրենց հանձնել են ողորմության գործին: Իսկ ամուսնացածներին պարգևվում է երեսնապատիկ պտուղ, որովհետև նրանց համար բավական է, որ Սուրբ Երրորդության հավատով կատարեն տասը պատվիրանները, քանի որ երեք անգամ տասը հավասար է երե սունի: Ըստ այսմ թող [Աստված] լույսի մեջ գտնվող սրբերի բաժնին արժանացնի նաև մեզ՝ [այս մեկնության վրա] աշխատողներիս, և ձեզ՝ օգուտ քաղողներիդ ու լսողներիդ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4