Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:4

Հովհաննես Ծործորեցի

«Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ:

   

   «Ահա սերմնացանը ելավ սերմանելու:

   «Ահա»-ն նշանակում է Նրա հանկարծակի երևումը երկրի վրա՝ ըստ այսմ. «Ահա Մարդը, և նրա անունն է Ծագում» (Զաք. 6։12): Իսկ «ելավ»՝ ոչ թե մի տեղից մյուսը, Նա, Ով ամեն ինչի մեջ է և լցնում է ամեն ինչ, այլ նախախնամությամբ ու տեսչությամբ Իր մարմնավորությունն է օրինակում, այն, որ ծածկապես Հոր ծոցում լինելով հանդերձ՝ հայտնվեց մեզ: Քանի որ մենք չէինք կարող մտնել Նրա մոտ՝ մեղքի պարսպի պատճառով, Ինքն անձամբ ելավ եկավ մեզ մոտ:

   «Ելավ» ասելով ցույց է տալիս նաև, որ նախ ծնվելով ելել էր Հորից, այժմ էլ մարմնով ելել է Կույսից՝ ըստ այսմ. «Ելա Հորից և եկա աշխարհ» (Հովհ. 16։28): Որովհետև Ով մի անգամ Հորից ելավ, Նա՛ երկրորդ անգամ աշխարհ եկավ և ոչ թե Հայրը, Ով ոչ մեկից չի [ծագում], ոչ էլ Հոգին, Ով թեև ելնում է Հորից, սակայն բխմամբ և ոչ թե ծննդով (թեև Հոգին ոչ միայն Հորից է, այլև Որդուց)714: Եվ պատճառն այն է, որ միայն Հայրն է, որ ուղարկում է և չի ուղարկվում, քանի որ ոչ ոքից չի ելել, ինչ պատճառով և [Սուրբ] Գրքում ոչ ոք չի ասում, թե Նա [երբևէ] «ուղարկվել» է, իսկ Որդին, քանի որ Հորից ծնվում է և տալիս Հոգուն 715, ուստի ուղարկվում է Հորից և ուղարկում Հոգին:

   Իսկ եթե մեկն ասի, թե Հոգին էլ է Որդուն ուղարկում՝ ըստ այսմ. «Տերը, Տերն ինձ ուղարկեց և Նրա Հոգին» (Ես. 48։16), ուստի Որդին էլ է Հոգուց, այս մասին բացատրենք, որ Որդու՝ այս ուղարկվելը Հոգուց մարգարեն ներկայացնում է ըստ [Որդու] մարդկության, իսկ ըստ աստվածության՝ Հոգին ինչպես որ Հորից է ուղարկվում, այդպես էլ Որդուց, ինչ պատճառով էլ [Հոգու] ուղարկվելը հավասարապես ներկայացվում է թե՛ Հորից, թե՛ Որդուց:

   Բայց այստեղ [Տերը] խոսում է միայն Որդու մասին, որովհետև [Նա է], որ ծնունդով ելնում է Հորից, ինչ պատճառով ասում է, թե նաև մարմնո՛վ «ելավ սերմնացանը»՝ «սերմնացան» կոչելով Իրեն, որ Իր ուսմունքի բարի սերմը հանելով Իր բնական բարությունից՝ ցանում է հողում: Քանի որ թշնամին չորացրել էր նախկինում սերմանված բարին, այդ պատճառով էլ [Տերը] կրկին ելավ սերմանելու: Իսկ այն հողը, որի մեջ սերմն ընկնում է, բանական [արարածների] հոգիներն են:

   [Այս խոսքը] նաև այն է ցույց տալիս, որ [այժմ] սեր-մանելու ժամանակն է, իսկ որան 716 դիզվում է հանդերձյալի համար: Նաև՝ որ [Տերը] ելավ խաչն ու Հոգու շնորհի սերմը ցանեց առաքյալների միջոցով զանազան նորոգություններով՝ ըստ այսմ. «Ելավ բարձունքները, [գերեվարություն արեց], ավար բաշխեց մարդկանց որդիներին» (հմմտ. Սաղմ. 67։19), և Նա, Ով ելավ, բոլոր երկինքներից էլ վեր ելավ, որպեսզի լցներ ամեն ինչ: [Այս խոսքը նշանակում է] նաև, որ [Տերն] Իր քաջությամբ հանեց կապվածներին գերեզմանից ու դժոխքից՝ արևի նման, որ «ելնում է առագաստից» (Սաղմ. 18։6), և մեր հոգիների մեջ սերմանեց հարության հույսը, որովհետև «սերմանվում է շնչավոր մարմին, և հարություն առնում՝ հոգևոր մարմին» (Ա Կոր. 15։44):

   Եվ երբ սերմանում էր, [սերմի մի մաս] ընկավ ճանապարհի մոտ, և երկնքի թռչունը717եկավ ու կերավ այն:

   [Տերն] այս առակը հարմարեցրեց հավաքվածների զանազան բնավորություններին, որովհետև սերմը մեկն է, Սերմնացանն էլ՝ մեկը, հողն էլ՝ մեկը, սակայն արմատները չորսի բաժանվեցին, և սա ոչ թե Սերմնացանից է, այլ հողից, այսինքն՝ անհնազանդ հոգիներից: Բայց ինչո՞ւ [բացեիբաց] չասաց, թե [Իր ուսմունքի սերմի] կեսն ընդունեցին կարծրասիրտներն ու կորցրին, մի մասն էլ՝ հարուստներն ու խեղդեցին, մյուս մասն էլ՝ ծույլերն ու աղավաղեցին: Առայժմ չի կամենում կսկծեցնել, որպեսզի չվհատվեն, այլ թույլ է տալիս, որ իրենք իրենց հանդիմանեն այս առակի միջոցով:

   Իսկ եթե մեկը հարցնի, թե ի՛նչ անհրաժեշտություն կար ճանապարհին, կամ ապառաժին, կամ էլ փշերի մեջ սերմանելու, [կպատասխանենք այսպես]: Նախ՝ Սերմնացանը հողի ընտրություն չի կատարում, այլ խառնիխուռն է սերմանում, որպեսզի Սերմնացանի առատաձեռնությունը ցույց տրվի, և [դժգոհության] պատճառը վերացվի: Երկրորդ՝ [սա նյութական] հողին չէ հատուկ, այլ հարմար է մարդկանց հոգիներին և ուսմունքի կարգին, և առավել գովելի է, որովհետև ինչ-պես որ անձրևն ու արևն է [Աստված տալիս] թե՛ չարերին, թե՛ բարիներին, այդպես էլ սա. քանի որ բանական հողն ընդունում է ընդդիմակաց կրքեր, ուստի կարող է քարը բերրի լինել, ճանապարհը՝ չկոխոտվել, փշաբեր [բույսը]՝ ծաղիկներ վերընձյուղել, և եթե [սրանք] փոփոխության չեն ենթարկվում, մեղքը Սերմնա ցանինը չէ, այլ [սերմն] ընդունողներինը: Իսկ եթե մեկը հակաճառի թե՝ «Հապա ինչո՞ւ [Տերն] ասաց. «Նոր գինին նոր տիկերի մեջ է պետք լցնել և ոչ թե հին, որպեսզի երկուսն էլ պահվեն» (հմմտ. Մատթ. 9։17), մինչ այստեղ ճանապարհին ու ապառաժին [գցված] սերմը կորցնում է», կասենք, որ այդ [առաջին խոսքը] վերաբերում է այն շնորհին, որը Նրա քարոզությունից հետո նորանում ու ընդունվում է, իսկ այս մեկը՝ Նրա քարոզության սկզբին, ինչպես որ ասում է [Տերը]. «Երբ սերմանում էր, [սերմի մի մաս] ընկավ ճանապարհի մոտ»:

   Արդ՝ թեպետ Տերն [Ինքը] սա լուսավոր կերպով ու հստակորեն մեկնում է իր տեղում, սակայն այստեղ այն ասենք, որ [ճանապարհի մոտ ցանված սերմերը] զրկողների հոգիներն են, ինչպես նա, ով մեկ քանքարն առավ ու անարգեց այն տվողին 718, որովհետև չփափկեց՝ ընդունելու Նրա սերմերը և աճեցնելու բերքատվությամբ, այլ կոխոտվեց ամեն տեսակ չարիքներից, դևերից, կրքերից ու մեղքերից, քանի որ կորստյան ոչ թե մեկ ճանապարհ կա, այլ շատ: Ուստի օդի 719 այդ թռչունը՝ չարը, ուսման սերմը ևս պոկեց նրա սրտից. ո՛չ բռնությամբ, որովհետև ավետարանի ձայնն ահա մոտ էր [նրա] լսելիքի դռանը, ինչպես ցորենի հատիկը՝ հողի երեսին. բայց քանի որ չամփոփեց իր մեջ ընկած սերմն իր սրտի արգանդում, գործով տվեց ուտել այն, այսինքն՝ այն մոռացման տվեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

4-23. «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն: Ով լսելու ականջ ունի, թող լսի»: Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»: Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում: Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ: Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»: «Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է: Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:
   
   Առաջին առակը, որ Հիսուսը նավից խոսեց, սերմ ցանողի առակն է. սերմնահան կամ սերմանող կամ սերմնացան: Երկրագործը. գոգն ու ձեռքը լավ սերմով լցված, դուրս է գալիս արտը՝ ցորեն ցանելու: Արտը պատրաստ է, բայց արտի բոլոր կողմերը նույնը չեն. միջից ու կողքից անցուդարձի ճանապարհներ կան, որ հերկված չեն, քարոտ մասեր կան, որոնց վրայից արոր չի անցել, փշոտ տեղեր կան, որոնք խոպան են մնացել: Հողագործը չի կարող ամեն մի կետին ուշադրություն դարձնել, նա բուռը ցորենով լցնում է ու սերմերը ընդհանուր ձևով սփռում. հետևաբար բոլորը լավ ու պարարտ հողի վրա չեն ընկնում. կան, որ քարոտ տեղերում են ընկնում, կան որ չհերկված ճանապարհների վրա են ընկնում, կան որ փշոտ խոպանի մեջ են ընկնում: Ճանապարհի վրա ընկող սերմերը բաց են մնում, հողի մեջ չեն մտնում, թռչյուններն իջնում ուտում են: Քարոտ տեղեր ընկնողներ շուտ ծլում են՝ քիչ հողի ու ապառաժի տաքության պատճառով, բայց խոր արմատ չեն տալիս ու շուտ չորանում են, փշոտ տեղեր ընկնողներն էլ են ծլում և չեն կարողանում շուտ աճել ու հասունանալ, փշերն ամեն կողմից պատում են ու խեղդում ծիլերը: Լավ հողի մեջ ընկնողներն էլ հարուստ արդյունք չեն տալիս. հասկ կա որ երեսուն ցորեն ունի վրան, հասկ կա, որ վաթսուն ունի, մինչև իսկ հարյուր ցորենով հասկեր էլ են լինում:
   Հիսուսի առակը բավական պարզ էր՝ իր քարոզների արդյունքը ցույց տալու և իր ունկնդիրների տեսակները տարբերելու համար, բայց տեղում ժողովրդին բացատրություն չի տալիս, թողնում է որ նրանք մտածեն ու իմանան: Հետաքրքրասեր հայացքով բացատրություն սպասողներին էլ գոհացում տալ չի ուզում. «Իմացողը թող իմանա», ասում է. Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ, ու վերջացնում է խոսքը:
   Ավետարանիչները այս հատվածում իրար ետևից մեկից ավելի առակներ են բերում այնպիսի հավաքածո կերպով, որ երևում է, որ ոմանք ժողովրդին և ոմանք աշակերտներին են պատմվել, մեկնություններն էլ տեղում ժողովրդին չեն տրվել, այլ հետո՝ առանձին աշակերտներին, շեշտելով իսկ, որ կամավ մեկնությունները ժողովրդին չեն տրվում:
   Մենք ուզում ենք առակների ու մեկնությունների կապերը չկտրելու համար դրանք իրար մոտ բերել: Մյուս կողմից կարծում ենք, որ առակները տարբեր ժամանակներում են խոսվել՝ պատահական իրավիճակից օգուտ քաղելով և ժամանակի հանգամանքները նկատի առնելով: Օրինակ՝ սերմնացանի առակն, իհարկե, պատմել է, երբ Հիսուսին հանդիպած վայրերում հողագործներն այդ աշխատանքներն էին անում. որոմների առակն էլ պատմել է, երբ կալի աշխաանքներն էին կատարվում: Սակայն ավետարանիչներն, իրենց ընդունած ոճի համաձայն, իրար նմանները կողք-կողքի էին բերում ու զանազան առակներ իրար ետևից հիշատակում, առանց ստիպելու մեզ, որ այդ առակներն իրար ետևից մի շարքով պատմած համարենք:
   Սերմնացանի առակը պատմելու օրը, երբ ժողովուրդը ցրվում է և Հիսուսն իր աշակերտների հետ մենակ է մնում, վերջիններս դիմում են Հիսուսին, որպեսզի առակի մեկնությունը լսեն: Եթե աշակերտները չէին հասկացել առակի իմաստը, իհարկե, ժողովուրդն էլ չէր կարող հասկացած լինել և այս բանն աշակերտները չեն հասկանում. Ինչու՞ է Հիսուսը ժոովրդի հետ այդ ձևով խոսում, որ ժողովուրդը ասածը չի կարողանում հասկանալ: Առակօք խօսիլ, թե առակ պատմելը իրականությունը վարագուրված օրինակով քողարկելու ձև է: Առաքյալներն այդ երկրորդ իմաստով է, որ Հիսուսին հարցնում են. «ընդէ՞ր առակօք խօսիս ընդ նոսա»: Հարց տվող աշակերտների հետ ուրիշներ էլ կային: Մարկոսն ասում է. «Որ զնովաւն էին աշակերտօքն հանդերձ»: Ուրեմն միայն տասներկու աշակերտները չէին հարցնողները, այլ ուրիշ հետևողներ էլ, որոնք ի սկզբանե Հիսուսի հետ էին, որոնցից ընտրեցին Տասներկուսը (Մարկ. 3:13-15) և որոնց միջից հետո ընտրվեցին նաև Յոթանասունը:
   Հիսուսի պատասխանը կտրուկ է. «Ժողովուրդը, - ասում է, - բավարար չափով վարժված ու սովորած չէ, որ խորհուրդն ու ճշմարտությունը կատարյալ ձևով հասկանա: Վարդապետություն հասկանալու համար պատճառաբանության ընդունակ միտք է պետք. ժողովրդի միտքն ավելի ուժեղ է երևակայությամբ և օրինակն ու առակը ավելի են ներգործում երևակայության վրա»: Այս է Հիսուսի խոսքերի իմաստը. «Քանզի ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս Արքայութեան Երկնից եւ նոցա չէ տուեալ... Նոցա որ արտաքինքն են ամենայն ինչ առակօք լինի» Մատթ. 13:11 Մարկ. 4:11: «Ով որ արդեն ինչ-որ ունեցվածք ունի,- շարունակում է Հիսուսը,- նա ունեցածը շահագործելով, ավելացնում է ստացվածքը. ընդհակառակը՝ ով որ ինչ-որ բան ունի եւ չունեցածի տեղ է դնում և քիչն էլ չի շահագործում, ամբողջովին կորցնում է ստացվածքը»: Հիսուսի այս խոսքը նախընթացների հետ համեմատելով այն իմաստն է ստանում, որ ինքն առաքյալների եւ այլ աշակերտների ունեցած մասնակի հմտությունն էր ուզոում զարգացնել եւ հորդորում էր մտադիր լինել ունեցածները շահագործելու: Խոսքը նորից ժողովրդի ըմբռնման վրա ուղղելով, որ միայն երևակայության ազդեցությունն է զգում, առակով խոսելու նպատակն է բացատրում. «Որովհետև,- ասում է,- ինչ-որ բան տեսնում են, բայց կատարյալ չեն տեսնում, ինչ-որ բան լսում են, բայց կատարյալ չեն լսում. կարծում են հասկացել են, բայց կատարելապես խելահաս չեն լինում»:
   Այդ տեսնելու ու չտեսնելու խոսքերը, որ մարգարեական ոճ ունեն, առիթ են ընձեռում Եսայիի մարգարեությունից հետևյալ հատվածը մեջբերելու. «Եւ կատարի առ մարգարէութիւնն Եսայեայ որ ասէ. լսելով լուիջիք եւ մի՛ իմասջիք, եւ տեսնելով տեսջիք եւ մի՛ տեսջիք, զի թանձրացում սիրտ ժողովրդեանս այսորիկ, եւ ականջօք իւեանց լուալ, եւ զաչս իւրեանց կափուցին, զի մի՛ երբեք տեսցեն աչօք եւ ականջօքն լուիցեն եւ սրտիւքն իմասցին, եւ դարձցին եւ բժշկեցից ղնօսա»: Այսպես Մատթեոսը՝ ընդարձակ կերպով (Մատթ. 13:14,15) եւ թողցի նեցա» Մարկ. 4:12: Ղոկասն է՛լ ավելի է համառոտում. «Զի տեսցեն, եւ մի՛ տեսցեն, եւ լուիցեն եւ մի իմասցին» Ղուկ. 8:10: Իսկ Եսայիի բուն խոսքերը հետեւյալ կերպ են. «լսելով լուիջիք եւ մի՛ իմասջիք եւ տեսանելով տեսջիք եւ մի՛ տեսաջիք, զի թանձրացաւ սիրտ ժողովրդեանդ այդորիկ, եւ ականջօք աչօք եւ իմանայցեն սրտիւք, եւ դարձցեն եւ բժշկեցից զնօսա» (Ես. 6:9-10): Մարգարեի վկայության մեջ ավելի խիստ մի շեշտ կա, քան նրանից Հիսուսի մեջբերումներում. առաջինը լոկ կարեկցող էր, վերջինը՝ մեղադրական է, և այդ մասը անուղղակի կերպով հանդիսանում է դպիրների ու փարիսեցիների համառ ընդդիմությունը, որ խցում են ականջներն ու փակում աչքերը, որպեսզի չտեսնեն, չլսեն, չիմանան ու դարձի չգան, որով և թողություն ու շնորհների չեն արժանանում: Թե Հիսուսի և թե մարգարեի խոսքերի մեջ զի մի՛ բացատրությունը՝ ոմանց շփոթության մեջ է գցում, որպես թե Աստծուն կամ Հիսուսին վերագրվեր ժողովրդի դարձի չգալը. սակայն թյուրիմացությունը շուտ հարթվում է, երբ իմանում ենք, որ մաքսավորներն են, որ չեն ուզում լսել ու տեսնել, և հետևաբար ոչ թե Աստծու կամքով չեն տեսնում ու չեն լսում, որպեսզի դարձի չգան ու ներում չգտնեն, այլ իրենց կամքով չեն տեսնում ու չեն լսում, որով և դարձի էլ չեն գալիս և ներում չեն գտնում: Վայ այդպիսիներին. բայց երանելի են աշակերտները, որ աչքերը բացում են տեսնելու ու ականջները սրում են լսելու համար, որով և արժանի են լինում Երկնքի Արքայության ավետիսը լսելուն, հասնելը՝ տեսնելուն, որին Հին Օրենքի արդարներն ու մարգարեները փափագեցին, բայց չկարողացան տեսնել: Քանի որ աշակերտները ցանկանում էին առակի խորհուրդները իմանալ, Հիսուսը, առակներով խոսելու բացատրությունները տալուց հետո, սկսում է իր աշակերտներին առանձին մեկնությունը հաղորդել:
   Սերմնացանը Հիսուսն է, էր Երկնքի Արքայության ավետիսն է տարածում . սերմերը նույն այդ ավետիսի քարոզներն են. և Մարկոսի նոքա են-ը պետք է ոչ թե անձերի, այլ՝ սերմերի համար հասկանալ: Չորս տարբեր տեղերն էլ չորս տեսակ ունկնդիրներն են, որոնցից միայն մեկն է լավ, իսկ երեքը՝ վատ, բայց պետք չէ լսողների երեք քառորդը վատը համարել, որովհետև արտի մեծագույն մասը հերկված ու պարարտացված էր և միայն կողքի և որոշ կտորներ են՝ ճամփան, ապառաժը ու փշոտ խոպանը:
   Ճանապարհին ընկած սերմերը նման են նրան, որ քարոզը լսում է, բայց ուշադրություն չի դարձնում, ոչ առնու ի միտ. սերմը նրա սիրտը չի մտնում, դրսում է մնում. սատանան կամ չարը վրա է հասնում, թռչյունի պես իջնում թռցնում է, լսողի սրտից սերմն էլ հափշտակում տանում է:
   Ապառաժի վրա ընկած սերմերը նման են նրանց, ովքեր սերմը ընդունում են ուրախությամբ, յուրացնում, ծլեցնում, բայց ամուր ու տոկուն չեն. ամեն փոքր հալածանքի, նեղության կամ փորձության առջև թուլանում են, լսած վարդապետությունները չեն պահպանում, սրտերի մեջ բավարար հող չկա, որ վարդապետություններն արմատ տան, սնունդի հյութ էլ չեն գտնում, թառամում ու ցամաքում են:
Փշոտ խոպանի մեջ ընկած սերմերը նման են նրանց, որ թեպետ քարոզն ընդունում են, բայց սրտերը մաքուր ու սուրբ չէ, աշխարհային հոգսերը, երկրային ցանկությունները, աշխարհի խաբեությունները, տեսակ-տեսակ կրքերը նրանց մեջ արմատացած են և լսողն էլ հոգ չի տարել դրանցից ազատվելու. լավ սերմի բույսը փշերի մեջ խեղդվում է և ճշմարիտ քարոզը պտուղ չի տալիս:
   Լավ հոգու մեջ ընկած սերմերը նմանվում են նրանց, ովքեր սիրով լսում են, խնդությամբ ընդունում, զվարթորեն հետևում, համբերությամբ փորձություններին դեմ կանգնում, աշխարհիկ ցանկություններից էլ հրաժարվում են, ամբողջ ուշադրությունը դարձնում են սերմերն արդյունավորելու վրա, և սերմերն էլ լավ բողբոջում են, աճում, ուռճանում, հասունանում և թեպետ իրարից տարբեր, բայց միշտ լավ արդյունավորությամբ են
պտղաբերում:
   Մատթևոսին հետևելով առակի մեկնությունից առաջ հիշեցինք այն խոսքերը, որ Հիսուսը աշակերտներին էր ուղղել, ժողովրդի հետ առակով խոսելու նպատակն ու պատճառը բացատրելով: Մարկոսը (4:21-25) և Ղուկասը (8:16-18) առաջին մեկնությունը տալուց հետո, միանման խոսքեր են ավելացնում, որոնք իրենց մեջ ամբողջություն չեն կազմում, այլ այն սկզբունքների ու խրատների կրկնությունն են, որոնք Հիսուսը հաճախ էր արտաբերում և որոնք թե ինքնըստինքյան բացահայտ էին, և թե ուրիշ առիթներով բացատրվեցին կամ պիտի բացատրվեն:
Ճրագը չեն դնում գրվանի տակ (Մատթ. 5:3-16). Մատթ. 5:15 ամեն բան հայտնվում է, գաղտնի բան չի մնում. ինչ չափով որ չափում եք՝ դրանով եք չափվելու (Մատթ. 5:3-16) Մատթ. 5:2. ունեցածը հարգողի ստացվածքն ավելանում է Մատթ. 13:12: Այս խոսքերը, որոնք Ավետարանի մեջ հաճախ հիշվում են, որպես հիմնական սկզբունքներ ամեն մի պատեհ առիթով կրկնվում են: