Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»։
Այսպիսով, Քրիստոս ինչի՞ց է սկսում և ի՞նչ հիմքեր է դնում մեր նոր կյանքի համար։ Ուշադրությամբ լսենք Նրա խոսքերը։ Այս խոսքերն ուղղվել է աշակերտներին, բայց գրի է առնվել բոլոր նրանց համար, ովքեր ապրում են նրանցից (աշակերտներից) հետո։ Այդ պատճառով էլ Քրիստոս, թեև Իր այս ուսուցումով դիմում է Իր աշակերտներին, սակայն այդ ուսուցման խոսքերը չի հասցեագրում միայն նրանց, այլ բոլոր երանությունների մասին խոսում է անորոշ կերպով:
Այսպես, Հիսուս չասաց՝ երանելի եք դուք, եթե աղքատ լինեք, այլ՝ «երանելի են աղքատները» (բնագրում` «Երանի՜ հոգով աղքատներին»)։ Նույնիսկ եթե Քրիստոս խոսեր միայն Իր աշակերտների հետ, այդուամենայնիվ Նրա ուսուցումը դարձյալ կվերաբերեր բոլորին։ Իսկապես որ, օրինակ, երբ Հիսուս ասում է. «Ահավասիկ, Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20), Նա խոսում է ոչ միայն Իր աշակերտների հետ, այլև նրանց միջոցով՝ ամբողջ տիեզերքի մարդկության հետ։ Ճիշտ նույն կերպ նաև, երբ Քրիստոս երանի է տալիս նրանց (աշակերտներին)՝ հալածանքներ, հետապնդումներ և դաժանագին տառապանքներ կրելու համար, այդպիսով Նա պսակ է հյուսում ոչ միայն Իրեն ունկնդիր աշակերտների համար, այլ նաև` բոլոր նրանց, ովքեր ապրում են այդ «պայմաններով»։ Բայց որպեսզի սա քեզ համար ավելի պարզ լինի և դու վստահաբար իմանաս, որ Փրկչի խոսքերը մեծապես կապ ունեն նաև հենց քո և մարդկային ամբողջ սերնդի հետ, ուստի ուշադի´ր եղիր և լսի´ր, թե Հիսուս ինչպես է սկսում Իր այս սքանչելի խոսքը. «Երանելի են հոգով աղքատները, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը» (բնագրում` «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»)։
Ի՞նչ է նշանակում «հոգով աղքատներ» խոսքը։ Նրանք խոնարհ և սրտով խոցված մարդիկ ենք։ «Հոգի» ասելով՝ Հիսուս նկատի ունի մարդու հոգին և այդ հոգու տրամադրվածությունը։ Եվ որովհետև գաղտնիք չէ, որ կան շատ խոնարհներ, որոնք խոնարհ են ոչ թե իրենց սեփական ընտրությունից ելնելով, այլ հանգամանքների բերումով, ուստի Քրիստոս, լռելով այս վերջին դասին պատկանող «խոնարհների» մասին (քանի որ այսօրինակ «խոնարհության» մեջ բնավ էլ մեծ փառք չկա), առաջին հերթին երանության է արժանացնում նրանց, ովքեր իրենց սեփական կամքով են խոնարհվում և իրենց հնազանդեցնում։
Այդ դեպքում ինչո՞ւ, ուրեմն, Հիսուս նրանց չանվանեց պարզապես՝ «խոնարհներ», այլ կոչեց՝ «աղքատներ»։ Որովհետև այս վերջինը («աղքատ» եզրույթը) նախորդից ավելի արտահայտիչ է։ Քրիստոս այստեղ «աղքատներ» է կոչում նրանց, ովքեր վախենում ու դողում են Աստծու պատվիրանների ահից և որոնց Աստված Իրեն հաճելի է անվանում նաև Եսայի մարգարեի միջոցով՝ ասելով. «Ո՞ւմ վրա Ես կնայեմ, եթե ոչ խոնարհի և կոտրված (խոցված) հոգի ունեցողի վրա, և նրա´ վրա, ով դողում է Իմ խոսքից» (հմմտ. Ես. 66:2)։
Խոնարհության բազմաթիվ աստիճաններ կան. ոմանք չափավոր խոնարհ են, իսկ ոմանք՝ չափազանց խոնարհ։ Վերջին տեսակի խոնարհությունն է գովաբանում նաև երանելի մարգարեն, երբ, մեզ նկարագրելով ոչ թե պարզապես «խոնարհ», այլ «խորապես խոցված (խորտակված) սիրտ ունեցող» անձերի` ասում է. «Խոցված հոգին է Աստծու պատարագը (զոհը). խոցված և խոնարհ սիրտը, Աստվա´ծ, Դու չես արհամարհում» (հմմտ. Սաղմ. 50:19)։
Երեք պատանիները նույնպես, մեծ զոհաբերության փոխարեն, Աստծուն մատուցում են այդ խոնարհությունը՝ ասելով. «Այլ կոտրված սրտով և խոնարհ հոգով թող ընդունելի լինենք» (հմմտ. Դան. 3:39)։ Ահա այսպիսի խոնարհությանն է այստեղ երանի տալիս Քրիստոս։
Բոլոր մեծագույն աղետները, որոնք պատուհասում են ողջ տիեզերքին, ծագել են հպարտությունից։ Այդ կերպ սատանան, որը նախկինում այդպիսին չէր (այլ մի հրեշտակ էր), սատանա դարձավ իր հպարտության պատճառով, ինչն ակնարկելով՝ Պողոս առաքյալն ասում է. «Որպեսզի չգոռոզանա և սատանային վիճակված դատապարտության մեջ չընկնի» (հմտ. Ա Տիմ. 3:6)։
Այդպես նաև առաջին մարդն էլ, սատանայի կողմից խաբվելով չարաղետ հույսի խոստմամբ, անկում ապրեց և մահկանացու դարձավ. նա (առաջին մարդը) հույս ուներ դառնալ աստված, բայց կորցրեց նաև այն, ինչ ուներ։ Դրա համար էլ Աստված, հանդիմանելով նրան և կարծես ծիծաղելով նրա անմտության վրա, ասաց. «Ահա, Ադամը կարծես մեզ նման դարձավ» (հմմտ. Ծննդ. 3:22)։
Նմանապես նաև Ադամից հետո յուրաքանչյուր ոք էլ, երազելով Աստծո հետ իր հավասարության մասին, անօրենության ու սրբապղծության մեջ է ընկնում։ Հետևաբար, քանի որ հպարտությունը չարիքի գագաթն է, ամեն տեսակի անօրենության ու սրբապղծության արմատն ու աղբյուրն է, ուստի Փրկիչը պատրաստում է հիվանդությանը համապատասխանող մի բժշկություն՝ այս առաջին օրենքը սահմանելով որպես մի ամրակուռ և անվտանգ հիմք։ Այս հիմքի վրա կարելի է ապահովաբար կառուցել նաև մնացյալ ողջ կառույցը։ Եվ, ընդհակառակը, եթե այս հիմքը բացակայի, ապա այդժամ նույնիսկ մեկը կենդանության օրոք թեկուզ երկինք էլ բարձրանա, այդ ամենը (առանց հիմքի այդ կառույցը) դյուրությամբ կփլուզվի և չարաչար վախճան կունենա։
Ահա թե ինչու նույնիսկ եթե դու աչքի էլ ընկնես ծոմապահությամբ, աղոթքով, ողորմածությամբ, ողջամտությամբ կամ որևէ այլ առաքինությամբ, խոնարհության բացակայության դեպքում այդ ամենն ի չիք կդառնա և կկորչի։ Այդպես պատահեց փարիսեցու հետ։ Բարձրանալով առաքինության ամենավերին աստիճանին` նա ցած ընկավ այնտեղից և ամեն ինչ կորցրեց միայն ա´յն պատճառով, որովհետև չուներ խոնարհություն, որ առաքինությունների մայրն է։ Ինչպես որ հպարտությունը բոլոր անօրենությունների ու սրբապղծությունների աղբյուրն է, այնպես էլ խոնարհությունը ամեն տեսակի բարեպաշտության սկիզբն է։ Այդ պատճառով էլ նաև Քրիստոս Ինքը սկսում է խոնարհությունից՝ ցանկանալով Իր ունկնդիրների հոգուց արմատախիլ անել հպարտությունը։
Սակայն այս ամենն ի՞նչ առնչություն կարող էր ունենալ աշակերտների հետ, որոնք մշտապես էլ խոնարհ էին։ Նրանք, որպես ձկնորսներ, աղքատ, ոչ հայտնի ու անգրագետ լինելով` հպարտանալու ոչ մի առիթ չունեին։ Բայց եթե սա բնավ չէր վերաբերում Հիսուսի աշակերտներին, ապա լիովին վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր այդ ուսուցման ժամանակ ներկա էին այնտեղ և հետագայում էլ պետք է իրենց հարկի տակ ընդունեին այդ նույն աշակերտներին, որպեսզի վերջիններս չարհամարվեին իրենց աղքատության պատճառով։
Այնուամենայնիվ, Քրիստոսի խոսքերը վերաբերում էին նաև աշակերտներին։ Եվ եթե այդ ժամանակ նրանք այս օգտակար խրատի կարիքը չունեին, ապա կարող էին դրա կարիքը զգալ հետագայում՝ նշաններ և հրաշքներ գործելուց հետո, երբ հանրաճանաչ պիտի դառնային ողջ աշխարհում և Աստծո հետ այդպիսի «համարձակ» մտերմություն պիտի ձեռք բերեին։
Իսկապես որ, ո´չ հարստությունը, ո´չ իշխանությունը, ո´չ էլ նույնիսկ արքայական մեծապատվությունն այնքան հպարտություն չէին կարող ներշնչել, որքան այն ամենը, ինչ ունեին առաքյալները։ Սակայն նույնիսկ մինչև իրենց ձեռքով հրաշքներ գործելն էլ նրանք կարող էին հպարտանալ ու անձնատուր լինել մարդկային տկարությանը, երբ ականատես էին լինում, թե ինչպես է բազմամարդ ժողովուրդը շրջապատում իրենց Ուսուցչին։ Այդ պատճառով էլ Քրիստոս նախապես իսկ խոնարհեցնում է առաքյալների մտածումները։ Քրիստոս Իր քարոզած ուսմունքը ներկայացնում է ոչ թե խրատների կամ հրամանների ձևով, այլ երանությունների տեսքով ՝ այդպիսով Իր ուսուցումն առավել գրավիչ դարձնելով և բոլորի համար բացելով Իր քարոզության ակունքները։ Ահա թե ինչու Քրիստոս չասաց՝ «երանելի է այսինչը կամ այնինչը», այլ՝ «երանելի են բոլոր նրանք, ովքեր այս կերպ են վարվում»: Այնպես որ, եթե նույնիսկ դու ծառա էլ լինես, լինես աղքատ, մուրացկան, անտուն կամ անգրագետ, դա բոլորովին արգելք չէ, որ դու «երանելի» կոչվես, եթե միայն` ունենաս այս առաքինությունը (խոսքը խոնարհության մասին է)։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
Երանի՜ հոգով աղքատներին, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:
Նախ պետք է պարզենք, թե ի՛նչ է նշանակում երանությունը, ինչից կարող ենք նաև մյուս բաներն էլ հասկանալ: Երանությունը բոլոր բարիքների հանրագումարն է, ինչպես թշվառությունը՝ բոլոր չարիքների, և սրանք [երկուսը] միմյանց [հատուկ] կրքերից ոչ մի մաս չունեն. ոչ երանությունը տրտմական [կրքերից մաս ունի], ոչ էլ թշվառությունը՝ ուրախաբեր [կրքերից]: Հետևաբար, պիտի իմանանք, որ բոլոր էակների մեջ առաջին և իսկապես երանություններ ընդունողն Աստվածությունն է՝ ըստ առաքյալի [խոսքի]. «Երանելին և միակ Հզորը» (Ա Տիմ. 6:15): Երկրորդ՝ Նրանից հետո և Նրանից ընդունելով՝ երանությունը անմարմինների 1 և հատկապես Նրա պատկերով ստեղծված մարմնավորներիս 2 բանական բնությունն է, այնքանով, որքանով պահեցինք Սկզբնատիպի 3 գեղեցկությունը: Իսկ երբ մեղքերով այն նսեմացրինք, կորցրինք նաև երանությունը: Ուստի նույն այդ Սկզբնատիպը եկավ փնտրելու մեզ՝ Իր կորսված պատկերը, և գտնելով ախտերի աղբի մեջ՝ լվաց խոսքի՝ դեպի հավիտենական կյանք հոսող ջրով, որպեսզի այդ [պատկերը] վերստին հաղորդակից դառնար [Սկզբնատիպի] երանությանը: Եվ ինչպես որ հմուտ նկարիչը մի անհմուտ մեկի, ում պատրաստվում է ուսուցանել, ասում է, թե այն պատկերն է գեղեցիկ, որն այսինչ չափերով և այսինչ ձևով է նկարված, այդպես էլ Քրիստոսը, Ով մեր հոգին կամենում էր փոխել ու աստվածանման դարձնել, այս երանություններով՝ որպես զանազան գույներով ու երանգներով, ցույց է տալիս, թե [ինչպես] նկարենք Իր գեղեցիկ պատկերը մեր մեջ: Եվ նախևառաջ ասում է. «Երանի՜ հոգով աղքատներին»:
Հարկ է քննել, թե ով է հոգով աղքատը: Երկու աղքատության մասին ենք սովորել [Սուրբ] Գրքից, որոնք հակառակ են երկու հարստությունների: [Այդ երկուսից] մեկը փափագելի է, մյուսը՝ արհամարհելի: Փափագելի է մեղքերից աղքատանալն ու առաքինություններով հարստանալը, և արհամարհելի՝ արդարությունից ու իմաստությունից աղքատանալը և չարիքներով ու հիմարությամբ հարստանալը, որից Տերը հրաժարվել [է հրամայում]: Ուստի ով չարիքներից աղքատանում և առատ բարիքներ է գանձում հոգում, այդպիսին է արժանանում երանելի աղքատության խոսքին, և դրա պտուղն արքայությունն է:
Նաև քանի որ ասացինք, որ [բոլոր] էակների մեջ երանության առաջին արժանավորն Աստված է, իսկ մարդկանց մեջ՝ Աստծուն առաքինությամբ նմանվողը, ապա եթե անհնար է ամեն ինչով նմանվել Աստծուն, ինչպե՞ս հաղորդակից կդառնանք նաև Նրա երանությանը: Ըստ [աստվածային] վեհագույն բնության՝ [սա հնարավոր չէ] երբեք, [բայց քանի որ Նա մեզ համար խոնարհվեց, ոստի] կամեցողների համար [աստվածանմանությունը] հնարավոր է: Ուստի, ինձ թվում է, հոգու աղքատություն է կոչվում կամավո՛ր խոնարհությունը, որի օրինակ է Քրիստոսի խոնարհությունը, որը ցույց է տալիս մեզ առաքյալը՝ [ասելով]. «Մեզ համար աղքատացավ Նա, Ով հարուստ էր» (Բ Կոր. 8:9): Քանի որ մեր բնությամբ անկարելի էր հպվել Նրա բարձրությանը, իջավ դեպի մեր աղքատությունը, որպեսզի մենք, [մեզ համար] բնական Նրա աղքատությամբ նմանվելով Նրան, կարողանանք հասնել Նրա մեծությանը: Սակայն շատ մարդիկ կան, որ խոնարհությունն ակամա՛ ունեն՝ հզորների բռնությունից կամ այս կյանքի հանգամանքներից. նրանց չէ՛, որ երանի է տալիս, այլ կամավորապե՛ս [խոնարհներին] միայն, որոնց մասին [Տերը] Եսայու միջոցով ասում էր. «Ես ո՞ւմ մեջ կբնակվեմ, եթե ոչ՝ հեզերի [և խոնարհների և նրա մեջ, ով դողում է Իմ խոսքերից]» (Ես. 66:2): Իսկ Դավիթն [ասում էր]. «Աստծուն [մատուցված] զոհը խոնարհ հոգին է» (Սաղմ. 50:19):
Սակայն թող ոչ ոք չհամարի, թե խոնարհության առաքինությունը դյուրավ և անաշխատ է [ձեռք բերվում], ընդհակառակը՝ բոլոր առաքինություններից առավե՛լ դժվարությամբ: Որովհետև չարը մեզ հետ հպարտությամբ առավել է պատերազմում, քան մյուս ախտերով. ոմանց հետ՝ մարմնավոր հաջողությունների միջոցով, իսկ ոմանց հետ՝ հոգևոր, ինչպես որ առաջին մարդու հետ [պատերազմեց] աստվածանալու հույսով և նրանից հետո՝ շատերի հետ՝ զանազան օրինակներով: Ինչով ինքը կործանվեց, նույն զենքով և մեզ հետ է մարտնչում և ջանում կորստյան մատնել: Սրանից զգուշանալ է խրատում առաքյալը՝ [ասելով]. «Թող չլինի նորադարձ, որպեսզի հպարտանալով՝ սատանայի դատապարտության տակ չընկնի» (Ա Տիմ. 3:6): Նաև՝ «Աստված հակառակ է ամբարտավաններին» (Առակ. 3:34, Հակ. 4:6):
Ուրեմն՝ քանի որ այս չարիքը մեր մեջ սկզբնածին եղավ, այստեղից է Տերը երանության սկիզբը դնում՝ կամենալով մեր միջից արմատախիլ անել ամբարտավանության բույսն ու արմատացնել խոնարհությունը: Իսկ ուր խոնարհություն չկա, թեկուզ [մեկն] առաքինությամբ երկինք ելնի, դա կնմանվի հիմարի՝ ավազի վրա կառուցած տանը: Որովհետև ինչպես որ մեր մեջ բոլոր չարիքների սկիզբը հպարտությունը եղավ և միշտ է՛, այդպես էլ բոլոր բարիքների հիմքն այստեղ Տերը խոնարհությունն է դնում՝ սովորեցնելով, որ հպարտությունը ոչ այլ ինչ է, քան հոգու հիմարություն. ինչպե՞ս կարելի է հպարտանալ՝ հողից սկիզբ առնելով, հողով սնվելով և հողի վերածվելով:
Դարձյալ՝ [մարդու] գոյացության սկիզբը որովայնում որդի է նման, և [վերջն] էլ գերեզմանում ապականությամբ վերածվում է որդի: Ուստի եթե մեկն իրեն չի ճանաչում՝ նայելով իր երիտասարդությանը կամ գեղեցկությանը և այլ մարմնական բաների, թող նայի գերեզմաններին, տեսնի լոկ դատարկ ոսկրերը և իրեն էլ նրանց հետ պատկերացնելով՝ թող խոնարհվի հպարտությունից:
Ուրեմն՝ ով հպարտությունը կամ այս կյանքի որևէ այլ կապանքը թողնի, մեզ համար աղքատացած Քրիստոսի համար և հագնի Նրա խոնարհության կերպարանքը, այսպիսին արդարև՛ արժանի կլինի [երանության]:
Սրան մասնակից է նաև մյուս աղքատությունը, որի մասին Տերն ասաց հարուստին. «Վաճառի՛ր ունեցվածքդ, տո՛ւր աղքատներին և ե՛կ Իմ հետևից» (Մատթ. 19:21): Եթե կամենում ես իսկապես իմանալ, այս խոսքի գլխավոր [իմաստն] այն է, որ ով մարմնի հաճույքն ու դյուրաշահությունը 4 փոխանակում է հոգու հարստության հետ, ով երկրավոր հարստությունն իբրև ծանր բեռ թոթափելով՝ հոգով թեթևանում է, կարող է օդով՝ ամպերի վրա, թռչել Քրիստոսին ընդառաջ (Ա Թես. 4:17):
Հետևաբար, բաշխելով ու տալով աղքատներին ու կարոտյալներին՝ աղքատանանք և մենք, որպեսզի վերին [ոլորտները] ելնենք:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
3-16. Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:
Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան
Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի: Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են: Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»:
Հիսուսի կազմած աշակերտությունը և գլխավոր գործունեության կոչված առաքյալները, իրենց արտաքին ձիրքերով աչքի չէին ընկնում ո՛չ ուսման ու զարգացման, ո՛չ իշխանության ու ազդեցության և ո՛չ Էլ հարստության ու ճարտարության առումներով: Այս փաստը կարող է գործի թե՛ ներկայի ու ապագայի վրա վհատություն ներշնչել և թե՛ խոստացված Երկնքի Արքայության, այսինքն՝ Հիսուսով սկսած նոր հաստատությունը կամ Ավետարանի հաջողությունը կասկածի տակ դնել: Հիսուս ուզում է Իր աշակերտներին վստահեցնել, թե ինքը բարոյական և առաքինի առավելություններ է փնտրում: Ներքին ձիրքերն են, որ զորացնում և հաջողեցնում են գործը և ոչ թե արտաքին և աշխարհային առավելությունները: Այդ մեծ ճշմարտությունը բացատրում է Երանի՜ տալով նրանց, ովքեր ներքին առավելություններ ունեն և վա՜յ տալով նրանց, ովքեր լոկ արտաքին առավելություններ ունեն:
Ներքին առավելություններ ունեցողներն ու երանիի արժանացողներն են հոգով աղքատները, սգավորները, հեզ եղողները, արդարություն սիրողները, ողորմածները, մաքուր սիրտ ունեցողները, խաղաղարարները և արդարության համար հալածվածները:
Հոգով աղքատության նշանակությունը ոմանք անիրավացիորեն ուզեցին որպես հոգեկան դիրքերից զուրկ լինել հասկանալ: Սակայն նյութական աղքատությունը սիրահոժար տանելու իմաստն էլ չի բավարարվոմ Հիսուսի նպատակն իրականացնելու համար, այլ պետք է հասկանալ որպես իր տկարությունները ճանաչելու ներքին գիտակցություն և Իր վրա վստահելու փոխարեն, անհրաժեշտ առավելությունները Աստծուց սպասելու համոզմունք:
Սգավոր են արտաքին ուրախությունների հետևից չգնացողները, հեզ են ամբարտավանությունից հեռու՝ շինիչ և հաշտարար ընթացք ունեցողները, ողորմածներն են ուրիշին օգնելու և կարոտյալի կարիքները բավարարելուն լծվածները: Արդարություն սիրողները Ավետարանի բառերով արդարության քաղցն ու ծարավը զգացողներն են, միմիայն արդարությունը որպես նպատակ ունեցողները: Խաղաղարարները գժտություններից ու հակառակություններից փախչողներն ու դրանք արգելողներն են, վերջապես արդարության համար հալածվողները նրանք են, ովքեր ոչ միայն իրենք են բարիք գործում և ճշմարտության հետևում, այլ նաև հակառակության թիրախ են դառնում: Սրանք բոլորն էլ բարոյական, առաքինական և ներքին առավելություններն են և տկարության կերպարանքի դիմաց՝ տիրական ուժ և զորություն են, այդպիսի զորությամբ է, որ Ավետարանի գործը հաջողության կհասնի:
Յուրաքանչյուր երանիի, այսինքն՝ ներքին առավելության հանդեպ որպես հետևանք նշված արդյուքներն էլ զանազան բացատրություններով միևնույն Հիսուսի գործի, այսինքն՝ Ավետարանի հաջողությունն են ցույց տալիս, միայն պահպանված է դիմաբաժանված բացատրությունների համեմատությունը, իսկ խոսքի ձևերը՝ պեսպեսված: Ութ երանիների խոստացված կամ նախատեսված ու երաշխավորված արդյունքներն են․ Երկնքի արքայությունն ստանալ, մխիթարվել, երկրի մեջ զորանալ, սրտով հագենալ, ողորմություն և օգնություն գտնել Աստուծո տեսությանն արժանանալ, Աստծո Որդի համարվել և, վերջապես, առաջին արդյունքը նորից կրկնված՝ Երկնքի Արքայություն ստանալ: Ղուկասը, որ ավելի ամփոփ ձևով է ներկայացնում Հիսուսի խոսքերը, երեք տեսակ երանիների արժանացողների է միայն հիշում, ովքեր հոգով աղքատներ, քաղցածներ կամ արդարություն սիրողներ և լացող կամ սգավորներ են:
Իններորդ երանի էլ կա, որ նման է ութերորդի. միայն բացատրությամբ է տարբերվում, քանզի արդարության համար հալածվողներ ասելու փոխարեն ասում է իմ պատճառով հալածվողներ, բայց ըստ իմաստի արդարությունը Հիսուսն է, իսկ Հիսուս՝ Ավետարանը: Մյուս տարբերությունն էլ խոսքի դեմքն է. առաջին ութ երանիները երրորդ դեմքով են ասված, նրանց համար, ովքեր այսպես, թե այնպես են, իսկ իններորդը ուղղակի երկրորդ դեմքով՝ ի դեմս աշակերտների է ասում. Երանի՜ է ձեզ և նույն այս ձևով մեջ են բերում թե՛ Մատթեոսև թե՛ Ղուկասը: Աշակերտները պիտի հալածվեն Ավետարանի համար, պիտի նախատվեն, սուտ խոսքերով ու անիրավացի զրպարտություններով պիտի բամբասեն, ատելության առարկա պիտի լինեն, մարդկանց շրջապատից դուրս պիտի մնան և վատ անուն ունեցողներ պիտի համարվեն: «Երբ նույնիսկ այսպիսի անկյալ վիճակում պիտի գտնվեք,- աում է Հիսուս,- մի՛ ցավեք, մի՛ վհատվեք, այլ մանավանդ ուրախ եղեք, որովհետև Աստուծո օրհնություն և հաջողություն պիտի ստանաք և սա պիտի լինի ձեր կրած նեղությունների երկնային վարձը: Մի՞թե Իսրայելի մարգարեներին նույնը չպատահեց: Նրանք աստվածային ճշմարտություններ խոսեցին և այդ պատճառով հալածվեցին, դարձյալ ճշմարտությունն ու հաջողությունը նրանցը եղավ: ՈՒրեմն նրանց օրինակը թող ձեզ քաջալերություն ներշնչի»:
Ղուկասը երանիներին համապատասխան վայեր է ավելացնում՝ ավելի հստակ ցույց տալու համար, թե արտաքին առավելություններն ու զորությունները անցավոր ու անբավարար են, շատ շուտ ավարտվում և փչանում են և նպատակին չեն հասցնում: Ղուկասը ինչպես երանիներից է չորս գլուխ հիշում, այնպես էլ չորս գլուխ հիշում է վայերից՝ նրանց, ովքեր հարուստ են, այսինքն՝ իրենց արտաքին հարստության և ազդեցության վրա են հույս դնում, նրանց, ովքեր հագեցած են, այսինքն՝ անիրավությամբ են հաջողության հասել, նրանց, ովքեր ծիծաղում են, այսինքն՝ցավերից ու վշտերից զերծ են մնում, և վերջապես այն քրիստոնյաներին, ովքեր չեն հալածվում, այլ գովվում են աշխարհից: Այսպիսինների վերջը պիտի ձախողվի: Հարուստները ժամանակի ունեցած փափկակենցաղություններից ոչինչ պիտի չունենան, հագեցածները պիտի քաղցեն առանց նորից հագենալու, ծիծաղողները վերջում լաց ու ողբ, ցավ ու սուգ պիտի տեսնեն, իսկ աշխարհից գովված քրիստոնյաները սուտ մարգարեների նման առօրյա պատժից հետո բոլորից պիտի լքվեն:
Երանիներն ու վայերը աշակերտների առջև շատ հստակ կերպով գծում էին իրենց կոչման, այսինքն՝ Ավետարանի քարոզության մեջ հաջողվելու պայմանները: Բայց Հիսուս շարունակում է նույն թեման և մի քանի առակավոր օրինակներով ընդգծում է Ավետարանի քարոզիչների վիճակը, դիրքը, և գործնական կերպով իրենց քարոզությունը հաստատելու պարտքը, որպեսզի չափազանց զգույշ լինեն իրենց անձերի նկատմամբ և զերծ մնան ձախողվելու վտանգից:
Առաջին օրինակը աղն է: Աղը բոլոր կերակուրների համ տվողն է, ոչ մի ծախս և ջանք համեմունքին չի կարող համ տալ, եթե նաև աղ չդրվի: Բայց աղը, որ այդպիսի արժեքավոր բան է, երբ իր համը, այսինքն՝ իր էությունը կորցնում է ամբողջությամբ անպետք է դառնում: Ոչ միայն կերակուրը համեմելու ուժն է կորցնում, այլև ուրիշ ապականված նյութերի նման նույնիսկ աղբի տեղ չի կարող ծառայել, որպեսզի գոնե հողը պարարտացնի և բույսերը աճեցնի և փողոց թափվելուց և ոտքի տակ տրորվելուց զատ, այլ պարագայի համար չի գործածվում: Ահա իրենց կոչումից շեղվող եկեղեցական պաշտոնյաների համար ամենազարհուրելի վճիռը:
Երկրորդ օրինակը լեռան գագաթին կառուցված քաղաքն ե, որ աշխարհը լուսավորող արևի ճառագայթների ներքո ամեն կողմից երևում է և ոչ թե լեռան կողքերին կամ ձորերում կառուցված քաղաքների նման ծածկվում է տեսությունից: Ավետարանի պաշտոնյան ամենքի հայացքի առջև է, ամեն մարդ դիտում է իրեն: Նա չպետք է թաքնվի ու ծածկվի, այլ պետք է այնպես անբասիր ապրի և համարձակ գործի, որ երբեք բամբասանքի առիթ չտա:
Երրորդ օրինակը ճրագն է: Երբ որևէ ճրագ կամ մոմ ես վառում, վառելուց հետո այն ամանի կամ այի և ծածկոցի տակ չես դնում, այլ դնում ես մեջտեղում՝ աշտանակի վրա, որպեսզի տան մեջ գտնվողները լույսը տեսնեն, և օգտվեն: Այսպես Ավետարանի պաշտոնյաներն էլ պետք է որ չծածկվեն, այլ այնպես ապրեն, որ մեջտեղում դրվեն և ամենքի հոգին ու սիրտը լուսավորեն: Ղուկասը միայն այս երրորդ օրինակն ե հիշում, թեպետ ուրիշ տեղ գրված: Որքան էլ ջանք արեցինք Ղուկասի պատմության հերթականությունը պահել, սակայն Ղուկասի 11 գլխի մի մասն այս եղաննակով նախընտրել ենք զանազան հոդվածների մեջ բաժանել:
Այս առաջին մասը Հիսուս ավարտում է Իր աշակերտներին ուղղված մի եռանդուն հորդորով. «Ջանացե՛ք, աշխատեցե՛ք,- ասում է,- այնպես ապրեցեք ու գործեցեք, որպեսզի ամենքի աչքի լույսի պես փայլեք և լույսի պես օգտաակար լինեք ամենքին: Ձեր գործերը լուսավոր և ընտիր լինեն, մարդիկ ձեր գործերից ձեր քարոզության ճշմարտության համոզումը ունենան, Ավետարանն ընդունեն, Ավետարանը գործադրեն և օրհնեն ու փառավորեն ձեր Երկնավոր Հորը, որ իրենց փրկության համար Հաստատեց Ավետարանը և տնօրինեց մարդկության փրկագործությունը»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: