Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:21

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»:

 

   Հիսուսն ասաց նրան. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը, տուր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս, և ե՛կ Իմ հետևից»:

   [Տերը] ցույց է տալիս, որ եթե [պատանին] Օրենքը կատարել էր, տակավին անկատարության մեջ էր մնում, որովհետև Օրենքը մարմնի՛ սրբությունն էր [ապահովում] և ոչ թե մտքի և չէր դաստիարակում Հիսուս Քրիստոսով: Իսկ եթե անկատար էր [անգամ] Օրենքի մեջ, էլ ի՞նչ կատարելություն մնաց նրա մեջ: Այդ պատճառով էլ [Տերն] ասաց. «Եթե կամենում ես կատարյալ լինել»: Սրանով չի հարկադրում ու բռնադատում, այլ նրա անձնիշխան կամքին է հանձնում և նախքան նրա ջանք ու ճիգ թափելը նրա առաջ պարգևն է դնում, այսինքն` կատարելությունը: Ինչո՞ւ: Որպեսզի ապահով զգա և հոժարությա՛մբ ասպարեզ մտնի: «Գնա՛, ասում է [Հիսուսը], վաճառի՛ր քո ունեցվածքն ու տուր աղքատներին». սա՛ է կատարելությունը. Օրենքի [պահպանությունը] մարմնական է, ասում է, և երկրային, քանի որ այդ պահպանությամբ հարստացար, իսկ [ունեցվածքը] վաճառելն ու աղքատներին տալը երկնային է և հոգևոր, որովհետև այստեղ սերմանելը երկնքում է տալիս հնձել: Եվ քանի որ հրամայում էր հրաժարվել նրանից, ինչն այդ մարդը սիրում էր, ուստի որպեսզի [վերջինս] չկարծեր, թե ունեցվածքը փուչ տեղն է վատնելու, [Տերն] ասում է. «Եվ երկնքում գանձեր կունենաս»: Քանի դեռ [ունեցվածքը] երկրում է, այնտեղ է նաև [մարդու] սիրտը, իսկ երբ աղքատներին ծախես, [ասում է Տերը], սիրտդ երկնքում կլինի` վերինը խոկալով, ուր մեր առաքինությունն է: Ուստի պարզ է, որ իրերը չեն կորչում, այլ պտղաբերելով աճում են, և «գանձ» ասելը ցույց է տալիս առատ ու անկապուտ հատուցումը:

   «Եվ ե՛կ Իմ հետևից».

   որովհետև նախորդ [պայմանը] բավական չէ կատարելության համար. նաև Նրա հետևից ընթանալ [է հարկավոր], այսինքն` Նրա հրամայածները կատարել և Նրան խաչակից լինել` ըստ առաքյալի. «Նայե՛ք հավատի Զորագլխին, որ խաչը հանձն առավ, ամոթն արհամարհեց» (հմմտ. Եբր. 12։2), և մանուկների (որոնց Օրենքը ջամբում էր մարմնական հղփություն) մեղր ու կաթի փոխարեն [հանձն առնել] կատարյալների խաչն ու բևեռները, որոնցով է պարգևվում երկնային բարիքը: Այստեղ [Քրիստոսի] չարչարանքներին հաղորդակից լինել, այնտեղ` փառքին, որովհետև ունեցվածքը թոթափելուց ավելի սա՛ է [կատարելությունը]` Նրա համար սեփական արյունը հեղել:

   Բայց հարկ կա քննելու, թե [Տերն] ինչո՛ւ չասաց. «Բաշխի՛ր քո ունեցվածքն աղքատներին», այլ թե` «Վաճառի՛ր քո ունեցվածքն ու տուր աղքատներին»: Նախ` այս տերունական հրամանը կամենում է, որ [տալը] կամովին և ոչ թե հարկադիր լինի, ինչպես ավելի առաջ ասաց. «Եթե կամենո՛ւմ ես կատարյալ լինել». որովհետև Հոր` Որդուն տալը [աշխարհին] հաճությամբ էր և ոչ թե բռնադատությամբ: Երկրորդ` որպեսզի ողորմածների ողորմությունը միայն երկու և երեք հոգով չբովանդակվի, այլ բոլորին բաժին հասնի: Երրորդ` [Տերը] բաշխումից ավելի վաճառքով է դյուրաշարժ դարձնում մարդկանց դեպի ողորմության տուրքը, որովհետև ո՞վ է, որ իր ինչքն ու ստացվածքը, որոնք ըստ իր ցանկության է ձեռք բերել, առանց մահվան պատճառի կսփռի աղքատների մեջ, ովքեր բազմաթիվ են. հաճախ մեռնում էլ են, բայց չեն հրաժարվում [ունեցվածքից]: Իսկ վաճառքի գինը սակավ առ սակավ դյուրավ կբաշխեն աղքատներին: Չորրորդ` աղքատների մասին խնամք տանելով` [մարդը նրանց] կարեկից է լինում այնպես, ինչպես առաքյալների ժամանակ, երբ [հավատացյալները] վաճառում էին իրենց ունեցվածքը և գինը բերում դնում առաքյալների առաջ` տալու ում պետք է և բավարարելու յուրաքանչուրի ցանկացած կարիք: Եվ հինգերորդ` վաճառելը նշանակում է տալ այս կյանքինը և ստանալ հանդերձյալինը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16