Հովհաննես Ծործորեցի
Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»:
Ահա մեկը մոտեցավ Նրան և ասաց. «Բարի՛ ուսուցիչ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ»:
Ոմանք ասում են, թե այս մարդը փորձելո՛վ մոտեցավ ու հարցրեց Տիրոջը, քանի որ նկատի ունեն Ղուկասի [հետևյալ] խոսքը. «Մի օրենսգետ վեր կացավ և փորձելով Նրան` [հարցրեց]» (Ղուկ. 10։25). սակայն այլ է սա, և այլ է այն: Ինձ թվում է` այս մարդու միտքը շփոթված էր: Դա երևում է նրա խոսքից. որովհետև հրեաների կարծիքները և փարիսեցիների ու օրենսգետների գիտությունը զանց առնելն ու հավիտենական կյանքի մասին հոգալը` Ուսուցչին «բարի» կոչելով, ճշմարտության ճանապարհի վրա են նրան ցույց տալիս, սակայն Ուսուցչին չանսալն ու տրտմած հեռանալը` [նրան] ճշմարտությունից հեռու են ցույց տալիս: Այդ դեպքում ինչո՞ւ եկավ հարց տալու` կհարցնի մեկը: Որովհետև այդ մարդն Օրենքի օրհնությամբ հարստացավ, ուստի եկավ հարցնելու Տիրոջը Օրենքի մասին, որպեսզի գովվեին նրա գործերը, երբ ինքը Օրենքի պահպանությամբ կատարյալ համարվեր: Կամ այլ կերպ. երբ տեսավ, որ մանուկներին արքայությունն է խոստացվում, նրա մեջ այս հարցը ծագեց. «Եթե անկատար մանուկներն այդպիսի փառքի արժանացան, որքա՛ն ավելիին [են արժանի] նրանք, ովքեր ինձ պես օրինապահ են»:
«Բարի՛ ուսուցիչ». ուսուցիչ է խոստովանում [Հիսուսին], բայց աշակերտությունից փախչում է, որովհետև արծաթասեր ու փառասեր բնավորություն ունի, որը բոլոր չարիքների արմատն է 1020: Այսպիսիք թեկուզ համարեն, թե ունեն բոլոր բարի գործերը, միայն ընչասիրությունը բավական է նրանց կործանելու համար: Ինչպես «փիլիկոն» կոչվող մեքենան 1021, մեծ ամրոցներն է խախտումխարխլում, այդպես արծաթսիրությունը հոգու դղյակն է հատակում: «Բարի». Տիրոջը փոխատվությամբ է «բարի» կոչում, որպեսզի Փրկչից փոխադարձաբար ինքն էլ այդ պես կոչվի, այսինքն` որ բարի՛ աշակերտ է: Թեպետ քաղցր լեզվով շողոքորթեց Նրան, բայց չստացավ սա. որովհետև [Տերն] ակնառություն չի անում դատ անելիս: «Ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ».այսինքն` գիտեմ, որ այս անցավոր կյանքի ժառանգությանը Մովսեսի օրենքն է օգնում, բայց Դու երկնքի արքայությունն ես ավետարանում. դա ժառանգելուն ի՞նչ է հարկավոր, նույն Մովսիսական օրե՞նքը, թե ուրիշ բան:
Մաղաքիա արք. Օրմանյան
16-26. Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»: Նա ասաց. «Որո՞նք»: Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»: Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»: Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր: Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը: Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»: Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»: Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»:
Երեք Ավետարանիչները հավասարապես և գրեթե բառացի ճշգրտությամբ պատմում են Երկնքի Արքայությանն արժանանալու պայնանների մասին իմանալ ուզող մեկի հարցումը և Հիսուսի տված պատասխանը: Առաջինն ուշադրության արժանի է հարցնողը: Ավետարանիչների գործածած ոճից և Հիսուսի պատասխանից դատելով երևում է, որ այդ անձը նենգամիտ չէ, այլ իրոք փափագում է արժանանալ Արքայության. նա ոչ թե ժողովրդական դասակարգից է, այլ հարուստ դասակարգից, որ հանգիստ ու հեշտ կյանք է ապրում, տեսնելով, որ Հիսուս միշտ խեղճերի և աղքատների գովեստն է անում, ցանկանում է իմանալ, թե Նա իր նմանների համար ի՞նչ է մտածում: Հետևաբար, կարիք չկա ենթադրելու, որ նենգամիտ փարիսեցիների խմբից կամ նրանցից դրդված մեկն է:
Այդ հարցը տվող անձի հայտնի և ծանոթ մեկը չլինելը հետևում է նրանից, որ երեք Ավետարանիչները նրան ոմն են կոչում: Իր տարիքի համար, Մատթեոսը նրան կոչում է «պատանի», բայց քանի որ հենց ինքը, հարց տվողն ասում է, որ. «ի մանկութենէ իմմէ» պատվիրանները պահել է, ուրեմն պետք չէ ասել, որ նորահաս պատանի է, այլ տակավին երիտասարդությունը չանցկացրած մի անձ: Ղուկասը նրան կոչում է «իշխան», անուն, որով կոչվում էին քաղաքների ու գյուղերի տանուտեր գլխավորներ կամ ժողովարանների հոգաբարձուները: Հիսուսին դիմող անձն էլ պետք է, որ Հորդանանի այս կողմը Հրեաստանի մանր քաղաքներից մեկի ժողովարանի հոգաբարձուն լիներ: Շեշտված է, որ հարց տվողը հարուստ և ունևոր է: Մատթեոսն ասում է, թե «ունէր ինչս բազումս», Մարկոսն ասում է, թե՝ «ոմն մեծատուն» էր և որ «ունէրն ինչս բազումս»: Ղուկասն էլ հիշում է, որ «էր մեծատուն յոյժ», ուրեմն մի գավառացի հողատեր էր, դեռ երիտասարդ ժամանակ հորական ունեցվածքի տեր և տանուտեր, կանոնավոր կյանք վարող ու ժողովարանում հոգաբարձու ընտրված:
Հիսուս իջևանել էր այդ հարուստի գյուղում, խրատներ խոսել, երիտասարդ մեծատունը լսել էր, լավ տպավորություն էր ստացել և ուզում էր իմանալ, թե ինքը զու՞րկ պիտի մնա աղքատներին տված երանություններից, թե՞ Հիսուս հարուստների համար էլ ուրիշ ճամփա պետք է ցույց տա: Երբ ինքը դեգերում էր իր մտածումների մեջ, լսում է, որ Հիսուս պատրաստվում է մեկնել, շտապում է և երբ հասնում է, Հիսուս արդեն դուրս է եկած լինում. «Ընդ ելանելն նորա անտի ի ճանապարհ», վազում է հետևից «ընթացեալ» և հարգալից արտահայտություններով, ինչպես վայել էր մեծ վարդապետներին, «ծունր իջանէր» և համարձակությամբ ու պատկառանքով հարցնում է. «Վարդապետ բարի, յուրաքանչյուրի համար մի գեղեցիկ խրատ ունես, յուրաքանչյուր դասակարգին անհրաժեշտ հրահանգը տալիս ես, ի՞նչ կասես ինձ համար, ես ի՞նչ պետք է անեմ, որ Երկնքի Արքայությանը արժանանամ և Աստծու Արքայության մեջ հավիտենական կյանք ժառանգեմ»: Հիսուս առաջին նկատողությունն անում է «բարի» կոչման համար. «Զի՞ ասես զիս բարի, չիք ոք բարի, բայց մի Աստուած»: Հարցնողը, երբ Հիսուսի բարությունն էր նշում, մեծ կարծիք ուներ իր բարության մասին, որ ամենից ավելի նկատողության արժանի մի կետ է: Հիսուս ցանկանում է ասել, թե «Չպետք է մեծամիտ լինենք մեր բարության համար, որովհետև իսկական բարությունը պետք է առանց պակասության լինի, իսկ դա հատուկ է միայն Աստծուն, մարդիկ չեն կարող իսկական բարի կոչվել»: Հիսուս խոսքը Իրեն հարմարեցնելով՝ մարդկության մասին է ուզում խոսել, և նույնիսկ շատ մեղմ ու հանգիստ ձևով խրատում է այն մարդկանց, ովքեր վստահ են իրենց բարության վրա:
Դրանից հետո Հիսուս անդրադառնում է բուն հարցին և պատասխանում է. «Երկնքի Արքայությանն արժանանալու ուղին շատ հայտնի է, եթե դու էլ ես ուզում արժանի լինել Արքայությանը, պահիր պատվիրանները»: Հիսուս ընդհանուր ձևով էր խոսում և երիտասարդ մեծահարուստն առիթից օգտվելով, կրկնում է. «Զո՞րս, ո՞ր պատվիրանները պետք է պահեմ», որովհետև հրեաները նախապատրաստությունը տալիս էրն մաքրությանը և արտաքին պատվիրաններին. հավանաբար այդ կողմերում ավելի հակված էին հարցնող մեծատան կարծիքին:
Բայց Հիսուս դրանից և ոչ մեկ չէր ակնարկում, այլ պարզապես առջ է բերում սինայական օրենսդրության տաս պատվիրանները, նախապատվությունը տալով նրանց, որոնք կապ ունեն ընկերական կյանքի հետ և, լռելով առաջինների մասին, որոնք ուղղակի պարունակում են Աստծուն ընծայվելիք պատիվները: Հիսուսի հիշած պատվիրաններն են. «Մի՛ սպանաներ, մի՛ շնար, մի՛ գողանար, մի՛ սուտ վկայեր, պատուեա՛ զհայր քո եւ զմայր», որոնք երեք Ավետարանիչների կողմից էլ հավասարապես հիշված են, իսկ Մատթեոսն էլ Տասնաբանյայից վերցված հինգի (Ելից 20:12-16) վրա ավելացնում է նրանց ամփոփումը կազմող պատվիրանն էլ, որ ուրիշ տեղ հիշված է Մովսեսի կողմից. «Սիրեսցես զնկեր քո իբրեւ զանձն քո» Ղևտ. 19:19: Այս պատվիրանները կազմում են բարոյական կյանքի ամփոփումը, և օրինավոր կյանք վարող մեծատունը կարողացավ համարձակությամբ ասել. «Այդ ամենը երեխա ժամանակներից մինչև հիմա երկյուղածությամբ պահել եմ, մարդասպան, շնացող և գող չեմ եղել, սուտ վկայություն չեմ տվել, ծնողներիս հարգել եմ և ընկերներիս հնարավորին չափ սեր եմ ցույց տվել: Եթե այսքանն են Արքայություն մտնելու պայմանները, ապա դրանք կատարել եմ, կարո՞ղ եմ այդքանով գոհանալ, թե՞ ուրիշ բան էլ կա անելու»: Այդ պատասխանը բնավ էլ հոխորտանքովը և անձնասպանությամբ չէր ասված, այլ միամիտ պարզությամբ, որովհետև Մարկոսն ասում է, որ «Յիսուս հայեցեալ ի նա, սիրեաց զնա», ինչ որ չէր կարող ասվել նենգամիտ ու սնապարծ մի անձի համար:
Արքայությանն արժանի լինելու համար երկու աստիճաններ կան. մեկը՝ սովորական աստիճան է, որ բավականանում է ատվիրանների պահպանությամբ, մյուսը՝ կատարյալ աստիճան, որ պահանջում է բարեգործական արժանիքի առավելությունները: Հիսուս տեսնելով, որ մեծատունը կարծում է, թե արդեն ունի արդարության աստիճանը, նրան առաջարկում է անցնել կատարյալ աստիճանի: «Եթէ կամիս, - ասում է, - կատարեալ լինել, եթե փափագում ես ավելի արժանիքի ու փառքի հասնել Արքայության մեջ, մի բան էլ պետք է անես: Չպետք է բավարարվես միայն պատվիրանները պահելով, պետք է շահես նաև բարեգործության և ողորմության արդյունքը՝ ունեցածդ աղքատներին բաշխելով և աշխարհային կարիքներն էլ թողնելով, ինքդ քեզ նվիրես Ավետարանի տարածմանը:
Դու էլ պետք է հետևես իմ ու իմ աշակերտների բռնած ճամփին և ունեցածդ վաճառելուց և ցրելուց հետո, ինձ հետ քարոզության շրջես: Իրոք որ այդ ձևով հանձն կառնես չարչարանքն ու նեղությունը, նմանվելով խաչը կռնակին մեռնելու գնացողին, սակայն Արքայության համար շատացրած կլինես հոգևոր հարստություններդ: Այս աշխարհում այլևս ունեցվածք և գանձ չես ունենա, բայց Արքայության համար ավելի մեծ գանձ կապահովես»:
Հիսուսի առաջարկը դուր չեկավ երիտասարդ մեծատունին: Նա անկեղծորեն ուներ օրինապահության և արդարության սերը, բայց այդ աստիճան զոհողության պատրաստակամություն չուներ. հարուստի զավակ, բարեկցիկ դիրք ունեցող, հանգիստ և առատ կյանք էր վարել և իր ստացած կարողություններով դյուրին ապրելու կարիքն ուներ, չարքաշ ապրելու քաջությունն չուներ: Ունեցվածքից զրկվելը և աղքատության մեջ ապրելը երիտասարդի աչքին ծանր երևաց և երևում է, չէր սպասում, որ Հիսուս իրեն այդպիսի բան կառաջարկի, ուստի հանկարծակի եկած, դեմքը թթվեցրեց, ոչինչ չկարողացավ պատասխանել և կամաց-կամաց սկսեց հեռանալ. «Խոժոռեալ ընդ բանն, գնաց տրտում»:
Հիսուս ուզում էր մի քանի խոսք էլ ավելացնել քաջալերելու համար, բայց մեծատունն արդեն հեռացել էր: Այս կողմ նայեց, այն կողմ նայեց. «Հայեցեալ յայս կոյս յայն Յիսուս», և մեծատունին չտեսնելով, խոսքը փոխեց և, դառնալով աշակերտներին, ասաց. «Օհ, որքա՜ն զորավոր է սրտերում հարստության սերը: Տեսնում եք, թե որքա՜ն դժվար է հարստության հետ սիրտը կապած մարդկանց բաժանել դրանից և այն Երկնքի Արքայության սիրո համար զոհաբերել: Շատ ավելի հեշտ է, որ մի «մալուխ» ասեղի ծակից անցնի, քան թե մի հարուստ Երկնքի Արքայությունն մտնի»:
Հիսուսի խոսքերում պետք է երկու կետերի վրա ուշադրություն դարձնել, մեկը՝ նյութական օրինակի բացատրությունը, մյուսն էլ օրինակի բարոյական իմաստը: Հայտնի է, որ նյութական օրինակի համար Հիսուս գործածում է մի սովորական առած և ոչ թե նորահնար մի խոսք: Միայն թե հունական բնագրում և բոլոր թարգմանություններում «մալուխ» բառի փոխարեն գործածվում է «ուղտ», որով Հիսուս խոսում է ուղտի ասեղի անցքից անցնելու մասին: Այդ ձևով համաձայնություն չի լինում ուղտի և ասեղի անցքի միջև: Ուստի, շատ մեկնիչներ դիմում են բառի ստուգաբանությանը և մեկնում են «պարանի» վրա, որն ավելի է համընկնում ասեղի անցքին, որտեղից անցնում են բարակ դերձաններ, բայց դերձանի նման հաստ չվանները չեն անցնի: Ուրիշները, փոխանակ հիմնվեն պարանի վրա, կենտրոնանում են նմանության մյուս եզրին, թե ասեղի անցք են կոչվում ցածր ու նեղ դռները, որտեղից մարդը, մեջքը ծռելով, հազիվ կարողանա անցնել, սակայն այդտեղից ուղտի անցնելն անհնար է: Մինչև անգամ ավելացնում են, թե Երուսաղեմի պարիսպների վրա այդպիսի մի փոքր անցք կար, իբրև դուռ և որ Հիսուս ակնարկում էր այդ փոքրիկ դուռը, թե ուղտն այդ դռնից չի կարող անցնել: Այդ բացատրություններից երևում է, որ բնագրի բառը օգտագորված է պարանի իմաստով և Երուսաղեմի «Ծակ ասղան» դուռը և բոլոր փոքրիկ դռների այդպես կոչվելը չեն հաստատվում հին պատմական փաստերով: Հետևաբար, շատրեը ճիշտ են բացատրում ուղտը և ասեղը, ասելով, որ առակները նվիրագործվում են ըստ սովորության և որ իրոք նույն առակը Թալմուտի և ուրիշ գրքերում գործածվում է ուղտի իմաստով: Մեր թարգմանիչները, գործածելով հայերեն «մալուխ» բառը, երկու իմաստն էլ միասին են շոշափել, որովհետև թե՛ ուղտի և թե՛ պարանի իմաստն ունեցող բառ է:
Իսկ բարոյական իմաստով այնպես է հնչում, որ կարծես երբեք հույս չկա հարուստ մարդու փրկության համար, որն անհնար է բացարձակ հաստատել: Արդեն Հիսուս էլ Իր առաջին խոսքերում Արքայություն մտնելու համար սովորական աստիճանը բավական է համարում և սովորական աստիճանի համար չէր առաջարկում ունեցվածքի զոհողություն. այն առաջարկում էր միայն կատարյալ աստիճանին բարձրանալու համար: Այսպիսով, սովորական աստիճանում էլ Արքայությունն ապահովված է: Եվ բացի սրանից, հարստությունն էլ բարեգործությամբ և բարերարությամբ գործածված ժամանակ ավելի արժանի միջոց է և ոչ միայն Արքայություն մտնելու արգելք չէ, այլև փառքի առավելություն էլ կարող է պատրաստել: Իսկ բարեգործության և ողորմության համար ամենևին էլ կարիք չկա ամբողջ ունեցվածքը վաճառել և ցրել: Հետևաբար չենք կարող ասել, թե Հիսուս բացեիբաց բոլոր հարուստներին զրկում է Արքայությունից: Եթե Ավետարանի խոսքերն էլ նկատի ունենանք, թեպետ Մատթեոսն ասում է «մեծատուն» և Ղուկասը գործածում «որ ինչս ունիցին» բացատրությունը, ապա Մարկոսն ավելի հստակորեն խոսքը մասնավորում է «յուսացելոց յինչս» անձերի վրա: Այս դեպքում շատ տարբեր են ունեցվածքը և ունեցվածքի վրա հույս դնելը: Հիսուս հայտարարում է, որ աշխարհի բարիքները չեն, որ կազմում են մեր բարոյական հարստությունը, մանավանդ որ աշխարհային բարիքները ոչ թե նպաստում, այլ ավելի շատ վնասում ու գայթակղում են և ստեղծում աշխարհասիրության վտանգներ:
Մի ուրիշ դիտողություն էլ: Կարիք չկա Հիսուսի խոսքը բացատրել՝ կապված միայն հավիտենական փրկության հետ, որովհետև Երկնքի Արքայությունը կամ Աստծու Արքայությունը մեկնվում է ավետարանական քարոզչության և Նոր Ուխտի հաստատության վրա: Հիսուս մեծատունին առաջարկում է այդ կատարելությունը, որպեսզի թողնի աշխարհային հոգսերը և Իրեն աշակերտի, Իրեն հետևի և Իր հետ զբաղվի ավետարանական քարոզչությամբ: Այսպիսով, այս կատարելության համար ստույգ է, որ մի ունևոր, հանգիստ ապրող, իր ունեցվածքը վայելող մեկը չէր կարող Հիսուսի առաջարկի համեմատ գործակցել Իրեն: Եվ սրանից էր, որ փախչում է մեծատունը: Թերևս նա մտածում էր իր նյութական կարողությամբ, իր հարստությամբ և իր դիրքով գործակցել Հիսուսի ձեռնարկումներին և Ավետարանի հաջողությանը, իսկ Հիսուս իրեն հասկանում էր, որ ինքը ունևորի կամ իշխողի, միջոց ու դիրք ունեցողի կարիք չունի Ավետարանի տարածման համար: Ինքն աղքատ և աղքատ աշակերտներով պիտի կատարեր Իր ձեռնարկը: Մեր այս տեսակետն ավելի է արդարանում Պետրոսի հարցման հետ համեմատելով, որի մասին պետք է խոսենք հաջորդ հոդվածում:
Առաքյալները, լսելով Հիսուսի տված բացատրությունները և հարուսների վիճակի մասին արած հայտարարությունները, զարմացած գոչում են. «Եթե գործն այդպես է, եթե հարուստների համար այդքան վտանգ կա, «ո՞ կարիցէ ապրել», ո՞վ կարող է մտնել Երկնքի Արքայություն»: Եթե խոսքն ուղղակի հավիտենական փրկության մասին լիներ, ապա առաքյալները չէին զարմանա: Որովհետև եթե հարուստները պիտի կորչեն և աղքատները փրկվեն, քանի որ աշխարհում աղքատները շատ են և քիչ մասը հարուստներն են կազմում, ուրեմն աշխարհի մեծագույն մասը պիտի փրկվի և բնավ հուսահատվելու առիթ չկա, թե՝ «ո՞վ կարասցէ ապրել»: Ուրեմն առաքյալներն էլ լավ հասկացան Հիսուսի խոսքը և իմացան, որ վնասակարը հարուստ լինելը չէ, այլ սրտով ունեցվածքին կապված լինելը և քիչ թե շատ ունեցածի վրա հույս դնելը: Բայց ավետարանական իմաստն էլ, որ հիշեցինք, այսինքն՝ ծառայելու Երկնքի Արքայությանը և Հիսուսի քարոզություններին գործակից լինելու կետը, առաքյալների մտքից չի վրիպել, քանի որ, եթե միջոց ունեցողները չեն կարող կատարել այդ գործը, ապա ով պետք է կարողանա այն գլուխ բերել:
Այդ բոլոր բացատրություններն էլ մարդկային տկարությունների մասին հայտնված կասկածներ են և եթե գործը մարդու կարողությունից կախված լիներ, բնավ էլ հաջողության չէր հասնի, ո՛չ յուրաքանչյուրի փրկությունը, ո՛չ Ավետարանի քարոզչությունը և ո՛չ էլ մարդու առաքինական արժանիքը երբեք չպետք է տային մեր ակնկալած արդյունքը: Բայց մարդիկ իրենցից չպետք է սպասեն կարողություն և հաջողություն, և ոչ էլ ընդհանուր մարդկության վրա պետք է հիմնենք մեր ակնկալությունը: Ամեն բանից վեր Աստվածային կարողություն կա, որի առջև անհնար բան չկա և որ իր պարգևներով ու շնորհներով օգնական է մարդկությանը և ամեն ինչի գործակից: Ինչ որ մարդիկ չպետք է կարողանան իրենց համար անել, Աստծո օգնությամբ կարող են անել, ինչ որ մարդկության կարողությունից վեր է, Աստվածային կարողության համար հեշտ է. «Անհնարինք առ ի մարդկանէ, հնարաւորք են յԱստուծոյ»:
Այդ խոսքը քրիստոնեական վարդապետությամբ, հատկապես Պողոս առաքյալի տված բացատրությամբ, հարմարվում է մարդու հավիտենական փրկությանը, քանի որ մարդն ինքն իրեն չի կարող պատրաստել հավիտենական փրկությունը և Աստվածային օգնությունն ու կամքն են հոգին առաջնորդում հավիտենական փրկության: Դա շնորհքի վարդապետքության դժվարին խնդիրն է, որ առիթ է տվել Բողոքականության մեջ ամեն ինչ սպասել Աստծուց, որ մարդու գործն ու արդյունքը բնավ նշանակություն չունեն իր փրկության մեջ: Ողջամիտ վարդապետությունն էլ է ընդունում շնորհքն ու նախասահմանությունը, սակայն մարդու գործակցությունն առանց ջնջելու, որպեսզի չջնջվի նաև ազատ կամքը, առանց որի արդարության և անօրինության, հոգևոր փրկության և դատապարտության կետերը կկորցնեին իրենց իսկական նշանակությունը: Մարդու համար քաջալերական է իմանալ ու հավատալ, որ եթե գտնվում է անելանելի վիճակում, Աստվածային շնորհը կօգնի իրեն և կհեշտացնի դժվարությունները, անհնարինը հնարավոր կդարձնի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: