Ամոսի մարգարեության մեկնություն 7։12

Ա․ Լոպուխին

Եվ Ամասիան ասաց Ամոսին. «Տեսանոʹղ, գնա և հեռացիր դեպի Հուդայի երկիրը, այնտեղ կեր քո հացը և այնտեղ էլ մարգարեություն արա», (Սինոդական թարգ․)[12]
   
   Անհայտ է, թե Հերոբովամն ինչպես է արձագանքել Բեթելի քրմի ներկայացրած մեղադրանքներին: Թեոդորոս Մոփսուեստացին ենթադրում է, որ մարգարեի հանդեպ տածած հարգանքի և Եղիայի ու Եղիսեի օրոք դրսևորված մարգարեական զորության նկատմամբ ունեցած վախի շնորհիվ  թագավորը քրմի մեղադրանքներից հետո որևէ քայլ չի ձեռնարկել (Դ Թագավորություններ. 14:24): Հնարավոր է նաև, որ Հերոբովամ թագավորը նշանակություն չի տվել Ամոսի մարգարեությանը և, հետևաբար, չափազանց վստահ է եղել իր ուժի և բարեկեցության հարցում: Դրանից հետո Ամասիան որոշել է գործել ինքնուրույնաբար և Ամոսին վտարել է Բեթելից: «Տեսանող» (եբրայերեն՝ «խոզե»; սլավոներեն՝ «գուշակ»). մարգարեներին տեսնող անվանելով՝ մատնանշել են միայն նրանց բնորոշ՝ ապագան կանխատեսելու առանձնահատուկ շնորհը, սակայն Ամասիան, ինչպես  կարելի է եզրակացնել նրա խոսքի ոճից, Ամոսին հեգնական իմաստով է տեսանող անվանել: «Գնա՛ ու հեռացի՛ր («լեխ բերախ լեխա») դեպի Հուդայի երկիրը», ավելի ճիշտ՝  արա՛գ հեռացիր ու փրկվի՛ր Հուդայի երկրում. հնարավոր է, որ այս խոսքերով Ամասիան ակնարկել էր թագավորին հասցված կեղծ լուրերի մասին, որոնց հետևանքները կարող էին վտանգավոր լինել մարգարեի համար (Գոոնակեր): «Այնտե՛ղ կեր քո հացը և այնտե՛ղ էլ մարգարեություն արա». Ամասիան մարգարեին վիրավորում է այն ենթադրությամբ, որ նա, անձնական շահերից ելնելով, հացի համար է մարգարեանում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ Ամասիան ասաց Ամոսին. «Ով դու գուշակդ, թո՛ղ այս տեղդ, գնա՛ Հրէաստան երկիրը, այնտե՛ղ ապրիր եւ այնտե՛ղ մարգարէացիր,
(Արարատ թարգ․) Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։
(Գրաբար) Եւ ասէ Ամասիա ցԱմովս. Տեսանօղդ՝ տո՛ւր տեղի, գնա՛ յերկիրն Հրէաստանի. անդ կեա՛ց՝ և անդէ՛ն մարգարէասջիր։