Ամոսի մարգարեության մեկնություն 7։12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Ամասիան ասաց Ամոսին. «Ո՛վ տեսանող, գնա և հեռացի՛ր դեպի Հուդայի երկիրը, այնտեղ կեր քո հացը և այնտեղ էլ մարգարեացիր», (Սինոդական թարգ․)[12]
   
    Անհայտ է, թե Հերոբովամն ինչպես է արձագանքել Բեթելի քրմի ներկայացրած մեղադրանքներին: Թեոդորոս Մոփսուեստացին ենթադրում է, որ մարգարեի հանդեպ տածած հարգանքի և Եղիայի ու Եղիսեի օրոք դրսևորված մարգարեական զորության նկատմամբ ունեցած վախի շնորհիվ  թագավորը քրմի մեղադրանքներից հետո որևէ քայլ չի ձեռնարկել (Դ Թագ. 14:24): Հնարավոր է նաև, որ Հերոբովամ թագավորը նշանակություն չի տվել Ամոսի մարգարեությանը և, հետևաբար, չափազանց վստահ է եղել իր ուժի և հաջողության հարցում: Դրանից հետո Ամասիան որոշել է գործել ինքնուրույն և Ամոսին վտարել է Բեթելից: «Տեսանող» (եբրայերեն՝ «chozeh»; սլավոներեն՝ «գուշակ»). մարգարեներին տեսանող անվանելով՝ մատնանշել են միայն նրանց բնորոշ՝ ապագան կանխատեսելու առանձնահատուկ շնորհը, սակայն Ամասիան, ինչպես  կարելի է եզրակացնել նրա խոսքի ոճից, Ամոսին հեգնական իմաստով է տեսանող անվանել: «Գնա՛ ու հեռացի՛ր (lech berach lecha) դեպի Հուդայի երկիրը», ավելի ճիշտ՝  արա՛գ հեռացիր ու փրկվի՛ր Հուդայի երկրում. հնարավոր է, որ այս խոսքերով Ամասիան ակնարկել էր թագավորին հասցված կեղծ լուրերի մասին, որոնց հետևանքները կարող էին վտանգավոր լինել մարգարեի համար (Գոոնակեր): «Այնտե՛ղ կեր քո հացը և այնտե՛ղ էլ մարգարեացիր». Ամասիան մարգարեին վիրավորում է այն ենթադրությամբ, որ նա, անձնական շահերից ելնելով, հացի համար է մարգարեանում:

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ Ամասիան ասաց Ամոսին. «Ով դու գուշակդ, թո՛ղ այս տեղդ, գնա՛ Հրէաստան երկիրը, այնտե՛ղ ապրիր եւ այնտե՛ղ մարգարէացիր,
(Արարատ թարգ․) Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։
(Գրաբար) Եւ ասէ Ամասիա ցԱմովս. Տեսանօղդ՝ տո՛ւր տեղի, գնա՛ յերկիրն Հրէաստանի. անդ կեա՛ց՝ և անդէ՛ն մարգարէասջիր։