Նավումի մարգարեության մեկնություն 1:2

Ա․ Լոպուխին

Տերը նախանձոտ և վրեժխնդիր Աստված է, Տերը վրեժխնդիր և սարսափելի է բարկության ժամանակ․ Տերը վրեժ է լուծում Իր թշնամիներից և չի խնայում Իր հակառակորդներին։ (Սինոդական թարգ․)[2]
   
   2-6−րդ համարներ։«Մարգարեն խոսքը սկսում է Տիրոջ՝ վրեժխնդիր Աստծո  հատկությունների վեհաշուք նկարագրությամբ։ [Տերը] մարգարեի շուրթերով հայտնում է անարդարների կործանման մասին Իր ահեղ դատավճիռը։ Մտքերի դասավորությունն այսպիսին է․ Աստված արդարադատ է (տե՛ս համար 2), հետևաբար՝ Նրա դատավճիռը անպայմանորեն պետք է իրականանա։ Նա համբերատար է Հեսու 8։1), հետևաբար՝ Նինվեի ծայրահեղ անօրինությունների պատճառով Նրա կայացրած որոշումը վճռական է․ Նա ամենակարող է Նավում 3։2−6), հետևաբար ոչինչ չի կարող կանգնել Նրա սարսափելի բարկության առաջ» (Սիմաշկևիչ։ «Նավումի մարգարեությունը Նինվեի մասին», Սանկտ Պ․, 1875, էջ 114, 115)։ Մարգարեն Մովսեսի Հնգամատյանում պատկերվածի ոգով է Աստծո արդարադատությունը պատկերում և հենց այդտեղից էլ փոխառում է Տեր Աստծու նախանձոտ Աստված («էլ−կաննո», հունարեն՝ «θεος Ζηλωτης», Վուլգաթա՝ «Deus aemulator») անվանումը։ «Kанно» (նշված տարբերակով այս բառը բացի Նավում 1։2 համարից՝ հանդիպում է միայն Հս․ 24։19−ում) կամ էլ ավելի տարածված կիրառությամբ՝ «kанна» (Ելք 20։5, 34։14, Բ Օր․ 4։24, 5։9, 7։15) մակդիրով Աստծուն վերագրված «նախանձոտ (խանդ)» հասկացությունն ակնհայտորեն փոխաբերական իմաստ ունի և փոխառվել է մարդկային ամուսնական հարաբերությունների դաշտից՝ կնոջ հանդեպ ամուսնու ունեցած խանդից (Թվ․ 5։14−30)։ Աստծո վերաբերյալ այս փոխաբերության կիրառելիությունն այն ​​փաստից է պարզ դառնում, որ Սուրբ Գրքում Տեր Աստծու և Իր ժողովրդի միջև հարաբերությունները բազում անգամներ պատկերվում են որպես ամուսնական հարաբերություններ (Ես․ գլուխ 62, Եզ․ 16, Ովսեե․ 1−3 և այլն), և հենց Սինայական ուխտն էլ է ամուսնության պատկերով ներկայացվում (Ովսեե․ 2։19)։ Եվ ինչպես որ խանդն է ամուսնական սիրո հակառակ կողմը, այդպես էլ ժողովրդի հանդեպ Աստծո նախանձոտությունը երկու կողմ ունի․ Եհովան նախանձախնդիր է Իր պատվի և փառքի համար։ Որպես օրինական ամուսին՝ միայն Նա, ուխտի հիմքի վրա, Իր հանդեպ Իսրայելի բացարձակ սիրո և հավատարմության իրավունքն ունի, և Իր հետ միասին և Իր կողքին չի կարող այլ աստվածների պաշտամունք թույլ տալ ( Ելք 34։14, Բ Օր․ 4։24, Հս․ 24։19, Ես․ 42։8, 59։17, 18 և այլն), ոչ էլ հանդուրժում և առանց պատժի է թողնում Իր ժողովրդի հանցագործությունները (Հս․ 24։19)․ Իսկ մյուս կողմից՝ Իսրայելի հանդեպ Իր սիրո պատճառով Նա չի կարող թույլ տալ, որ Իր ընտրյալ ժողովուրդը օտար ժողովուրդներից կամ ինչ−որ ուրիշ մեկից չարիք կրի․ Եհովան նախանձախնդիր է Իր երկրի ամբողջականության (Հով․ 2։18) և Իր ժողովրդի բարեկեցության համար տ՛ս Բ Օր․ 33։43, Դ Թագ․ 19։31, Ես․ 37։32, Զաք․ 1։14, 15, 8։2)։ Ընդհանրապես Աստծու «նախանձոտ» անվանումը ցույց է տալիս Նրա էության էներգիան, Աստծո վերաբերմունքը մարդու հանդեպ, որպես կենդանի Աստված՝ նա պատժում է չարիքը և պաշտպանում է անմեղությունն ու սրբությունը։ Սրանով մատնանշվում է Նրա տարբերությունը հեթանոսական աստվածներից, որոնք որևէ գործողություն կատարելու ունակ չեն (Ելք 20։4, 5, Բ Օր․ 6։9)։ Այդ անվանումը նույն երկակի իմաստն ունի նաև Նավում մարգարեի շուրթերին։ Ասորեստանցիներին վերաբերող նախադասության մեջ այդ անվանումը ցույց է տալիս նրանց սպասվող Աստծո պատիժը։ «Քանի որ նրանք,− ասորեստանցիների մասին ասում է երանելի Թեոդորոսը,− ցասումով են շտապում Երուսաղեմ, հայհոյական խոսքեր են ասում բոլորի Աստծո մասին, ուստի մարգարեն էլ արդարացիորեն նրանց հակառակորդներ և թշնամիներ է անվանում՝ սպառնալով կործանումով։ «Նախանձոտ» կոչում է արդարացի բարկությունը» («Տասներկու մարգարեների մեկնությունը»․ Մոսկվա, 1857, գիրք 3−րդ, էջ 7)։ Այս միտքը՝ բանաստեղծական հզոր պատկերներով, բացահայտվում է 2−6−րդ համարներում։ Աստծուն վերագրվող «նախանձոտ» հասկացության մյուս կողմը՝ ընտրյալ ժողովրդի և բարեպաշտ մարդկանց հանդեպ Տեր Աստծու ողորմած ու խնամակալ վերաբերմունքը, մատնանշվում է 7−րդ համարում։ Սակայն մարգարեի սկզբնական խոսքերում արտահայտվող տրամաբանական շեշտադրման ողջ ուժը և նրա մտքի ամբողջ ծանրության կենտրոնը, անկասկած, կենտրոնացած է Տեր Աստված անվան մեջ (Յահվե)։ Այդ անունը, ինչպես արդեն երևում է Ելք 3։14, 15 համարներից, ոչ միայն ցույց է տալիս ճշմարիտ Աստծո հավիտենական գոյությունը, այլ նաև Իսրայելի հետ Նրա կնքած ուխտի անփոփոխությունը՝ դեռևս նախահայրերին տրված Իր խոստումներին Նրա բացարձակ հավատարմությունը, և այլն («Տեր Աստված» անվան մասին տե՛ս սուրբ Ա Գլագոլևի Աստվածաբանական հանրագիտարանում գրված հոդվածում, VI հտ․, Սանկտ Պ․, 1905, էջ 194−203)։ Հատկապես Իր ժողովրդին ստորացնելու համար է, որպես նրա հետ ուխտի Աստված, Տերը նախանձախնդիր լինում և վրեժ լուծում ասորեստանցիներից։ Եվ ինչպես այդ ուխտն է իր էությամբ անփոփոխելի, այդպես էլ վճռական և անփոփոխ է ասորեստանցիների վերաբերյալ Նրա դատավճիռը։ Որպես նախանձոտ և որպես ուխտի Աստված՝ Տերը վրեժխնդիր է նաև Իր փառքի և Իր ուխտի հանդեպ բոլոր թշնամաբար տրամադրվածների պարագայում․ Տեր Աստված միայն պասիվ կերպով չի զայրանում ու վրդովվում թշնամիների վրա․ Նա նաև գործով է վրեժխնդիր լինում նրանցից և այդ պատճառով էլ անվանվում է «վրեժխնդրության Աստված» (տե՛ս Սաղմ․ 94։1), և Ինքն էլ Իրեն վրեժխնդրության անօտարելի իրավունք է վերապահում (Բ Օր․ 33։35, Հռ․ 12։19)։ Այդ պատճառով էլ մարգարեն երեք անգամ և առանձնահատուկ զորությամբ Նրան է վերագրում «նոկեմ» (հունարեն՝ «εκδικων», լատիներեն՝ «ulciscens») մակդիրը։ Աստծուն վերաբերող նախադասության մեջ «վրիժառու» մակդիրի եռակի կրկնությունը (որոշ մեկնաբանների, այդ թվում նաև պրոֆեսոր Մ․ Գոլուբևին) ասորեստանցիների կողմից Աստծո ժողովրդի եռակի գերության համար նրանց սպասվող եռակի վրեժխնդրության (ընդ որում՝ երեք գերությունները կամայականորեն ներկայացվում են Ա Մնաց․ 5։26, Դ Թագ․ 15։29 և 17։6 կամ 18։9 համարներում), և առավել ևս Սուրբ Երրորդության երեք անձերի մատնանշման իմաստով հասկանալու կարիքը չկա  (վերջինը Տարնովի կարծիքն է)։ Իրականում, խոսքի այսպիսի ձևը հեշտությամբ բացատրվում է եբրայերենի առանձնահատկություններով, որտեղ, դատելով նմանատիպ աստվածաշնչյան իրողություններից (Ես․ 6։3, Եր․ 8։4, 22։29), միևնույն բառի եռակի կրկնությունը ցույց է տալիս դրա իմաստի հատուկ կերպով ուժեղացումը կամ էլ այդ հասկացության գերազանցության աստիճանը։ Մասնավորապես, դիտարկվող համարի երեք բաղկացուցիչ մասերում պահպանվում է մտքի խիստ աստիճանավորումը․ սկզբում Տեր Աստծու վրեժը մարգարեի մոտ հանդես է գալիս որպես Նրա նախանձախնդրության պարզ հետևանք կամ բացահայտում, հետո մատնանշվում է Աստծո վրեժխնդրության դրսևորման բնույթն ու ձևը․ Աստված անվանվում է «բաալ−հեմագ՝ բարկության տիրակալ», Վուլգաթայում՝ «habens−furorem»՝ բացառապես Նրան պատկանող հատկանիշի իմաստով (եբրայերեն «բաալ» բառն այսպիսի իմաստ ունի տարբեր գոյականների հետ գործածվելիս, տե՛ս, օրինակ, Ելք 24։14, Ծննդ․ 37։19 և այլն), Յոթանասնիցում՝ «εκδικων Κυριος μετα θυμου», իսկ սլավոներենում՝ «Տերը վրեժխնդիր է բարկությամբ»։ Վերջապես նշվում է Եհովայի վրեժխնդրության առարկան՝ Նրա թշնամիները։ Որպես Աստծո բարկության և վրեժխնդրության մասին 2−րդ համարի ողջ խոսքի վերջաբան և ամփոփում՝ դրված է «նոտեր հու լէոյեվավ» արտահայտությունը, այսինքն՝ բարկությունը պահում է Իր հակառակորդների համար, կարծես թե Իր մեջ սնում է այն (տե՛ս Սաղմ․ 103։9, Եր․ 6։5, 12)՝ պահելով մինչև ճիշտ ժամանակը։ «Թշնամիների և հակառակորդների ներքո մենք պետք է հասկանանք ասորեստանցիներին, որոնց հանդեպ Տերը երկար ժամանակ ցույց է տվել Իր համբերատարությունը, սակայն հետագայում Նա բարկությամբ և ցասումով վրեժխնդիր է լինելու նրանցից» (տե՛ս երանելի Հերոնիմոս, «Նավում մարգարեի մեկնության մեկ  գիրք», Կիև, 1896, մաս 13, էջ 257)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն է վերացնում իր թշնամիներին:
(Արարատ թարգ․) Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։
(Գրաբար) Աստուած նախանձոտ եւ վրէժխնդիր Տէր, վրէժխնդիր է Տէր բարկութեամբ, եւ խնդրէ Տէր վրէժ ի հակառակորդաց իւրոց. եւ բառնայ ինքն զթշնամիս իւր։