Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Տերը նախանձոտ ու վրեժխնդիր Աստված է. Տերը վրեժխնդիր է և ահարկու է Իր բարկության մեջ. Տերը վրեժ է լուծում Իր թշնամիներից և չի խնայում Իր հակառակորդներին»։ (Սինոդական թարգ․)[2]
2-6−րդ համարներ։ «Մարգարեն իր խոսքն սկսում է Տիրոջ՝ որպես Աստծու վրեժխնդիր հատկությունների վեհաշուք նկարագրությամբ։ Տերը մարգարեի շուրթերով հայտնում է անօրենների կործանման մասին Իր ահեղ դատավճիռը։ Մտքերի հաջորդականությունն այսպիսին է․ Աստված արդարադատ է (տե՛ս 2-րդ համար), հետևաբար Նրա դատավճիռն անպայմանորեն պիտի իրականանա։ Նա երկայնամիտ է (տե՛ս 3-րդ համար, առաջին հատված), հետևաբար Նինվեի ծայրահեղ անօրինությունների պատճառով Նրա կայացրած որոշումը վճռական է: Նա ամենակարող է (Նավ. 1։3−6), հետևաբար ոչինչ չի կարող դիմանալ Նրա ահեղ բարկությանը» (Սիմաշկևիչ. «Նավումի մարգարեությունը Նինվեի մասին», Սանկտ Պ․, 1875, էջ 114, 115)։ Պատկերելով Աստծու արդարադատությունը նույն hոգով, ինչպես այն նկարագրվում է դեռևս Մովսեսի Հնգամատյանում, մարգարեն հենց այնտեղից է փոխառում Տեր Աստծու բնութագիրը որպես նախանձոտ Աստված (եբր.՝ էլ-կաննո, հուն.՝ θεος Ζηλωτης, լատ.՝ Deus aemulalor)։ «Kанно» (նշված տարբերակով այս բառը բացի Նավում 1։2 համարից՝ հանդիպում է միայն Հես․ 24։19−ում) կամ էլ ավելի տարածված կիրառությամբ՝ «կաննա»
(Ելք 34:14, Բ Օր. 4:24, Հես. 24:19, Ես. 42:8, 59:17–18 և այլն)։ Նույն կերպ Նա ընդհանրապես չի հանդուրժում և առանց պատժի չի թողնում Իր ժողովրդի հանցանքները (Հեսու 24:19)։ Իսկ մյուս կողմից՝ Իսրայելի հանդեպ Իր սիրուց ելնելով Նա չի կարող թույլ տալ, որ Իր ընտրյալ ժողովուրդը օտար ազգերից կամ ինչ−որ ուրիշ մեկից չարիք կրի․Տեր Աստված նախանձախնդիր է Իր երկրի ամբողջականության (Հովել. 2։18) և Իր ժողովրդի բարեկեցության համար տե՛ս Բ Օր․ 32։43, Դ Թագ․ 19։31, Ես․ 37։32, Զաք․ 1։14-15, 8։2)։ Ընդհանրապես Աստծու «նախանձոտ» անվանումը ցույց է տալիս Նրա աստվածային էության էներգիան, ինչպես և Աստծու վերաբերմունքը մարդու հանդեպ որպես կենդանի Աստծու, Ով պատժում է չարը և պաշտպանում է անմեղությունն ու սրբությունը։ Սրանով մատնանշվում է Նրա տարբերությունը հեթանոսական աստվածներից, որոնք որևէ գործողություն կատարելու ունակ չեն (Ելք 20։4-5, Բ Օր․ 5։9)։
Այդ անվանումը նույն երկակի իմաստն ունի նաև Նավում մարգարեի շուրթերին։ Ասորեստանցիների պարագայում այդ անվանումը ցույց է տալիս նրանց սպասվող Աստծու պատիժը։ «Քանի որ նրանք,− ասում է երանելի Թեոդորետոսը ասորեստանցիների մասին,− մոլեգնությամբ սլանալով Երուսաղեմի վրա, հայհոյական խոսքեր էին ասում ամենքի Աստծու մասին, ուստի մարգարեն արդարացիորեն նրանց հակառակորդներ և թշնամիներ է կոչում՝ սպառնալով կործանմամբ։ «Նախանձոտ» կոչում է արդարացի բարկությունը» (Երանելի Թեոդորետոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մոսկվա, 1857, գիրք 3−րդ, էջ 7)։ Այս միտքը բանաստեղծական հզոր պատկերներով, բացահայտվում է 2−6−րդ համարներում։ Աստծուն վերագրվող «նախանձոտ» հասկացության մյուս կողմը՝ ընտրյալ ժողովրդի և բարեպաշտ մարդկանց հանդեպ Տեր Աստծու ողորմած ու խնամակալ վերաբերմունքը, մատնանշվում է 7−րդ համարում։ Սակայն մարգարեի սկզբնական խոսքերում արտահայտվող տրամաբանական շեշտադրման ողջ ուժը և նրա մտքի ամբողջ ծանրության կենտրոնը, անկասկած, կենտրոնացած է Տեր Աստված անվան մեջ (Յահվե)։ Այդ անունը, ինչպես արդեն երևում է Ելք 3։14-15 համարներից, ոչ միայն ցույց է տալիս ճշմարիտ Աստծու հավիտենական գոյությունը, այլև Իսրայելի հետ Նրա կնքած ուխտի անփոփոխելիությունը՝ դեռևս նախահայրերին տրված Իր խոստումներին Նրա բացարձակ հավատարմությունը, և այլն («Տեր Աստված» անվան մասին տե՛ս սուրբ Ա․ Գլագոլևի աստվածաբանական հանրագիտարանում գրված հոդվածում, VI հտ․, Սանկտ Պ․, 1905, էջ 194−203)։
Աստված նախանձախնդիր է և վրեժխնդիր է լինում ասորեստանցիներից հատկապես Իր ժողովրդի նվաստացման համար՝ որպես նրա հետ ուխտ կապած Աստված: Եվ ինչպես այդ ուխտն անփոփոխ է ըստ էության, այդպես էլ վճռական և անփոփոխ է ասորեստանցիների վերաբերյալ Նրա դատավճիռը։ Որպես նախանձոտ և որպես ուխտի Աստված՝ Տերը վրեժխնդիր է նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր թշնամի են Իր փառքին և Իր ուխտին․ Տեր Աստված միայն պասիվ կերպով չի զայրանում ու վրդովվում թշնամիների վրա․ Նա նաև գործով է վրեժխնդիր լինում նրանցից և այդ պատճառով «վրեժխնդրության Աստված» է կոչվում (տե՛ս Սաղմ․ 93։1), և Իրեն էլ վրեժխնդրության անօտարելի իրավունք է վերապահում (Բ Օր․ 32։35, Հռոմ․ 12։19)։ Այդ պատճառով էլ մարգարեն երեք անգամ և առանձնահատուկ զորությամբ Նրան վերագրում է «վրեժխնդիր» (եբր.՝ nokel, հուն.՝ «εκδικων», լատ.՝ «ulciscens») մակդիրը։ Աստծու վերաբերյալ այս եռակի կրկնությունը կարիք չկա հասկանալ (ինչպես որոշ մեկնիչներ, այդ թվում՝ պրոֆեսոր Մ. Գոլուբևը) որպես ասորեստանցիներից սպասվող եռակի վրեժխնդրության մատնանշում՝ Աստծու ժողովրդին երեք անգամ գերեվարելու համար (ընդ որում՝ երեք գերեվարությունները կամայականորեն մատնանշվում են Ա Մնաց. 5:26, Դ Թագ. 15:29 և Դ Թագ. 17:6 կամ 18:9 համարներում), և առավել ևս՝ որպես Սուրբ Երրորդության երեք Անձերի կանխանշում (Տարնովիուսի կարծիք)։ Իրականում, խոսքի այսպիսի ձևը հեշտությամբ բացատրվում է եբրայերենի առանձնահատկություններով, որտեղ, դատելով աստվածաշնչյան նմանատիպ օրինակներից (Ես․ 6։3, Երեմ․ 7։4, 22։29), միևնույն բառի եռակի կրկնությունն արտահայտում է դրա նշանակության առանձնակի շեշտադրում կամ էլ այդ հասկացության գերադրական աստիճան։ Մասնավորապես, դիտարկվող համարի երեք բաղադրիչ մասերում պահպանվում է մտքի խստիվ աստիճանավորումը. նախ՝ մարգարեի մոտ Տեր Աստծու վրեժխնդրությունը հանդես է գալիս որպես Նրա նախանձախնդրության պարզ հետևանք կամ դրսևորում, հետո մատնանշվում է Աստծու վրեժխնդրության բնույթն ու դրսևորման ձևը․ Աստված անվանվում է «բաալ−հեմագ՝ բարկության տիրակալ», Վուլգաթայում՝ «habens−furorem»՝ բացառապես Նրան պատկանող հատկանիշի իմաստով (եբրայերեն «բաալ» բառն այսպիսի իմաստ ունի տարբեր գոյականների հետ գործածվելիս, տե՛ս, օրինակ՝ Ելք 24։14, Ծննդ․ 37։19 և այլն), Յոթանասնից թարգմանության մեջ այն փոխանցված է որպես «εκδικων Κυριος μετα θυμου», իսկ սլավոներենում՝ «Տերը վրեժխնդիր է բարկությամբ»։
Վերջապես նշվում է Տեր Աստծու վրեժխնդրության առարկան՝ Նրա թշնամիները։ Որպես 2−րդ համարի՝ Աստծու բարկության և վրեժխնդրության մասին ողջ խոսքի վերջաբան և ընդհանրացում, դրված է «նոտեր հու լէոյեվավ» արտահայտությունը, այսինքն՝ բարկությունը պահում է Իր հակառակորդների համար, կարծես թե այն սնում է Իր մեջ (տե՛ս Սաղմ․ 102։9, Երեմ․ 6։5, 12)՝ առժամանակ զսպելով այն։ Թշնամիների և հակառակորդների ներքո պետք է հասկանանք ասորեստանցիներին, որոնց հանդեպ Տերը երկար ժամանակ ցույց է տվել Իր երկայնամտությունը, սակայն հետագայում Նա վրեժխնդիր է լինելու նրանցից բարկությամբ և ցասումով» (տե՛ս երանելի Հերոնիմոս. «Նավում մարգարեի մեկնության մեկ գիրք», Կիև, 1896, մաս 13, էջ 257)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն է վերացնում իր թշնամիներին:
(Արարատ թարգ․) Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։
(Գրաբար) Աստուած նախանձոտ եւ վրէժխնդիր Տէր, վրէժխնդիր է Տէր բարկութեամբ, եւ խնդրէ Տէր վրէժ ի հակառակորդաց իւրոց. եւ բառնայ ինքն զթշնամիս իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: