Երանելի սուրբ հայրապետ՝
չարչարեալ վասն Տեառն համբերեցեր,
յաղթելով բռնաւորին դասակից եղեր Վերնոցն:
Ճգնեալ նահատակեցար յերկրի.
յաղթող ի պատերազմի.
կոխելով զսատանայ, դասակից եղեր Վերնոցն:
Լուսաւորեալ երկնային լուսովն,
պայծառացեալ ի Հոգւոյն Սրբոյ.
բարեխօսեա՜ առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Յաւերժական յիշատակի արժանի եւ անմահական անուամբ տօնելի մեծագոյն հայրերից մէկը՝ երանելի սուրբ հայրապետ Աթանասը[1], որ ազգութեամբ եգիպտացի էր, ծնուել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում Դիոկղետիանոս կայսեր օրօք` Տիրոջ` մօտ 295 թուականին: Նրա հայրը՝ Մարկեղոսը, ու մայրը՝ Սողոմին, քրիստոնեայ եւ բարեպաշտ մարդիկ էին, ու ինչպէս Աննան Սամուէլին, այնպէս էլ նրանք իրենց զաւակին մանուկ հասակից ընծայեցին Աստուծոյ սպասաւորութեանը: Մանուկն աճում էր Հոգով եւ սնւում Տիրոջ խրատներով ու իմաստութեամբ: Դեռեւս վաղ հասակից նա առաջադէմ էր ուսման մէջ եւ իր պարկեշտ ու առաքինի վարքով բարի օրինակ՝ իր հասակակիցներին:
Մի օր՝ քաղաքի սուրբ Պետրոս հայրապետի յիշատակի օրը, տօնակատարութիւնից յետոյ, երբ երանելի Ալեքսանդրիոս հայրապետը եկեղեցու ժառանգաւորների հետ նստած հանգստանում էր ծովահայեաց մի բարձրաւէտ վայրում, տեսաւ ծովեզերքին խաղացող մատաղատունկ մանկանց: Նրանց մէջ էր մանուկ Աթանասը, ով եպիսկոպոս ձեւանալով՝ երեխաներից մէկին, ըստ խորհրդի կարգի, քահանայ էր ձեռնադրում, մէկ ուրիշին՝ սարկաւագ եւ մկրտում չմկրտուած երեխաներից նրանց, ովքեր կամենում էին: Այս տեսնելով՝ Ալեքսանդրիոս հայրապետն իր մօտ կանչեց իւրայիններին ու ցոյց տուեց մանուկների նորատեսիլ խաղը: Ապա շտապ նրանց իր մօտ կանչեց եւ հարցրեց. «Այդ ի՞նչ էիք անում»: Երեխաներն ամօթից կախել էին գլուխները, բայց երբ ստիպեցին պատասխանել, նրանք ասացին. «Ինչ որ անում են եկեղեցում, նոյնն էլ մենք էինք անում՝ մեզ առաջնորդ ունենալով այս Աթանասին»: Հայրապետը, նայելով Աթանասի շնորհազարդ տեսքին, սիրեց նրան ու պատուիրեց կարգել ուխտի մանկանց դասում, քանզի Հոգու յայտնութեամբ իմացաւ, որ մանկան այդ խաղը կանխատեսութիւնն էր այն հոգեւոր պաշտօնի, որը նա պիտի ստանձնէր իր ժամանակին: Նա Աթանասի հետ ընտրեց նաեւ նրա ընկերներից մի քանիսին, ծնողների համաձայնութեամբ նրանց մտցրեց եկեղեցական կարգի մէջ եւ տեղափոխեց հայրապետանոց:
Աթանասը տարիքին զուգընթաց առաջադէմ գտնուեց այլ գիտութիւնների ուսման եւ Սուրբ Գրքի սերտողութեան մէջ: Նա նաեւ փայլեց իր առաքինի վարքով, որի համար դարձաւ Ալեքսանդրիոս հայրապետի նօտարը 2, իսկ յետոյ նրա ձեռամբ սարկաւագ ձեռնադրուեց: Ժողովրդին ուսուցանելու եւ խնամարկելու գործում նա հայրապետի աջ ձեռքն ու բազուկն էր, քանզի իր երիտասարդ տարիքում ունէր ալեհեր ծերերի իմաստութիւն, պերճախօս էր լեզուով, փայլում էր Ճշմարտութեան հոգեշահ քարոզութեամբ, լի էր Սուրբ Հոգով եւ գերազանցում էր բոլորին: Ապրելով քաղաքում՝ նա առանձնասէր կեանք էր վարում եւ ոչնչով չէր տարբերւում մենակեացներից: Միշտ համակուած լինելով աստուածային խորհուրդներով՝ նա առաւել իր վարքով, քան թէ խօսքերով ամենքին հաստատում էր սուրբ հաւատի մէջ:
Այդ ժամանակներում՝ Մեծն Կոստանդիանոսի կայսրութեան տարիներին, գլուխ բարձրացրեց Ալեքսանդրիայի երէց Արիոսի չար հերձուածը, ով ուրանում էր Բանի աստուածութիւնն ու Հօր հետ Նրա համագոյութիւնը եւ հայհոյում՝ Որդուն արարած, այլ ոչ թէ Ծնունդ կոչելով: Եգիպտոսում Արիոսի առաջին վնասակար որոմների սերմանուելուն պէս Ալեքսանդրիոս հայրապետն անմիջապէս մերժեց նրան Եկեղեցու հետ հաղորդութիւնից: Նա Աթանասի գործակցութեամբ բազում միջոցներով ջանում էր արմատախիլ անել Արիոսի չար աղանդը, սակայն չէր կարողանում, որովհետեւ արքունի մեծամեծ իշխանների ու եպիսկոպոսների շարքերում օրէցօր ստուարանում էին նրա կողմնակիցները: Իսկ Եւսեբէոս Նիկոմիդացին՝ Արիոսի գլխաւոր կուսակիցը, շնորհ գտնելով աւագանու առջեւ, ամբաստանում էր Աթանասին, թէ նա ունայն խնդրի պատճառով խռովութիւն է գցում Եկեղեցու մէջ: Այնժամ խաղաղութեան հաստատման համար Կոստանդիանոսի հրամանով Ալեքսանդրիայում ժողով գումարուեց, որը որևէ արդիւնք չտուեց: Բայց երբ իրավիճակն առաւել սրուեց, Տիրոջ 325 թուականին 318 հայրապետների մասնակցութեամբ Նիկիայում սուրբ ժողով գումարուեց: Նրանց թւում էին նաեւ Ալեքսանդրիայի Ալեքսանդրիոս պատրիարքը եւ նրա Աթանաս աւագ սարկաւագը: Այդ ժողովում Աթանասն իր աստուածապարգեւ քարոզութեամբ յաղթող ախոյեան հանդիսացաւ ընդդէմ Արիոսի: Ժողովին մասնակից սուրբ հայրերը սքանչացան նրա զօրաւոր, հոգելից խօսքերից, իսկ արիոսական դասի պատուիրակները սրտի չարութիւնից իրենց ատամներն էին կրճտացնում նրա վրայ:
Երբ սուրբ հայրերը նստեցին խորհրդի՝ շարադրելու հաւատի հանգանակը, որը պէտք է լինէր Արիոսի աղանդը ոչնչացնող մի հիմնադրոյթ, սկզբում որոշակի ոչինչ չսահմանեցին, մինչեւ չեղանակուէր անաղարտելին: Այդ օրերին Ալեքսանդրիոս հայրապետն ու Աթանասը դարձան իրենց օթեւանները: Երբ Աթանասն առանձնացաւ իր սենեակում, Սուրբ Հոգին երեւաց նրան իր հայրապետ Ալեքսանդրիոսի տեսքով, եւ որպէս թէ դրսից ներս մտնելով՝ Աթանասին ասաց. «Որդեա՛կ, վերցրո՛ւ թուղթ ու գրիչ եւ գրի՛ր այն, ինչ այժմ կ'ասեմ քեզ, որպէսզի այն բոլորի առջեւ կարդաս ժողովում»: Հնազանդուելով այս պատուէրին՝ նա գրեց Հանգանակի խօսքերը. «Հաւատում ենք մի Աստուծոյ» եւ այլն՝ ըստ կարգի: Երբ վերջացրեց գրելը, Նա, Ով յայտնուեց իրեն, դուրս եկաւ ու աներեւոյթ եղաւ: Մօտ մէկ ժամ անց, մինչ Աթանասն ընթերցում էր իր գրածը, եկաւ Ալեքսանդրիոս հայրապետը, ով տեսնելով նրան ինչ-որ գիր վերծանելիս հարցրեց. «Այդ ի՞նչ ես կարդում, որդեա՛կ»: Աթանասը պատասխանեց. «Այն, տէ՛ր իմ, ինչ որ քիչ առաջ թելադրեցիր ինձ»: Զարմացաւ Ալեքսանդրիոս հայրապետը եւ լսելով ընթերցուածը՝ ոչինչ չասաց, քանզի հոգով տեսաւ աստուածային տնօրինութեան առաջնորդութիւնը:
Դարձեալ հաւաքուեցին ժողովի մասնակիցները, ու երբ սկսեցին քննարկել հաւատի սահմանումը, Աթանասը թուղթը տուեց իր հայրապետին եւ ասաց. «Տէ՛ր իմ, ահաւասիկ այն խօսքերը, որոնք գրի առայ քո հրամանով՝ ժողովի սուրբ հայրերի առաջ կարդալու համար», իսկ հայրապետը պատուիրեց նրան այն ընթերցել ի լուր ամէնքի: Եւ երբ Աթանասն իր հոգելից բերանով կարդաց Սուրբ Հոգու թելադրանքը, բոլոր հայրապետները բարեպաշտ Կոստանդիանոս թագաւորի ու նրա պաշտօնեաների հետ միաբան հաւանութեամբ այն մեծ ընդունելութեան արժանացրին: Այն հաստատեցին որպէս հաւատի ուղղափառ սահմանում՝ խոստովանելով համագոյ եւ միասնական Ամենասուրբ Երրորդութեանը, դաւանելով Որդուն որպէս Աստուած՝ Հայր Աստծուց, Ծնունդ, այլ ոչ թէ արարած, ու վերջում յաւելելով նզովք՝ ուղղուած ընդդէմ հայհոյել յանդգնողների:
Ժողովից հինգ ամիս անց երանելի Ալեքսանդրիոս հայրապետը մերձիմահ հիւանդացաւ: Բոլորը նրանից յետոյ ակնկալում էին Աթոռին տեսնել Աթանասին, իսկ Աթանասը, այս իմանալով, պատճառաբանեց, թէ հայրապետի կողմից յանձնարարութիւն ունի եւ խոյս տուեց անյայտ մի ուղղութեամբ: Ալեքսանդրիոս հայրապետը Հոգու յայտնութեամբ գիտէր Աթանասի՝ որպէս յաջորդ հայրապետ ընտրեալ լինելու մասին, եւ մինչ շունչը բերանում էր, իր մահճից կանչեց Աթանասին, սակայն Աթանասն այդտեղ չէր, ու լսողներին թուաց, թէ նա մէկ ուրիշին է կանչում: Ներս մտաւ Աթանաս անունով մէկ այլ սպասաւոր եւ հարցրեց. «Ի՞նչ կը հրամայես, տէ՛ր»: Իսկ սուրբ հայրապետը նրան չպատասխանեց, այլ դարձեալ ու դարձեալ կանչեց. «Աթանա՛ս, Աթանա՛ս»: Այնժամ ներկաները հասկացան, որ նա իր երանելի Աթանաս սարկաւագին է կանչում եւ ասացին. «Տէ՛ր, նա այստեղ չէ, այլ քո հրամանով տեղ է գնացել»: Հայրապետն ասաց. «Աթանա՛ս, կարծում ես փախչելով կը փախչե՞ս»: Եւ յայտնեց բոլորին, որ նա պէտք է ստանձնի առաջնորդութեան պատիւն ու մեծամեծ փորձութիւններ կրի, որն այդպէս էլ եղաւ, քանզի սուրբ Ալեքսանդրիոսի վախճանից յետոյ, գտնելով երանելի Աթանասին, բերեցին եւ հաւաքուած բոլոր եպիսկոպոսների պահանջով նրան ձեռնադրեցին եպիսկոպոս ու սուրբ Մարկոս աւետարանչի Աթոռի պատրիարք:
Եւ անասելի ուրախութիւն տիրեց բոլոր ուղղափառներին, որովհետեւ ճանաչում էին նրան որպէս քաջ հովուի ու հզօր ախոյեանի` ընդդէմ արիոսական ապականիչ գայլերի: Նրանք ասում էին, թէ Աստուած մեզ համար փրկութեան եղջիւր բարձրացրեց՝ հաւատի թշնամիների զօրութիւնը խորտակելու համար: Եւ սրան հակառակ՝ մեծ խռովութիւն տիրեց բոլոր հերձուածողներին, ասես մթագին ամպ էր պատել նրանց: Սկսեցին այս ու այնտեղ չար լուրեր տարածել Աթանասի մասին, որպէսզի կարողանային բոլորին թշնամացնել նրա դէմ եւ ջնջել նրա բարի համբաւը, որը հայրապետութեան Աթոռին նստելուց յետոյ աւելի ու աւելի էր հռչակւում ամենուր եւ տեսանելի նշաններով առաւել սքանչելի դառնում:
Երբ նա առաջին անգամ, զարդարուած հայրապետական զգեստներով, բեմ ելաւ՝ կատարելու Տիրոջ Մարմնի ու Արեան մեղսաքաւիչ Խորհուրդը, առջեւում կանգնած բազմաթիւ եպիսկոպոսների, քահանայից դասի եւ ուխտի մանկանց առջեւ յանկարծ բացուեց տաճարի վերնայարկը, ու տաճարից ներս առատ լոյս հեղուեց: Եւ մինչ երանելի Աթանասը, լոյսի սաստկութիւնից սարսելով, մեծ հիացմունքի մէջ էր, նայեց վեր ու տեսաւ ցած իջնող իւղով լի մի անօթ եւ սուրբ Սեղանի շուրջ պար բռնած անմարմին զօրքերի բազմութեանը: Երբ հայրապետն իր ձեռքն առաւ սուրբ Խորհուրդը, տեսաւ Նրան՝ փառաց Արքային, Աստուծոյ Միածին Բանին՝ բազմած իր ձեռքերի վրայ, ինչպէս Գահին: Նա վերցրեց հացը, շաղախեց Նրա անապական Մարմնի հետ, ապա բացեց Նրա Կողը ու Նրա պատուական Արիւնը լցրեց սկիհի մէջ: Եւ սա երեւաց ոչ միայն հայրապետին, այլեւ բեմի առջեւ գտնուողներին, որոնցից մէկն էր նրա աշակերտ Տիմոթեոսը, ով էլ պատմեց այս ամէնը: Բոլոր ներկաները համակուեցին ահով ու մեծ սոսկումով: Երբ սուրբ հայրապետն արտասուքներով հանդերձ աւարտեց խորհրդական աղօթքները, Տէրը հրեշտակների հետ երկինք համբարձուեց, իսկ Սուրբ Հոգին, սաւառնելով աղաւնակերպ թեւերով, իջաւ փրկական Խորհրդի վրայ: Հայրապետի գոհաբանական աղօթքից յետոյ տեսիլն աներեւոյթ եղաւ: Նա մեծ երկիւղով հաղորդուեց սուրբ Խորհրդին, բաշխեց իր պաշտօնակիցներին, ապա սկսեց մատուցել նաեւ ժողովրդին:
Եւ ահա մարդկանց բազմութեան միջից մէկը, ով համարձակուեց անարժանութեամբ մերձենալ սուրբ Խորհրդին, բոլորի առջեւ անմիջապէս հրկիզուեց ու մեռաւ: Դարձեալ մէկ ուրիշն էլ, ով յանդգնեց մօտենալ անմաքուր սրտով, իսկոյն մոլագար դարձաւ եւ սկսեց կծոտել իր մարմինը: Այս տեսնելով՝ բոլորն ահաբեկուեցին, ու այլեւս ոչ ոք չհամարձակուեց մօտենալ ահաւոր Խորհրդին: Այնժամ սուրբ հայրապետն աստուածիմաստ խօսքերով խրատեց ժողովրդին՝ մէջբերելով առաքելական այն խօսքերը, թէ՝ «Թող մարդ նախ ինքն իրեն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետեւ ով ուտում է եւ խմում անարժանութեամբ, իր իսկ դատապարտութիւնն է ուտում ու խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ Մարմինը» [Ա Կորնթ. ԺԱ 28−29]: «Այդ պատճառով, - ասում էր, - պէտք է մաքուր լինել հոգով եւ մարմնով, պէտք է մաքրել սիրտն ամէն տեսակ աղտեղութիւններից ու միայն առանց խղճմտանքի մօտենալ սրբութիւնների Սրբութեանը եւ ընդունել անմատոյց լոյսի մէջ Բնակուողին»: Այսպէս հայրապետն իր մէջ բնակուող Հոգու տւչութեամբ ու երկնային վարդապետութեան քարոզութեամբ, նաեւ իր պատկառելի անձով եւ անարատ վարքով բոլորին դարձնում էր իր խօսքի ունկնդիրը: Ամէն բանում հեզ ու խոնարհ իր անձը ծառայեցնում էր թէ՛ մեծերին, թէ՛ փոքրերին, եւ իբրեւ աղքատների գորովագութ հայր ու ախտաւոր հոգիների ամենաճար բժիշկ՝ մէկ առ մէկ կարեկից էր լինում նրանց բոլոր վշտերին եւ դարմանում:
Իր հօտը հովուելու այս բոլոր հոգսերի հետ մէկտեղ նա ունէր հոգու սքանչելի հանդարտութիւն, աղօթասէր էր ու ճգնասէր: Անդադար ընթերցում էր Սուրբ Գիրքը եւ շարադրում հոգեշահ վարդապետութիւն: Այս ամէնով հանդերձ` նա անհամեմատելի էր եւ աւելին՝ խոստովանող հայրերի մէջ նա միակն էր, ով անպարտելի համբերութեամբ կրեց նեղութիւններ ու հալածանքներ թէ՛ օտարներից, թէ՛ սիրելիներից, թէ՛ թշնամիներից, թէ՛ հաւատակիցներից: Գրեթէ ողջ տիեզերքը զինուեց նրա դէմ. իշխաններն ու թագաւորները, քահանաները եւ եպիսկոպոսները միաբանուեցին ընդդէմ նրա: Անհնար է գրով բովանդակել այն ամէնը, ինչ որ կրեց ճշմարտութեան անպարտելի նահատակը, այլ շատից քիչը ասելով՝ կը պատմենք, թէ ինչպէս սկսուեցին նրա հալածանքները:
Դեռեւս Մեծն Աթանասի սարկաւագութեան տարիներից Արիոսի համախոհները ոխ ունէին նրա դէմ, քանզի ասում էին, թէ Ալեքսանդրոս հայրապետի՝ Արիոսին մերժողն ու խրատատուն միմիայն Աթանասն է: Իսկ երբ Նիկիայի ժողովում գործնականօրէն տեսան նրա ուղղափառ հաւատի նախանձախնդրութիւնը, առաւել չարացան նրա դէմ: Ժողովից յետոյ արքունի հրամանով աքսորուեցին Արիոսի կուսակիցները, որոնցից գլխաւորներն էին եպիսկոպոս Եւսեբէոս Նիկոմիդացին եւ Թէոգնէոս Նիկէացին, իսկ երբ Աթանասը նստեց Ալեքսանդրիայի հայրապետութեան Աթոռին, ոչ ոք չէր համարձակւում ընդդիմանալ նրան: Սակայն շատ չանցած, առերես կեղծ ապաշխարութիւն ցոյց տալով՝ Կոստանդիանոսի քրոջ՝ Կոստանդիայի միջնորդութեամբ աքսորուածները վերադարձան եւ քիչ-քիչ զօրանալով՝ սկսեցին աթոռներից հեռացնել ուղղափառ եպիսկոպոսներին՝ նրանց փոխարէն նստեցնելով արիոսականներին: Մեծ ջանքեր գործադրեցին ընդդէմ Աթանասի, չարանենգ հնարքներ նիւթեցին ու անգամ հաւատացրին Մեծն Կոստանդիանոսին, թէ Արիոսը կը դաւանի Նիկիական հաւատին:
Այդպէս թագաւորից հրաման առնելով՝ նրան յետ բերեցին աքսորից եւ ուղարկեցին Ալեքսանդրիա: Բայց քանի որ Աթանասն իր ուղղափառ հօտով չընդունեց նրան Եկեղեցու հետ հաղորդութեան մէջ, Արիոսը յարեց իր նախկին համախոհներ մելիտոսեաններին, ովքեր թէպէտ երկու երես ունէին, բայց առաւել համամիտ էին Եւսեբէոսին: Այդ պատճառով սուրբ Աթանասն իրենից իսպառ հեռացրեց նաեւ մելիտոսեան դասին: Լսելով այս մասին՝ Եւսեբէոս Նիկոմիդացին սաստիկ բարկութեամբ սպառնաց Աթանասին, բայց որպէսզի ծածկի իր չարութիւնը, կեղծապատիր, սիրալիր ու համոզիչ խօսքերով լի մի նամակ գրեց նրան՝ յորդորելով ընդունել Արիոսին եւ նրան յարողներին: Իսկ Մեծն Աթանասը համարձակ պատասխանեց. «Անհնար է, որ ես հաղորդակցուեմ չար հերձուած սերմանողների ու Ճշմարտութեան թշնամիների հետ, ովքեր դատապարտուեցին տիեզերական սուրբ ժողովի կողմից»: Այնժամ Եւսեբէոսը, լցուած ցասումով, Կոստանդիանոսի առջեւ չարախօսեց Աթանասից եւ ասաց. «Միայն նա է, որ յանդգնում է խռովութիւն գցել Աստուծոյ Եկեղեցում եւ պառակտել քրիստոնեաներին»: Եւ այնքան ամբաստանեց ու բանսարկութիւններ արեց, որ արքան մի սպառնալից նամակ գրեց Աթանասին, ըստ որի՝ նա պէտք է կամ ընդունէր Արիոսին եւ նրան յարող կարծեցեալ ապաշխարողներին, կամ էլ չակնկալէր մնալ իր Աթոռին: Իսկ սուրբ Աթանասը պատասխան ուղարկեց թագաւորին, որում գրուած էր. «Չի՛ կարող լինել որեւէ հաղորդութիւն ուղղափառ Եկեղեցու եւ քրիստոսամարտ հերեսիովտապետի 3 միջեւ»:
Արքան սաստիկ բարկացաւ Աթանասի այս համարձակ պատասխանից, իսկ նենգամիտ Եւսեբէոսը, օգտագործելով այս առիթը, նամակ գրեց Ալեքսանդրիա՝ Մելիտիանոսին, որպէսզի շտապ կերպով թագաւորի մօտ Աթանասին ամբաստանող նիւթեր բերի: Այնժամ գրեցին՝ ով ինչպէս եւ ինչ կամեցաւ: Սրանց միաբանուեցին նիկոմիդացի իրենց համախոհները: Այդ ժամանակ Նիկոմիդիայում էին գտնւում Աթանասի երէցները՝ Ապիսն ու Մակարը, ովքեր, կանգնելով ինքնակալի առջեւ, հերքեցին նրանց բոլոր չարախօսութիւնները:
Սրանից յետոյ Եւսեբէոսի դրդմամբ իրենց չարախօսութիւններով հանդէս եկան մելիտոսեանները՝ ասելով, թէ իբր Աթանասը նիւթապէս սատար է եղել թագաւորի դէմ ապստամբող մէկին, եւ առաջ բերեցին նման այլ յերիւրանքներ: Այնժամ կայսրը կանչել տուեց Աթանասին, որպէսզի նա պատասխանի մելիտոսեանների մեղադրանքներին: Աթանասը եկաւ, ատեանի առջեւ քննուեցին հակառակութեան բոլոր պատճառները, ու բացայայտուեցին չարախօսների ողջ կեղծիքները: Այնժամ կայսրը մերժելով հեռացրեց նրանց, իսկ Աթանասին պատուով ճանապարհեց իր տեղը եւ ալեքսանդրացիներին մի հրովարտակ յղեց՝ պատգամելով ընդունել իրենց արժանաւոր հովուին՝ որպէս Աստուծոյ մարդու:
Այնուհետեւ մելիտոսեաններն այլ չարիքներ եւս նիւթեցին. իրենց համախոհ Արսէնիոս եպիսկոպոսին, ով Եգիպտոսի կողմերից էր, փախցրին մի օտար երկիր եւ լուր տարածեցին, թէ Աթանասը նրան դաւադրութեամբ սպանել է տուել: Ի հաստատումն իրենց անհեթեթ յայտարարութեան՝ ինչ-որ մէկի կտրուած ձեռքն այս ու այն կողմ էին տանում՝ տարածելով, թէ դա Արսէնիոսի ձեռքն է: Այս պատճառով եպիսկոպոսների, դատաւորների եւ նաեւ արքայի միջեւ նամակների երթեւեկութիւն էր գնում, եւ բոլոր տեղերում քրթմնջիւններ էին լսւում: Սակայն Մեծն Աթանասը, անխռով մնալով, մարդիկ ուղարկեց՝ որոնելու Արսէնիոսին: Երբ գտան, թէպէտ նա սկզբում հրաժարուեց՝ ասելով, թէ ինքը չէ Արսէնիոսը, սակայն պարտուելով իրեն քաջ ճանաչող շատ վկաներից՝ խոստովանեց իր ով լինելը, մինչեւ անգամ հեռացաւ իր համախոհներից ու յարեց Աթանասին: Նրան հետեւեցին նաեւ նոյն մելիտոսեան հերձուածից շատերը եւ լրացրին ուղղափառների շարքերը:
Մինչ տարածուելը, թէ Արսէնիոսը գտնուել է ու ողջ է, արիոսականները ստիպեցին ինքնակալին, որ Աթանասի հարցը քննելու համար Տիւրոսում եպիսկոպոսական ժողով գումարի, քանզի ասում էին՝ նրա մասին բազում չարիքներ են պատմում: Կայսրը լուր ուղարկեց Աթանասին, որպէսզի իր եպիսկոպոսներով հանդերձ գայ Տիւրոս եւ ժողովի առջեւ պատասխանի իրեն մեղադրողներին: Իսկ սուրբ Աթանասը թէպէտ գիտէր թշնամիների պատրող հնարքները, խոնարհաբար ընդունեց արքունի հրամանը ու իր հետ վերցնելով Եգիպտոսի 49 եպիսկոպոսներ՝ գնաց այդ ժողովին՝ ծածկաբար իր հետ տանելով նաեւ Արսէնիոսին: Ըստ կայսերական հրամանի՝ տարբեր տեղերից եկել էին շատ եպիսկոպոսներ: Ժողովը բացել եւ գլխաւորում էին արիոսականներն ու եւսեբէականները, ովքեր իրենց ոչ քիչ թուով գործակիցներն ունէին նաեւ Աթանասի դատը վարողների մէջ:
Երբ սկսուեց ժողովը, արքունի դատաւորների առջեւ Աթանասին առաջինն սկսեցին ամբաստանել եւսեբէականները՝ մեղադրելով, թէ իբր նա օթեւանել է մի կնոջ մօտ եւ բռնութեամբ կենակցել նրա հետ: Եւ սա պնդում էին վստահեցնելով, քանզի կաշառելով որսացել էին մի անզգամ կնոջ, որպէսզի սա ատեանի առջեւ վկայի, թէ Աթանասը բռնաբարել է իրեն: Այդ կնոջ չար ամբաստանութեան ժամանակ Աթանասը դրսում էր: Երբ նրան ներս կանչեցին ու պահանջեցին պատասխանել, նա վերցրեց վերը յիշատակուած իր Տիմոթէոս աշակերտին եւ պատուիրեց նրան, որ իր փոխարէն ինքը պատասխաններ տայ կնոջը, որպէս թէ ինքն է Աթանասը: Եւ երբ կինն իր խրատատուների թելադրանքով սկսեց խօսել, Տիմոթէոսը նրան ասաց. «Արդարե՞ւ, ո՛վ կին, երբեւէ ես իջեւանե՞լ եմ քո տանը կամ այդպիսի արա՞րք եմ գործել»: Կինը լրբանալով ասաց. «Այո՛, այո՛, դու՝ աներկի՛ւղդ Աստծուց ու բոլոր մարդկանցից անպատկա՛ռդ, բռնադատեցիր ինձ եւ վերացրիր իմ պարկեշտութեան ծաղիկը»: Ապա դառնալով դատաւորներին՝ ասաց. «Երդւո՛ւմ եմ Տիրոջով, որ այս մարդն էր, որ անարգեց ինձ»:
Այս խօսքերի վրայ ժողովի բազմութիւնը՝ դատաւորներով հանդերձ, ծիծաղեց եւ ատեանից հեռացրեց անզգամ կնոջը: Ամօթից կարմրած թշնամիները կանգնեցին գլխիկոր ու խայտառակուած եւ յոյժ զարմացան Աթանասի իմաստութեան վրայ, ով իր լռութեամբ հրապարակեց իր անմեղութիւնը: Այնժամ դատաւորները կամեցան պատժել կնոջը ու քննութեան ենթարկել նրա խրատատուներին, բայց եւսեբէականները, որոնց ձեռքում էր ատեանի իշխանութիւնը, խափանեցին այդ որոշումը եւ սկսեցին այլ նոր ամբաստանութիւններ բերել ընդդէմ Աթանասի, բայց ոչինչ չկարողացան հաստատել: Ամբաստանում էին, թէ նա օրէնքից դուրս, խաբէութիւններով ու բռնութեամբ է տիրացել պատրիարքութեան Աթոռին, որի համար առաջ բերեցին իբր ժողովրդի անունից ընդդէմ Աթանասի գրուած մի ստայօդ բողոք-գրութիւն: Եւ երբ ամէն բանում արդար գտնուած երանելի Աթանասը դէմ յանդիման մերկացրեց իրեն չարախօսողների՝ կարկատուն խօսքերով կեղծիքները, այնժամ ցոյց տուեցին իբր Արսէնիոսի կտրուած ձեռքը՝ որպէս Աթանասի կողմից գործուած արիւնահեղութեան նշան: Աթանասը նրանց հարցրեց. «Իրօ՞ք դա Արսէնիոսի ձեռքն է: Դուք ճանաչո՞ւմ եք Արսէնիոսին»: Նրանք միաբերան ասացին. «Այո՛, ճանաչում ենք, եւ սա նրա ձեռքն է»: Այնժամ Աթանասը իւրայիններին ակնարկեց ներս բերել Արսէնիոսին, ով մինչ այդ ծածկուած էր մնում: Երբ նա ներս մտաւ, Աթանասը նրան մօտեցրեց դատաւորին, վեր բարձրացրեց նրա երկու ձեռքերն ու ասաց. «Արդեօք սա չէ՞ այն Արսէնիոսը, որի համար պնդում էք, թէ սպանուած է: Ահա նրա աջ եւ ձախ ձեռքերը հաստատուն ու ողջանդամ իրենց տեղերում են: Իսկ թէ դա ո՞ւմ հատուած ձեռքն է, թող քննեն դատաւորները»: Ապշեցին բոլոր ներկաները, քանզի Աթանասի թէ՛ բարեկամներից եւ թէ՛ թշնամիներից շատերը քաջ ճանաչում էին Արսէնիոսին, ով կանգնած էր իրենց առջեւ՝ կենդանի ու ողջանդամ, եւ որի համար տարածուած էր, թէ նա սպանուել է Աթանասի կողմից կազմակերպուած դաւադրութեամբ: Այնժամ ոսոխները, ընկնելով անելանելի իրադրութեան մէջ, սկսեցին աղաղակել. «Մո՛գ է Աթանասը, կախա՛րդ ու հմայո՛ղ»: Եւ այնչափ փրփրեցին, որ տեղում կը յօշոտէին նրան, եթէ չլինէր արքունի աւագ դատաւոր Արքեղայոս մեծ պատրիկը:
Սրանից յետոյ եւսեբէականները մէկ ուրիշ բան էլ ձեռնարկեցին. մարդիկ ուղարկեցին Ալեքսանդրիա եւ նրա մերձակայ շրջանները, որպէսզի բնակչութեանն ահաբեկելով՝ ընդդէմ Աթանասի գրաւոր սուտ վկայութիւններ հաւաքեն: Ժողովրդի մէջ կային նրանց մերժողներ, որոնց այնքան պատուհասեցին, որ մեծ աղմուկ ու իրարանցում ընկաւ Եգիպտոսում: Իմանալով այս մասին՝ Աթանասը խոյս տուեց Տիւրոսից եւ դիմեց դէպի Կոստանդնուպոլիս՝ Կոստանդիանոս կայսեր մօտ՝ տեղեկացնելու եւսեբէականների անկարգութիւնների ու չարագործութիւնների մասին: Իսկ թագաւորը, պաշարուած լինելով իր մօտ յաճախող եպիսկոպոսների եւ քահանաների՝ Աթանասի դէմ ուղղուած բազմադիմի ամբաստանութիւններով ու զրպարտութիւններով, հրամայեց Տիւրոսում ժողովուած եպիսկոպոսներին գնալ Երուսաղէմ, այնտեղ կատարել Փրկչի տաճարի նաւակատիքը, որն ինքն էր կառուցել, եւ ապա վերադառնալով՝ առանց խռովութեան քննել Աթանասի դատը: Սակայն եւսեբէականները նախքան կայսեր նամակը ստանալը Աթանասի՝ Տիւրոսից խոյս տալու պատճառով նրան հռչակեցին մեղաւոր ու արժանի հեռացուելու իր Աթոռից: Ապա գալով Երուսաղէմի ժողովականների մօտ՝ Եկեղեցու համար խոչընդոտ եւ անարժան համարեցին Աթանասի Աթոռին նստելը ու որոշեցին արիոսականներին Եկեղեցի մտցնել: Բայց քանի որ ուղղափառ դասին պատկանող որոշ եպիսկոպոսներ քաջութեամբ դէմ կանգնեցին նրանց, թշնամիները ոչինչ չկարողացան անել, բացի օրէցօր ծաւալուող մեծ խռովութիւններ առաջացնելուց:
Այս ամէնը հասաւ Կոստանդիանոսի ականջին, եւ նա հրաման տուեց, որ Աթանասի դէմ հակառակութիւն ունեցող բոլոր եպիսկոպոսները հաւաքուեն իր մօտ, որպէսզի անձամբ լսէր նրանց դատը: Այնժամ Եւսեբէոս Նիկոմիդացին աճապարելով իր հետ վերցրեց իրեն համախոհ պարագլուխներին ու բոլոր ջանքերով խափանելով Աթանասի ջատագովների մուտքը արքայի մօտ՝ միայն իր իւրայիններով ներկայացաւ կայսրին: Ծանրածանր ամբաստանութիւններ առաջ բերելուց յետոյ կեղծ վկաների միջոցով կամեցաւ հաստատել նաեւ այն կեղծիքը, թէ իբր Աթանասը յոխորտացել է ընդդէմ ինքնակալի եւ յայտարարել, թէ ինքը կարող է արգելել, որ Կոստանդնուպոլսից Ալեքսանդրիա ցորեն բերեն: Այս խօսքերից կայսրը յոյժ վրդովուեց ու առանց ստուգելու իրողութիւնը իսկ եւ իսկ հրաման տուեց աքսորել Աթանասին դէպի հեռաւոր գաղղիացիների երկիրը: Այս վճռից մեծ ուրախութիւն տիրեց եւսեբէականներին ու նրանց արբանեակներին, քանզի ակնկալում էին իւրայիններից մէկին նստեցնել Ալեքսանդրիայի պատրիարքութեան Աթոռին, սակայն կայսրը չհամաձայնուեց, եւ այդպէս Աթոռը միառժամանակ մնաց առանց հովուի:
Իսկ երանելի Աթանասը, Եկեղեցին յանձնելով Աստուծոյ ապաւինութեանը, անխռով հոգով ու խնդութեամբ տարաւ բոլոր հալածանքները, որոնք եղան Տիրոջ 336 թուականին, որովհետեւ գիտէր, որ ինքն անմեղ էր այդ բոլոր մեղադրանքներում: Եւ հասնելով սահմանից դուրս գտնուող Տրեւերիս Օգոստա կոչուող մի վայր՝ հանգրուանեց այնտեղ, ուր Սուրբ Գրքի անդադար ընթերցանութեամբ եւ աղօթքներով, իր աստուածիմաստ խօսքերով ու նամակներով հոգեւոր մեծ նպաստ բերեց Արեւմուտքի բնակչութեանը:
Մինչ Մեծն Աթանասը գտնւում էր աքսորավայրում, եւսեբէականները ջանացին, որ ժանտ Արիոս Ալեքսանդրացին, ով մինչ այդ ողջ էր եւ ատելի էր ուղղափառներին, հաղորդութեան մէջ մտնի հաւատացեալների հետ ու սողոսկի Եկեղեցի: Եւ երբ սուտ եպիսկոպոսներն այս խնդրանքով դիմեցին ինքնակալ Կոստանդիանոսին, կայսրն իր մօտ կանչեց Արիոսին եւ հարցրեց. «Արդեօք հաւատարմօրէն կը պահես Աստուծոյ ընդհանրական Եկեղեցու հաւատը»: Իսկ անօրէնը, արքայի առջեւ սուտ երդում տալով, հանդէս եկաւ որպէս ուղղափառներին հաւատակից ու նրանց միաբան: Այնժամ կայսրը նրան ասաց. «Եթէ անկեղծ երդուեցիր, ապա ուղիղ է քո հաւատը, իսկ եթէ ոչ, ապա ըստ քո երդման՝ թող Աստուած Ինքը քեզ դատի»,- եւ արձակեց խաղաղութեամբ: Եւ մինչ ցնծում էին արիոսականները, նոյն օրը դաժան մահով մեռաւ Արիոսը, եւ ամօթահար եղան նրա բոլոր արբանեակները:
Բայց ալեքսանդրացիներն ու Եգիպտոսի բոլոր մենակեացները դեռեւս սգում էին իրենց քաջ հովուից՝ Աթանասից զրկուած լինելու համար եւ յաճախակի աղաչում էին կայսրին՝ նրան Աթոռ վերադարձնելու համար: Այս նոյն խնդրանքով արքային դիմեց նաեւ անապատի զարդ երանելի հայր Անտօնը՝ յայտարարելով, թէ Աթանասի դէմ եղած բոլոր ամբաստանութիւնները չարափառների ստայօդ հնարքներն են: Իսկ կայսրը չէր կարողանում հաւատալ դրան, քանզի ասում էր. «Եթէ հասարակ ժողովրդից մէկը քննադատէր նրան, ոչինչ չէի անի, բայց ինչպէ՞ս վարուեմ այն դեպքում, երբ Աստուծոյ եպիսկոպոսների ու քահանաների ժողովն է նրան մեղադրում»: Նա չէր ճանաչում նրանց նենգութիւնը եւ միայն յետոյ, երբ տեսաւ նրանց չարութիւնն ու Աթանասի անմեղութիւնը, խոստացաւ աքսորավայրից անմիջապէս յետ բերել Աթանասին: Բայց իր խոստումը դեռ չկատարած՝ վրայ հասաւ աստուածասէր թագաւորի՝ Կոստանդիանոսի վախճանը, ով նախքան իր մահը կտակով պատգամել էր Աթանասին իր Աթոռին վերադարձնել:
Երբ Տիրոջ 337 թուականին նրան յաջորդեցին իր երեք որդիները՝ աւագ որդին՝ Կոստանդինը, ով կրտսեր որդու՝ Կոստասի հետ թագաւորում էր Արեւմուտքում, իսկ միջնեկ որդին՝ Կոստանդը՝ Արեւելքում, յետաձգուեց Աթանասի դարձը, որովհետեւ Արեւելքի Կոստանդ կայսրը, ում ձեռքում էր գտնւում կտակը, համամիտ եղաւ արիոսականներին եւ անփոյթ գտնուեց կատարելու իր հօր պատուէրը: Սակայն Արեւմուտքի Կոստանդին կայսրը, համոզելով Կոստանդին, երկու տարի ու չորս ամիս աքսորավայրում մնալուց յետոյ Աթանասին պատուով վերադարձրեց իր Աթոռին: Անպատմելի ուրախութիւն տիրեց նրա հօտին, եւ ուղղափառների դասը զօրութիւն հագաւ: Իսկ երանելու թշնամիները, նախանձելով նրա փառքին ու անհանգստանալով, որ միգուցէ նա հաճոյ կը գտնուի Կոստանդ կայսեր աչքին եւ նրան կը ձգի ուղղափառների կողմը, սկսեցին արքայի առջեւ Աթանասի վրայ անթիւ ամբաստանութիւններ բարդել եւ նաեւ պատճառաբանել, թէ քանի որ նա հեռացուել է եպիսկոպոսական ժողովով, ապա ըստ օրէնքի՝ պէտք է ժողովի որոշմամբ էլ վերադառնայ այնտեղից: Իրենց այս նոյն պահանջը ներկայացրին նաեւ Արեւմուտքում՝ Կոստանդինին ու Կոստասին: Ապա բարդեցին նաեւ այլ չարախօսութիւններ՝ ամբաստանելով Աթանասին որպէս քաղաքական օրէնքների մէջ յանցաւորի: Կոստանդից հրաման առնելով՝ նրանք ժողովուեցին Անտիոքում եւ գլխաւոր առաջնորդներին Աթանասից տեսակ-տեսակ ամբաստանութիւններ ներկայացրին, որպէսզի նրան միաձայն հեռացնէին Աթոռից: Կամենալով վախեցնել Աթանասին՝ գրութիւն ուղարկեցին նաեւ Հռոմի երանելի Յուլիոս հայրապետին ու թախանձեցին, որպէսզի մեծ ժողով գումարի եւ դատաւորը լինի ինքը՝ հայրապետը: Այս մասին տեղեկանալով՝ Աթանասը պատուիրակներ ուղարկեց Յուլիոսի մօտ ու հերքեց չարախօսների զրպարտութիւնները: Այնժամ Եգիպտոսի եւ նրա մերձակայ շրջանների ուղղափառ եպիսկոպոսները հաւաքուեցին Ալեքսանդրիայում եւ իրենց Աթանաս հայրապետի մասին չարափառների սուտ ամբաստանութիւնները հերքող նամակներ գրեցին Յուլիանոսին ու այլ Աթոռներին՝ հասկացնելով, որ նրանց բոլոր ջանքերը նպատակամղուած են իրենց աղանդը տարածելուն, որոնց ջախջախիչ հարուած հասցնողը Աթանասն է: Այլ երեւելի եպիսկոպոսներ եւս նոյն կարգով գրեցին Յուլիոս հայրապետին եւ միաբան վկայեցին ճշմարտութիւնը: Ապա Յուլիոսը նամակ գրեց Աթանասին ու նրան ամբաստանողներին, որպէսզի բոլորն անյապաղ գան Հռոմ, եւ օրինական ժողովի միջոցով խաղաղութիւն հաստատուի: Երանելի Աթանասը յօժարութեամբ ճանապարհուեց դէպի Հռոմ, որից հակառակորդները յոյժ զարմացան, որովհետեւ չէին սպասում, որ նա կը գայ մեծ վստահութեամբ: Իսկ իրենք, վախենալով, որ միգուցէ ժողովում քահանայապետի առջեւ ամօթահար լինեն, յանձն չառան մասնակցել Հռոմի ժողովին՝ պատճառաբանելով պատերազմական իրավիճակներն ու այլեւայլ առիթներ: Աթանասը Հռոմում մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ սպասելով իր չարախօսների գալստեանը, սակայն նրանցից ոչ ոք չհամարձակուեց գալ, թէպէտ շատ անգամներ Յուլիոսը կանչել տուեց նրանց: Այնժամ Աթանասը շտապեց վերադառնալ իր տեղը, որպէսզի իր սեփական հօտը, անհովիւ մնալով, վտանգի չենթարկուի:
Իսկ եւսեբէականները Աթանասի դէմ տեսակ-տեսակ հնարքներ բանեցնելուց յետոյ Կոստանդ կայսեր հրամանով Անտիոքում իբր Եկեղեցու կարեւոր խնդիրների լուծման համար մեծ ժողով գումարեցին: Ժողովին մասնակցում էին ե՛ւ արիոսականները, ե՛ւ ուղղափառները: Այնտեղ եւսեբէականները, երկդիմի խոստովանելով ուղղափառ հաւատը, հանդէս եկան իբրեւ համամիտ Նիկիական դաւանութեանը ու իբրեւ նրա բարելաւման համար սահմանեցին ինչ-ինչ դրոյթներ: Իսկ Աթանասին մեղադրելով որպէս Եկեղեցու պառակտչի՝ նրա տեղում՝ պատրիարքութեան Աթոռին, Տիրոջ 341 թուականին կարգեցին կապադովկիացի իրենց համախոհներից մէկին՝ ոմն Գրիգորի: Սա Ալեքսանդրիա մտաւ զինուորական գնդերով եւ արիոսականների մեծ բազմութեամբ, որոնց հեթանոսներից ու հրէաներից կազմուած զօրքով գործակցում էր Փիլագրիոս ուրացող քաղաքապետը: Եւ սա շատ ձեռնտու էր արիոսականներին: Մեծ խռովութիւն ընկաւ այդ քաղաքում, քանզի ողջ ժողովուրդը խնդրում էր իր հարազատ ուղղափառ հովուին, սակայն քաղաքապետը բռնութիւն գործադրեց նրանց վրայ: Զինուորները սուսերով եւ բրիչներով վանեցին ամբոխին ու մեծամեծ չարիքներ գործեցին մարդկանց տներում եւ եկեղեցիներում: Իսկ Աթանասը, հանգիստ չգտնելով իր Աթոռում, մի կերպ կարողացաւ ճողոպրել մի ծածուկ տեղ, որտեղից զանազան վայրերում գտնուող ուղղափառների դասերին գրութիւններով տեղեկացնում էր այլափառների բոլոր այդ չարագործութիւնների մասին:
Երբ բռնակալ Գրիգոր եպիսկոպոսն այս կերպով տիրեց քաղաքին, բոլոր եկեղեցիները վերցրեց ուղղափառների ձեռքից ու յանձնեց իր արիոսական պաշտօնեաներին: Նա Բաղակ անողորմ իշխանի ձեռքով մեծ նեղութիւն էր պատճառում Աթանասի ուղղափառ ձայնակիցներին. ոմանց մատնում էր կապանքների, բանտերի, ոմանց էլ աքսորում՝ դառնալով շատերի հոգու կորստեան պատճառ: Նոյնը արեց նաեւ Եգիպտոսի մերձակայ շրջաններում եւ հեթանոսներից առաւել վատթար չարչարեց տեղի քրիստոնեաներին, քահանաներին ու եպիսկոպոսներին: Այնժամ երանելի սուրբ հայր Անտօնը անապատից նրան յանդիմանական խրատներով լի նամակ ուղարկեց, սակայն նա, արհամարհելով սուրբին, ամենեւին յետ չդարձաւ իր չարագործութիւններից: Եւ քանի որ ծարաւի էր Աթանասի արեանը, բովանդակ քաղաքի առջեւ քաղաքապետին գրել տուեց Կոստանդ կայսերն ուղղուած մի բողոք-գրութիւն, ըստ որի՝ Աթանասն արժանի չէ ոչ միայն հայրապետութեան Աթոռին, այլեւ պէտք է մահապատժի ենթարկուի: Գիտէր նաեւ, որ Արեւմուտքը յարում էր Աթանասին, որի համար գրեց նաեւ Արեւմուտքի Կոստաս կայսրին (քանզի Կոստանդինը մահացել էր)՝ բամբասելով Աթանասից, թէ նա է հանդիսանում Եկեղեցուն հասնող բոլոր չարիքների պատճառը: Նոյնն արեցին նաեւ եւսեբէականները, ովքեր հաւաքուած էին Անտիոքում. նրանք դեսպաններ ուղարկեցին Կոստաս արքայի մօտ, բազմակնճիռ խօսքերով հանդէս եկան որպէս ուղղափառ դասին պատկանողներ, իսկ Աթանասին ներկայացրին որպէս Եկեղեցու ճեղքման ու պառակտման միակ պատճառի:
Այնժամ երանելի Աթանասը ստիպուած եղաւ դարձեալ գնալ Հռոմ եւ Արեւմուտքի բնակչութեան առջեւ յայտնի դարձնել արիոսականների ու նրանց արբանեակների բոլոր նենգութիւնները: Այնտեղ եկան եւ նրան միացան եւսեբէականների հալածանքներից փախած շատ այլ եպիսկոպոսներ ու երէցներ, ովքեր բոլորի առջեւ վկայեցին Աթանասի անմեղութեան եւ հակառակորդների չարանենգութիւնների մասին: Այդ ամէնի համար Յուլիոսը նրանց յանդիմանական ուղերձներ յղեց ու յորդորեց դադարեցնել խռովութիւնները: Եւ քանի որ ոչ մի օգուտ չեղաւ, Աթանասը չուզեց գնալ Արեւելք, ուր նա հանգիստ չէր գտնի: Այդ ժամանակ Կոստաս կայսրը, ով գտնւում էր Միգուլէ քաղաքում, իր մօտ կանչեց Աթանասին ու մեծ պատուով նրան պահեց իր մօտ: Նա Արեւելքի իր Կոստանդ եղբօրը գրեց մի գովասանական թուղթ Աթանասի մասին, որտեղ յորդորում էր օրինական ժողովի միջոցով հոգալ Եկեղեցու խաղաղութեան համար:
Այս առիթով 347 թուականին Թրակիայի Սարդիկէ քաղաքում տեղի ունեցաւ մեծ ժողով, ուր մեծ բազմութեամբ հաւաքուեցին Արեւելքի եւ Արեւմուտքի եպիսկոպոսները: Եւ քանի որ յայտնի էր դարձել Աթանասի անմեղութիւնը, արիոսական եպիսկոպոսները չհամարձակուեցին մասնակցել ժողովին, եւ բացի այդ մահացել էր նրանց զօրաւոր բազուկը՝ արիոսականների դրօշակակիր Եւսեբէոս Նիկոմիդացին: Այնժամ ժողովին մասնակցող հայրերը, անաչառութեամբ քննելով Աթանասի ու արդարութեան համար հալածուող այլ եպիսկոպոսների դատը, արդարացրին նրանց: Ժողովականները, ի յայտ բերելով չարախօսների մախանքները, խռովարարներին հեռացրին Աթոռներից եւ ուղերձներ յղելով բոլոր եկեղեցիներին՝ ամէնքին իրազեկ դարձրին ճշմարտութեանը:
Իմանալով այս մասին՝ հակառակորդներն իրենք էլ հաւաքուեցին Սարդիկէի մօտ գտնուող Փիլիպուպոլիս քաղաքում եւ, արհամարհելով նախորդ ժողովի որոշումները, սահմանեցին դրա հակառակը՝ Աթանասի մասին չարախօսութիւնների յաւելուածով հանդերձ, ու Սարդիկէի ժողովի անուան տակ հրատարակեցին իրենց որոշումները: Սակայն նրանք չբաւականացան այսքանով, այլ վստահ լինելով Կոստանդ կայսրից, ում իրենց համախոհ էին կարծում, բռնել տուեցին ուղղափառ եպիսկոպոսներին եւ ոմանց բանտ նետեցին, ոմանց էլ աքսորեցին: Պատուիրակներ ուղարկեցին նաեւ Ալեքսանդրիա, որպէսզի երբ Աթանասը գայ, նրան չընդունեն: Եւ այնչափ անարժան գործեր արեցին Ճշմարտութեան հակառակորդները, որ Կոստանդ կայսրը զայրացաւ ու հրաման տուեց ձեռք չտալ Աթանասին եւ նրա համախոհներին:
Մի քանի ամիս անց մեռաւ բռնակալ Գրիգոր եպիսկոպոսը, եւ արքան երկու-երեք անգամ հրաւիրեց Աթանասին գալ ու պատուով նստել Ալեքսանդրիայի իր Աթոռին: Եւ 349 թուականին Աթանասը, որ այդ ժամանակ գտնւում էր Իտալիայի Ակուիղա աւանում, վերստին եկաւ Հռոմ, հանդիպեց Յուլիոս հայրապետին, որտեղից նա մեծ շուքով եւ պատուով ուղարկուեց իր Աթոռը, իսկ Յուլիոսն ուրախալից ուղերձ յղեց ալեքսանդրացիներին:
Երբ Աթանասը եկաւ Անտիոք, Կոստանդ կայսրը նրան մեծ ընդունելութեան արժանացրեց: Նա խնդրեց արքային, որպէսզի իր առջեւ գան բոլոր չարախօսները, ովքեր բազմաթիւ էին Անտիոքում, եւ իր դէմ ունեցած բոլոր մեղադրանքներն ասեն իր մօտ եւ ոչ թէ հեռուից զրպարտագրեր ուղարկեն: Բայց չարախօսները, ամօթահար եղած, լռութեան մատնուեցին, եւ նոյնիսկ նրանցից ոմանք առաջ գալով թողութիւն խնդրեցին: Այնժամ թագաւորը հրամայեց վերացնել Աթանասի դէմ գրուած բոլոր զրպարտագրերն ու Աթանասին խոստացավ այլեւս չլսել իրեն ամբաստանողներին: Իսկ երբ արիոսական եպիսկոպոսները տեսան Աթանասի եւ Կոստանդ արքայի միջեւ եղած բարեկամական սէրը, դրդեցին արքային, որ Աթանասին ասի. «Արդ, քանի որ խաղաղութեամբ գնում ես քո Աթոռը, թող քեզ դժուար չթուայ լուծել մի փոքր հարց, որը քեզանից պահանջում են այս եպիսկոպոսները. Ալեքսանդրիայի շատ եկեղեցիներից մէկը շնորհիր նրանց, ովքեր չեն կամենում քեզ հետ հաղորդակցուել»: Այնժամ Աթանասը, կամենալով իմաստութեամբ խափանել նրանց ցանկութիւնը, հեզութեամբ ասաց արքային. «Ինչպէ՞ս հնարաւոր է չլսել ինքնակալիդ խնդրանքը, ում իրաւասութեան տակ է ամէնքին հրամանատու լինելը: Սակայն այդ խնդրանքի դիմաց մի խնդրանք էլ ես եմ հայցում ինքնակալիցդ»: Արքան ասաց. «Խնդրի՛ր, ինչ որ կամենում ես»: Եւ Աթանասն ասաց. «Այս է իմ խնդրանքը. քանի որ Անտիոքում շատերը յանձն չեն առնում հաղորդութիւն ունենալ տեղի եպիսկոպոսների հետ, թոյլ տուր, որ նրանք էլ իրենց առանձին եկեղեցին ունենան»: Այս խօսքերը հաճելի եղան կայսրին, ու նա Աթանասի խնդրանքն իրաւացի համարեց, բայց երբ այն առաջարկեց արիոսականներին, որոնց ձեռքում էին Անտիոքի եկեղեցիները, նրանք չհամաձայնուեցին ու ասացին. «Ո՛չ նրանց եկեղեցին ենք կամենում, ո՛չ էլ մերը կը տանք իրենց»: Այնժամ կայսրը հասկացաւ Աթանասի գովելի հնարամտութիւնը եւ նրան մեծարանքով ու պատուով ուղարկեց Ալեքսանդրիա: Միաժամանակ պատուիրեց գաւառների բոլոր իշխաններին, որպէսզի արժանաւոր պատուով ընդունեն նրան՝ իր համախոհներով հանդերձ ու բոլոր տեղերից վերացնեն ամէն տեսակի զրպարտագրերը:
Եւ ո՞վ կարող էր պատմել ուղղափառների ուրախութեան ու ցնծութեան մասին, որ ունէին Մեծն Աթանասի՝ իր Աթոռին վերադառնալու համար: Նրանք բոլոր կողմերից հոծ բազմութեամբ ընթանում էին դէպի Ալեքսանդրիա՝ տեսնելու քաջ հովուին ու առաքինի նահատակին՝ որպէս Քրիստոսի առաքեալներից մէկին: Եւ աւելին՝ մարդիկ, նրան տեսնելով, համարում էին, թէ Քրիստոսին են տեսնում: Սուրբ հայրապետին՝ ինչպէս Տիրոջը, նստեցրին աւանակի վրայ եւ հոգեւոր երգերով ու օրհնութիւններով նրան քաղաք մտցրին: Եւ այնպիսի մեծ հանդիսութեամբ դիմաւորեցին նրան, որը չէին անում անգամ կայսեր գալստեան ժամանակ: Իսկ ինքը՝ երանելին, ոչինչ համարելով իրեն ընձեռած փառքն ու պատիւը, մեծապէս ուրախ էր, որովհետեւ գտաւ իր հօտին՝ անարատ պահուած Տիրոջ ձեռքով եւ հաստատուն՝ ուղղափառ հաւատի մէջ:
Այնուհետեւ սկսեց Հոգու վարդապետութեան կենարար ջրով արբեցնել ծարաւներին ու բոլորին զուարթացնել իր շուրթերից բխած հոգեբուխ խօսքերով: Սիրով ներեց իր դէմ չարութիւն գործողներին եւ հաշտեցրեց իր թշնամիներին: Շատ եպիսկոպոսներ, ովքեր սկզբում միաբանուած էին Աթանասի ոսոխների հետ, անձամբ եկան նրա ոտքը, իսկ ոմանք էլ զղջման նամակներ գրեցին եւ ներում խնդրեցին: Առաւել ողջամիտներն ու նրա մտերիմները բոլոր տեղերից ուրախալից ուղերձներ էին յղում նրան, իսկ ինքը՝ Կոստանդ կայսրը, յաճախակի ջերմ նամակագրութեամբ մեծարում էր երանելուն:
Սակայն միառժամանակ խաղաղութեամբ Աթոռին նստելուց յետոյ դարձեալ հալածանքներ սկսուեցին Աթանասի դէմ: Քանզի երբ սպանեցին Արեւմուտքի Կոստաս կայսրին, Կոստանդը, վանելով բոլոր ապստամբներին, միահեծան իշխանութեամբ տիրեց բովանդակ կայսրութեանը, իսկ արիոսական արբանեակները, մեծ համարձակութիւն ունենալով նրա առջեւ, շտապեցին նրա մօտ չարախօսել Աթանասից եւ ասել, թէ՝ «Նա սատար է եղել ապստամբներին եւ շատ բաներ է արել ի վնաս պետութեան ու եկեղեցական օրէնքների: Եւ ամենավատը՝ որքան ժամանակ Աթանասը նստած է Ալեքսանդրիայի Աթոռին, օր օրի վատթարանում է Եկեղեցու վիճակը, ու մեռնում է հաւատքը, քանզի նա մեզ, մեզ հետ հաղորդակից եղողներին, ինչպէս նաեւ քեզ՝ ինքնակալիդ, հերետիկոսներ է կոչում»: Եւ այսպիսի չարախօսութիւններով արիոսականները կարողացան Կոստանդ կայսեր մէջ ատելութիւն սերմանել Աթանասի հանդէպ:
Այդ օրերին վախճանուեց երանելի Յուլիոս հայրապետը՝ Աթանասի մտերիմը, եւ Տիրոջ 352 թուականին նրան յաջորդեց Լիբերիոսը: Չարի արբանեակները Լիբերիոսի անունից մի գրութիւն պատրաստեցին ընդդէմ Աթանասի ու տեսակ-տեսակ դաւադրութիւններով եւ բանսարկութիւններով պառակտութիւն գցեցին նաեւ ուղղափառների մէջ: Եւ քանի որ բոլոր եկեղեցիները խռովքի ու յուզումների մէջ էին, Լիբերիոսը համոզեց կայսրին, որ Ակուիղայում եպիսկոպոսական ժողով գումարուի: Արիոսականները ջանացին, որ ժողովը կայանայ Միգուլէում, ուր այդժամ գտնւում էին կայսրը եւ Աթանասի շատ ոսոխներ: Եւ կայսրը հրաման տուեց, որ Արեւելքի ու Արեւմուտքի եպիսկոպոսները հաւաքուեն Միգուլէում (354թ.), որպէսզի քննարկեն ոչ թէ Եկեղեցու խնդիրները, այլ դատապարտեն Աթանասին եւ նրա կուսակիցներին, ովքեր չէին յօժարում հաղորդութիւն ունենալ արիոսականների հետ: Այդ պատճառով ժողովը գումարեցին ոչ թէ Եկեղեցում, ինչպէս որ սահմանուած էր օրէնքով, այլ արքունի պալատում, որպէսզի եպիսկոպոսները չունենան իրենց առաջնորդական ազատութիւնը եւ ստիպուած լինեն ակնածել արքայից: Եւ բացի այդ, երբ մի եպիսկոպոս քաղաք էր մտնում՝ ժողովին մասնակցելու, նրան ստիպում էին գրութիւն տալ ընդդէմ Աթանասի, կամ էլ ահաբեկում էին, որ չհամարձակուեն որեւէ խօսք ասել ընդդէմ ինքնակալի կամքի, իսկ ժողովին չմասնակցող եպիսկոպոսներին արքունի հրամանով հարկադրում էին տալ իրենց համաձայնութիւնը Աթանասի Աթոռից հեռանալու համար: Այս պայմանն ընդունեցին երերուն առաջնորդները՝ պատճառաբանելով, թէ չարժէ մէկին պաշտպանելու համար խռովքի մատնել ողջ Եկեղեցին եւ կամ թագաւորին գրգռել ընդդէմ բոլոր ուղղափառների:
Ահա այս իրավիճակում կայացաւ Միգուլէի ժողովը, ուր ինքը՝ Կոստանդ կայսրը, հանդէս եկաւ որպէս Աթանասին մեղադրող ու դատաւոր եւ Արիոսի արբանեակների թելադրութեամբ ճանաչեց նրան որպէս յանցաւոր: Այնժամ ուղղափառ քաջ եպիսկոպոսներից ոմանք ոտքի կանգնեցին, բողոքի ձայն բարձրացրին ու արիաբար դէմ կանգնեցին թագաւորին՝ ասելով. «Անիրա՛ւ է այս ժողովը եւ նրա դատավճիռը, որովհետեւ Աթանասը, ում դուք դատում էք, ներկայ չէ, եւ օրինաւոր չէ նրան քննութեան ենթարկելը: Այս ատեանը հարստահարողների ատեան է ու ոչ թէ եկեղեցու հովիւների ժողով: Մենք անպարտ ենք Աստուծոյ առջեւ»: Նոյն բովանդակութեամբ գրութիւններ ուղարկեցին նաեւ այն եպիսկոպոսները, ովքեր չկամեցան մասնակցել այդ անիրաւ ժողովին: Թագաւորը բարկացաւ եւ նրանց մատնեց բանտերի, կապանքների ու աքսորների: Իմանալով, որ ժողովուրդը պաշտպան կը կանգնի Աթանասին, նա մեծ զօրք ուղարկեց Ալեքսանդրիա, որպէսզի ձերբակալեն հայրապետին: Եւ աւելի քան հինգ հազար հոգի, զինուած մերկ սուսերներով, պաշարեցին եկեղեցին, ուր երանելի հայրապետը ժողովրդի մեծ բազմութեան հետ գիշերային պաշտամունքն էր կատարում: Նրանք ասացին. «Ըստ արքունի հրամանի՝ մեզ տուէք Աթանասին, եւ ձեզնից որեւէ մէկին վնաս չենք հասցնի»: Մեծ իրարանցում ու խառնաշփոթ տիրեց ժողովրդին: Հայրապետի մօտ կանգնածները նրան յորդորեցին ծածկուել ամբոխի մէջ եւ նրանց հետ խոյս տալ տաճարից, սակայն երանելին պատասխանեց. «Քա՛ւ լիցի, որ ես խնայեմ իմ անձը, իսկ Քրիստոսի հօտին վտանգի մատնեմ: Եթէ ինձ են փնտրում, ահաւասիկ այստեղ եմ, իսկ ձեզ թող ոչինչ չպատահի»: Այս ասելով՝ նստեց իր Աթոռին ու պատուիրեց սարկաւագին ի լուր ժողովրդի բարձրաձայն երգել սաղմոսի այն խօսքերը, որ ասում է. «Քանզի յաւիտեան է Նրա ողորմութիւնը»: Ապա հրամայեց ողջ ժողովրդին գնալ իրենց տները: Ժողովուրդն սկսեց բազմութեամբ դուրս գալ, իսկ զինուորները ներս լցուեցին՝ բոլոր կողմերից զգուշութեամբ հսկելով, որ Աթանասն ամբոխի հետ խառնուած դուրս չգայ: Եկեղեցու ժառանգաւորները նորից ու նորից աղաչում էին հայրապետին փրկել իր անձը, բայց նա դարձեալ ասում էր. «Դուրս չեմ գայ այստեղից մինչեւ նախ բոլորդ ողջանդամ դուրս չգաք: Լաւ է ես վտանգուեմ, քան ձեզանից որեւէ մէկը»: Բայց նրանք, չընդունելով սուրբի հրամանը, բռնի կերպով նրան դուրս բերեցին՝ իբրեւ ժողովրդից մէկին, եւ փրկեցին իրենց հովուին: Եւ թէպէտ զինուորները շրջապատել էին նրանց, եւ նրանց մի մասը հսկելով այս ու այն կողմ էր շրջում տաճարի մէջ, սակայն նրանցից ոչ ոք չկարողացաւ տեսնել հայրապետի հեռանալը: Եւ այդպէս Տիրոջ հոգածութեամբ երանելին անվնաս կերպով փրկուեց նրանց ձեռքից: Աթանասի սպասաւորները նրան թաքցրին մի անծանօթ վայրում, բայց նա խոյս տուեց անապատի կողմերը ու գնաց դէպի առանձնութիւն:
Իսկ անողորմ զինուորները՝ տեսնելով, որ չկարողացան բռնել Աթանասին, գազանաբար յարձակուեցին ամբոխի վրայ եւ մեծ կոտորած արեցին, որին տեղեակ չեղաւ հայրապետը, թէպէտ դա էր իր մտահոգութիւնը ու գերադասում էր իր անձը ժողովրդի համար դնելը:
Սրանից յետոյ արիոսականների արբանեակները բազմապատիկ չարիքներ գործեցին Ալեքսանդրիայում. մտնում էին տներն ու եկեղեցիները եւ աւարներ վերցնում, իսկ հեթանոսները, այս ամէնից համարձակութիւն առնելով, ոտնակոխ էին անում սուրբ վայրերն ու շատ ոճիրներ գործում:
Այնժամ կայսեր հրամանով Ալեքսանդրիայի Աթոռ ուղարկուեց Գէորգ կամ Գորգոնիոս անունով մի կապադովկիացի՝ մի ժանտ եւ արիւնարբու մարդ, ով ձեռնադրուել էր արիոսականների կողմից Անտիոքում: Ողջ ուղղափառ ժողովուրդը խորշեց նրանից ու չկամեցաւ հաղորդուել նրա հետ, որի պատճառով նրանցից շատերին սպանեցին, շատերին էլ գանահարելով խոշտանգումների ենթարկեցին: Ժողովուրդը, լցուած մեծ ցասումով եւ չհանդուրժելով այս ամէնը, մի օր եկեղեցու մէջ յանկարծակի յարձակուեց նրա վրայ, սակայն մազապուրծ դուրս պրծնելով նրանց ձեռքից, փախաւ կայսեր մօտ, ումից աջակցութիւն ստանալով՝ վերադարձաւ ու նախկինից առաւել բռնութիւններ գործադրեց ժողովրդի վրայ:
Երբ այս բոլոր լուրերը հասան Աթանասին, եւ նա իմացաւ, որ շատ եպիսկոպոսներ բանտարկուել են իր պատճառով ու մատնուել տեսակ-տեսակ տանջանքների, որոնց թւում նաեւ Հռոմի հայրապետ Լիբերիոսը, Կորդուբայի երեւելի եպիսկոպոս Ովսիոսը, ով գլխաւորում էր Սարդիկէի ժողովը, մտադրուեց անձամբ գնալ կայսեր մօտ եւ դարման գտնել այս ամէնի համար, որովհետեւ չէր կարծում, թէ այս բոլոր չարիքները նրա հաւանութեամբ են եղել: Կամենում էր ճանապարհ ընկնել, սակայն լսեց, որ ըստ արքունի հրամանի՝ բոլոր տեղերում սաստկացել էին հալածանքները. նոյն Կոստանդ կայսեր կամակցութեամբ արիոսականները բռնացել էին ուղղափառ եկեղեցիների վրայ ու կորստեան մատնելու նպատակով փնտրում էին իրեն եւ այն բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, ովքեր չէին կամեցել միաբանուել իրենց: Այնժամ Աթանասը, յոյս չունենալով, թէ կարող է մարդկային ուժերով խաղաղութիւն հաստատել, աղօթքներով յուսալով միայն Աստծուն, նորից անապատ դարձաւ: Այցելում էր եգիպտացի հայրերին ու իր անասելի տրտմութեանը մխիթարութիւն գտնում: Բայց արիոսականները նաեւ այնտեղ հասան եւ սկսեցին չարչարել սուրբ մենակեացներին, որպէսզի յայտնեն Աթանասի տեղը, իսկ երանելին նրանց վտանգի չենթարկելու համար հեռացաւ խորագոյն անապատ: Եւ այսպէս հալածուելով՝ շրջեց վեց ամիս՝ մոլորուելով լեռներում ու ամայի վայրերում, թաքնուելով այրերում եւ քարանձաւներում, ու մինչեւ անգամ շատ օրեր, առանց արեւի երես տեսնելու, բնակուեց գբի մէջ:
Անապատում երանելին, զրկուած լինելով բանաւոր խօսքով քարոզելուց, չէր դադարում անձանձրոյթ կերպով գրութեամբ քարոզել Ճշմարտութիւնը: Քանզի գիշեր թէ ցերեկ, հոգալով զօրացած աղանդաւորների երեսից վտանգուած Աստուծոյ Եկեղեցու մասին, ուղղափառ հաւատի մէջ հաստատուն մնալու համար խրատական եւ մխիթարական թղթեր էր գրում հաւատաւորներին, իսկ եկեղեցիների առաջնորդներին քաջալերական յորդորներ յղում: Այնտեղ գրեց բազմաթիւ ճառեր՝ ընդդէմ Արիոսի մոլորութեան, գրեց նաեւ ընդդէմ մակեդոնեան հոգեմարտների, որոնք արիոսականների չար արմատների շառաւիղներն էին: Պատրաստեց մի լայնածաւալ նամակ՝ ուղղուած Կոստանդ կայսրին, ուր ի յայտ էր բերել նրան մոլորեցնողների բոլոր նենգութիւններն ու յիշատակել Քրիստոսի Եկեղեցու համար իր եւ այլ սուրբ եպիսկոպոսների ջանքերն ու վաստակները: Եւ քանի որ արիոսականները տարածել էին, թէ նա փախուստ է տուել որպէս յանցաւոր, յայտնի դարձրեց, որ ոչ թե իր յանցանքները, այլ իրենց դժնդակութիւնը հարկադրեց իրեն խոյս տալ դէպի առանձնութիւն: «Քանզի, - ասում էր, - օրէնք չէ սեփական անձն առանց պատճառի մահուան մատնել, ինչպէս նրանք են կամենում, այլ հարկ է ըստ տէրունական հրամանի՝ քաղաքից քաղաք փախչել»:
Երբ Տիրոջ 361 թուականին մեռաւ Կոստանդ կայսրը, նրան յաջորդեց նրա հօրեղբօր որդին՝ Յուլիանոս Ուրացողը, ով հրաման արձակեց Կոստանդի ձեռքով արտաքսուած բոլոր եպիսկոպոսներին վերադարձնել իրենց տեղերը՝ նպատակ ունենալով մտնել ժողովրդի սիրտը ու հանդէս գալ աւելի գթասիրտ, քան իր նախորդը: Եւ նոյն ժամանակներում արիոսական Գէորգը, ով բռնութեամբ էր պահում Ալեքսանդրիայի առաջնորդութիւնը, գործելով ընդդէմ հեթանոսների, չարաչար մահուամբ սպանուեց նրանց կողմից: Ուստի երանելի Աթանասը համարձակութիւն առաւ վերադառնալ իր Աթոռ, որից իր հօտին անպատմելի ցնծութիւն տիրեց:
Այնժամ երանելի հայրապետը ձեռնամուխ եղաւ Եկեղեցու բարեկարգութեանը: Ժողով գումարեց Ալեքսանդրիայում եւ խօսքով ու գրութիւններով ջանքեր գործադրեց մէջտեղից վերացնել բոլոր պառակտութիւնները, որոնք ծագել էին արիոսականների հետ ակամայ միաբանութիւնից: Սիրով ընդունեց ապաշխարութեամբ յետ դարձողներին եւ նաեւ նրանց, ովքեր զուր տեղը ինչ-ինչ տարաձայնութիւնների պատճառով բաժանուել էին իրարից: Նրանց միաբանեց մի հաւատի մէջ՝ առաւել ուշադրութիւն դարձնելով ճշմարիտ դաւանութեանն ու նրա անաղարտութեանը, քան թէ պէս-պէս հակառակութիւններին:
Եւ արդ, թէպէտ այս կերպ Եկեղեցին հանդարտուեց արիոսականների հալածանքներից, սակայն Յուլիանոս Ուրացողի կողմից այլ մեծ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ. նա ջանում էր նախ խաբէութիւններով, ապա բռնութեամբ եւ տանջանքներով բոլոր ազգերին դարձնել դէպի հեթանոսութիւնը: Բայց երանելի Աթանասը մեծ տքնութիւնների շնորհիւ ոչ միայն հաստատուն պահեց իր հօտը, այլ նաեւ շատ հեթանոսների Ճշմարտութեան ճանապարհին բերեց:
Այդ օրերին Յուլիանոսի անօրէն պաշտօնեաները Պաղեստինի Սեբաստիա քաղաքի մօտ բացեցին սուրբ Յովհաննէս Մկրտչի գերեզմանը ու ցրեցին նրա սուրբ նշխարները: Ապա հաւաքելով՝ այրեցին հրով, իսկ մոխիրը ցանեցին արտերում, որպէսզի դրանք չընկնեն քրիստոնեաների ձեռքը: Սակայն Տիրոջ հոգածութեամբ այնտեղ էին գտնւում երուսաղէմացի կրօնաւորներ, որոնք կորզեցին սուրբի ոսկորներից մի քանի մասունքներ եւ տարան յանձնեցին վանքի Փիլիպպոս վանահօրը: Իսկ նա, իրեն անկեղծօրէն անարժան համարելով իր մօտ պահել այդ անգին գանձերը, որպէս պարգեւ դրանք ուղարկեց Աթանասին: Սուրբ հայրապետը, ստանալով նշխարները, փորել տուեց եկեղեցու աւանդատան պահարանի պատը եւ դրանք պահեց այնտեղ, մինչեւ որ Տէրը խաղաղ ժամանակներում յայտնէր ուրիշներին:
Արդ, այս մասին լուրը թէպէտ չտարածուեց, սակայն հեթանոսների մէջ խօսակցութիւններ էին գնում, թէ ամէն բանում քրիստոնեաների պաշտպանն Աթանասն է: Ասում էին, թէ քանի դեռ նա է նազովրեցիների աղանդի գլուխը, ապա մենք չենք կարող տարածել մեր կրօնը: Միաժամանակ նրանք Յուլիանոսի առջեւ ծանրագոյն ամբաստանութիւններ էին բարդում նրա վրայ, որի պատճառով Յուլիանոսը մի հրամանագիր ուղարկեց ալեքսանդրացիներին ու Եգիպտոսի դատաւորին, ըստ որի՝ Աթանասը՝ որպէս չաստուածների թշնամի, պէտք է հալածուելով հեռացուի քաղաքից եւ Եգիպտոսի սահմաններից: Այս հրամանը նա հիմնաւորեց այն հանգամանքով, որ իր նախկին հրամանով նա արտաքսուած է եղել, իսկ այժմ առանց իր գիտութեան նստած է առաջնորդական Աթոռին եւ նաեւ հելլէնացիներին ստիպել է դառնալ գալիլիացիների օրէնքին ու մկրտուել: Սրա համար քրիստոնեաները յոյժ տրտմեցին եւ իրենց հայրապետին շրջապատած՝ դառնապէս լաց էին լինում: Իսկ երանելի Աթանասը, կանխազգալով առաջիկայ հալածանքների մօտ վախճանը, մխիթարում էր նրանց՝ ասելով. «Յանկարծակի փչող մրրիկ է, շուտով կÿանցնի»:
Արքունիքից սկսեցին փնտրել նրան, իսկ հաւատացեալները նրան մի նաւ նստեցրին ու նաւարկելով Նեղոս գետով՝ շտապեցին փախցնել նրան: Իմանալով այս մասին՝ սուրբին հետապնդող կոմսն իր հետ վերցրեց սուսերաւոր աւազակներ եւ նաւով ընթացաւ նրա յետեւից: Այնժամ սուրբի ուղեկիցներն սկսեցին խռովուել ու խորհուրդ տուեցին, որ նա դուրս գայ ցամաք եւ փախչի դէպի անապատ: Աթանասն ասաց. «Պէտք չէ այդպէս, այլ մենք ինքներս ընդառաջ կը գնանք մեր հալածչին, որպէսզի յայտնի դառնայ, որ մեծ է մեր Օգնականը»: Եւ հրամայեց յետ նաւարկել: Իսկ կոմսը քանի որ չէր սպասում, որ փնտրուողն իրեն ընդառաջ կը գայ, հարցրեց Աթանասին ու նրա հետ եղողներին. «Արդեօք չէք տեսել Աթանասին գետով անցնելիս, կամ չգիտէ՞ք, թէ ուր է նա»: Նրանք պատասխանեցին. «Քիչ առաջ տեսանք նրան, եւ հեռու չի լինի այստեղից»: Այնժամ կոմսը, յետ ընթացք ընդունելով, իր ծառաների հետ շտապեց հասնել նրա յետեւից: Իսկ Աթանասը, Տիրոջ հոգածութեամբ անվնաս պահուելով, գիշերը վերադարձաւ Ալեքսանդրիա, թաքնուեց մի ծեր կնոջ մօտ, մնաց այնտեղ, եւ ոչ ոք չիմացաւ նրա տեղը:
Մի քանի ամիս անց Պարսկաստանում աներեւոյթ ձեռքով սպանուեց Յուլիանոս Ուրացողը, ու նրա փոխարէն 393 թուականին թագաւորեց Յոբիանոսը: Այնժամ Աթանասը, դուրս գալով իր թաքստոցից, անակնկալ եկաւ եկեղեցի, ուր կատարւում էր գիշերային պաշտամունքը, եւ կանգնեց իր տեղում: Տեսնելով նրան՝ բոլորն ապշեցին ու լցուեցին անպատմելի ուրախութեամբ: Ապա երանելին, նոր ինքնակալից հաւանութիւն ստանալով, համարձակ նստեց իր Աթոռին եւ սկսեց հովուել իր հօտը: Նա այնքան էր վայելում կայսեր սէրն ու մեծ յարգանքը, որ Յոբիանոսը, վարանած լինելով ժամանակի տեսակ-տեսակ հերձուածներից, Աթանասին խնդրեց իր համար գրել հաւատի խօսքեր եւ ցոյց տալ, թէ ովքեր են ընթանում Ճշմարտութեան անմոլար ճանապարհով: Այնժամ Մեծն Աթանասն իր աստուածիմաստ հանճարով ու սքանչելի վարդապետութեամբ նրա համար գրեց «Գիր հաւատոյ» թուղթը, իսկ թագաւորը, մեծ սիրով եւ բարեհաճութեամբ ընդունելով այն, հաստատուեց ճշմարիտ հաւատի մէջ ու մեծ մարդասիրութիւն ցուցաբերեց ուղղափառների դասին: Եւ սուրբ Աթանասը, կամենալով կայսեր բարեպաշտութեան համար պատուասիրել նրան, եկաւ Անտիոքի կողմերը նրան տեսութեան եւ յոյժ մեծարուեց նրա կողմից: Այնտեղ ինքնակալի վրայ հեղուեցին չարակն մարդկանց բազմութիւններ ու սկսեցին ընդդէմ Աթանասի բանալ իրենց չարախօս բերանները, սակայն թագաւորը սաստելով հեռացրեց նրանց, իսկ Աթանասին պատուով ճանապարհեց իր տեղը:
Ուղղափառները յոյս ունէին Յոբիանոսի տէրութեան հովանու ներքոյ խաղաղութիւն վայելել, սակայն Տիրոջ 364 թուականին արագ վրայ հասաւ նրա վախճանը, եւ թագաւորեցին իրարամերժ եղբայրներ ուղղափառ Վաղենտիանոսը, ով տիրեց Արեւմուտքին, ու արիոսական Վաղէսը՝ Արեւելքին: Ինքը՝ Վաղէսը, չար խրատատուների դրդմամբ հրովարտակ ուղարկեց բոլոր տեղերում գտնուող իշխաններին, որպէսզի Կոստանդ թագաւորի օրօք աքսորուած բոլոր ուղղափառ եպիսկոպոսները, ովքեր յետ էին բերուել Յուլիանոսի օրօք, դարձեալ հեռացուեն իրենց աթոռներից եւ արտաքսուեն, իսկ նրանց եկեղեցիները յանձնուեն արիոսականների ձեռքը:
Այնժամ Աթանասի պատճառով մեծ հակառակութիւն ծագեց, քանզի երբ քաղաքի իշխանը կամենում էր նաեւ նրան հեռացնել, ալեքսանդրացիները պնդում էին, թէ Վաղէսի հրամանը չի տարածւում հայրապետի վրայ, որովհետեւ ասում էին. «Թէպէտ նա աքսորուել է Կոստանդի օրօք, սակայն Յուլիանոսի ժամանակ տիրապէս չի դարձել իր Աթոռին, այլ այդ ընթացքում տառապանքներ է կրել, եւ միայն Յոբիանոսի օրօք է նա խաղաղութեամբ նստել իր Աթոռին»: Այս խառնաշփոթի մէջ Աթանասը, անհանգստանալով ժողովրդի համար, միառժամանակ առանձնացաւ մի վայրում, բայց Վաղէս կայսրը, կամենալով հանգստացնել ամբոխին ու աւելի շատ ակնածելով Աթանասի համբաւից, հրաման տուեց նրան վերադարձնել իր Աթոռին:
Աթանասն արիոսականների զօրանալու պատճառով ուղղափառ եպիսկոպոսներին ստէպ-ստէպ քաջալերող նամակներ էր գրում: Բարեկամական սիրով նամակագրական կապ ունէր նաեւ Մեծն Բարսեղի հետ, ով Կապաովկեան Կեսարիայի եպիսկոպոսապետն էր: Եւ քանի որ Վաղէսի կողմից բազում հալածանքներ կրած բոլոր եկեղեցիներից բարւոք վիճակ ունէին ալեքսանդրացիները, բոլոր նեղեալները համարձակ Աթանասին էին դիմում: Իսկ նա թէ՛ խօսքով եւ թէ՛ նամակներով մխիթարում ու զօրացնում էր նրանց Տիրոջով եւ շատ անգամներ ժողովներ հրաւիրելով ու խորհրդակցութիւններ անելով՝ հոգում էր Եկեղեցու բարեկարգութեան եւ արիոսական աղանդի ոչնչացման համար: Նամակ գրեց նաեւ Հռոմի Դամասոս հայրապետին՝ աղանդաւորներին սանձահարելու համար, ովքեր զօրացել էին արեւմտեան կողմերում: Այդ շրջանում՝ իր ծերութեան օրերին, նա գրեց սուրբ հայր Անտօն Անապատականի վարքը:
Եւ այդպէս, արթուն հովիւ ու Ճշմարտութեան Խօսքի հզօր քարոզիչ երանելի Աթանասը, հանապազ իր օրերն օգտագործելով Եկեղեցու բարեկարգութեան եւ ճշմարիտ հաւատի հաստատման համար, հոգեւոր մեծ ժառանգութիւն թողեց: Նա աւարտեց իր կեանքի ընթացքն աստուածահաճոյ կենցաղավարութեամբ՝ յարատեւ նահատակուելով հալածանքների ու նեղութիւնների մէջ եւ Տիրոջ 371 թուականին 70 կամ 75 տարեկան հասակում երկինք փոխուեց: Մահից առաջ պատուիրել էր պատիւ չընծայել իր մարմնին, այլ թաղել քաղաքից դուրս՝ ընդհանուր գերեզմանոցում, որը եւ արեցին՝ երկիւղելով սուրբի խօսքին ընդդիմանալուց: Նրա համար սգացին ոչ միայն Ալեքսանդրիայում ու ողջ Եգիպտոսում, այլեւ ամբողջ աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիներում, որովհետեւ նրա լուսաւոր վարդապետութիւնը ծաւալուել էր Արեւելքից մինչեւ Արեւմուտք, իսկ նրա սրբութեան անուշահոտութիւնը տարածուել էր ամենուր:
Սուրբ Աթանասին իրաւամբ անուանել են «սիւն Եկեղեցւոյ» եւ «սիւն հաւատոյ»: Նրա դաւանաբանական-հակաճառական երկերի մեծ մասը գրել է աքսորավայրում 356-362թթ.: Յատկանշական են յատկապէս արիոսականների դէմ գրած երեք ճառերը: Խիստ արժէքաւոր են նրա Զատկական նամակները, հեղինակել է Անտօն Անապատականի (251-356թթ.) վարքը, որը հայերէն թարգմանուել է հինգերորդ դարում: Սուրբգրային բազմաթիւ մեկնութիւններից մեզ են հասել սաղմոսների, Մատթէոսի եւ Ղուկասի Աւետարանների մեկնութեան առանձին հատուածներ եւ Սարգիս Կունդի (XII դ.) կաթողիկէ թղթերի ընդարձակ հատուածներ: Գրել է նաեւ կանոններ, Պատարագամատոյց, ներբողներ, խրատներ, աստուածաբանական, քրիստոսաբանական եւ այլ բազմաթիւ թղթեր
ՍՈՒՐԲ ԱԹԱՆԱՍԻ ԽՕՍՔԵՐԻՑ
1․ Ով մտքով չի ըմբռնել ճշմարիտ հաւատի դաւանութիւնը, նա չի կարող ստանալ Աստծուն հաճելի արժանաւոր վարք:
2․ Քրիստոնէութիւնը Քրիստոսին ճշմարիտ ուղղութեամբ դաւանելն է, եւ քրիստոնեայ է կոչւում նա, ով ունի հաւատի ճշմարիտ դաւանութիւնը:
3․ Աստծուն ճանաչելու առաջին աստիճանը ճշմարիտ հաւատքի դաւանութիւնն է:
4․ Ի՞նչ պէտք են քննարկումներն ու բանավէճերը. հաւատալն է օգտակար եւ լռութեամբ պաշտելն ու երկրպագելը: Գիտեմ Նրան որպէս ճշմարիտ Աստուած` երկնքից՝ անչարչարելի. գիտեմ Նրան Դաւթի Որդի՝ ըստ մարմնի մարդ՝ երկրից՝ չարչարելի: Չեմ քննում, թէ ինչպէ՞ս է անչարչարելի եւ ինչպէ՞ս նոյն Ինքը չարչարելի, ինչպէ՞ս Աստուած եւ ինչպէ՞ս մարդ: Միգուցէ «ինչպէ՞ս»-ը քննելով եւ եղանակը փնտրելով զրկուեմ բարիքներից, որոնք կան մեր առջեւ: Քանզի նախ պէտք է հաւատալ եւ փառաւորել, ապա ի վերուստ հայցելով` աստուածային յայտնութեամբ ստանալ սրանց հասանելիութիւնը եւ ոչ թէ ի ներքուստ մարմնից ու արիւնից ստանալ:
5․ Որդին չեկաւ Ինքն Իրեն փրկելու մահից, այլ մեզ՝ մեռեալներիս, եւ ոչ թէ Իր համար մեռաւ, այլ մեզ համար, Ինքն ընդունեց մեր աղքատութիւնն ու անարգանքը, որպէսզի Իր ամբողջ հարստութիւնը մեզ շնորհի, որովհետեւ Նրա չարչարանքները մեր անչարչարութիւնն են, Նրա մահը՝ մեր անմահութիւնը եւ Նրա արտասուքը՝ մեր խնդութիւնը, Նրա թաղուելը՝ մեր յարութիւնը, Նրա մկրտութիւնը՝ մեր սրբութիւնը, նրա վէրքերը՝ մեր բժշկութիւնը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: