ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱԹԱՆԱՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐՔԸ (295-393թթ.)

Երանելի սուրբ հայրապետ՝

չարչարեալ վասն Տեառն համբերեցեր,

յաղթելով բռնաւորին դասակից եղեր Վերնոցն:

Ճգնեալ նահատակեցար յերկրի.

յաղթող ի պատերազմի.

 կոխելով զսատանայ, դասակից եղեր Վերնոցն:

Լուսաւորեալ երկնային լուսովն,

պայծառացեալ ի Հոգւոյն Սրբոյ.

 բարեխօսեա՜ առ Տէր վասն անձանց մերոց:

(Շարակնոց)

 

Յաւերժական յիշատակի արժանի եւ անմահական անուամբ տօնելի մեծագոյն հայրերից մէկը՝ երանելի սուրբ հայրապետ Աթանասը[1], որ ազգութեամբ եգիպտացի էր, ծնուել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում Դիոկղետիանոս կայսեր օրօք` Տիրոջ` մօտ 295 թուականին: Նրա հայրը՝ Մարկեղոսը, ու մայրը՝ Սողոմին, քրիստոնեայ եւ բարեպաշտ մարդիկ էին, ու ինչպէս Աննան Սամուէլին, այնպէս էլ նրանք իրենց զաւակին մանուկ հասակից ընծայեցին Աստուծոյ սպասաւորութեանը: Մանուկն աճում էր Հոգով եւ սնւում Տի­րոջ խրատներով ու իմաստութեամբ: Դեռեւս վաղ հասակից նա առաջադէմ էր ուսման մէջ եւ իր պարկեշտ ու առաքինի վարքով բարի օրինակ՝ իր հասակակիցներին:

Մի օր՝ քաղաքի սուրբ Պետրոս հայրապետի յի­­շա­տակի օրը, տօնակատարութիւնից յետոյ, երբ երանելի Ալեքսանդրիոս հայրապետը եկեղեցու ժառանգաւորների հետ նստած հանգստանում էր ծովահայեաց մի բարձրաւէտ վայրում, տեսաւ ծովեզերքին խաղացող մատաղատունկ մանկանց: Նրանց մէջ էր մանուկ Աթանասը, ով եպիսկոպոս ձեւանալով՝ երեխաներից մէկին, ըստ խորհրդի կարգի, քահանայ  էր ձեռնադրում, մէկ ուրիշին՝ սարկաւագ եւ մկրտում չմկրտուած երեխաներից նրանց, ովքեր կամենում էին: Այս տեսնելով՝ Ալեքսանդրիոս հայրապետն իր մօտ կանչեց իւրայիններին ու ցոյց տուեց մանուկների նորատեսիլ խաղը: Ապա շտապ նրանց իր մօտ կանչեց եւ հարցրեց. «Այդ ի՞նչ էիք անում»: Երեխաներն ամօթից կախել էին գլուխները, բայց երբ ստիպեցին պատասխանել, նրանք ասացին. «Ինչ որ անում են եկեղեցում, նոյնն էլ մենք էինք անում՝ մեզ առաջնորդ ունենալով այս Աթանասին»: Հայրապետը, նայելով Աթանասի շնորհազարդ տեսքին, սիրեց նրան ու պատուիրեց կարգել ուխտի մանկանց դասում, քանզի Հոգու յայտնութեամբ իմացաւ, որ մանկան այդ խաղը կանխատեսութիւնն էր այն հոգեւոր պաշտօնի, որը նա պիտի ստանձնէր իր ժամանակին: Նա Աթանասի հետ ընտրեց նաեւ նրա ընկերներից մի քանիսին, ծնողների համաձայնութեամբ նրանց մտցրեց եկեղեցական կարգի մէջ եւ տեղափոխեց հայրապետանոց:

Աթանասը տարիքին զուգընթաց առաջադէմ գտնուեց այլ գիտութիւնների ուսման եւ Սուրբ Գրքի սերտողութեան մէջ: Նա նաեւ փայլեց իր ա­ռաքինի վարքով, որի համար դարձաւ Ալեքսանդրիոս հայրապետի նօտարը 2, իսկ յետոյ նրա ձեռամբ սարկաւագ ձեռնադրուեց: Ժողովրդին ուսուցանելու եւ խնամարկելու գործում նա հայրապետի աջ ձեռքն ու բազուկն էր, քանզի իր ­երիտասարդ տարիքում ունէր ալեհեր ծերերի իմաստութիւն, պերճախօս էր լեզուով, փայլում էր Ճշմարտութեան հոգեշահ քարոզութեամբ, լի էր Սուրբ Հոգով եւ գերազանցում էր բոլորին: Ապրելով քաղաքում՝ նա առանձնասէր կեանք էր վարում եւ ոչնչով չէր տարբերւում մենակեացներից: Միշտ համակուած լինելով աստուածային խորհուրդներով՝ նա առաւել իր վարքով, քան թէ խօսքերով ամենքին հաստատում էր սուրբ հաւատի մէջ:

Այդ ժամանակներում՝ Մեծն Կոստանդիանոսի կայսրութեան տարիներին, գլուխ բարձրացրեց Ալեքսանդրիայի երէց Արիոսի չար հերձուածը, ով ուրանում էր Բանի աստուածութիւնն ու Հօր հետ Նրա համագոյութիւնը եւ հայհոյում՝ Որդուն արարած, այլ ոչ թէ Ծնունդ կոչելով: Եգիպտոսում Արիոսի առաջին վնասակար որոմների սերմանուելուն պէս Ալեքսանդրիոս հայրապետն անմիջապէս մերժեց նրան Եկեղեցու հետ հաղորդութիւնից: Նա Աթանասի գործակցութեամբ բազում միջոցներով ջանում էր արմատախիլ անել Արիոսի չար աղանդը, սակայն չէր կարողանում, որովհետեւ արքունի մեծամեծ իշխանների ու եպիսկոպոսների շարքերում օրէցօր ստուարանում էին նրա կողմնակիցները: Իսկ Եւսեբէոս Նիկոմիդացին՝ Արիոսի գլխաւոր կուսակիցը, շնորհ գտնելով աւագանու առջեւ, ամբաստանում էր Աթանասին, թէ նա ունայն խնդրի պատճառով խռովութիւն է գցում Եկեղեցու մէջ: Այնժամ խաղաղութեան հաստատման համար Կոստանդիանոսի հրամանով Ալեքսանդրիայում ժողով գումարուեց, որը որևէ արդիւնք չտուեց: Բայց երբ իրավիճակն առաւել սրուեց, Տիրոջ 325 թուականին 318 հայրապետների մասնակցութեամբ  Նիկիայում սուրբ ժողով գումարուեց: Նրանց թւում էին նաեւ Ալեքսանդրիայի Ալեքսանդրիոս պատրիարքը եւ նրա Աթանաս աւագ սարկաւագը: Այդ ժողովում Ա­թանասն իր աստուածապարգեւ քարոզութեամբ յաղթող ախոյեան հանդիսացաւ ընդդէմ Արիոսի: Ժողովին մասնակից սուրբ հայրերը սքանչացան նրա զօրաւոր, հոգելից խօսքերից, իսկ արիոսական դասի պատուիրակները սրտի չարութիւնից իրենց ատամներն էին կրճտացնում նրա վրայ:

Երբ սուրբ հայրերը նստեցին խորհրդի՝ շարադրելու հաւատի հանգանակը, որը պէտք է լինէր Արիոսի աղանդը ոչնչացնող մի հիմնադրոյթ, սկզբում որոշակի ոչինչ չսահմանեցին, մինչեւ չեղանակուէր անաղարտելին: Այդ օրերին Ալեքսանդրիոս հայրապետն ու Աթանասը դարձան իրենց օթեւանները: Երբ Աթանասն առանձնացաւ իր սենեակում, Սուրբ Հոգին երեւաց նրան իր հայրապետ Ալեքսանդրիոսի  տեսքով, եւ որպէս թէ դրսից ներս մտնելով՝ Աթանասին ասաց. «Որդեա՛կ, վերցրո՛ւ թուղթ ու գրիչ եւ գրի՛ր այն, ինչ այժմ կ'ասեմ քեզ, որպէսզի այն բոլորի առջեւ կարդաս ժողովում»: Հնազանդուելով այս պատուէրին՝ նա գրեց Հանգանակի խօսքերը. «Հաւատում ենք մի Աստուծոյ» եւ այլն՝ ըստ կարգի: Երբ վերջացրեց գրելը, Նա, Ով յայտնուեց իրեն, դուրս եկաւ ու աներեւոյթ եղաւ: Մօտ մէկ ժամ անց, մինչ Աթանասն ընթերցում էր իր գրածը, եկաւ Ալեքսանդրիոս հայրապետը, ով տեսնելով նրան ինչ-որ գիր վերծանելիս հարցրեց. «Այդ ի՞նչ ես կարդում, որդեա՛կ»: Աթանասը պատասխանեց. «Այն, տէ՛ր իմ, ինչ որ քիչ ա­ռաջ թելադրեցիր ինձ»: Զարմացաւ Ալեքսանդրիոս հայրապետը եւ լսելով ընթերցուածը՝ ոչինչ չասաց, քանզի հոգով տեսաւ աստուածային տ­նօրինութեան առաջնորդութիւնը:

Դարձեալ հաւաքուեցին ժողովի մասնակիցները, ու երբ սկսեցին քննարկել հաւատի սահմանումը, Աթանասը թուղթը տուեց իր հայրապետին եւ ասաց. «Տէ՛ր իմ, ահաւասիկ այն խօսքե­րը, որոնք գրի առայ քո հրամանով՝ ժողովի սուրբ հայրերի առաջ կարդալու համար», իսկ հայրապետը պատուիրեց նրան այն ընթերցել ի լուր ամէնքի: Եւ երբ Աթանասն իր հոգելից բերանով կարդաց Սուրբ Հոգու թելադրանքը, բոլոր հայրապետները բարեպաշտ Կոստանդիանոս թագաւորի ու նրա պաշտօնեաների հետ միաբան հաւանութեամբ այն մեծ ընդունելութեան արժանացրին: Այն հաստատեցին որպէս հաւատի ուղղափառ սահմանում՝ խոստովանելով համագոյ եւ միասնական Ամենասուրբ Երրորդութեանը, դաւանելով Որդուն որպէս Աստուած՝ Հայր Աստծուց, Ծնունդ, այլ ոչ թէ արարած, ու վերջում յաւելելով նզովք՝ ուղղուած ընդդէմ հայհոյել յանդգնողների:

Ժողովից հինգ ամիս անց երանելի Ալեքսանդրիոս հայրապետը մերձիմահ հիւանդացաւ: Բոլորը նրանից յետոյ ակնկալում էին Աթոռին տեսնել Աթանասին, իսկ Աթանասը, այս իմանալով, պատճառաբանեց, թէ հայրապետի կողմից յանձնարարութիւն ունի եւ խոյս տուեց անյայտ մի ուղղութեամբ: Ալեքսանդրիոս հայրապետը Հոգու յայտնութեամբ գիտէր Աթանասի՝ որպէս յաջորդ հայրապետ ընտրեալ լինելու մասին, եւ մինչ շունչը բերանում էր, իր մահճից կանչեց Աթանասին, սակայն Աթանասն այդտեղ չէր, ու լսողներին թուաց, թէ նա մէկ ուրիշին է կանչում: Ներս մտաւ Աթանաս անունով մէկ այլ սպասաւոր եւ հարցրեց. «Ի՞նչ կը հրամայես, տէ՛ր»: Իսկ սուրբ հայրապետը նրան չպատասխանեց, այլ դարձեալ ու դարձեալ կանչեց. «Աթանա՛ս, Աթանա՛ս»: Այնժամ ներկաները հասկացան, որ նա իր երանե­լի Աթանաս սարկաւագին է կանչում եւ ասացին. «Տէ՛ր, նա այստեղ չէ, այլ քո հրամանով տեղ է գնացել»: Հայրապետն ասաց. «Աթանա՛ս, կարծում ես փախչելով կը փախչե՞ս»: Եւ յայտնեց բոլորին, որ նա պէտք է ստանձնի առաջնորդութեան պատիւն ու մեծամեծ փորձութիւններ կրի, որն այդպէս էլ եղաւ, քանզի սուրբ Ալեքսանդրիոսի վախճանից յետոյ, գտնելով երանելի Աթանասին, բերեցին եւ հաւաքուած բոլոր եպիսկոպոսների պահանջով նրան ձեռնադրեցին եպիսկոպոս ու սուրբ Մարկոս աւետարանչի Աթոռի պատրիարք:

Եւ անասելի ուրախութիւն տիրեց բո­լոր ուղղափառներին, որովհետեւ ճանաչում էին նրան որպէս քաջ հովուի ու հզօր ախոյեանի` ընդդէմ արիոսական ապականիչ գայլերի: Նրանք ասում էին, թէ Աստուած մեզ համար փրկութեան եղջիւր բարձրացրեց՝ հաւատի թշնամիների զօրութիւնը խորտակելու համար: Եւ սրան հակառակ՝ մեծ խռովութիւն տիրեց բոլոր հերձուածողներին, ասես մթագին ամպ էր պատել նրանց: Սկսեցին այս ու այնտեղ չար լուրեր տարածել Աթանասի մասին, որպէսզի կարողանային բոլորին թշնամացնել նրա դէմ եւ ջնջել նրա բարի համբաւը, որը հայրապետութեան Աթոռին նստելուց յետոյ աւելի ու աւելի էր հռչակւում ամենուր եւ տեսանելի նշաններով առաւել սքանչելի դառնում:

Երբ նա առաջին անգամ, զարդարուած հայրապետական զգեստներով, բեմ ելաւ՝ կատարելու Տիրոջ Մարմնի ու Արեան մեղսաքաւիչ Խորհուրդը, առջեւում կանգնած բազմաթիւ եպիսկոպոսների, քահանայից դասի եւ ուխտի մանկանց առջեւ յանկարծ բացուեց տաճարի վերնայարկը, ու տաճարից ներս առատ լոյս հեղուեց: Եւ մինչ երանելի Աթանասը, լոյսի սաստկութիւնից սարսելով, մեծ հիացմունքի մէջ էր, նայեց վեր ու տեսաւ ցած իջնող իւղով լի մի անօթ եւ սուրբ Սեղանի շուրջ պար բռնած անմարմին զօրքերի բազմութեանը: Երբ հայրապետն իր ձեռքն առաւ սուրբ Խորհուրդը, տեսաւ Նրան՝ փառաց Արքային, Աստուծոյ Միածին Բանին՝ բազմած իր ձեռքերի վրայ, ինչպէս Գահին: Նա վերցրեց հացը, շաղախեց Նրա անապական Մարմնի հետ, ապա բացեց Նրա Կողը ու Նրա պատուական Արիւնը լցրեց սկիհի մէջ: Եւ սա երեւաց ոչ միայն հայրապետին, այլեւ բեմի առջեւ գտնուողներին, որոնցից մէկն էր նրա աշակերտ Տիմոթեոսը, ով էլ պատմեց այս ամէնը: Բոլոր ներկաները համակուեցին ահով ու մեծ սոսկումով: Երբ սուրբ հայրապետն արտասուքներով հանդերձ աւարտեց խորհրդական աղօթքները, Տէրը հրեշտակների հետ երկինք համբարձուեց, իսկ  Սուրբ Հոգին, սաւառնելով աղաւնակերպ թեւերով, իջաւ փրկական Խորհրդի վրայ: Հայրապետի գոհաբանական աղօթքից յետոյ տեսիլն աներեւոյթ եղաւ: Նա մեծ երկիւղով հաղորդուեց սուրբ Խորհրդին, բաշխեց իր պաշտօնակիցներին, ապա սկսեց մատուցել նաեւ ժողովրդին:

Եւ ահա մարդկանց բազմութեան միջից մէկը, ով համարձակուեց անարժանութեամբ մերձենալ սուրբ Խորհրդին, բոլորի առջեւ անմիջապէս հրկիզուեց ու մեռաւ: Դարձեալ մէկ ուրիշն էլ, ով յանդգնեց մօտենալ անմաքուր սրտով, իսկոյն մոլագար դարձաւ եւ սկսեց կծոտել իր մարմինը: Այս տեսնե­լով՝ բոլորն ահաբեկուեցին, ու այլեւս ոչ ոք չհամարձակուեց մօտենալ ահաւոր Խորհրդին: Այնժամ սուրբ հայրապետն աստուածիմաստ խօսքերով խրատեց ժողովրդին՝ մէջբերելով առաքելական այն խօսքերը, թէ՝ «Թող մարդ նախ ինքն իրեն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետեւ ով ուտում է եւ խմում անարժանութեամբ, իր իսկ դատապարտութիւնն է ուտում ու խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ Մարմինը» [Ա Կորնթ. ԺԱ 2829]: «Այդ պատճառով, - ասում էր, - պէտք է մաքուր լինել հոգով եւ մարմնով, պէտք է մաքրել սիրտն ամէն տեսակ աղտեղութիւններից ու միայն առանց խղճմտանքի մօտենալ սրբութիւննե­րի Սրբութեանը եւ ընդունել անմատոյց լոյսի մէջ Բնակուողին»: Այսպէս հայրապետն իր մէջ բնակուող Հոգու տւչութեամբ ու երկնային վարդապետութեան քարոզութեամբ, նաեւ իր պատկա­ռելի անձով եւ անարատ վարքով բոլորին դարձնում էր իր խօսքի ունկնդիրը: Ամէն բանում հեզ ու խոնարհ իր անձը ծառայեցնում էր թէ՛ մեծերին, թէ՛ փոքրերին, եւ իբրեւ աղքատների գորովագութ հայր ու ախտաւոր հոգիների ամենաճար բժիշկ՝ մէկ առ մէկ կարեկից էր լինում նրանց  բոլոր վշտերին եւ դարմանում:

Իր հօտը հովուելու այս բոլոր հոգսերի հետ մէկտեղ նա ունէր հոգու սքանչելի հանդարտութիւն, աղօթասէր էր ու ճգնասէր: Անդադար ընթերցում էր Սուրբ Գիրքը եւ շարադրում հոգեշահ վարդապետութիւն: Այս ամէնով հանդերձ` նա անհամեմատելի էր եւ աւելին՝ խոստովանող հայրերի մէջ նա միակն էր, ով անպարտելի համբերութեամբ կրեց նեղութիւններ ու հալածանքներ թէ՛ օտարներից, թէ՛ սիրելի­ներից, թէ՛ թշնամիներից, թէ՛ հաւատակիցներից: Գրեթէ ողջ տիեզերքը զինուեց նրա դէմ. իշ­խաններն ու թագաւորները, քահանաները եւ եպիսկոպոսները միաբանուեցին ընդդէմ նրա: Անհնար է գրով բովանդակել այն ամէնը, ինչ որ կրեց ճշմարտութեան անպարտելի նահատակը, այլ շատից քիչը ասելով՝ կը պատմենք, թէ ինչպէս սկսուեցին նրա հալածանքները:

Դեռեւս Մեծն Աթանասի սարկաւագութեան տարիներից Արիոսի համախոհները ոխ ունէին նրա դէմ, քանզի ասում էին, թէ Ալեքսանդրոս հայրապե­տի՝ Արիոսին մերժողն ու խրատատուն միմիայն Աթանասն է: Իսկ երբ Նիկիայի ժողովում գործնականօրէն տեսան նրա ուղղափառ հաւատի նախան­ձախնդրութիւնը, առաւել չարացան նրա դէմ: Ժողովից յետոյ արքունի հրամանով աքսորուեցին Արիոսի կուսակից­ները, որոնցից գլխաւորներն էին եպիսկոպոս Եւսեբէոս Նիկոմիդացին եւ Թէոգ­նէոս Նիկէացին, իսկ երբ Աթանասը նստեց Ալեքսանդրիայի հայրապետութեան Աթոռին, ոչ ոք չէր համարձակւում ընդդիմանալ նրան: Սակայն շատ չանցած, առերես կեղծ ապաշխարութիւն ցոյց տալով՝ Կոստանդիանոսի քրոջ՝ Կոստանդիայի միջնորդութեամբ աքսորուածները վերադարձան եւ քիչ-քիչ զօրանալով՝ սկսեցին աթոռներից հեռացնել ուղղափառ եպիսկոպոսներին՝ նրանց փոխարէն նստեցնելով արիոսականներին: Մեծ ջանքեր գործադրեցին ընդդէմ Աթանասի, չարանենգ հ­նարքներ նիւթեցին ու անգամ հաւատացրին Մեծն Կոստանդիանոսին, թէ Արիոսը կը դաւանի Նիկիական հաւատին:

Այդպէս թագաւորից հրաման առնելով՝ նրան յետ բերեցին աքսորից եւ ուղարկեցին Ալեքսանդրիա: Բայց քանի որ Աթանասն իր ուղղափառ հօտով չընդունեց նրան Եկեղեցու հետ հաղորդութեան մէջ, Արիոսը յարեց իր նախկին համախոհներ մելիտոսեաններին, ովքեր թէպէտ երկու երես ունէ­ին, բայց առաւել համամիտ էին Եւսեբէոսին: Այդ պատճառով սուրբ Աթանասն իրենից իսպառ հեռացրեց նաեւ մելիտոսեան դասին: Լսելով այս մասին՝ Եւսեբէոս Նիկոմիդացին սաստիկ բարկութեամբ սպառնաց Աթանասին, բայց որպէսզի ծածկի իր չարութիւնը, կեղծապատիր, սիրալիր ու համոզիչ խօսքերով լի մի նամակ գրեց նրան՝ յորդորելով ընդունել Արիոսին եւ նրան յարողներին: Իսկ Մեծն Աթանասը համարձակ պատասխանեց. «Անհնար է, որ ես հաղորդակցուեմ չար հերձուած սերմանողների ու Ճշմարտութեան թշնամի­ների հետ, ովքեր դատապարտուեցին տիեզերական սուրբ ժողովի կողմից»: Այնժամ Եւսեբէոսը, լցուած ցասումով, Կոստանդիանոսի առջեւ չարա­խօսեց Աթանասից եւ ասաց. «Միայն նա է, որ յանդգնում է խռովութիւն գցել Աստուծոյ Եկե­ղեցում  եւ պառակտել քրիստոնեաներին»: Եւ այնքան ամբաստանեց ու բանսարկութիւններ արեց, որ արքան մի սպառնալից նամակ գրեց Աթանասին, ըստ որի՝ նա պէտք է կամ ընդունէր Արիոսին եւ նրան յարող կարծեցեալ ապաշխարողներին, կամ էլ չակնկալէր մնալ իր Աթո­ռին: Իսկ սուրբ Աթանասը պատասխան ուղարկեց թագաւորին, որում գրուած էր.  «Չի՛ կարող լինել որեւէ հաղորդութիւն ուղղափառ Եկեղեցու եւ քրիստոսամարտ հերեսիովտապետի 3 միջեւ»:

Արքան սաստիկ բարկացաւ Աթանասի այս համարձակ պատասխանից, իսկ նենգամիտ Եւսեբէոսը, օգտագործելով այս առիթը, նամակ գրեց Ալեքսանդրիա՝ Մելիտիանոսին, որպէսզի շտապ կերպով թագաւորի մօտ Աթանասին ամբաստանող նիւթեր բերի: Այնժամ գրեցին՝ ով ինչպէս եւ ինչ կամեցաւ: Սրանց միաբանուեցին նիկոմիդացի իրենց համախոհները: Այդ ժամանակ Նիկոմիդիայում էին գտնւում Աթանասի երէցները՝ Ապիսն ու Մակարը, ովքեր, կանգնելով ինքնակալի առջեւ, հերքեցին նրանց բոլոր չարախօսութիւնները:

Սրանից յետոյ Եւսեբէոսի դրդմամբ իրենց չարախօսութիւններով հանդէս եկան մելիտոսեանները՝ ասելով, թէ իբր Աթանասը նիւթապէս սատար է եղել թագաւորի դէմ ապստամբող մէկին, եւ առաջ բերեցին նման այլ յերիւրանքներ: Այնժամ կայսրը կանչել տուեց Աթա­նասին, որպէսզի նա պատասխանի մելիտոսեանների մեղադրանքներին: Աթանասը եկաւ, ատեա­նի առջեւ քննուեցին հա­կառակութեան բո­լոր պատճառները, ու բացայայտուեցին չարախօս­նե­րի ողջ կեղ­ծիքները: Այնժամ կայսրը մերժելով հեռացրեց նրանց, իսկ Աթանասին պատուով ճա­նապարհեց իր տեղը եւ ալեքսանդրացիներին մի հրովարտակ յղեց՝ պատգամելով ընդունել իրենց արժանաւոր հովուին՝ որպէս Աստուծոյ մար­­դու:

Այնուհետեւ մելիտոսեաններն այլ չարիքներ եւս նիւթեցին. իրենց համա­­խոհ Արսէնիոս եպիսկո­պոսին, ով Եգիպտոսի կողմերից էր, փախցրին մի օ­­տար երկիր եւ լուր տարածեցին, թէ Աթանասը նրան դաւադրութեամբ սպա­նել է տուել: Ի հաստատումն իրենց անհեթեթ յայտա­րա­րութեան՝ ինչ-որ մէ­կի կտրուած ձեռքն այս ու այն կողմ էին տանում՝ տարածելով, թէ դա Արսէնիոսի ձեռքն է: Այս պատճառով եպիս­կո­պոսների, դատաւորների եւ նաեւ արքայի մի­ջեւ նամակների երթեւեկութիւն էր գնում, եւ բոլոր տեղերում քրթմնջիւ­ններ էին լսւում: Սակայն Մեծն Աթանասը, անխռով մնալով, մարդիկ ուղար­կեց՝ որոնելու Արսէնիոսին: Երբ գտան, թէպէտ նա սկզբում հրաժարուեց՝ ասելով, թէ ինքը չէ Արսէնիոսը, սակայն պարտուելով ի­­րեն քաջ ճանաչող շատ վկաներից՝ խոս­տովանեց իր ով լինելը, մինչեւ անգամ հե­ռա­ցաւ իր համախոհներից ու յարեց Աթանասին: Նրան հետեւեցին նաեւ նոյն մելիտոսեան հերձուածից շատերը եւ լրացրին ուղղափառների շարքերը:

Մինչ տարածուելը, թէ Արսէնիոսը գտնուել է ու ողջ է, արիոսականները ստիպեցին ինքնակալին, որ Աթանասի հարցը քննելու համար Տիւրոսում եպիսկոպոսական ժողով գումարի, քանզի ասում էին՝ նրա մասին բազում չարիքներ են պատմում: Կայսրը լուր ուղարկեց Աթանասին, որպէսզի իր եպիսկոպոսներով հան­դերձ գայ Տիւրոս եւ ժողովի առջեւ պատաս­խան­ի իրեն մեղադրողներին: Իսկ սուրբ Աթա­նա­սը թէպէտ գիտէր թշնա­մի­­նե­րի պատրող հնարք­­ները, խոնարհաբար ընդունեց արքունի հրամանը ու իր հետ վերցնելով Եգիպտոսի 49 եպիս­կոպոսներ՝ գնաց այդ ժողովին՝ ծած­կա­բար իր հետ տանելով նաեւ Արսէնիոսին: Ըստ կայսե­րա­կան հրամանի՝ տար­­բեր տեղերից եկել էին շատ եպիսկոպոսներ: Ժողովը բացել եւ գլխա­ւո­րում էին արիոսականներն ու եւսեբէականները, ովքեր իրենց ոչ քիչ թուով գործակիցներն ունէին նաեւ Աթանասի դատը վարողների մէջ:

Երբ սկսուեց ժողովը, արքունի դատա­ւոր­ների առջեւ Աթանասին առաջինն սկսեցին ամ­բաս­տանել եւսեբէականները՝ մեղադրելով, թէ իբր նա օ­թե­ւա­­նել է մի կնոջ մօտ եւ բռնու­թեամբ կենակցել նրա հետ: Եւ սա պնդում էին վս­տա­հեցնելով, քանզի կաշառելով որսացել էին մի անզգամ կնոջ, որպէսզի սա ատեանի առջեւ վկայի, թէ Աթանասը բռնաբարել է իրեն: Այդ կնոջ չար ամ­­բաստանութեան ժամանակ Աթա­նա­սը դրսում էր: Երբ նրան ներս կան­չե­ցին ու պա­հան­ջեցին պատասխանել, նա վերցրեց վերը յի­շա­տակուած իր Տի­մո­թէոս աշակերտին եւ պա­տուի­րեց նրան, որ իր փոխարէն ինքը պատաս­խան­­ներ տայ կնոջը, որպէս թէ ինքն է Աթա­նա­սը: Եւ երբ կինն իր խրա­տա­տու­­ների թելադ­րան­քով սկսեց խօսել, Տիմոթէոսը նրան ասաց. «Արդա­րե՞ւ, ո՛վ կին, երբեւէ ես իջեւանե՞լ եմ քո տանը կամ այդպիսի արա՞րք եմ գոր­ծել»: Կինը լր­բանալով ասաց. «Այո՛, այո՛, դու՝ աներկի՛ւղդ Աստծուց ու բո­լոր մարդ­կանցից անպատկա՛ռդ, բռ­նադատեցիր ինձ եւ վերացրիր իմ պար­կե­շ­տու­­թեան ծաղիկը»: Ապա դառնալով դատա­ւոր­նե­րին՝ ասաց. «Երդւո՛ւմ եմ Տի­րոջով, որ այս մարդն էր, որ անարգեց ինձ»:

Այս խօսքերի վրայ ժողովի բազ­­մութիւնը՝ դատաւորներով հան­դերձ, ծիծաղեց եւ ատեանից հեռացրեց ան­զգամ կնոջը: Ամօթից կարմրած թշնամիները կանգնեցին գլխիկոր ու խայ­­տառակուած եւ յոյժ զար­մացան  Աթանասի իմաստութեան վրայ, ով իր լռու­թեամբ հրապարակեց իր անմեղութիւնը: Այնժամ դատաւորները կա­մե­ցան պատժել կնոջը ու քննութեան ենթարկել նրա խրատատուներին, բայց եւ­­սեբէականները, որոնց ձեռքում էր ատեանի իշխանութիւնը, խա­­փանեցին այդ որոշումը եւ սկսեցին այլ նոր ամբաստա­նու­թիւններ բե­րել ընդդէմ Աթանասի, բայց ոչինչ չկարողացան հաստատել: Ամբաստանում էին, թէ նա օրէնքից դուրս, խաբէութիւններով ու բռնութեամբ է տիրացել պատ­­րիարքութեան Աթոռին, որի համար առաջ բերեցին իբր ժողովրդի ա­նու­­նից ընդդէմ Աթանասի գրուած մի ստայօդ բողոք-գրութիւն: Եւ երբ ամէն բա­նում ար­դար գտնուած երանելի Աթանասը դէմ յան­դի­ման մեր­կաց­րեց ի­րեն չարախօսողների՝ կարկա­տուն խօսքերով կեղծիքները, այնժամ ցոյց տուե­­­ցին իբր Արսէնիոսի կտրուած ձեռքը՝ որպէս Աթանասի կողմից գոր­ծուած արիւնա­հեղութեան նշան: Աթանասը նրանց հարցրեց. «Իրօ՞ք դա Ար­սէ­նիոսի ձեռքն է: Դուք ճանաչո՞ւմ եք Արսէ­նիո­սին»: Նրանք միաբերան ա­սա­ցին. «Այո՛, ճանա­չում ենք, եւ սա նրա ձեռքն է»: Այն­ժամ Աթա­նա­սը իւրայիններին ակնարկեց ներս բերել Արսէ­նիո­սին, ով մինչ այդ ծածկուած էր մնում: Երբ նա ներս մտաւ, Աթանասը նրան մօ­տեցրեց դա­տա­ւորին, վեր բարձ­­րացրեց նրա երկու ձեռքերն ու ասաց. «Արդեօք սա չէ՞ այն Ար­սէ­նիոսը, ո­րի հա­մար պնդում էք, թէ սպա­նուած է: Ահա նրա աջ եւ ձախ ձեռքերը հաստա­­տուն ու ողջանդամ իրենց տեղերում են: Իսկ թէ դա ո՞ւմ հատուած ձեռքն է, թող քննեն դատաւոր­ները»: Ապշեցին բո­լոր ներկաները, քանզի Աթանասի թէ՛ բարեկամներից եւ թէ՛ թշնա­միներից շատերը քաջ ճա­նաչում էին Արսէնիոսին, ով կանգնած էր իրենց առջեւ՝ կենդանի ու ողջանդամ, եւ որի հա­մար տարածուած էր, թէ նա սպանուել է Աթա­նասի կողմից կազմակերպուած դա­ւադ­րութեամբ: Այնժամ ոսոխները, ընկ­նելով ան­ելա­նելի ի­րա­դրու­թեան մէջ, սկսեցին աղաղակել. «Մո՛գ է Աթանասը, կա­խա՛րդ ու հմայո՛ղ»: Եւ այն­­չափ փրփրեցին, որ տեղում կը յօշոտէին նրան, եթէ չլինէր արքունի ա­ւագ դատաւոր Ար­քե­ղայոս մեծ պատրիկը:

Սրանից յետոյ եւսեբէականները մէկ ուրիշ բան էլ ձեռնարկեցին. մարդիկ ու­­ղարկեցին Ալեք­­սանդրիա եւ նրա մերձակայ շրջանները, որ­­պէսզի բնակ­­չու­թեանն ահաբեկելով՝ ընդդէմ Աթա­­նասի գրաւոր սուտ վկայութիւններ հա­ւա­քեն: Ժողովրդի մէջ կային նրանց մերժողներ, որոնց այնքան պա­տու­­հա­սե­ցին, որ մեծ աղմուկ ու իրարանցում ընկաւ Եգիպտոսում: Իմա­նա­լով այս մա­սին՝ Աթանասը խոյս տուեց Տիւրոսից եւ դի­մեց դէպի Կոստանդ­նու­պոլիս՝ Կոս­տան­դիանոս կայ­սեր մօտ՝ տեղեկացնելու եւսեբէականների ան­­կար­­գու­թիւնների ու չարագործութիւնների մա­սին: Իսկ թագաւորը, պա­շարուած լի­նե­լով իր մօտ յաճախող եպիսկոպոսների եւ քահանաների՝ Աթա­նա­սի դէմ ուղ­ղուած բազմադիմի ամբաս­տա­նու­­թիւններով ու զրպար­տու­թիւն­ներով, հրա­մա­յեց Տիւրոսում ժողովուած եպիսկոպոսներին գնալ Երու­սա­­ղէմ, այն­տեղ կատարել Փրկչի տա­ճա­րի նաւակատիքը, որն ինքն էր կառու­ցել, եւ ապա վերադառնալով՝ առանց խռովութեան քննել Աթանասի դատը: Սա­կայն եւ­սե­բէա­կանները նախ­քան կայսեր նամակը ստանալը Աթանասի՝ Տիւ­­րոսից խոյս տա­լու պատճառով նրան հռ­չա­կե­ցին մեղաւոր ու արժանի հե­ռացուելու իր Ա­թո­ռից: Ապա գալով Երուսաղէմի ժողովականների մօտ՝ Եկե­ղե­ցու համար խոչ­­ընդոտ եւ անարժան հա­մա­րեցին  Աթանասի Աթոռին նստելը ու որո­շե­ցին ա­­­րիոսականներին Եկեղեցի մտցնել: Բայց քանի որ ուղ­ղա­փառ դասին պատ­կա­նող որոշ եպիսկոպոսներ քաջութեամբ դէմ կանգնեցին նրանց, թշնա­մի­ները ոչինչ չկարողացան անել, բացի օրէցօր ծաւալուող մեծ խռո­­վու­­թիւն­ներ առաջացնելուց:

Այս ամէնը հասաւ Կոստանդիանոսի ականջին, եւ նա հրաման տուեց, որ Ա­­թա­նասի դէմ հակա­ռա­կութիւն ունեցող բոլոր եպիսկոպոսները հա­ւա­քուեն իր մօտ, որպէսզի անձամբ լսէր նրանց դատը: Այնժամ Եւսեբէոս Նիկոմիդացին աճա­պա­րե­լով իր հետ վերցրեց իրեն համախոհ պարագլուխներին ու բո­լոր ջանքերով խափանելով Աթա­­նասի ջատագովների մուտքը արքայի մօտ՝ մի­­այն իր իւրայիններով ներկայացաւ կայսրին: Ծանրածանր ամ­բաս­տա­նու­թիւ­ն­ներ առաջ բերե­լուց յետոյ կեղծ վկաների միջոցով կամեցաւ հաս­տատել նաեւ այն կեղծիքը, թէ իբր Աթանասը յոխորտացել է ընդդէմ ինքնակալի եւ յայ­­տա­րա­րել, թէ ինքը կարող է արգելել, որ Կոստանդ­նու­պոլ­սից Ա­լեք­սանդ­րիա ցորեն բերեն: Այս խօս­քե­րից կայսրը յոյժ վրդովուեց ու առանց ստու­գե­­լու իրողութիւնը իսկ եւ իսկ հրաման տուեց աք­սորել Աթանասին դէպի  հե­­ռաւոր գաղղիա­ցի­նե­­րի երկիրը: Այս վճռից մեծ ուրախութիւն տի­րեց եւ­սե­բէականներին ու նրանց արբանեակ­նե­րին, քանզի ակնկալում էին իւրա­յին­նե­րից մէկին նստեցնել Ալեքսանդրիայի պատ­րիար­քութեան Աթո­ռին, սակայն կայսրը չհամաձայնուեց, եւ այդպէս Աթոռը միառ­ժա­մա­նակ մնաց առանց հովուի:

Իսկ երանելի Աթանասը, Եկեղեցին յանձ­նե­լով Աստուծոյ ապաւինութեանը, անխռով հոգով ու խնդութեամբ տարաւ բոլոր հալածանքները, որոնք ե­ղան Տիրոջ 336 թուականին, որովհետեւ գի­տէր, որ ինքն անմեղ էր այդ բոլոր մե­ղադ­րանք­նե­րում: Եւ հասնելով սահմանից դուրս գտնուող Տրե­ւերիս Օ­գոս­տա կոչուող մի վայր՝ հան­գր­ուա­նեց այնտեղ, ուր Սուրբ Գրքի անդադար ըն­թեր­ցա­նութեամբ եւ աղօթքներով, իր աստուած­իմաստ խօսքերով ու նա­մակ­­նե­րով հոգեւոր մեծ նպաստ բերեց Արեւմուտքի բնակչութեանը:

Մինչ Մեծն Աթանասը գտնւում էր աքսո­րա­վայ­րում, եւսեբէականները ջա­­նացին, որ ժանտ Արիոս Ալեքսանդրացին, ով մինչ այդ ողջ էր եւ ատելի էր ուղղափառներին, հաղորդութեան մէջ մտնի հաւատացեալների հետ ու սողոսկի Եկեղեցի: Եւ երբ սուտ եպիսկոպոսներն այս խնդրանքով դիմեցին ինքնակալ Կոստան­դիա­նոսին, կայսրն իր մօտ կանչեց Արիոսին եւ հարց­­րեց. «Արդեօք հաւատարմօրէն կը պահես Աս­տուծոյ ընդհանրական Եկեղե­ցու հաւատը»: Իսկ անօրէնը, արքայի առջեւ սուտ երդում տալով, հանդէս եկաւ որպէս ուղղափառներին հաւատակից ու նրանց միաբան: Այնժամ կայսրը նրան ասաց. «Եթէ անկեղծ երդուեցիր, ապա ուղիղ է քո հաւատը, իսկ եթէ ոչ, ապա ըստ քո երդման՝ թող Աստուած Ինքը քեզ դատի»,- եւ արձակեց խաղաղութեամբ: Եւ մինչ ցնծում էին արիոսականները, նոյն օրը դաժան մահով մեռաւ Արիոսը, եւ ամօթահար եղան նրա բոլոր արբանեակները:

Բայց ալեքսանդրացիներն ու Եգիպտոսի բո­լոր մենակեացները դեռեւս սգում էին իրենց քաջ հովուից՝ Աթանասից զրկուած լինելու հա­մար եւ յաճա­­խակի աղաչում էին կայս­­րին՝ նրան Աթոռ վերադարձնելու համար: Այս նոյն խնդրանքով արքային դիմեց նաեւ անա­­պատի զարդ երանելի հայր Անտօնը՝ յայ­տա­րա­րելով, թէ Աթանասի դէմ եղած բոլոր ամբաստանութիւնները չարափառների ստայօդ հնարք­ներն են: Իսկ կայսրը չէր կա­րո­ղա­նում հաւատալ դրան, քանզի ասում էր. «Եթէ հասարակ ժողովրդից մէ­կը քննա­դատէր նրան, ոչինչ չէի անի, բայց ինչպէ՞ս վարուեմ այն դեպ­քում, երբ Աստուծոյ եպիսկոպոսների ու քահանաների ժո­ղովն է նրան մե­ղա­դրում»: Նա չէր ճանաչում նրանց նենգութիւնը եւ միայն յետոյ, երբ տե­սաւ նրանց չա­րու­թիւնն ու Աթանասի անմե­ղու­թիւ­նը, խոստացաւ աքսորավայրից անմիջապէս յետ բերել Ա­թա­նա­սին: Բայց իր խոստումը դեռ չկ­ա­տարած՝ վրայ հա­սաւ աստուածասէր թագա­ւո­րի՝ Կոստանդիանոսի վախճանը, ով նախ­քան իր մա­հը կտակով պատգամել էր Աթանասին իր Աթոռին վե­րա­դարձ­նել:

Երբ Տիրոջ 337 թուականին նրան յաջոր­դե­ցին իր երեք որդիները՝ աւագ որ­դին՝ Կոս­տան­դի­նը, ով կրտսեր որդու՝ Կոստասի հետ թագա­ւո­րում էր Արեւմուտ­­քում, իսկ միջնեկ որդին՝ Կոս­տա­նդը՝ Արեւելքում, յետաձգուեց Աթանա­սի­ դար­ձը, որովհետեւ Արեւելքի Կոստանդ կայսրը, ում ձեռ­քում էր գտնւում կտա­կը, համամիտ եղաւ արիո­­սականներին եւ անփոյթ գտնուեց կատա­րե­լու իր հօր պատուէրը: Սակայն Արեւմուտքի Կոս­տան­դին կայսրը, համո­զե­լով Կոս­տանդին, երկու տա­րի ու չորս ամիս աքսորավայրում մնալուց յե­­տոյ Աթա­նա­սին պատուով վերադարձրեց իր Աթո­ռին: Անպատմելի ուրախութիւն տիրեց նրա հօ­տին, եւ ուղղափառների դասը զօրութիւն հա­գաւ: Իսկ ե­րա­նե­լու թշնա­մի­ները, նախանձելով նրա փառքին ու անհանգստանալով, որ մի­գու­ցէ նա հա­ճոյ կը գտնուի Կոստանդ կայսեր աչքին եւ նրան կը ձգի ուղ­ղա­փառ­ների կող­մը, սկսեցին ար­քայի առջեւ Աթանասի վրայ անթիւ ամ­բաս­տա­­նու­թիւն­ներ բարդել եւ նաեւ պատճառաբանել, թէ քանի որ նա հեռացուել է ե­պիս­կո­պո­սա­կան ժողովով, ապա ըստ օրէնքի՝ պէտք է ժողովի որոշ­մամբ էլ վերադառնայ այնտե­ղից: Իրենց այս նոյն պահանջը ներկայացրին նաեւ Արեւ­մուտ­­քում՝ Կոստանդինին ու Կոստասին: Ապա բար­­դեցին նաեւ այլ չարախօսու­թիւն­ներ՝ ամբաստանելով Աթանասին որպէս քաղաքական օրէնք­­նե­րի մէջ յանցաւորի: Կոստանդից հրաման առ­նե­լով՝ նրանք ժո­ղո­վուե­ցին Անտիոքում եւ գլխաւոր առաջնորդ­նե­րին Աթանասից տե­սակ-տե­սակ­ ամբաստանու­թիւն­­ներ ներկայացրին, որպէսզի նրան միաձայն հեռացնէին Աթոռից: Կամենալով վա­խեց­նել Աթանասին՝ գրութիւն ու­ղար­կե­ցին նաեւ Հռոմի երանելի Յուլիոս հայրապետին ու թա­խան­ձեցին, որ­պէսզի մեծ ժողով գումարի եւ դա­տա­ւորը լինի ինքը՝ հայրապետը: Այս մա­սին տե­ղե­­կանալով՝ Աթանասը պատուիրակներ ուղար­կեց Յուլիոսի մօտ ու հեր­քեց չարախօսների զրպարտութիւնները: Այնժամ Եգիպտոսի եւ նրա մեր­­ձ­ակայ շրջան­ների ուղղափառ եպիսկո­պոս­նե­րը հաւաքուեցին Ա­լեք­սանդ­րիա­յում եւ ի­րենց Աթանաս հայրապետի մասին չարափառների սուտ ամ­բաս­տա­նու­թիւն­ները հերքող նամակներ գրե­ցին Յուլիանոսին ու այլ Աթոռներին՝ հաս­կաց­­նե­լով, որ նրանց բոլոր ջանքերը նպատա­կա­մղուած են իրենց աղանդը տա­րա­ծե­լուն, որոնց ջախ­ջախիչ հարուած հասցնողը Աթանասն է: Այլ երեւելի եպիսկոպոսներ եւս նոյն կարգով գրեցին Յուլիոս հայ­րա­պետին եւ միաբան վկայեցին ճշմար­տու­թիւնը: Ապա Յուլիոսը նամակ գրեց Աթա­նա­սին ու նրան ամբաս­տա­նողներին, որպէսզի բո­լորն անյապաղ գան Հռոմ, եւ օրինական ժողո­վի մի­­ջոցով խաղաղութիւն հաստատուի: Երանելի Աթա­նասը յօժարութեամբ ճա­նա­պարհուեց դէպի Հռոմ, որից հակառակորդները յոյժ զար­մա­ցան, որով­­հե­տեւ չէին սպասում, որ նա կը գայ մեծ վս­տահութեամբ: Իսկ ի­րենք, վախե­նա­լով, որ մի­գուցէ ժողովում քահանայապետի առջեւ ամօթա­հար լինեն, յանձն չառան մասնակցել Հռոմի ժո­ղովին՝ պատճառաբանելով պա­տե­րազ­մա­կան իրա­վիճակներն ու այլեւայլ առիթներ: Աթա­նա­սը Հռոմում մնաց մէկ տա­րի եւ վեց ամիս՝ սպա­սե­լով իր չարախօսների գալստեանը, սա­կայն նրան­­ցից ոչ ոք չհամարձակուեց գալ, թէպէտ շատ անգամներ Յու­լիո­սը կանչել տուեց նրանց: Այն­ժամ Աթանասը շտապեց վերադառնալ իր տեղը, որպէսզի իր սեփական հօտը, անհովիւ մնալով, վտանգի չենթարկուի:

Իսկ եւսեբէականները Աթանասի դէմ տեսակ-տե­­սակ հնարքներ բանեցնելուց յետոյ Կոստանդ կայ­սեր հրամանով Անտիոքում իբր Եկեղեցու կա­րե­ւոր խնդիր­ների լուծման համար մեծ ժողով գու­մարեցին: Ժողովին մասնակցում էին ե՛ւ արիո­սականները, ե՛ւ ուղղափառները: Այնտեղ եւսեբէականները, երկ­դիմի խոս­տո­վա­նե­լով ուղղափառ հաւատը, հանդէս եկան իբրեւ հա­­­մա­միտ Նիկիական դաւանութեանը ու իբրեւ նրա բարելաւման համար սահ­մա­նեցին ինչ-ինչ դրոյթ­ներ: Իսկ Աթանասին մեղադրելով որպէս Ե­կե­­ղե­ցու պա­ռակտչի՝ նրա տեղում՝ պատրիար­քու­թեան Աթոռին, Տիրոջ 341 թուականին կար­գե­ցին կապադովկիացի իրենց համախոհներից մէ­կին՝ ոմն Գրիգորի: Սա Ալեքսանդրիա մտաւ զինուորական գնդերով եւ արիոսականների մեծ բազ­մութեամբ, որոնց հեթանոսներից ու հրէա­նե­րից կազմուած զօր­­քով գործակցում էր Փի­լագ­րիոս ուրացող քաղաքապետը: Եւ սա շատ ձեռն­­տու էր արիոսականներին: Մեծ խռովու­թիւն ըն­կաւ այդ քաղաքում, քան­­զի ողջ ժողո­վուր­դը խնդ­րում էր իր հարազատ ուղղափառ հովուին, սա­­կայն քաղաքապետը բռնութիւն գոր­ծադրեց նրանց վրայ: Զինուորները սու­սե­րով եւ բրիչ­նե­րով վանեցին ամբոխին ու մեծամեծ չարիք­ներ գոր­ծեցին մարդ­­կանց տներում եւ եկե­ղե­­ցինե­րում: Իսկ Աթանասը, հանգիստ չգտնելով իր Աթո­­ռում, մի կերպ կարողացաւ ճողոպրել մի ծա­­ծուկ տեղ, որտեղից զա­նա­զան վայրերում գտնուող ուղղափառների դասերին գրութիւննե­րով տե­­ղե­կաց­նում էր այլափառների բոլոր այդ չարագործութիւնների մա­սին:

Երբ բռնակալ Գրիգոր եպիսկոպոսն այս կեր­պով տիրեց քաղաքին, բոլոր եկե­ղեցիները վերց­­րեց ուղղափառների ձեռքից ու յանձնեց իր արիո­սական պաշ­տօնեաներին: Նա Բաղակ ան­ողորմ իշխանի ձեռքով մեծ նեղութիւն էր պատճառում Աթանասի ուղղափառ ձայնակիցներին. ոմանց մատնում էր կապանքների, բանտերի, ոմանց էլ աքսորում՝ դառնալով շատերի հոգու կորստեան պատճառ: Նոյնը արեց նաեւ Եգիպ­տոսի մերձակայ շրջաններում եւ հեթանոսներից առա­ւել վատթար չարչարեց տեղի քրիստո­նեա­նե­­րին, քահանաներին ու եպիսկոպոսներին: Այն­ժամ երանելի սուրբ հայր Ան­տօ­նը անապատից նրան յանդիմանական խրատներով լի նամակ ուղար­կեց, սակայն նա, ար­­համարհելով սուրբին, ամե­նեւին յետ չդարձաւ իր չարագործութիւննե­րից: Եւ քանի որ ծարաւի էր Աթանասի արեանը, բովանդակ քաղաքի առջեւ քա­­ղաքապետին գրել տու­եց Կոստանդ կայսերն ուղղուած մի բո­ղոք-գրու­­թիւն, ըստ որի՝ Աթանասն արժանի չէ ոչ մի­այն հայրապետութեան Ա­թո­ռին, այլեւ պէտք է մահապատժի ենթարկուի: Գիտէր նաեւ, որ Ա­րեւ­­մուտ­քը յարում էր Աթանասին, որի համար գրեց նաեւ Արեւմուտքի Կոստաս կայսրին (քանզի Կոս­տանդինը մահացել էր)՝ բամբասելով Աթա­նա­սից, թէ նա է հան­դի­սա­­նում Եկեղեցուն հասնող բո­լոր չարիքների պատճառը: Նոյնն արեցին նաեւ եւսեբէականները, ովքեր հաւաքուած էին Ան­տիոքում. նրանք դեսպաններ ու­ղար­կեցին Կոս­տաս արքայի մօտ, բազմակնճիռ խօսքերով հան­դէս եկան որ­պէս ուղղափառ դասին պատ­կա­նող­ներ, իսկ Աթանասին ներկայացրին որպէս Եկե­ղեցու ճեղքման ու պառակտման միակ պատ­ճառի:

Այն­ժամ երանելի Աթանասը ստիպուած եղաւ դար­ձեալ գնալ Հռոմ եւ Արեւ­­մուտքի բնակ­չու­թեան առջեւ յայտնի դարձնել արիոսականների ու նրանց արբանեակների բոլոր նենգութիւն­նե­րը: Այնտեղ եկան եւ նրան միացան եւսեբէա­կան­նե­րի հալածանքներից փախած շատ այլ եպիսկոպոսներ ու երէցներ, ովքեր բոլորի առ­ջեւ վկայեցին Աթանասի անմեղութեան եւ հակառակորդների չարանենգութիւնների մասին: Այդ ամէնի համար Յուլիոսը նրանց յանդի­մա­նա­կան ուղերձներ յղեց ու յորդորեց դադարեցնել խռովութիւնները: Եւ քանի որ ոչ մի օգուտ չեղաւ, Աթանասը չուզեց գնալ Արեւելք, ուր նա հանգիստ չէր գտնի: Այդ ժամանակ Կոս­տաս կայսրը, ով գտնւում էր Միգուլէ քա­ղա­քում, իր մօտ կանչեց Աթանասին ու մեծ պատուով նրան պահեց իր մօտ: Նա Արեւելքի իր Կոս­տանդ եղբօրը գրեց մի գովասանական թուղթ Աթանասի մա­սին, որտեղ յորդորում էր օրի­նա­կան ժողո­վի միջոցով հոգալ Եկեղեցու խաղաղու­թեան համար:

Այս առիթով 347 թուականին Թրակիայի Սար­դիկէ քաղաքում տեղի ունե­­ցաւ մեծ ժողով, ուր մեծ բազմութեամբ հաւաքուեցին Արեւելքի եւ Արեւ­մուտ­­քի եպիսկոպոսները: Եւ քանի որ յայտ­նի էր դարձել Աթանասի անմե­ղու­թիւնը, արիո­սական եպիսկոպոսները չհամարձակուեցին մաս­նակցել ժո­ղո­վին, եւ բացի այդ մահացել էր նրանց զօրաւոր բազուկը՝ արիոսականների դրօ­շա­կակիր Եւսեբէոս Նիկոմիդացին: Այնժամ ժո­ղո­վին մասնակցող հայ­րե­րը, անաչառութեամբ քն­նելով Աթանասի ու արդարութեան համար հա­լա­­ծուող այլ եպիսկոպոսների դատը, արդա­րաց­րին նրանց: Ժողովականները, ի յայտ բերելով չարա­խօսների մախանքները, խռովարարներին հե­ռացրին Ա­թոռ­­ներից եւ ուղերձներ յղելով բո­լոր եկեղեցիներին՝ ամէնքին իրազեկ դարձ­րին ճշ­մարտութեանը:

Իմանալով այս մասին՝ հակառակորդներն իրենք էլ հա­ւաքուեցին Սարդիկէի մօտ գտնուող Փի­լի­պու­պո­լիս քաղաքում եւ, արհամարհելով նախորդ ժողովի ո­րո­շում­ները, սահմանեցին դրա հա­կա­ռա­կը՝ Աթանասի մասին չա­րա­խօ­սու­թիւն­նե­րի յա­ւելուածով հանդերձ, ու Սարդիկէի ժողովի անուան տակ հրա­տա­րա­կե­­ցին իրենց որո­շում­նե­րը: Սակայն նրանք չբաւականացան այսքանով, այլ վստահ լինելով Կոստանդ կայսրից, ում իրենց համախոհ էին կարծում, բռնել տուե­ցին ուղղափառ եպիսկոպոսներին եւ ոմանց բանտ նետեցին, ո­մանց էլ աքսորեցին: Պա­տուի­րակ­ներ ուղարկեցին նաեւ Ալեքսանդրիա, որ­պէս­­­զի երբ Աթանասը գայ, նրան չընդունեն: Եւ այն­չափ անարժան գործեր ա­րե­­ցին Ճշմար­տու­թեան հակառակորդները, որ Կոստանդ կայսրը զայ­րացաւ ու հրա­ման տուեց ձեռք չտալ Աթա­նա­սին եւ նրա համախոհներին:

Մի քանի ամիս անց մեռաւ բռնակալ Գրիգոր եպիս­կոպոսը, եւ արքան երկու-ե­րեք անգամ հրա­­­ւիրեց Աթանասին գալ ու պատուով նստել Ալեքսանդրիա­յի իր Աթոռին: Եւ 349 թուա­­կանին Աթանասը, որ այդ ժամանակ գտնւում էր Իտալիայի Ակուիղա աւանում, վերս­տին եկաւ Հռոմ, հանդիպեց Յու­լիոս հայրա­պե­տին, որտեղից նա մեծ շուքով եւ պատուով ուղար­կուեց իր Աթոռը, իսկ Յուլիոսն ուրախալից ուղերձ յղեց ալեքսանդրացիներին:

Երբ Աթանասը եկաւ Անտիոք, Կոստանդ կայս­րը նրան մեծ ընդունելութեան արժա­նաց­րեց: Նա խնդ­րեց արքային, որպէսզի իր առջեւ գան բոլոր չա­­­րախօսները, ովքեր բազմաթիւ էին Ան­տիո­քում, եւ իր դէմ ունեցած բոլոր մե­ղադ­րանք­ներն ասեն իր մօտ եւ ոչ թէ հեռուից զրպարտագրեր ուղարկեն: Բայց չարախօսները, ամօ­թա­հար եղած, լռութեան մատնուեցին, եւ նոյ­նիսկ նրան­­ցից ոմանք առաջ գալով թո­ղու­թիւն խնդրեցին: Այնժամ թագաւորը հրա­­մայեց վե­րացնել Աթանասի դէմ գրուած բո­լոր զրպար­տա­­­գրերն ու Աթանասին խոստացավ այ­լեւս չլսել իրեն ամբաստանողներին: Իսկ երբ արիո­սական եպիս­կոպոսները տեսան Աթանասի եւ Կոստանդ ար­քայի մի­ջեւ եղած բարեկամական սէրը, դր­դե­ցին արքային, որ Աթանասին ասի. «Արդ, քանի որ խաղաղութեամբ գնում ես քո Աթո­ռը, թող քեզ դժուար չթուայ լուծել մի փոքր հարց, որը քե­զանից պահանջում են այս եպիս­­­կո­պոս­նե­րը. Ա­լեք­սանդրիայի շատ եկե­ղե­­ցի­ներից մէկը շնոր­հիր նրանց, ովքեր չեն կա­մե­­նում քեզ հետ հաղորդակցուել»: Այնժամ Աթա­­նա­սը, կա­մե­նա­լով ի­մաս­տութեամբ խափա­նել նրանց ցան­կու­թիւ­նը, հեզութեամբ ասաց ար­քա­յին. «Ինչ­պէ՞ս հնա­րաւոր է չլսել ինք­նա­կա­լիդ խնդրան­քը, ո­ւմ իրա­ւա­սու­թեան տակ է ամէն­­քին հրա­մա­նա­տու լինելը:  Սակայն այդ խնդրան­քի դիմաց մի խնդրանք էլ ես եմ հայ­­ցում ինքնակալիցդ»: Ար­քան ասաց. «Խնդրի՛ր, ինչ որ կամենում ես»: Եւ Աթանասն ասաց. «Այս է իմ խնդրանքը. քանի որ Ան­տիո­քում շա­տերը յանձն չեն առնում հա­ղոր­դութիւն ունենալ տեղի եպիս­­կո­­­պոս­­ների հետ, թոյլ տուր, որ նրանք էլ իրենց առանձին եկեղեցին ու­նե­­նան»: Այս խօս­քե­րը հա­ճե­լի եղան կայսրին, ու նա Աթանասի խնդ­րանքն ի­րա­­­ւացի համարեց, բայց երբ այն առա­ջարկեց արիոսականներին, որոնց ձեռքում էին Անտիոքի եկե­ղե­ցի­ները, նրանք չհամա­ձայ­նուե­ցին ու ա­սացին. «Ո՛չ նրանց եկեղեցին ենք կա­մե­նում, ո՛չ էլ մե­րը կը տանք իրենց»: Այնժամ կայսրը հասկացաւ Աթանասի գովելի հնարամտութիւնը եւ նրան մե­­ծա­րանք­­­ով ու պա­տուով ուղարկեց Ալեքսանդրիա: Միաժամանակ պա­­տուիրեց գա­ւառ­նե­րի բո­լոր իշխաններին, որ­պէսզի արժանաւոր պա­­տուով ըն­դունեն նրան՝ իր համախոհներով հան­­դերձ ու բոլոր տեղերից վե­րացնեն ա­մէն տե­սա­­կի զրպարտագրերը:

Եւ ո՞վ կարող էր պատմել ուղղափառների ուրա­­­խութեան ու ցնծութեան մա­­սին, որ ունէին Մեծն Աթանասի՝ իր Աթոռին վերադառնալու համար: Նրանք բո­­լոր կողմերից հոծ բազմութեամբ ըն­թա­­­նում էին դէպի Ալեքսանդրիա՝ տես­­նելու քաջ հո­վուին ու առաքինի նահատակին՝ որպէս Քրիստոսի առաքեալ­­ներից մէկին: Եւ աւելին՝ մար­դիկ,  նրան տեսնելով, համարում էին, թէ Քրի­ս­տոսին են տեսնում: Սուրբ հայրապետին՝ ինչ­պէս Տիրոջը, նստեցրին ա­ւա­­նակի վրայ եւ հո­գե­­ւոր երգերով ու օրհնութիւններով նրան քա­­ղաք մտցրին: Եւ այնպիսի մեծ հանդիսու­թեամբ դիմաւորեցին նրան, որը չէին ա­նում ան­գամ կայսեր գալստեան ժամանակ: Իսկ ինքը՝ երանելին, ոչինչ հա­մա­­րելով իրեն ընձեռած փառքն ու պատիւը, մեծապէս ուրախ էր, որով­հետեւ գտաւ իր հօտին՝ անարատ պահուած Տիրոջ ձեռ­քով եւ հաստատուն՝ ուղ­ղափառ հա­ւա­տի մէջ:

Այնուհետեւ սկսեց Հոգու վարդապետութեան կե­նա­րար ջրով արբեցնել ծա­րաւներին ու բո­լո­րին զուարթացնել իր շուրթերից բխած հոգե­բուխ խօսքերով: Սիրով ներեց իր դէմ չարութիւն գործողներին եւ հաշտեցրեց իր թշնա­­միներին: Շատ եպիսկոպոսներ, ովքեր սկզբում միաբանուած էին Աթանասի ոսոխների հետ, անձամբ եկան նրա ոտքը, իսկ ոմանք էլ զղջման նամակներ գրեցին եւ ներում խնդրե­ցին: Առաւել ողջամիտներն ու նրա մտերիմ­նե­րը բոլոր տեղերից ուրախալից ուղերձներ էին յղում նրան, իսկ ինքը՝ Կոստանդ կայսրը, յա­ճախակի ջերմ նամակագրու­թեամբ մեծարում էր երանելուն:

Սակայն միառժամանակ խաղաղութեամբ Աթ­ոռին նստելուց յետոյ դարձեալ հալածանքներ սկս­ուեցին Աթանասի դէմ: Քանզի երբ սպանեցին Արեւ­­մուտ­քի Կոստաս կայսրին, Կոստանդը, վա­նելով բոլոր ապստամբներին, մի­ա­հեծան իշ­խա­նութեամբ տիրեց բովանդակ կայսրութեանը, իսկ ա­րիո­սա­կան­­ արբանեակները, մեծ համարձակութիւն ունենալով նրա առջեւ, շտապե­ցին նրա մօտ չարախօսել Աթանասից եւ ասել, թէ՝ «Նա սատար է եղել ապս­տամբներին եւ շատ բա­ներ է արել ի վնաս պետութեան ու եկե­ղե­ցա­կան օրէնքների: Եւ ամենավատը՝ որքան ժամա­նակ Աթանասը նստած է Ալեքսանդրիայի Աթո­ռին, օր օրի վատթարանում է Եկեղեցու վիճակը, ու մեռնում է հաւատքը, քանզի նա մեզ, մեզ հետ հաղորդակից եղողներին, ինչպէս նաեւ քեզ՝ ինք­նա­կալիդ, հերետիկոսներ է կոչում»: Եւ այսպիսի չարախօսութիւններով արիոսականները կարողացան Կոստանդ կայսեր մէջ ատելութիւն սեր­մա­­նել Աթանասի հանդէպ:

Այդ օրերին վախճանուեց երանելի Յուլիոս հայ­րապետը՝ Աթանասի մտերի­մը, եւ Տիրոջ 352 թուա­կանին նրան յաջորդեց Լիբերիոսը: Չարի արբա­նեակ­ները Լիբերիոսի անունից մի գրութիւն պատրաս­տե­ցին ընդդէմ Աթա­նասի ու տե­սակ-տեսակ դաւադրութիւններով եւ բանսարկութիւններով պա­ռակ­­տութիւն գցեցին նաեւ ուղղափառների մէջ: Եւ քանի որ բոլոր եկեղեցի­նե­րը խռովքի ու յուզումների մէջ էին, Լիբերիոսը հա­մոզեց կայսրին, որ Ա­կուիղայում եպիս­կո­պո­սա­կան ժողով գումարուի: Արիոսականները ջա­նա­­ցին, որ ժողովը կայանայ Միգուլէում, ուր այդժամ գտնւում էին կայսրը եւ Ա­թա­նասի շատ ոսոխներ: Եւ կայսրը հրաման տուեց, որ Արե­ւելքի ու Ա­րեւ­մուտքի եպիսկոպոսները հա­ւա­­քուեն Միգուլէում (354թ.), որ­պէս­­զի քննարկեն ոչ թէ Եկեղեցու խնդիրները, այլ դատապարտեն Աթանասին եւ նրա կուսա­կից­նե­րին, ովքեր չէին յօժարում հաղորդութիւն ունենալ արիոսա­կան­ների հետ: Այդ պատճառով ժողովը գումա­րե­ցին ոչ թէ Եկեղեցում, ինչպէս որ սահ­­մանուած էր օրէնքով, այլ արքունի պալատում, որպէսզի ե­պիս­­կո­պոս­նե­րը չունենան իրենց առաջնորդա­կան ազատութիւնը եւ ստիպուած լինեն ակ­նա­ծել արքայից: Եւ բացի այդ, երբ մի եպիսկոպոս քաղաք էր մտնում՝ ժողովին մասնակցելու, նրան ստիպում էին գրութիւն տալ ընդդէմ Աթա­­նասի, կամ էլ ահաբեկում էին, որ չհամարձակուեն որեւէ խօսք ասել ընդ­­դէմ ինքնակալի կամքի, իսկ ժողովին չմասնակցող եպիսկոպոսներին արքունի հրամանով հարկադրում էին տալ իրենց համաձայնութիւնը Աթանասի Աթոռից հեռանալու համար: Այս պայմանն ընդու­նե­ցին երերուն առաջնորդնե­րը՝ պատճա­ռա­բա­նե­լով, թէ չարժէ մէկին պաշտպանելու համար խռով­քի մատ­նել ողջ Եկեղեցին եւ կամ թագա­ւո­րին գրգռել ընդդէմ բոլոր ուղ­ղա­փառ­ների:

Ահա այս իրավիճակում կայացաւ Միգուլէի ժո­ղովը, ուր ին­քը՝ Կոստանդ կայսրը, հանդէս եկաւ որպէս Աթանասին մեղադրող ու դա­տա­ւոր եւ Արիոսի արբանեակների թելադրութեամբ ճա­նա­չեց նրան որպէս յան­ցա­ւոր: Այնժամ ուղ­ղա­փառ քաջ եպիսկոպոսներից ոմանք ոտքի կանգնեցին, բո­ղոքի ձայն բարձրացրին ու արիաբար դէմ կանգնեցին թագաւորին՝ ասելով. «Անիրա՛ւ է այս ժողովը եւ նրա դատավճիռը, որովհետեւ Աթա­նասը, ում դուք դատում էք, ներ­կայ չէ, եւ օրինաւոր չէ նրան քննութեան են­թար­­­կելը: Այս ատեանը հարստահարողների ա­տեան է ու ոչ թէ եկեղեցու հո­վիւ­­ների ժողով: Մենք անպարտ ենք Աստուծոյ առջեւ»: Նոյն բովան­­դա­կու­թեամբ գրութիւններ ուղարկեցին նաեւ այն եպիսկոպոսները, ովքեր չկա­մե­ցան մաս­նակցել այդ անիրաւ ժողովին: Թագաւորը բար­կացաւ եւ նրանց մատ­­նեց բանտերի, կապանքների ու աքսորների: Իմանալով, որ ժողո­վուր­դը պաշտպան կը կանգնի Աթանասին, նա մեծ զօրք ուղարկեց Ալեքսանդրիա, որպէսզի ձերբակալեն հայրապետին: Եւ աւելի քան հինգ հազար հոգի, զինուած մերկ սուսերներով, պա­շա­­րեցին եկեղեցին, ուր երանելի հայրապետը ժո­­ղովրդի մեծ բազմութեան հետ գիշերային պաշտամունքն էր կատարում:  Նրանք ասացին. «Ըստ արքունի հրա­մանի՝ մեզ տուէք Աթանասին, եւ ձեզնից որեւէ մէկին վնաս չենք հասց­նի»: Մեծ իրարանցում ու խառնաշփոթ տի­րեց ժողովրդին: Հայրապետի մօտ կանգ­նած­նե­րը նրան յորդորե­ցին ծածկուել ամբոխի մէջ եւ նրանց հետ խոյս տալ տաճարից, սակայն ե­րա­նե­լին պատասխանեց. «Քա՛ւ լիցի, որ ես խնայեմ իմ անձը, իսկ Քրիս­տո­սի հօտին վտանգի մատ­նեմ: Եթէ ինձ են փնտրում, ահաւասիկ այստեղ եմ, իսկ  ձեզ  թող ոչինչ չպատահի»: Այս ասելով՝  նս­տեց իր Աթոռին ու պա­տուի­րեց սարկաւագին ի լուր ժողովրդի բարձրաձայն երգել սաղմոսի այն խօս­քե­րը, որ ասում է. «Քանզի յաւիտեան է Նրա ողորմութիւնը»: Ապա հրամայեց ողջ ժողո­վրդին­ գնալ իրենց տները: Ժողովուրդն սկսեց բազ­մութեամբ դուրս գալ, իսկ զինուորները ներս լցուեցին՝ բոլոր կողմերից զգուշութեամբ հսկելով, որ Աթանասն ամբոխի հետ խառնուած դուրս չգայ: Եկեղեցու ժառանգաւորները նորից ու նորից աղաչում էին հայրապետին փրկել իր անձը, բայց նա դար­ձեալ ասում էր. «Դուրս չեմ գայ այստեղից մինչեւ նախ բոլորդ ողջանդամ դուրս չգաք: Լաւ է ես վտանգուեմ, քան ձեզ­անից որեւէ մէկը»: Բայց նրանք, չընդունելով սուր­բի հրամանը, բռնի կերպով նրան դուրս բերեցին՝ իբրեւ ժողովրդից մէկին, եւ փրկեցին իրենց հո­վուին: Եւ թէպէտ զի­նուոր­ները շրջա­պա­տել էին նրանց, եւ նրանց մի մասը հսկե­լով այս ու այն կողմ էր շրջում տաճարի մէջ, սակայն նրան­ցից ոչ ոք չկարողացաւ տեսնել հայրապետի հեռանալը: Եւ այդպէս Տիրոջ հոգածութեամբ երանելին անվնաս կերպով փրկուեց նրանց ձեռքից: Աթանասի սպասաւորները նրան թաքցրին մի ան­ծանօթ վայրում, բայց նա խոյս տուեց անապա­տի կողմերը ու գնաց դէպի ա­ռանձ­նու­թիւն:

Իսկ անողորմ զինուորները՝ տեսնելով, որ չկա­րո­ղացան բռնել Աթանասին, գազանաբար յար­ձակուեցին ամբոխի վրայ եւ մեծ կոտորած արե­ցին, ո­րին տեղեակ չեղաւ հայրապետը, թէ­պէտ դա էր իր մտահոգութիւնը ու գե­րա­դա­­սում էր իր անձը ժողովրդի համար դնելը:

Սրանից յետոյ արիոսականների արբանեակ­ները բազմապատիկ չարիքներ գոր­ծեցին Ալեք­սանդ­րիայում. մտնում էին տներն ու եկեղ­եցի­նե­րը եւ աւարներ վերցնում, իսկ հեթանոսները, այս ամէնից համարձակութիւն առնելով, ոտ­նա­կոխ էին անում սուրբ վայրերն ու շատ ոճիր­ներ գործում:

Այնժամ կայսեր հրամանով Ալեքսանդրիայի Աթոռ ուղարկուեց Գէորգ կամ Գորգոնիոս անու­նով մի կապադովկիացի՝ մի ժանտ եւ արիւնար­բու մարդ, ով ձեռնադրուել էր արիոսական­նե­րի կողմից Անտիոքում: Ողջ ուղղափառ ժողո­վուր­դը խորշեց նրանից ու չկամեցաւ հաղոր­դուել նրա հետ, որի պատճառով նրանցից շատե­րին սպանեցին, շատերին էլ գանահարելով խոշտան­­գումների ենթարկեցին: Ժողովուրդը, լցուած մեծ ցասումով եւ չհան­դուր­ժելով այս ամէ­նը, մի օր եկեղեցու մէջ յանկարծակի յար­ձա­կուեց նրա վրայ, սակայն մազապուրծ դուրս պրծ­նելով նրանց ձեռքից, փախաւ կայ­սեր մօտ, ումից աջակցութիւն ստանալով՝ վերադարձաւ ու նախ­կինից առաւել բռնու­­թիւններ գործադրեց ժո­ղովրդի վրայ:

Երբ այս բոլոր լուրերը հասան Աթանասին, եւ նա իմացաւ, որ շատ եպիսկո­պոսներ բանտարկուել են իր պատ­ճա­­ռով ու մատնուել տեսակ-տե­­սակ տան­ջանք­ների, որոնց թւում նաեւ Հռո­մի հայրապետ Լիբերիոսը, Կորդուբայի ե­րե­­ւե­­լի եպիս­կոպոս Ովսիոսը, ով գլխաւորում էր Սարդիկէի ժո­ղո­վը, մտա­դրուեց անձամբ գնալ կայ­սեր մօտ եւ դարման գտնել այս ամէնի հա­­­մար, որովհետեւ չէր կարծում, թէ այս բոլոր չա­­րիքները նրա հաւանութեամբ են եղել: Կա­մե­նում էր ճանապարհ ընկնել, սակայն լսեց, որ ըստ արքունի հրա­մանի՝ բոլոր տեղերում սաստ­կա­­ցել էին հալածանքները. նոյն Կոստանդ կայ­սեր կամակցութեամբ արիոսականները բռնացել էին ուղղափառ ե­կե­ղե­ցի­­նե­րի վրայ ու կորստեան մատ­նելու նպատակով փնտրում էին իրեն եւ այն բո­­լոր ուղղափառ եպիսկոպոսներին, ովքեր չէին կա­­մե­ցել միաբանուել իրենց: Այնժամ Աթա­նա­սը, յոյս չունենալով, թէ կարող է մարդկային ուժե­րով խա­­ղա­ղութիւն հաստատել, աղօթքներով յու­սալով միայն Աստծուն, նորից ա­նա­­պատ դար­ձաւ: Այցելում էր եգիպտացի հայրերին ու իր ան­ասելի տրտմու­թեա­նը մխիթարութիւն գտնում: Բայց արիոսականները նաեւ այնտեղ հա­սան եւ սկսեցին չարչարել սուրբ մենակեաց­նե­րին, որպէսզի յայտնեն Աթանասի տե­ղը, իսկ երա­­նելին նրանց վտանգի չենթարկելու համար հե­ռացաւ խո­րա­գոյն անապատ: Եւ այսպէս հալա­ծուե­լով՝ շրջեց վեց ամիս՝ մոլորուելով լեռ­նե­­րում ու ամայի վայրերում, թաքնուելով այրե­րում եւ քարանձաւներում, ու մինչեւ անգամ շատ օրեր, առանց արեւի երես տեսնելու, բնա­կուեց գբի մէջ:

Անապատում երանելին, զրկուած լինելով բա­նա­ւոր խօսքով քարոզելուց, չէր դադարում ան­ձանձ­րոյթ կերպով գրութեամբ քարոզել Ճշ­մար­տու­թիւնը: Քան­զի գիշեր թէ ցերեկ, հոգալով զօ­րա­ցած աղանդաւորների երեսից վտանգուած Աստուծոյ Եկեղեցու մասին, ուղղափառ հաւատի մէջ հաստատուն մնա­լու համար խրատական եւ մխի­թարական թղթեր էր գրում հաւատաւորնե­րին, իսկ եկեղեցիների առաջնորդներին քա­ջա­լե­րական յորդորներ յղում: Այն­­տեղ գրեց բազ­մա­թիւ ճառեր՝ ընդդէմ Արիոսի մոլորութեան, գրեց նաեւ ընդ­­դէմ մակեդոնեան հոգե­մարտ­նե­րի, որոնք արիոսականների չար ար­մատ­­ների շա­ռա­ւիղներն էին: Պատրաստեց մի լայնածաւալ նա­մակ՝ ուղղուած Կոս­­տանդ կայսրին, ուր ի յայտ էր բերել նրան մոլորեցնողների բոլոր նեն­գու­թիւն­­ներն ու յիշատակել Քրիստոսի Եկեղեցու հա­մար իր եւ այլ սուրբ ե­պիս­կո­­պոսների ջան­քերն ու վաստակները: Եւ քանի որ արիո­սա­կան­նե­րը տա­րա­ծել էին, թէ նա փախուստ է տուել որ­­պէս յանցաւոր, յայտնի դարձրեց, որ ոչ թե իր յան­ցանքները, այլ իրենց դժնդակութիւնը հար­կա­դրեց իրեն խոյս տալ դէպի առանձնութիւն: «Քան­զի, - ասում էր, - օրէնք չէ սեփական անձն ա­ռանց պատճառի մահուան մատնել, ինչպէս նրանք են կամենում, այլ հարկ է ըստ տէրու­նա­կան հրամանի՝ քաղաքից քաղաք փախչել»:

Երբ Տիրոջ 361 թուականին մեռաւ Կոստանդ կայսրը, նրան յաջորդեց նրա հօրեղբօր որդին՝ Յու­­լիանոս Ուրացողը, ով հրաման արձակեց Կոս­­­տան­դի ձեռքով արտաքսուած բոլոր եպիս­կոպոսներին վերադարձնել իրենց տեղերը՝ նպատակ ունենալով մտ­նել ժողովրդի սիրտը ու հանդէս գալ աւելի գթասիրտ, քան իր նա­խորդը: Եւ նոյն ժամանակ­նե­րում արիոսական Գէորգը, ով բռնութեամբ էր պահում Ալեքսանդրիայի առաջնորդութիւնը, գոր­ծելով ընդդէմ հե­թա­նոս­ների, չարաչար մա­հուամբ սպանուեց նրանց կողմից: Ուստի երա­­նե­լի Ա­թա­նասը համարձակութիւն առաւ վերա­­դառ­նալ իր Աթոռ, որից իր հօտին ան­պատ­մելի ցնծու­­­­թիւն տիրեց:

Այնժամ երանելի հայրապետը ձեռ­­նամուխ եղաւ Եկեղեցու բարեկարգութեանը: Ժո­ղով գումարեց Ալեքսանդրիայում եւ խօսքով ու գրութիւններով ջանքեր գործադրեց մէջտեղից վերացնել բոլոր պառակտութիւնները, որոնք ծագել էին արիոսականների հետ ակամայ միաբանութիւնից: Սիրով ընդունեց ապաշ­խա­րու­թեամբ յետ դարձողներին եւ նաեւ նրանց, ով­քեր զուր տեղը ինչ-ինչ տարաձայնութիւն­նե­րի պատճառով բաժանուել էին իրարից: Նրանց միա­բանեց մի հաւատի մէջ՝ առաւել ուշադրութիւն դարձ­նելով ճշմարիտ դաւանութեանն ու նրա անաղարտութեանը, քան թէ պէս-պէս հակառա­կու­թիւններին:

Եւ արդ, թէպէտ այս կերպ Եկեղեցին հան­դար­տուեց արիոսականների հալածանքներից, սա­­կայն Յուլիանոս Ուրացողի կողմից այլ մեծ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ. նա ջանում էր նախ խաբէութիւն­նե­րով, ապա բռնու­թեամբ եւ տանջանքներով բոլոր ազգերին դար­ձ­նել դէպի հե­­թանոսութիւնը: Բայց երա­նե­լի Աթանասը մեծ տքնութիւնների շնոր­հիւ ոչ միայն հաստատուն պահեց իր հօտը, այլ նաեւ շատ հեթանոսների Ճշմար­տութեան ճանապար­հին բերեց:

Այդ օրերին Յուլիանոսի անօրէն պաշ­տօ­նեա­նե­­րը Պաղեստինի Սեբաստիա քա­ղաքի մօտ բա­ցե­­­ցին սուրբ Յովհաննէս Մկրտչի գերեզմանը ու ցրե­ցին նրա սուրբ նշխարները: Ապա հա­ւա­­քելով՝ այրեցին հրով, իսկ մոխիրը ցանե­ցին ար­տե­րում, որպէսզի դրանք չընկնեն քրիս­տո­նեա­­ների ձեռքը: Սակայն Տիրոջ հոգածութեամբ այն­տեղ էին գտնւում երուսաղէմացի կրօնաւոր­ներ, ո­րոնք կորզեցին սուրբի ոսկորներից մի քա­նի մասունքներ եւ տարան յանձ­նե­ցին վանքի Փի­լիպպոս վանահօրը: Իսկ նա, իրեն  անկեղծօրէն ա­­նար­­ժան համարելով իր մօտ պա­հել այդ անգին գանձերը, որպէս պարգեւ դրանք ուղար­կեց Աթանասին: Սուրբ հայրապետը, ստա­նա­լով նշխարները, փո­րել տուեց եկեղեցու աւան­դատան պահարանի պատը եւ դրանք պահեց այն­­տեղ, մինչեւ որ Տէրը խաղաղ ժամանակ­նե­րում յայտնէր ուրիշներին:

Արդ, այս մասին լուրը թէպէտ չտարածուեց, սա­կայն հեթանոսների մէջ խօ­­սակցութիւններ էին գնում, թէ ամէն բանում քրիստոնեաների պաշտ­պանն Ա­թանասն է: Ասում էին, թէ քանի դեռ նա է նազովրեցիների աղանդի գլուխը, ապա մենք չենք կարող տարածել մեր կրօնը: Միա­ժա­մա­նակ նրանք Յու­լիանոսի առջեւ ծանրագոյն ամ­բաս­տանութիւններ էին բարդում նրա վրայ, որի պատճառով Յուլիանոսը մի հրամանագիր ուղարկեց ալեքսանդրացիներին ու Եգիպտոսի դա­տաւորին, ըստ որի՝ Աթանասը՝ որպէս չաս­տուած­­ների թշնամի, պէտք է հալա­ծուե­լով հեռացուի քաղաքից եւ Եգիպտոսի սահմաններից: Այս հրամանը նա հիմնաւորեց այն հանգաման­քով, որ իր նախ­կին հրամանով նա ար­տաքսուած է եղել, իսկ այժմ առանց իր գիտութեան նս­­­տած է առաջնորդական Աթոռին եւ նաեւ հել­լէ­նացիներին ստիպել է դառ­նալ գալիլիացիների օրէն­­քին ու մկրտուել: Սրա համար քրիստո­նեա­նե­­­րը յոյժ տրտմեցին եւ իրենց հայ­­րա­պետին շրջապատած՝ դառնապէս լաց էին լինում: Իսկ երա­նելի Աթանասը, կանխազգալով առաջիկայ հա­­լա­­ծանք­ների մօտ վախճանը, մխիթարում էր նրանց՝ ասելով. «Յանկարծակի փչող մրրիկ է, շու­տով կÿանցնի»:

Արքունիքից սկսեցին փնտրել նրան, իսկ հաւատացեալները նրան մի նաւ նստեց­րին ու նաւարկելով Նեղոս գետով՝ շտապեցին փախցնել նրան: Իմանալով այս մասին՝ սուրբին հետա­պնդող կոմսն իր հետ վերցրեց սուսերաւոր աւա­զակ­նե­ր եւ նաւով ընթացաւ նրա յետեւից: Այն­ժամ սուր­բի ու­ղե­կից­ներն սկսեցին խռովուել ու խոր­հուրդ տուեցին, որ նա դուրս գայ ցամաք եւ փախ­­չի դէպի անապատ: Աթանասն ասաց. «Պէտք չէ այդ­­պէս, այլ մենք ինքներս ըն­դ­ա­ռաջ կը գնանք մեր հալածչին, որպէսզի յայտնի դառնայ, որ մեծ է մեր Օգնականը»: Եւ հրամայեց յետ նա­ւար­կել: Իսկ կոմսը քանի որ չէր սպասում, որ փն­տրուողն իրեն ընդառաջ կը գայ, հարցրեց Աթա­նասին ու նրա հետ ե­ղող­­ներին. «Արդեօք չէք տեսել Աթանասին գետով անցնելիս, կամ չգիտէ՞ք, թէ ուր է նա»: Նրանք պատաս­խա­նե­ցին. «Քիչ առաջ տեսանք նրան, եւ հեռու չի լինի այստեղից»: Այնժամ կոմսը, յետ ընթացք ընդու­նե­լով, իր ծառաների հետ շտապեց հասնել նրա յե­տե­ւից: Իսկ Աթանասը, Տիրոջ հոգածու­թեամբ անվնաս պահուելով, գիշերը վերադար­ձաւ Ալեքսանդրիա, թաքնուեց մի ծեր կնոջ մօտ, մնաց այնտեղ, եւ ոչ ոք չիմացաւ նրա տե­ղը:

Մի քանի ամիս անց Պարսկաստանում ան­երե­ւոյթ ձեռքով սպանուեց Յու­լիանոս Ուրա­ցո­ղը, ու նրա փոխարէն 393 թուականին թագա­ւո­րեց Յոբիանոսը: Այնժամ Աթանասը, դուրս գա­լով իր թաքստոցից, անակնկալ եկաւ եկե­ղեցի, ուր կատարւում էր գիշերային պաշ­տա­մունքը, եւ կանգ­նեց իր տեղում: Տես­նելով նրան՝ բոլորն ապշեցին ու լցուեցին ան­պատ­մելի ուրախութեամբ: Ապա երանելին, նոր ինք­նա­կալից հաւանութիւն ստանալով, հա­մար­ձա­կ նստեց իր Աթոռին եւ սկսեց հովուել իր հօտը: Նա այնքան էր վայելում կայսեր սէրն ու մեծ յարգանքը, որ Յոբիանոսը, վարանած լինե­լով ժա­մանակի տեսակ-տեսակ հերձուածնե­րից, Աթանասին խնդրեց իր հա­մար գրել հա­ւա­տի խօսքեր եւ ցոյց տալ, թէ ովքեր են ըն­թա­նում Ճշմարտութեան ան­մոլար ճանապարհով: Այն­ժամ Մեծն Աթանասն իր աստուածիմաստ հանճարով ու սքանչելի վարդապետութեամբ նրա համար գրեց «Գիր հաւատոյ» թուղ­թը, իսկ թա­գա­ւորը, մեծ սիրով եւ բարեհաճութեամբ ընդունելով այն, հաս­տատուեց ճշմարիտ հաւատի մէջ ու մեծ մարդասիրութիւն ցուցաբերեց ուղ­ղա­փառների դասին: Եւ սուրբ Աթանասը, կա­մե­նա­լով կայսեր բա­րե­պաշ­տու­թեան համար պա­տուա­­սիրել նրան, եկաւ Անտիոքի կողմերը նրան տե­­սու­թեան եւ յոյժ մեծարուեց նրա կողմից: Այնտեղ ինքնակալի վրայ հեղուեցին չար­ակն մարդ­կանց բազմութիւններ ու սկսեցին ընդդէմ Աթա­նասի բանալ ի­րենց չարախօս բերանները, սա­կայն թագաւորը սաստելով հե­ռաց­րեց նրանց, իսկ Աթանասին պատուով ճանապարհեց իր տեղը:

Ուղղափառները յոյս ունէին Յոբիանոսի տէ­րու­թեան հովանու ներքոյ խա­ղաղութիւն վա­յե­լել, սակայն Տիրոջ 364 թուականին արագ վրայ հա­սաւ նրա վախճանը, եւ թագաւորեցին իրարա­մերժ եղբայրներ ուղղափառ Վաղենտիանոսը, ով տիրեց Արեւմուտքին, ու արիոսական Վաղէ­սը՝ Արեւելքին: Ինքը՝ Վաղէսը, չար խրատա­տու­նե­րի դրդմամբ հրովարտակ ուղարկեց բոլոր տե­ղե­րում գտնուող իշխաններին, որպէսզի Կոս­տանդ թագաւորի օրօք աք­­սորուած բոլոր ուղ­ղա­փառ եպիսկոպոսները, ովքեր յետ էին բե­րուել Յու­լիա­նոսի օրօք, դարձեալ հեռացուեն իրենց աթոռներից  եւ արտաքսուեն, իսկ նրանց եկե­ղե­ցիները յանձնուեն արիոսականների ձեռքը:

Այնժամ Աթանասի պատճառով մեծ հակ­ա­ռա­կու­թիւն ծագեց, քանզի երբ քա­ղաքի իշխանը կա­մենում էր նաեւ նրան հեռացնել, ալեքսանդ­րա­ցիները պնդում էին, թէ Վաղէսի հրամանը չի տա­րած­ւում հայրապետի վրայ, որովհե­տեւ ասում էին. «Թէպէտ նա աքսորուել է Կոստանդի օրօք, սակայն Յու­լիա­նո­սի ժամանակ տիրապէս չի դարձել իր Աթոռին, այլ այդ ընթացքում տա­ռա­­պանքներ է կրել, եւ միայն Յոբիանոսի օրօք է նա խաղաղութեամբ նստել իր Աթոռին»: Այս խառ­նաշփոթի մէջ Աթանասը, անհանգստանալով ժո­ղովրդի հա­մար, միառժամանակ առանձնացաւ մի վայրում, բայց Վաղէս կայսրը, կա­մե­նալով հանգստացնել ամբոխին ու աւելի շատ ակնածելով Աթա­նասի համբաւից, հրաման տուեց նրան վերադարձ­նել իր Աթոռին:

Աթանասն արիոսականների զօրանալու պատ­ճա­ռով ուղղափառ եպիսկոպոս­ներին ստէպ-ստէպ քա­ջալերող նամակներ էր գրում: Բարեկամական սիրով նամակագրա­­կան կապ ունէր նաեւ Մեծն Բարսեղի հետ, ով Կապաովկեան Կեսարիայի եպիսկոպոսապետն էր: Եւ քանի որ Վաղէսի կողմից բազում հա­լածանքներ կրած բոլոր եկե­ղեցիներից բարւոք վի­ճակ ունէին ալեքսանդրացիները, բոլոր նե­ղեալ­ները համարձակ Ա­թա­նա­սին էին դիմում: Իսկ նա թէ՛ խօսքով եւ թէ՛ նամակներով մխիթարում ու զօ­րաց­նում էր նրանց Տիրոջով եւ շատ անգամներ ժողովներ հրաւիրելով ու խորհրդակցութիւններ անելով՝ հոգում էր Եկեղեցու բարեկարգութեան եւ արիոսական աղանդի ոչն­չացման համար: Նամակ գրեց նաեւ Հռոմի Դա­մասոս հայրապետին՝ աղանդաւորներին սանձահարելու համար, ովքեր զօրացել էին արեւ­մտեան կողմերում: Այդ շրջանում՝ իր ծերու­թեան օրերին, նա գրեց սուրբ հայր Անտօն Անապատականի վարքը:

Եւ այդպէս, արթուն հովիւ ու Ճշմարտու­թեան Խօսքի հզօր քարոզիչ երանե­լի Աթանասը, հա­նապազ իր օրերն օգտագործելով Եկեղեցու բարեկարգութեան եւ ճշմարիտ հաւատի հաստատման համար, հոգե­ւոր մեծ ժառանգութիւն թողեց: Նա ա­ւար­տեց իր կեանքի ընթացքն աստուածահաճոյ կեն­ցա­ղավարութեամբ՝ յարա­տեւ նահատակուելով հա­­լածանքների ու նեղութիւնների մէջ եւ Տիրոջ 371 թուա­կանին 70 կամ 75 տարեկան հասակում երկինք փո­խուեց: Մահից առաջ պա­տուիրել էր պատիւ չընծայել իր մարմնին, այլ թա­ղել քաղաքից դուրս՝ ընդհանուր գերեզմանոցում, որը եւ արեցին՝ երկիւղելով սուրբի խօս­­քին ընդդիմանալուց: Նրա համար սգացին ոչ մի­այն Ալեքսանդրիայում ու ողջ Եգիպտոսում, այլեւ ամբողջ աշխարհի բոլոր ուղղափառ ե­կե­ղե­ցի­նե­րում, որովհետեւ նրա լուսաւոր վարդապետու­­թիւնը ծաւալուել էր Արեւելքից մին­չեւ Արեւ­մուտք, իսկ նրա սրբութեան անուշա­հո­տու­թիւ­նը տարածուել էր ամենուր:

Սուրբ Աթանասին իրաւամբ անուանել են «սիւն Եկեղեցւոյ» եւ «սիւն հաւատոյ»: Նրա դաւանաբանական-հակաճառական երկերի մեծ մասը գրել է աքսորավայրում 356-362թթ.: Յատկանշական են յատկապէս արիոսականների դէմ գրած երեք ճառերը: Խիստ արժէքաւոր են նրա Զատկական նամակները, հեղինակել է Անտօն Անապատականի (251-356թթ.) վարքը, որը հայերէն թարգմանուել է հինգերորդ դարում: Սուրբգրային բազմաթիւ մեկնութիւններից մեզ են հասել սաղմոսների, Մատթէոսի եւ Ղուկասի Աւետարանների մեկնութեան առանձին հատուածներ եւ Սարգիս Կունդի (XII դ.) կաթողիկէ թղթերի ընդարձակ հատուածներ: Գրել է նաեւ կանոններ, Պատարագամատոյց, ներբողներ, խրատներ, աստուածաբանական, քրիստոսաբանական եւ այլ բազմաթիւ թղթեր

ՍՈՒՐԲ ԱԹԱՆԱՍԻ ԽՕՍՔԵՐԻՑ
1․ Ով մտքով չի ըմբռնել ճշմարիտ հաւատի դաւանութիւնը, նա չի կարող ստանալ Աստծուն հաճելի արժանաւոր վարք:

2․ Քրիստոնէութիւնը Քրիստոսին ճշմարիտ ուղղութեամբ դաւանելն է, եւ քրիստոնեայ է կոչւում նա, ով ունի հաւատի ճշմարիտ դաւանութիւնը:
3․ Աստծուն ճանաչելու առաջին աստիճանը ճշմարիտ հաւատքի դաւանութիւնն է:
4․ Ի՞նչ պէտք են քննարկումներն ու բանավէճերը. հաւատալն է օգտակար եւ լռութեամբ պաշտելն ու երկրպագելը: Գիտեմ Նրան որպէս ճշմարիտ Աստուած` երկնքից՝ անչարչարելի. գիտեմ Նրան Դաւթի Որդի՝ ըստ մարմնի մարդ՝ երկրից՝ չարչարելի: Չեմ քննում, թէ ինչպէ՞ս է անչարչարելի եւ ինչպէ՞ս նոյն Ինքը չարչարելի, ինչպէ՞ս Աստուած եւ ինչպէ՞ս մարդ: Միգուցէ «ինչպէ՞ս»-ը քննելով եւ եղանակը փնտրելով զրկուեմ բարիքներից, որոնք կան մեր առջեւ: Քանզի նախ պէտք է հաւատալ եւ փառաւորել, ապա ի վերուստ հայցելով` աստուածային յայտնութեամբ ստանալ սրանց հասանելիութիւնը եւ ոչ թէ ի ներքուստ մարմնից ու արիւնից ստանալ:
5․ Որդին չեկաւ Ինքն Իրեն փրկելու մահից, այլ մեզ՝ մեռեալներիս, եւ ոչ թէ Իր համար մեռաւ, այլ մեզ համար, Ինքն ընդունեց մեր աղքատութիւնն ու անարգանքը, որպէսզի Իր ամբողջ հարստութիւնը մեզ շնորհի, որովհետեւ Նրա չարչարանքները մեր անչարչարութիւնն են, Նրա մահը՝ մեր անմահութիւնը եւ Նրա արտասուքը՝ մեր խնդութիւնը, Նրա թաղուելը՝ մեր յարութիւնը, Նրա մկրտութիւնը՝ մեր սրբութիւնը, նրա վէրքերը՝ մեր բժշկութիւնը: