Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:37

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ով հորը կամ մորն Ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ»։
   

    Քանի որ Ես եկա մեծ բարիքներ պարգևելու, ուստի նաև մեծ հնազանդություն և ջանասիրություն եմ պահանջում։ «Ով հորը կամ մորն Ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս Իմ հետևից, նա Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:37-38)։ Տեսնո՞ւմ ես Վարդապետի արժանիքները։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Նա, մեզ պատվիրելով մի կողմ թողնել ամեն բան և Իր հանդեպ սերն ամեն ինչից նախընտրելի դարձնել, այդպիսով ցույց է տալիս, որ Ինքը Հոր Միածին Որդին է։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել ընկերների և ազգակիցների մասին, - ասում էր Նա։ - Եթե նույնիսկ քո սեփական հոգի՛ն նախընտրես Իմ հանդեպ սիրուց, դեռ հեռու ես Իմ աշակերտը լինելուց։

    Ի՞նչ է։ Մի՞թե սա հակառակ չէ հին օրենքին։ Ոչ, ընդհակառակը՝ շատ համաձայն է նրան։ Այնտեղ նույնպես Աստված պատվիրում էր ոչ միայն ատել կռապաշտներին, այլև քարկոծել նրանց։ Իսկ ահա Երկրորդումն Օրինաց գրքում՝ գովաբանելով այդպիսի նախանձախնդիրներին, ասում է. «...Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց.

    «Ես չտեսա նրանց»։ Նա իր եղբայրներին չճանաչեց ու իր որդիներին անտեսեց. որովհետև նրանք (ղևտացիները) պահեցին Քո խոսքերը» (հմմտ․ Բ Օր. 33:9 – Արարատ թարգմանություն)։ Իսկ այն, որ Պողոսը շատ պատվիրանների է տալիս ծնողների մասին և հրամայում է ամեն ինչում հնազանդվել նրանց, այդ պատճառով մի՛ զարմացիր։ Նա հրամայում է հնազանդվել նրանց միայն այն ամենում, ինչը որ աստվածապաշտությանը հակառակ չէ։

    Սրբազան գործ է ծնողներին բոլորովին այլ պատիվ մատուցելը։ Սակայն երբ նրանք պահանջեն ավելին, քան պատշաճ է, այդժամ չպետք է հնազանդվել նրանց։ Դրա համար էլ Ղուկաս ավետարանիչն այսպես է վերարտադրում այս հատվածը. «Եթե մեկը Ինձ մոտ գա և չատի իր հորն ու մորը, կնոջն ու որդիներին, եղբայրներին ու քույրերին, նույնիսկ իր անձն անգամ, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:26)։ Այստեղ պատվիրվում է ոչ թե պարզապես ատել, որովհետև դա բոլորովին հակառակ է օրենքին, այլ՝ «եթե նրանցից մեկն ուզենա, որ դու նրան ավելի սիրես, քան Ինձ, այդ դեպքում ատի՛ր նրան դրա համար։ Նման սերը կործանում է և՛ սիրվողին, և՛ սիրողին»։

    Քրիստոս այդպես էր խոսում, որպեսզի և՛ զավակներին ավելի քաջ դարձնի, և՛ նրանց բարեպաշտությանը խոչընդոտող ծնողներին դարձնի ավելի հանդուրժող։ Իրոք որ, ծնողները, տեսնելով, որ Քրիստոս զորություն և կարողություն ունի նույնիսկ իրենց զավակներին խլել իրենցից, պետք է հրաժարվեին իրենց պահանջներից՝ դրանց իրականացումն անհնարին համարելով։ Ահա թե ինչու, ծնողներին մի կողմ թողնելով, Հիսուս Իր խոսքն ուղղում է զավակներին՝ դրանով իսկ առաջիններին (ծնողներին) ուսուցանելով անօգուտ ջանքեր չգործադրել։ Հետո, որպեսզի նրանք (ծնողները) այդ պատճառով չվրդովվեն և չվշտանան, տե՛ս, թե Նա մինչև ուր է հասցնում Իր խոսքը․ ասելով՝ «Ով... չատի իր հորն ու մորը», նաև ավելացնում է «նույնիսկ իր կյանքն անգամ» (հմմտ․ Ղուկ. 14:26)։ Իսկ ի՞նչ ես մտածում, - ասում է Նա, - ծնողների, եղբայրների, քույրերի և կնոջ մասին։ Յուրաքանչյուր մարդու համար էլ ոչինչ ավելի թանկ չէ, քան իր սեփական հոգին, բայց եթե դու այն չատես, բոլորովին չես վարվի նույն կերպ, ինչպես սիրողը։ Միաժամանակ, Հիսուս պատվիրում է ոչ թե պարզապես ատել հոգին, այլև այն պատերազմի ու կռվի բովով անցկացնել, չվախենալ մահից և արյունահեղությունից։ «Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:27)։ Քրիստոս պարզապես չի ասում, որ պետք է պատրաստ լինել մահվան, այլ՝ պատրաստ լինել բռնությամբ գործադրվող մահվան, որը ոչ միայն բռնի կարող է լինել, այլև ամոթալի։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:
   
    Ով հորն ու մորն Ինձնից առավել է սիրում, Ինձ արժանի չէ: Եվ ով որդուն ու դստերն Ինձնից առավել է սիրում, Ինձ արժանի չէ:
Բացատրում է, թե ինչպե՛ս սրով բաժանեց. քանի որ ծնողների հանդեպ սերը հաջորդում է առ Աստված սիրուն, ինչպես և Օրենքում գրվեց (Ելք 20։1-7, 12), ուստի թելադրում է ոչ թե ծնողներին չսիրել, այլ ո՛չ «Իրենից առավել», որով ցույց է տալիս, որ Ինքն է Ծնողի ճշմարիտ Որդին: Նաև հրեաներին է հանդիմանում, որ իրենց համարում էին Աբրահամի որդի, բայց նրա գործերը չէին կատարում, որովհետև Աբրահամը ոչ միայն իր տնից ու ազգատոհմից հեռացավ՝ հետևելով Աստծո խոստմանը, այլև ցույց տվեց, որ Աստծո հանդեպ սերը հաղթում է բնական սիրուն, քանի որ իր միամոր որդուն զոհ էր մատուցում Աստծուն  (Ծննդ. 22): Ուստի ով նույն ձևով չի խոնարհվում, Աստծո սիրելին կամ հավատքի հայր (Հռոմ. 4։11) Աբրահամի որդին չէ: [Այս խոսքով Տերը] նաև վարժեցնում է աշակերտներին ամեն ինչ ներքևում թողնել, ոչ միայն հարստություն և ունեցվածք, սիրո համար մինչև մահ գնաց, և ոչ թե [աշակերտ կոչվես] անարժանաբար՝ միայն անունով և ոչ թե գործերով: [Տերը որպես թե ասում է]. եթե նրանք, ովքեր աշակերտելու են ձեզ, [իրենց] ազգատոհմն արհարմարհելու են, ապա ուսուցիչնե՞րդ ինչպիսին պիտի լինեք:

    [Տերն այս խոսքով] նաև դաս է տալիս, թե ով կնոջն ու զավակնե այլև ազգատոհմն ու [մարդկային] հոգիները, և նախամեծար դարձնել Քրիստոսի սերը, որպեսզի արժանի աշակերտ լինես Նրա սիրուն, Ով քորին, ոսկին կամ կերակուրը, ասում է, Ինձնից առավել է սիրում, արժանավոր աստվածապաշտ չէ, այլ հենց այն է նրա աստվածը, ինչ որ սիրեց՝ ըստ առաքյալի. «Որոնց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ նրանց ամոթը» (Փիլպ. 3։19): Ուստի հարկ է զգուշանալ և տրվածը Տվողից առավել չսիրել, քանի որ սա է մեղքի ու անօրինության սկիզբը: Սա ասելով՝ [Տերը] նաև զավակներին առաքինացնում և խանգարիչ հայրերին ցածրացնում է, որպեսզի չհանդգնեն կասեցնել որդիներին կամ [խանգարիչ որդիները]՝ հայրերին: Բայց որպեսզի ծնողները չդժգոհեն, ավելացնում է, որ «եթե [աշակերտը] չատի նաև ի՛ր անձը», թեկուզ հարազատ է նրան, «չի կարող Իմ աշակերտը լինել» (հմմտ. Ղուկ. 14։26):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

37-38․ Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
   
    «Ով իր հորը կամ մորը սիրում է առավել, քան Ինձ, արժանի չէ Ինձ: Եվ ով իր որդուն կամ դստերը սիրում է առավել, քան Ինձ, արժանի չէ Ինձ: Եվ ով իր խաչը չի վերցնում և չի գալիս Իմ ետևից, Ինձ արժանի չէ»:
    Չի ասում, թե պետք չէ սիրել հորը կամ մորը, որդուն կամ դստերը, այլ առավել, քան Աստծուն պետք չէ սիրել: Քանզի ով առավել, քան Աստծուն սիրում է ինչ որ մեկին՝ կնոջը կամ որդուն, դստերը կամ կերակուրը, ոսկին կամ արծաթը, ա՛յն է նրա աստվածը, ինչպես առաքյալն է ասում. «Նրանց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը» (Փիլ. 3։19):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17