Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:37

Հովհաննես Ծործորեցի

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:
   
   Ով հորն ու մորն Ինձնից առավել է սիրում, Ինձ արժանի չէ: Եվ ով որդուն ու դստերն Ինձնից առավել է սիրում, Ինձ արժանի չէ:
   Բացատրում է, թե ինչպե՛ս սրով բաժանեց. քանի որ ծնողների հանդեպ սերը հաջորդում է առ Աստված սիրուն, ինչպես և Օրենքում գրվեց 591, ուստի թելադրում է ոչ թե ծնողներին չսիրել, այլ ո՛չ «Իրենից առավել», որով ցույց է տալիս, որ Ինքն է Ծնողի ճշմարիտ Որդին: Նաև հրեաներին է հանդիմանում, որ իրենց համարում էին Աբրահամի որդի, բայց նրա գործերը չէին կատարում, որովհետև Աբրահամը ոչ միայն իր տնից ու ազգատոհմից հեռացավ՝ հետևելով Աստծո խոստմանը, այլև ցույց տվեց, որ Աստծո հանդեպ սերը հաղթում է բնական սիրուն, քանի որ իր միամոր որդուն զոհ էր մատուցում Աստծուն  592: Ուստի ով նույն ձևով չի խոնարհվում, Աստծո սիրելին կամ հավատքի հայր  593 Աբրահամի որդին չէ: [Այս խոսքով Տերը] նաև վարժեցնում է աշակերտներին ամեն ինչ ներքևում թողնել, ոչ միայն հարստություն և ունեցվածք, այլև ազգատոհմն ու [մարդկային] հոգիները, և նախամեծար դարձնել Քրիստոսի սերը, որպեսզի արժանի աշակերտ լինես Նրա սիրուն, Ով քո սիրո համար մինչև մահ գնաց, և ոչ թե [աշակերտ կոչվես] անարժանաբար՝ միայն անունով և ոչ թե գործերով: [Տերը որպես թե ասում է]. եթե նրանք, ովքեր աշակերտելու են ձեզ, [իրենց] ազգատոհմն արհարմարհելու են, ապա ուսուցիչնե՞րդ ինչպիսին պիտի լինեք:

   [Տերն այս խոսքով] նաև դաս է տալիս, թե ով կնոջն ու զավակներին, ոսկին կամ կերակուրը, ասում է, Ինձնից առավել է սիրում, արժանավոր աստվածապաշտ չէ, այլ հենց այն է նրա աստվածը, ինչ որ սիրեց՝ ըստ առաքյալի. «Որոնց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ նրանց ամոթը» (Փիլպ. 3։19): Ուստի հարկ է զգուշանալ և տրվածը Տվողից առավել չսիրել, քանի որ սա է մեղքի ու անօրինության սկիզբը: Սա ասելով՝ [Տերը] նաև զավակներին առաքինացնում և խանգարիչ հայրերին ցածրացնում է, որպեսզի չհանդգնեն կասեցնել որդիներին կամ [խանգարիչ որդիները]՝ հայրերին: Բայց որպեսզի ծնողները չդժգոհեն, ավելացնում է, որ «եթե [աշակերտը] չատի նաև ի՛ր անձը», թեկուզ հարազատ է նրան, «չի կարող Իմ աշակերտը լինել» (հմմտ. Ղուկ. 14։26):
   

Ստեփանոս Սյունեցի

37-38․ Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
   
   «Ով իր հորը կամ մորը սիրում է առավել, քան Ինձ, արժանի չէ Ինձ: Եվ ով իր որդուն կամ դստերը սիրում է առավել, քան Ինձ, արժանի չէ Ինձ: Եվ ով իր խաչը չի վերցնում և չի գալիս Իմ ետևից, Ինձ արժանի չէ»:
   Չի ասում, թե պետք չէ սիրել հորը կամ մորը, որդուն կամ դստերը, այլ առավել, քան Աստծուն պետք չէ սիրել: Քանզի ով առավել, քան Աստծուն սիրում է ինչ որ մեկին՝ կնոջը կամ որդուն, դստերը կամ կերակուրը, ոսկին կամ արծաթը, ա՛յն է նրա աստվածը, ինչպես առաքյալն է ասում. «Նրանց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը» (Փիլ. 3։19):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17