Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:12

Հովհաննես Ծործորեցի

Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,

   

   Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժեղներն են այն հափշտակում

   [Տերը] վերադառնում է նախկին նյութին և Հովհաննեսի խոսքերի ջատագովը դառնում՝ ցույց տալով, որ եկել է [նրա քարոզած արքայությունը]: Այդ պատճառով էլ, [ասում է Տերը], [Հովհաննեսն] ամենքին Ինձ մոտ էր հավաքում: Իսկ «[Հովհաննես Մկրտչի] օրերից» խոսքը ժամանակի մասին չէ, այլ իր պայծառ ու լուսավոր քարոզությամբ, որը ճրագի պես հայտնապես լույս էր սփռում, [Հովհաննեսը] շատերին արագորեն դեպի Ինձ էր ուղղում, և շատերն են ջանում [այդ լույսը] հափշտակել՝ արագ մոտենալ Ինձ: Այլև Հովհաննեսի քարոզությամբ մարդիկ ապաշխարության խրատն առան՝ փախչելու գալիք բարկությունից 610, իսկ դժվար ու նեղ ճանապարհով իրենց չարչարելով, մարմինը նեղելով ու նրա ցանկությունը հատելով՝ տանջանքներին արժանի անձինք հափշտակում են արքայությունը՝ ըստ Իմաստունի. «Ուժեղներն ինձնով են պահում երկիրը» (Առակ. 8։16): [Տերը] նաև սովորեցնում է, որ ով բնությամբ է ողորմած, հեզ, խոնարհ կամ սակավապետ, գովեստի արժանի չէ և արքայությունը չի ժառանգում, քանի որ ակամա և անասնաբար է [այդպիսին], իսկ ով նեղում է իր բնությունը և ուժ գործադրում կամքի վրա, նա է հափշտակում արքայությունը:

   Այլև Հովհաննեսի մկրտությունն ընդունած բռնակալներն ու հափշտակիչները դարձան արքայության որդիներ, ինչպես որ [Հովհաննեսը] խրատեց զինվորներին ու մաքսավորներին 611: Նաև պոռնիկները, մարդասպանները, գողերն ու մաքսավորները հավատով բռնադատեցին Աստծուն, որովհետև Նա բռնադատվում է [մարդկային] կամքից և հաղթվում Իր մարդասիրությունից:
   

Ստեփանոս Սյունեցի

Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,

   
   «Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ Աստծու արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն»:

   Հովհաննեսի օրերը և Քրիստոսի օրերը ժամանակով չեն չափվում, ինչպես Աքազ թագավորի, Սողոմոնի և ուրիշ թագավորների ու մարդկանց օրերը, այլ հոգիների կարգավորությամբ: «Նրա օրոք, -ասում է, -արդարություն և մեծ խաղաղություն թող տիրի, մինչև լուսնի վախճանը» (Սաղմ. 91։7): Արդ, ով նախապես խրատված է Քրիստոսի և Հովհաննեսի խոսքերից և գնում է անհարթ ու քարքարոտ ճանապարհով, այնպիսին բռնությամբ է հափշտակում Աստծու Արքայությունը: Եվ այն պատճառով է «բռնությամբ հափշտակել» ասում, որովհետև բռնադատում է իր մարմինը՝ մի կողմ թողնելով մարմնական ցանկությունները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7