Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
12-13. «Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ Երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժ գործադրողներն են հափշտակում այն»։ «Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մարգարեացել են մինչև Հովհաննեսը»։
Թեև Քրիստոս Ինքն էլ ծնվել է կնոջից, բայց ոչ այնպես, ինչպես Հովհաննեսը, որովհետև Հիսուս պարզ մարդ չէր և լույս աշխարհ չէր եկել այն նույն եղանակով, ինչպես սովորաբար ծնվում են մարդիկ, այլ անսովոր և հրաշալի ծնունդով էր ծնվել։
«Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ Երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժ գործադրողներն են հափշտակում այն» (Մատթ. 11:12)։ Ի՞նչ կապ ունեն այս խոսքերը նախորդիվ ասվածի հետ։ Մեծագույն և ամենասերտ կապն ունեն իրականում։ Փրկիչն այս խոսքերով Իր ունկնդիրներին և՛ ստիպում ու հարկադրում է հավատալ Իրեն, և՛ հաստատում է այն, ինչը նախկինում ասել էր Հովհաննեսի մասին։ Իրոք, եթե ամենայն ինչ կատարվեց Հովհաննեսից առաջ, ապա ուրեմն «Ես եմ Նա, որ գալուն էի․․․»։
«Որովհետև, - ասում է, - բոլոր մարգարեներն ու օրենքը մարգարեացել են մինչև Հովհաննեսը» (Մատթ. 11:13)։ Ուրեմն մարգարեները չէին դադարի հայտնվելուց, եթե Ես չգայի․․․Այսպիսով, ձեր հույսերը հեռու մի՛ վանեք և մեկ ուրիշին մի՛ սպասեք։ Այն, որ Ես եմ Նա, Ով պետք է գար, երևում է և՛ նրանից, որ մարգարեները դադարեցին գործել, և՛ նրանից, որ Իմ հանդեպ հավատն օրեցօր աճում է։ Այն (Երկնքի արքայությունը) այնքան պարզ և ակնհայտ է դարձել, որ շատերն արդեն հափշտակում են այն։ «Բայց ո՞վքեր են այն հափշտակողները», - կհարցնես դու։ Բոլոր նրանք, ովքեր մեծ եռանդով գալիս են Ինձ մոտ․․․
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,
Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժեղներն են այն հափշտակում
[Տերը] վերադառնում է նախկին նյութին և Հովհաննեսի խոսքերի ջատագովը դառնում՝ ցույց տալով, որ եկել է [նրա քարոզած արքայությունը]: Այդ պատճառով էլ, [ասում է Տերը], [Հովհաննեսն] ամենքին Ինձ մոտ էր հավաքում: Իսկ «[Հովհաննես Մկրտչի] օրերից» խոսքը ժամանակի մասին չէ, այլ իր պայծառ ու լուսավոր քարոզությամբ, որը ճրագի պես հայտնապես լույս էր սփռում, [Հովհաննեսը] շատերին արագորեն դեպի Ինձ էր ուղղում, և շատերն են ջանում [այդ լույսը] հափշտակել՝ արագ մոտենալ Ինձ: Այլև Հովհաննեսի քարոզությամբ մարդիկ ապաշխարության խրատն առան՝ փախչելու գալիք բարկությունից (Մատթ. 3։7, Ղուկ. 3։7), իսկ դժվար ու նեղ ճանապարհով իրենց չարչարելով, մարմինը նեղելով ու նրա ցանկությունը հատելով՝ տանջանքներին արժանի անձինք հափշտակում են արքայությունը՝ ըստ Իմաստունի. «Ուժեղներն ինձնով են պահում երկիրը» (Առակ. 8։16): [Տերը] նաև սովորեցնում է, որ ով բնությամբ է ողորմած, հեզ, խոնարհ կամ սակավապետ, գովեստի արժանի չէ և արքայությունը չի ժառանգում, քանի որ ակամա և անասնաբար է [այդպիսին], իսկ ով նեղում է իր բնությունը և ուժ գործադրում կամքի վրա, նա է հափշտակում արքայությունը:
Այլև Հովհաննեսի մկրտությունն ընդունած բռնակալներն ու հափշտակիչները դարձան արքայության որդիներ, ինչպես որ [Հովհաննեսը] խրատեց զինվորներին ու մաքսավորներին (Ղուկ. 3։12-14): Նաև պոռնիկները, մարդասպանները, գողերն ու մաքսավորները հավատով բռնադատեցին Աստծուն, որովհետև Նա բռնադատվում է [մարդկային] կամքից և հաղթվում Իր մարդասիրությունից:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,
«Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ Աստծու արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն»:
Հովհաննեսի օրերը և Քրիստոսի օրերը ժամանակով չեն չափվում, ինչպես Աքազ թագավորի, Սողոմոնի և ուրիշ թագավորների ու մարդկանց օրերը, այլ հոգիների կարգավորությամբ: «Նրա օրոք, -ասում է, -արդարություն և մեծ խաղաղություն թող տիրի, մինչև լուսնի վախճանը» (Սաղմ. 91։7): Արդ, ով նախապես խրատված է Քրիստոսի և Հովհաննեսի խոսքերից և գնում է անհարթ ու քարքարոտ ճանապարհով, այնպիսին բռնությամբ է հափշտակում Աստծու Արքայությունը: Եվ այն պատճառով է «բռնությամբ հափշտակել» ասում, որովհետև բռնադատում է իր մարմինը՝ մի կողմ թողնելով մարմնական ցանկությունները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: