Հովհաննես Ծործորեցի
Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է.
Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրում որևէ բանի համար, ինչ էլ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, Ով երկնքում է:
«Դարձյալ» բառն [այստեղ] երկու կերպ է հասկացվում: Կամ՝ նախորդը «կրկնելով»՝ ասվածը հաստատելու համար, կամ էլ՝ «մեկ այլ կերպ եմ ասում ձեզ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրում»: Նախ ասաց. «Ինչ որ կապում եք երկրում, կապվում է երկնքում». այժմ ո՞ւմ նկատի ունի «երկու» [ասելով]: Ոմանք համարում են այն առաքինի անձանց, ովքեր պատրաստվելով՝ հավատով ու սիրով միաբանվում են՝ կապանքով վրեժխնդիր լինելու հանցավորից կամ էլ արձակումով շնորհ անելու զղջացողին, և դա կլինի նրանց համար: Ուրիշներ էլ համարում են հանդիմանողին ու հանդիմանվողին, որ երբ հանդիմանվողը հոգով զղջա և հանդիմանողին համամիտ դառնա, մեղքի համար ինչ թողություն էլ որ խնդրեն, մարդասեր Աստծուց կտրվի նրանց: Իսկ եթե [հանդիմանվողը հանդիմանողին] չլսի, չի ներվի: Սա փրկության մեծ հույս է. որովհետև թշնամությունը վերացնում է ու [թշնամիներին] միավորում և ոչ միայն տանջանքից ազատում է, այլև պարգևներով լցնում:
Բայց այս տեղին տարակույս է հարուցում, թե ինչպե՞ս է, որ շատերը, հենց սրբերը, խնդրեցին, բայց չստացան: Պետք է գիտենալ, որ [խնդրանքի՝ Աստծուց] լսելի և ոչ լսելի լինելու շատ պատճառներ կան: Նախ՝ որովհետև խնդրում ենք ո՛չ այն, ինչ կամենում ենք՝ ըստ առաքյալի. «Չգիտենք ինչ աղոթել և ինչպես է վայել» (Հռոմ. 8։26), քանի որ պարտավոր ենք լրջմտորեն Աստծո կամքի համաձայն մատուցել խնդրանքը, ինչպես որ Տերն էր ասում. «Ո՛չ թե Իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի» (Ղուկ. 22։42): Երկրորդ [պատճառն] աղոթքի տևողությունն է՝ ըստ Տիրոջ. «Եթե հանուն բարեկամության չտա, կելնի կտա շատ աղաչելու պատճառով» (Ղուկ. 11։8), և՝ «Թախանձի՛ր Տիրոջը, և Նա կտա քեզ [քո սրտի] խնդրածը» (Սաղմ. 36։4): Երրորդն [Աստծո] խնամածությունն է ըստ [մեր վարքի] ուղղության. «Մաքուր ձեռ քե՛ր բարձրացրեք» (հմմտ. Ա Տիմ. 2։8)՝ ըստ առաքյալի, ապա թե ոչ՝ «Երեսս կշրջեմ ձեզնից, որովհետև ձեր ձեռքերը լի են արյամբ» (հմմտ. Ես. 1։15). և սա [վերաբերում է] ոչ միայն սպանողներին ու զրկողներին, այլև որոշ առաջնորդների, ովքեր չեն կատարում դետի գործը և պատասխանատու են շատերի արյան համար: Եվ քանի դեռ չեն ապաշխարում՝ մնալով մեղքի մեջ, անընդունելի են նրանց աղոթքները: Չորրորդ՝ չպետք է խնդրել անարժան բաներ կամ թշնամիների կործանում, որոնց համար աղոթել հրամայվեց, կամ էլ մարմնական փառք՝ հղփանալու համար, և այլ այսպիսի բաներ, ինչպես որ Դավթին արգելվեց Աստծո տունը կառուցել 959 ոչ թե նրա անարժանության պատճառով, այլ խնդրանքի՝ [նրան] չպատշաճելու: Հինգերորդ՝ ում համար որ [առաջնորդներն] աղոթում են, պետք է նրա չար արարքները ներված լինեն, իսկ եթե հնազանդվողները նույն մեղքի մեջ մնան, [Աստված] չի լսի [նրանց համար խնդրանքը], ինչպես որ Երեմիայինը [չլսեց] ժողովրդի խստասրտության պատճառով 960: Վեցերորդ՝ խնդրանքը վայել է մատուցել նախքան Աստծո վրեժխնդրության ու բարկության դատաստանը և ոչ թե դատաստանի ժամանակ, ինչպես [արեցին] հիմար կույսերը, որոնց չլսեց [Տերը] 961: Եվ յոթերորդ՝ պետք է իմանալ [խնդրանքի առարկայի՝ Աստծո կողմից] տնօրինումը. որովհետև եթե փորձություն է, որը տրվում է հոգու օգտի համար, պետք չէ խնդրել ազատություն [նրանից], այլապես [Տերը] չի լսի, ինչպես որ Պողոսի և Հոբի [խնդրածները] չտրվեցին: Որովհետև մեկին տրվել էր մարմնի խայթ սատանա՝ տանջելու նրան, ինչը փառք էր նրա համար, քանի որ Աստծո զորությունը նրա տկարության մեջ էր կատարյալ դառնում 962, իսկ մյուսի առաքինությունը հռչակվեց և թշնամին խայտառակվեց, բայց նրանք սա չգիտեին: Արդ՝ այսպիսի [փորձանավորները] պետք է համբերություն խնդրեն և ոչ թե աղոթքով ազատում, որովհետև ով ասածս ձևով է խնդրանք մատուցում, հասնում է ուզածին, որը պարգևվում է մարդասեր Տիրոջից: Այդ կերպ միաբանվեցին Մովսեսն ու Ահարոնը, Հեսուն ու Փենեհեսը, Սամվելն ու Դավիթը, Տիրոջ աշակերտները՝ երկուական 963, այլև Պետ րոսն ու Հովհաննեսը՝ կաղին բժշկելու համար 964: Ամեն ինչ, որ խնդրեցին, կատարվեց նրանց ձեռքով, ինչպես ասում է [Տերը]. «Կլինի նրանց Իմ Հորից, Ով երկնքում է»: Սրանով ցույց տվեց, որ կարող է և Ինքը կատարել [խնդրանքները], բայց կամենում է [Հոր] պատիվը ցույց տալ:
Իսկ այլաբանորեն՝ [երկուսը] հոգին ու մարմինն են. մարմինը հնազանդվում է մեծին, և մեծը՝ տիրում նվաստին. սա՛ է [նրանց] միաբանությունը: [Երկուսը] նաև տեսականն ու գործնականն են, երբ [մարդ] սովորում է գործելու համար և գործում՝ սովորելու, կամ կատարելն ու սովորեցնելը, հավատն ու գործերը, աստվածսիրությունն ու մարդասիրությունը, նաև երկու Կտակարանները, որոնք միաբանվեցին մարդկանց փրկության համար, որն ի վերուստ եղավ:
Ստեփանոս Սյունեցի
Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է․
«Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է»:
Միաբանվեցին Պողոսն ու Սոսթենեսը՝ մի թուղթ գրելով (Ա Կորնթ. 1։1), նաև Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը (Թեսաղ. 1։1): Նաև Կորխի որդիները՝ Դավթի քառասունմեկերորդ սաղմոսում. «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ մեր անձերը քեզ են փափագում, Ո՛վ Աստված» (հմմտ. Սաղմ. 41։1):
Նաև միաբանվում են նրանք, ովքեր կատարյալ են նույն մտքով և մեկ կամքով: Եվ երկուսի միաբանվելը երկրում ու Քրիստոսի հետ լինելը ոչնչով չեն զանազանվում [միմյանցից]: Եվ երկուսը՝ հոգին ու մարմինը, եթե միաբանվեն, մարմինը կհնազանդվի և հոգին կենդանություն կտա: Եվ դարձյալ, միաբանված են նաև երկու կտակարանները, որոնց մեջ է Քրիստոս և ծանուցվում է երկուսից էլ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: