Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

19-20․ «Դարձյալ ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց Իմ երկնավոր Հորից»։ «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։
   

   Տե՛ս, թե Հիսուս ինչպես է առավելաբար ոչնչացնում թշնամանքը, ի չիք է դարձնում մանր-մունր հաշիվները և հաշտեցնում է թշնամացողներին, ու դա անում է ո՛չ միայն պատժի մասին հայտարարությամբ, այլև սիրուց բխող բարիքների ներկայացումով։ Ընդդեմ թշնամանքի վերևում հնչեցված սպառնալիքներից հետո այժմ Քրիստոս մեծ պարգևներ է հռչակում հաշտության հասնելու պարագայի համար։ Հոգով միասնական եղողները Հայր Աստծուն հակում են դեպի այն, ինչ խնդրում են, և Քրիստոս մնում է նրանց մեջ։ Բայց ի՞նչ է, ուրեմն մի՞թե որևէ մի տեղում չկան այնպիսի երկու հոգի, որոնք մեկմեկու հետ համաձայնությամբ են ապրում։ Կան, իհարկե, բազում տեղերում և միգուցե ամենուր։ Ուրեմն ինչո՞ւ այդ բոլորը չեն ստանում իրենց խնդրածները։ Որովհետև կան շատ ուրիշ պատճառներ, որոնք խոչընդոտում են ամեն խնդրածը ստանալուն։ Չեն ստանում, որովհետև, օրինակ, հաճախ խնդրում են անօգուտ մի բան։ Դա ինչո՞ւ է զարմանալի թվում, երբ պատահում է ուրիշների հետ՝ այն դեպքում, երբ նույն բանը պատահեց նաև Պողոսի՛ հետ. «Իմ շնորհը քեզ բավ է, - ասվեց նրան, - որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9)։ Չեն ստանում, որովհետև արժանի չեն լսելի լինելու՝ իրենցից պահանջվածը չկատարելու պատճառով։ Իսկ Փրկիչը փնտրում է այնպիսի աղոթողների, որոնք կնմանվեին առաքյալներին, ուստի և Հիսուս ասում է՝ «ձեզնից երկուսը», այսինքն՝ առաքինիներն ու հրեշտակային կենսակերպ ունեցողները։ Կամ էլ՝ չեն ստանում իրենց խնդրածները, որովհետև աղոթքներ են մատուցում իրենց վիրավորողների դեմ՝ նրանց հանդեպ վրեժխնդրություն ու պատիժ պահանջելով, ինչը արգելված է հենց ա՛յն խոսքով, որով Քրիստոս խրատում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք ձեզ վիրավորողների համար» (հմմտ․ Մատթ. 5:44)։ Կամ՝ չեն ստանում, որովհետև այդ ողորմություն խնդրողներն անապաշխար մեղավորներն են, իսկ նրանց համար անհնարին է ստանալ, թեկուզ եթե ոչ միայն իրենք խնդրեին, այլև նույնիսկ եթե մեկ ուրիշը, որն Աստծու առջև հանդես գալու հնարավորություն ունի, բարեխոսեր նրանց համար։ Երեմիան նույնպես, որ աղոթում էր հրեաների համար, իրեն ուղղված պատասխանում լսեց հետևյալը. «Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետև...ես չպիտի լսեմ» (Երեմ. 11:14)։ Իսկ եթե այս բոլոր պահանջները կատարված են, այսինքն՝ եթե դու և՛ օգտակար մի բան ես խնդրում, և՛ անում ես ամեն ինչ, ինչը քեզնից պահանջվում է, և՛ առաքելական կյանք ես վարում, և՛ մերձավորներիդ հետ համաձայնության ու սիրո մեջ ես, ապա կստանաս ըստ քո աղոթքի, որովհետև Տերը մարդասեր է։

   Այնուհետև, քանի որ Փրկիչն ասաց՝ «Իմ Հորից», ուստի, ցույց տալու համար, որ Ինքն իսկ նույնպես պարգևատու է, և ոչ միայն Հայրը, ավելացրեց. «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթ. 18:20)։ Այսպիսով, ուրեմն ի՞նչ, մի՞թե չի պատահում, որ երկուսը կամ երեքը հավաքվեն Հիսուսի անունով։ Պատահում է, բայց հազվադեպ։ Քրիստոս ո՛չ թե պարզապես մի սովորական հավաքի մասին է խոսում, ու ո՛չ թե միայն դա է պահանջում, այլ, գլխավորապես, ինչպես ես ասացի վերևում, դրա հետ մեկտեղ նաև ուրիշ առաքինություններ է ակնկալում, ու բացի այդ՝ անշուշտ, պահանջում է նաև սա (Քրիստոսի անունով հավաքվելը)։ Փրկչի խոսքերն այսպիսի իմաստ ունեն. եթե մեկն Ինձ ընդունում է որպես առաջնային հիմք մերձավորի հանդեպ իր սիրո համար, և եթե, ընդ որում, այդ մեկն ունի նաև ուրիշ առաքինություններ, նրա հետ Ես կլինեմ միասնական։ Բայց մենք տեսնում ենք, որ շատերն ունեն սիրո այլ մղումներ. մեկը սիրում է, որովհետև սիրո է արժանանում, մյուսը՝ որովհետև իրեն հարգում են, ուրիշը՝ որովհետև մերձավորը որևէ կենցաղային գործում իրեն օգտակար է եղել, իսկ չորրորդը՝ ինչ-որ ուրիշ պատճառով։ Բայց դժվար է գտնել այնպիսի մեկին, ով անկեղծորեն և ինչպես հարկն է սիրեր մերձավորին՝ հանուն Քրիստոսի։ Մեծամասնությունը միմյանց հետ միացած է միայն կենցաղային գործերով։ Մինչդեռ Պողոսն այդպես չէր սիրում. նա սիրում էր հանուն Քրիստոսի. դրա համար էլ, թեև սիրված չէր այնպես, ինչպես ինքն էր սիրում, սակայն չթուլացրեց իր սերը, այլ թողեց, որ այն արմատանա իր մեջ։

   Ներկայիս սերը, ցավոք, այդպիսին չէ։ Եթե մենք ուսումնասիրենք սիրո բոլոր պատճառները, ապա կգտնենք, որ մեծամասնության դեպքում դրանք տարբերվում են նշվածից։ Եվ եթե մեկն ինձ թույլ տար այս բազմամարդ հավաքի մեջ այդպիսի մի հետազոտություն կատարել, ապա ես կցուցադրեի, որ շատերը միմյանց հետ միացած են կենցաղային նպատակներով։ Սա բացահայտվում է մարդկանց միջև առաջացող թշնամանք պատճառներից։ Քանի որ նրանք միմյանց հետ միացած են անցողիկ շահերով, ուստի և նրանց սերը ո՛չ բոցավառ է, ո՛չ էլ հաստատակամություն ունի, այլ, ընդհակառակը, ամեն մի վիրավորանք, կամ գումարի կորուստ, կամ նախանձ, կամ սնապարծության հակում կամ ուրիշ ինչ-որ նման բան դյուրությամբ ոչնչացնում է նրանց սերը, որը հոգևոր արմատ չունի։

   Մինչդեռ եթե սիրո արմատը Քրիստոս լիներ, ապա ոչ մի կենցաղային գործոն չէր կարող ոչնչացնել հոգևորը։ Քրիստոսին որպես հիմք ունեցող սերն ամուր է, հաստատուն, անհաղթ։ Ոչինչ չի կործանել կարող այն․ ո՛չ զրպարտությունը, ո՛չ վտանգները, ո՛չ մահը, ո՛չ էլ նմանօրինակ որևէ այլ բան։ Ով այսպես է սիրում, թեկուզ իր սիրո համար հազարավոր հարվածներ էլ կրի, չի դադարի սիրելուց։ Իսկ ով սիրում է այն բանի համար, որ իրեն սիրում են, ապա, եթե իր հետ տհաճություն պատահի, կխզի իր սերը, մինչդեռ ով միացած է քրիստոսահիմն սիրով, երբեք չի ուրանա սերը։ Ահա թե ինչու Պողոսն ասաց. «Սերը երբեք չի դադարում» (հմմտ․ Ա Կորնթ. 13:8

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է.
   

   Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրում որևէ բանի համար, ինչ էլ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, Ով երկնքում է:

   «Դարձյալ» բառն [այստեղ] երկու կերպ է հասկացվում: Կամ՝ նախորդը «կրկնելով»՝ ասվածը հաստատելու համար, կամ էլ՝ «մեկ այլ կերպ եմ ասում ձեզ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրում»: Նախ ասաց. «Ինչ որ կապում եք երկրում, կապվում է երկնքում». այժմ ո՞ւմ նկատի ունի «երկու» [ասելով]: Ոմանք համարում են այն առաքինի անձանց, ովքեր պատրաստվելով՝ հավատով ու սիրով միաբանվում են՝ կապանքով վրեժխնդիր լինելու հանցավորից կամ էլ արձակումով շնորհ անելու զղջացողին, և դա կլինի նրանց համար: Ուրիշներ էլ համարում են հանդիմանողին ու հանդիմանվողին, որ երբ հանդիմանվողը հոգով զղջա և հանդիմանողին համամիտ դառնա, մեղքի համար ինչ թողություն էլ որ խնդրեն, մարդասեր Աստծուց կտրվի նրանց: Իսկ եթե [հանդիմանվողը հանդիմանողին] չլսի, չի ներվի: Սա փրկության մեծ հույս է. որովհետև թշնամությունը վերացնում է ու [թշնամիներին] միավորում և ոչ միայն տանջանքից ազատում է, այլև պարգևներով լցնում:
   Բայց այս տեղին տարակույս է հարուցում, թե ինչպե՞ս է, որ շատերը, հենց սրբերը, խնդրեցին, բայց չստացան: Պետք է գիտենալ, որ [խնդրանքի՝ Աստծուց] լսելի և ոչ լսելի լինելու շատ պատճառներ կան: Նախ՝ որովհետև խնդրում ենք ո՛չ այն, ինչ կամենում ենք՝ ըստ առաքյալի. «Չգիտենք ինչ աղոթել և ինչպես է վայել» (Հռոմ. 8։26), քանի որ պարտավոր ենք լրջմտորեն Աստծո կամքի համաձայն մատուցել խնդրանքը, ինչպես որ Տերն էր ասում. «Ո՛չ թե Իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի» (Ղուկ. 22։42):

   Երկրորդ [պատճառն] աղոթքի տևողությունն է՝ ըստ Տիրոջ. «Եթե հանուն բարեկամության չտա, կելնի կտա շատ աղաչելու պատճառով» (Ղուկ. 11։8), և՝ «Թախանձի՛ր Տիրոջը, և Նա կտա քեզ [քո սրտի] խնդրածը» (Սաղմ. 36։4):

   Երրորդն [Աստծո] խնամածությունն է ըստ [մեր վարքի] ուղղության. «Մաքուր ձեռ քե՛ր բարձրացրեք» (հմմտ. Ա Տիմ. 2։8)՝ ըստ առաքյալի, ապա թե ոչ՝ «Երեսս կշրջեմ ձեզնից, որովհետև ձեր ձեռքերը լի են արյամբ» (հմմտ. Ես. 1։15). և սա [վերաբերում է] ոչ միայն սպանողներին ու զրկողներին, այլև որոշ առաջնորդների, ովքեր չեն կատարում դետի գործը և պատասխանատու են շատերի արյան համար: Եվ քանի դեռ չեն ապաշխարում՝ մնալով մեղքի մեջ, անընդունելի են նրանց աղոթքները:

   Չորրորդ՝ չպետք է խնդրել անարժան բաներ կամ թշնամիների կործանում, որոնց համար աղոթել հրամայվեց, կամ էլ մարմնական փառք՝ հղփանալու համար, և այլ այսպիսի բաներ, ինչպես որ Դավթին արգելվեց Աստծո տունը կառուցել (Ա Մն. 22։8) ոչ թե նրա անարժանության պատճառով, այլ խնդրանքի՝ [նրան] չպատշաճելու:

   Հինգերորդ՝ ում համար որ [առաջնորդներն] աղոթում են, պետք է նրա չար արարքները ներված լինեն, իսկ եթե հնազանդվողները նույն մեղքի մեջ մնան, [Աստված] չի լսի [նրանց համար խնդրանքը], ինչպես որ Երեմիայինը [չլսեց] ժողովրդի խստասրտության պատճառով (Երեմ. 7։16-17):

   Վեցերորդ՝ խնդրանքը վայել է մատուցել նախքան Աստծո վրեժխնդրության ու բարկության դատաստանը և ոչ թե դատաստանի ժամանակ, ինչպես [արեցին] հիմար կույսերը, որոնց չլսեց [Տերը] (Մատթ. 25։1-13):

   Եվ յոթերորդ՝ պետք է իմանալ [խնդրանքի առարկայի՝ Աստծո կողմից] տնօրինումը. որովհետև եթե փորձություն է, որը տրվում է հոգու օգտի համար, պետք չէ խնդրել ազատություն [նրանից], այլապես [Տերը] չի լսի, ինչպես որ Պողոսի և Հոբի [խնդրածները] չտրվեցին: Որովհետև մեկին տրվել էր մարմնի խայթ սատանա՝ տանջելու նրան, ինչը փառք էր նրա համար, քանի որ Աստծո զորությունը նրա տկարության մեջ էր կատարյալ դառնում (Բ Կոր. 12։7-9), իսկ մյուսի առաքինությունը հռչակվեց և թշնամին խայտառակվեց, բայց նրանք սա չգիտեին: Արդ՝ այսպիսի [փորձանավորները] պետք է համբերություն խնդրեն և ոչ թե աղոթքով ազատում, որովհետև ով ասածս ձևով է խնդրանք մատուցում, հասնում է ուզածին, որը պարգևվում է մարդասեր Տիրոջից: Այդ կերպ միաբանվեցին Մովսեսն ու Ահարոնը, Հեսուն ու Փենեհեսը, Սամվելն ու Դավիթը, Տիրոջ աշակերտները՝ երկուական (Ղուկ. 1։1), այլև Պետ րոսն ու Հովհաննեսը՝ կաղին բժշկելու համար (Գործք 3։1-9): Ամեն ինչ, որ խնդրեցին, կատարվեց նրանց ձեռքով, ինչպես ասում է [Տերը]. «Կլինի նրանց Իմ Հորից, Ով երկնքում է»: Սրանով ցույց տվեց, որ կարող է և Ինքը կատարել [խնդրանքները], բայց կամենում է [Հոր] պատիվը ցույց տալ:

   Իսկ այլաբանորեն՝ [երկուսը] հոգին ու մարմինն են. մարմինը հնազանդվում է մեծին, և մեծը՝ տիրում նվաստին. սա՛ է [նրանց] միաբանությունը: [Երկուսը] նաև տեսականն ու գործնականն են, երբ [մարդ] սովորում է գործելու համար և գործում՝ սովորելու, կամ կատարելն ու սովորեցնելը, հավատն ու գործերը, աստվածսիրությունն ու մարդասիրությունը, նաև երկու Կտակարանները, որոնք միաբանվեցին մարդկանց փրկության համար, որն ի վերուստ եղավ:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է․
   
    «Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է»:

    Միաբանվեցին Պողոսն ու Սոսթենեսը՝ մի թուղթ գրելով (Ա Կորնթ. 1։1), նաև Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը (Թեսաղ. 1։1): Նաև Կորխի որդիները՝ Դավթի քառասունմեկերորդ սաղմոսում. «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ մեր անձերը քեզ են փափագում, Ո՛վ Աստված» (հմմտ. Սաղմ. 41։1):

    Նաև միաբանվում են նրանք, ովքեր կատարյալ են նույն մտքով և մեկ կամքով: Եվ երկուսի միաբանվելը երկրում ու Քրիստոսի հետ լինելը ոչնչով չեն զանազանվում [միմյանցից]: Եվ երկուսը՝ հոգին ու մարմինը, եթե միաբանվեն, մարմինը կհնազանդվի և հոգին կենդանություն կտա: Եվ դարձյալ, միաբանված են նաև երկու կտակարանները, որոնց մեջ է Քրիստոս և ծանուցվում է երկուսից էլ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15