Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:15

Հովհաննես Ծործորեցի

«Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր:
   
   Եթե եղբայրդ մեղանչի քո հանդեպ, գնա հանդիմանիր նրան, երբ դու և նա մենակ եք: Եթե լսի քեզ, շահեցիր քո եղբորը:

   Քանի որ [Տերը] շատ երկարեցրեց խոսքը գայթակղեցնողների վերաբերյալ և ամեն կերպ երկյուղ ներշնչեց, ապա որպեսզի, դրան ապավինելով, գայթակղվածները չծուլանան, ուրիշ չարիքների մեջ ևս չընկնեն և միշտ բժշկության սպասելով՝ չթուլանան, ասաց այս [խոսքը]: «Մեղանչել» է [այստեղ] կոչում գայթակղեցնելը և զրկանքով կամ նվաստացումով վիրավորելը, որովհետև ոչ թե եղբայրդ, այլ թշնամին է նրա միջոցով մենամարտում քեզ հետ, ինչը հասկանալով՝ «գնա հանդիմանի՛ր», այսինքն՝ առանց հիշաչարության [հայտնիր] նրան նրա հանցանքը՝ ասելով նրան, թե ինչ կրեցիր նրանից:

   Իսկ ինչո՞ւ ոչ թե տրտմեցնողին, այլ տրտմածին է [Տերն] ուղարկում մյուսի մոտ: Որովհետև վնաս տվածը չի կարող արագ հավանության գալ՝ ակնկոր, ամոթահար և ցասման թմրությամբ հարբած լինելով: Ուստի [Տերն] ուղարկում է առողջին հիվանդի մոտ: Նաև որովհետև մեղանչածը նրան, ում տրտմեցրեց, ավելի է լսում, քան մի ուրիշին և հաճոյանում է նրան, քանի որ, տեսնելով, որ նա, ով պիտի վրեժխնդիր լիներ, փրկության պատճառ է դառնում, առավել [հեշտությամբ] է հավանության գալիս:

   Ասելը «երբ դու և նա մենակ եք» [այն նպատակն ունի], որ շատերի ներկայությամբ հան դիմանությունն ա վելի ծանր չլինի և [մեղանչածը] էլ ավելի հանդուգն չդառնա և ուղղության չգա: Կամ էլ [սա ասվում է այն դեպքի համար], երբ միայն դու և նա գիտեք [ձեր] անհաշտության մասին:

   Իսկ ի՞նչ է [նշանակում] «Եթե լսի քեզ, շահեցիր քո եղբորը» [խոսքը]: Նշանակում է՝ եթե մեղադրի իրեն և ընդունի սեփական հանցանքը, թե իսկապե՛ս մեղանչեց, շահեցիր, ասում է, նրան: Սրանով ցույց է տալիս, որ թշնամությունը երկուսի համար էլ վնասակար էր, իսկ սա՝ երկուսի համար էլ օգտակար, որովհետև մեկը եղբորը շահեց, մյուսը կյանք գտավ, քանի որ [Տերը] չասաց. «Եթե լսեց, շահեց իրեն», այլ թե՝ «Դո՛ւ նրան շահեցիր», այսինքն՝ քո ջանքի սերմը որպես պտուղ ու շահ ունեցավ նրա փրկությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

15-20․ «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է․ որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»:
   
   Գայթակղության խնդիրը, բնականաբար, խոսքը հանցավորի ու մեղուցյալների վրա է տանում: Եթե պետք է մեղքի պատճառ չլինել ու չսխալեցնել, ապա ինչպե՞ս պետք է վարվել, երբ մեկը մեղանչել է ու սխալվել: Այս պարագայում գայթակղեցնելու խոսքից ուղղելու խոսքին անցնելը ճշտորեն համապատասխանում է Հիսուսի վարդապետության ընթացքին: Ավետարանիչները մեջ են բերում Հիսուսի սկզբունքները և համառոտում քարոզությունները, իսկ խոսքերի կապակցությանն ու նյութից անցումներին երբեք ուշադրություն չեն դարձնում:
   Մեղուցյալի և հանցավորի նկատմամբ դրսևորած մեր վերաբերմունքի առաջին կանոնը անտարբեր չմնալն է: Հիսուս չի հավանում, երբ տեսնում ենք սխալ գործած մեկին և կարողանում ենք անհոգ մնալ, նրան թողնել իր բախտին ու հանգիստ նայել նրա բարոյական անկմանը: Եթե սայթակած մեկին, առանց ձեռք մեկնելու, թողնել ու անցնելը մեղադրելի է, ապա ինչպե՞ս չի մեղադրվի մեկի բարոյական անկումը տեսնելն ու անտարբեր մնալը:
   Հիսուսի խոսքերում, ընդհանուր հանցանքից առավել նկատվում է իր անձի նկատմամբ յուրաքանչյուրի գործած հանցանքի ակնարկը «Եթէ մեղիցէ քեզ եղբայր քո», այնպես, որ շատերը Հիսուսի խոսքում միայն անձի դեմ եղած վնասի կամ նախատինքի հրահանգ են տեսնում, այլ ոչ թե ընդհանուր կերպով մեղուցյալներին ուղղելու կոչը: Անհրաժեշտ է նկատել, որ Հիսուս եթե մի ուրիշ տեղ սեփական անձի դեմ գործած վնասի դիմաց հրամայեց լինել բացարձակ անհիշաչար, բաճկոնը վորցնողին շապիկն էլ թողնել, մի երեսը ապտակողին մյուսն էլ դարձնել, մի մղոն տարապարհակ աշխատացնողի հետ երկու մղոն գնալ (Մատթ. 5:17-48), ապա չէր կարող բացարձակորեն հրահանգել, որ եթե մեկը քեզ վնաս հասցնի, հանդիմանիր նրան, խայտառակիր ուրիշների առջև, հանձնիր իշխանություններին, հեռացրու քեզանից և օտարացրու: Այդ գործողությունները, որքան էլ ուրիշին շտկելու մտքով կատարված լինեն, կարող էին անձնական վրեժխնդրության կերպարանք ստանալ, եթե ամփոփվեին լոկ անձի դեմ եղած վնասների շրջանակում: Ընդհակառակը, եթե խնդիրը դիտենք ընդհանուր կերպով, և Աստվածային պատվիրանների դեմ մեղանչողների վրայով հասկանանք, ապա շատ ավելի արդար և ուղիղ հենքի վրա կգտնվենք, որ է՝ Աստուծո փառքի և Աստվածային օրինաց նախանձախնդրությունը: Ըստ Ղուկասի բացատրության, գրված է. «Եթէ մեղիցէ եղբայր քո», որով Մատթեոսի խոսքերում «մեղիցէ քեզ»-ը շատ դյուրությամբ կարող ենք ըմբռնել իբրև սաստկացուցիչ մի պարագա, կարծես թե ասեր. «Եթե տեսնես, որ ընկերդ մեղանչել ու սխալվել է, անտարբեր մի՛ մնա, այլ աշխատիր ուղղել նրան, մինչև իսկ եթե նրա մեղքն ու սխալը քեզ նույնպես վնաս բերեն: Չլինի թե վշտանալով՝ անհոգ մնաս, այլ անձիդ վնասին նախադասիր նրա վնասը, աշխատիր, որ ընկերտ ետ դառնա իր սխալից, ազատվի մեղուցյալ վիճակից և ուղղվի»:
   Ուղղության հրավիրելու հրահանգը, ըստ Հիսուսի նկարագրած կանոնի, բաժանվում է չորս աստիճանների, որոնք պետք է հաջորդեն միմյանց, եթե նախընթացները ազդեցություն չունեն, իսկ երբ առաջինն իր նպատակին հասնի, հաջորդն այլևս կդառնա ավելորդ: Չորս աստիճաններն են՝ առանձին խրատը, խրատը ուրիշների առջև, իշխանության կողմից խրատը և, վերջապես, ձեռնաթափ լինելով, խրատների դադարեցում:
   «Եթե իմանաս, - ասում է Հիսուս, - որ եղբայրդ սխալվել ու մեղանչել է, վե՛ր կաց, գնա՛, գտի՛ր նրան առանձին և առանց ուրիշների ներկայության, երբ երկուսով դեմ-դիմաց միայնակ կլինեք, քաղցրորեն նրան հասկացրու իր սխալը, ցույց տուր ուղիղ ճանապարհը և սխալից ետ դառնալու պայմանները, և ձեռքիցդ եկածի չափ աշխատիր շարժել նրա սիրտը և գրավել եղբորդ: Եթե խոսքերդ ազդեցություն ունեցան, ընդունեց սխալը և դարձի եկավ, ուրեմն եղբայրդ կորստից փրկված է, դու շահեցիր նրա հոգին և, Աստծուն հաճելի գործ կատարելով, դու ևս Աստծուն հաճելի եղար»: Հիսուսի խոսքերում Ավետարանը գործածում է յանդիմանեա՛ բառը, որը չպետք է հասկանալ ժողովրդական գործածության տված իմաստով, որպես կշտամբի՛ր, սաստի՛ր, այլ պարզապես յանդիման արմատից ստացված իմաստով, որ է յանդիման առնել, առջևը դնել, պարզել, ցույց տալ: Ճիշտ այդ իմաստով է հասկացվում նաև Մովսեսի օրենքով տրված հրամանը. «Մի՛ ատեսցես եղբայր քո ի մտի քում. յանդիմանութեամբ յանդիմանեսցես զընկեր քո, և մի՛ ընդունիցիս վասն նորա զմեղս» Ղևտ. 19:17: Այստեղ ավարտվում է առաջին աստիճանը:
   Եթե առաջին փորձն անօգուտ է անցնում և մեղուցյալ ընկերդ ականջալուր չի լինում տվածդ խրատին, շարունակում է հարատևել իր սխալի մեջ, այն ժամանակ պետք է անցնել ուղղելու երկրորդ աստիճանին: «Եթե, - ասում է Հիսուս, - եղբայրդ քո խրատները չընդունեց, որովհետև քեզ կարևորության չարժանացրեց, իր մտածումները քոնից վեր դասեց, այն ժամանակ նայիր, որ մի ուրիշը կամ ուրիշ երկուսը ևս գտնես՝ ուղղամիտ ու քեզ համամիտ անձեր, և, երկուսով կամ երեքով եղած ժամանակ համաձայնության գալով, խրատեք նույն մեղանչած կամ սխալ գործած եղբորը: Որովհետև եթե մեկի ասածը կարող է կասկածի տեղիք տալ, ապա երկուսի կամ երեքի համաձայնությամբ վկայվածը կամ հաստատվածը օրենքի նկատմամբ ևս ստույգության արժևորում կստանա»: Հիսուս այստեղ ակնարկում է Մովսեսի օրենքով հաստատված սկզբունքը. «Ոչ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչէ. ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան» Բ Օր. 19:15: Չնայած Ավետարանը չի մեջբերում, սակայն այդ պարագայի համար պիտի ընդունել, որ եթե սխալվողը անսա նրանց խրատին, այս երկուսը կամ երեքը շահած կլինեն իրենց սխալված եղբորը:
   Եթե երկրորդ աստիճանը ևս անօգուտ լինի, ապա այդ դեպքում Հիսուս մի երրորդ աստիճան է ցույց տալիս՝ մեղանչած կամ մխալված եղբորը ուղղության բերելու: Այն է. «Ասասջիր յեկեղեցւոջ»: Անշուշտ Եկեղեցի անվանումը Հիսուսի խոսքերում նույնպես պետք է իր սովորական իմաստով հասկանալ. որպես ժողովուրդ և ժողովարան, համանշանակ սինագոգա բառի: Սակայն հնարավոր չէ կարծել, թե Հիսուս հրեական ժողովարանների մասին է ասել, այլ՝ իր օրենքով ու Ավետարանով կազմվելիք եկեղեցիների մասին: Որքան էլ Հիսուսի շուրջը պաշտոնապես կազմավորված հաստատուն եկեղեցի չկար, այնուամենայնիվ, Հիսուս և իր առաքյալները իրենց օրինական և բարեպաշտական գործողությունները կատարում էին հրեական ժողովարաններում: Սակայն Երկնից Արքայության հասած լինելը և Ավետարանի քարոզչությունը բավական էին, որ Հիսուսի եկեղեցին արդեն սկզբնավորված նկատվեր, իսկ Հիսուսին հետևող ժողովուրդը՝ կազմավորված, որի հիմքն ու էությունն էին Հիսուս և Տասներկուսը, նաև աշակերտների բազմությունը: Հարկ է նկատել, որ Հիսուս միայն ներկա ժամանակի մասին չէր խոսում, այլ Իրեն հետևողներին ավանդում էր ընդհանուր և երկարատև հրահանգներ, հաստատում կանոններ:
   Եկեղեցի անվան բացատրությունից երևում է, թե նախ մեկ ապա երկու կամ երեք անձերի ներկայությունից հետո, այդ անվանումը գործածելով, Հիսուս կամեցել է հասկացնել հետևյալը. երբ երկու կամ երեք անձանց ներկայությունն էլ ազդեցություն չի թողնում, անհրաժեշտ է գործը ժողովրդին, այսինքն՝ համախմբությանը կամ բազմությանը ներկայացնել: Այդ իմաստը վերագրողները քիչ չեն, որպեսզի հեռացնեն Եկեղեցու իշխանության գաղափարը: Սակայն ըստ մեզ, երկու գաղափարները՝ իշխանություն և բազմություն, այնպես են միմյանց զուգորդվում, որ մեկը մյուսին լրացնում է, մեկը մյուսից անբաժան է: Համախմբությունը, բազմությունը, ժողովուրդը որպեսզի չդառնա խառնիճաղանջ ամբոխի խառնակություն, պետք է իր կարգն ու սարքը, կերպն ու կանոնը, գլուխն ու կազմությունը, մի խոսքով՝ իր օրինական իշխանությունն ունենա, որ գործի ու խոսքի, անելիքի ու ասելիքի, որոշման ու գործադրության տերը լինի: Ըստ մեզ, եկեղեցին իբրև ժողովուրդ և եկեղեցին իբրև իշխանություն՝ միևնույն գաղափարը ամբողջացնող մասերն են, տարբեր բաներ չեն, գրեթե հոմանիշ են և բոլոր առումներով նույն գործնական նշանակությունն ունեն: Երբ Հիսուս հրամայում է՝ «ասասջիր յեկեղեցւոջ», պետք է հասկանանք այսպես՝ «գործի մասին ասա բազմությանը», իսկ գործնականում՝ «Գործը հաղորդիր իշխանությանը»: Սա մեղուցյալ ընկերոջը դարձի բերելու ձեռնարկի երրորդ և վերջին աստիճանն է, որից հետո Հիսուս ավելի ազդեցիկ միջոց չի թելադրում յուրայիններին:
   Չորրորդ աստիճանը կամ վերջնական վիճակը դարձի բերելու փորձ չէ, այլ, հույսը կտրելով, ձեռք քաշելու վիչակն է: «Եղիցի քեզ իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւորը» երբեք չպետք է ատելության իմաստով հասկանալ, որ անհնարին է Հիսուսի հեզ և մարդասեր հոգուն, «բարեկամ մաքսաւորաց եւ մեղաւորաց» կոչվող, մեղավորների հետ քաղցր և սիրալի վերաբերմունք ունեցող Հիսուսին: Միայն պարտքը կատարած, ձեռքից եկածն արած և խիղճը հանդարտեցրած անձի վիճակն է սա, որ Հիսուս բացատրում է այսպես. «Նրանք, ովքեր տարբեր ընթացք ունեն և քեզ հետ չեն հարաբերվում, իրենց գործերով զբաղվելու պարտականությունը չեն դնում քեզ վրա, որ նրանց գործերով զբաղվես, ինչպես ճշմարիտ կրոնից հեռու ապրող կռապաշտներն են և բարոյական պղծությունների մեջ համարձակորեն թավալվող պոռնիկները, այդպես էլ մեղուցյալ ընկերդ, երբ դու թե՛ առանձին, թե՛ ընկերների ձեռնտվությամբ և թե՛ օրինական իշխանության միջոցով նրան ուղղության բերելու համար աշխատեցիր, բայց նա չուղղվեց և չօգտվեց, կարող ես նրան օտարների կարգը դասել: Եկեղեցու իշխանությունը ևս, որ վերջին փորձը արեց և մնաց անպտուղ, կարեղ են նրան եկեղեցու ծոցից հեռացնել, բաժանել հավատացիալների միությունից և եկեղեցուց հեռացածներին ու օտարացածներին հավասար համարել»:
   Այդ վճռի հաստատուն և օրինական լինելը հայտնելոււ համար, Հիսուս ավելացնում է, թե Ինքը իշխանություն է տալիս եկեղեցուն՝ մեղավորներին կապելու և ապաշխարողներին արձակելու: «Ում, - ասում է, - դուք երկրի վրա օրինական կերպով և օրինական վճռով կապեք, նույնը երկնքում ևս իրոք կապված կլինի աստվածային կամաց հանդեպ. և, կապելուց հետո, ում ապաշխարությունն ու դարձ տեսնեք, օրինական կերպով և օրինական վձռով արձակեք երկրի վրա, նույնը երկնքում ևս արձակված կլինի աստվածային կամքի հանդեպ»: Այդ կապելու և արձակելու իշխանությունը մեկ անգամ էլ հիշատակվեց Հերմոնի ստորոտում տեղի ունեցած հայտարարության առիթով (Մատթ. 16:17-19): Այդ իշխանության գործառությունը վերաբերվում է Եկեղեցուն ընդհանրապես, ամեն մի դատապարտության կամ թողության առիթներին, լինի թե՛ արտաքին ատյանում՝ բանադրանքների և նզովքների, թե՛ ներքին ատյանում՝ խոստովանությունների և արձակման պարագաներում: Մեկնիչներն ու աստվածաբանները այդ վկայություններից եզրակացնում են, թե եկեղեցական իշխանությունը հավասարապես է տարածվում արտաքին ու ներքին ատյանների վրա:
   Այստեղ ուշադրության է արժանի նաև այն, որ Հիսուս խոսքը, հոգնակի բացատրությամբ, ուղղում է Տասերկուսին, ինչը եզակի բացատրությամբ է երևում Պետրոսին ուղղված խոսքում Մատթ. 16:19: Այս կերպ հաստատվում է, որ հատկապես ու բացառապես Պետրոսին չէին ուղղված այն առաջին խոսքերը, այլ ի դեմս Պետրոսի խոսելով, միանգամից բոլորին էին ուղված, ինչպես որ Պետրոսն էլ, ի դեմս ամենքի, պատասխանել էր Հիսուսին: Որեմն, ոչ թե միայն Պետրոսին, այլ ամեքին հավասարապես էր ուղղված իր հարցումը. «Իսկ դուք զո՞ ոք ասէք զինէն» Մատթ. 16:15:
   Այս խոսքերի վրա Ավետարանիչը մեջ է բերում Հիսուսի այն խոսքերը, ու ասվում է, թե Ինքը ներկա է բոլոր նրանց մեջ, լինեն եկուսով, երեքով կամ ավելի, ովքեր իր անունով են միմյանց հետ միավորված, և թե Իր անվամբ միավորվածները որևէ բան խնդրեն Աստծուց, ինչ էլ լինի խնդրածը, Երկնավոր Հայրը պիտի կատարի նրանց խնդրածը, պիտի տա նրանց ուզածը: Այս բացատրությունները տարածվում են ուղղակի հասարակաց աղոթքների վրա և ըստ այսմ էլ նախընթաց հրահանգների հետ ներքին կապ ունենալ չեն ենթադրում, այլ պարզապես, երևի իբրև տարբեր նյութ, մեջ են բերվում Ավետարանչի կողմից: Սակայն չմերժելով հանդերձ սույն խոսքերը՝ աղոթքի վրա տարածողների կարծիքը՝ մեզ թվում է, թե լռելյայն մի ներքին կապ կա մեղուցյալին դարձի բերելու, հրահանգի և հանուն Հիսուսի միությամբ ու համաձայնությամբ եղած խնդրվածների միջև:
   Մեղուցյալին ճիշտ ուղու կոչելու հրահանգը վերջին կետում Եկեղեցու կողմից տրված դատապարտության և արձակման վճիռներն է հիշում, որ Եկեղեցին պիտի տար անզեղջ կամ ապաշխարող մեղուցյալին՝ ավելացնելով, որ երկրի վրա տրված վճիռները երկնքում ևս հաստատուն ու վավերական պիտի լինեին: Արդ, եկեղեցու վճիռները համաձայնությամբ և հանուն Հիսուսի պիտի տրված լինեն: Այդ տեսանկյունով Հիսուս շատ լավ կարող էր ասել, թե Եկեղեցու կողմից երկրի վրա տրված վճիռները երկնքում ևս հաստատուն պիտի լինեն, քանի որ այդ վճիռները արձակելիս արդեն իսկ Ինքը ներկա էր: Ըստ որում միշտ ներկա է նրանց մեջ, ովքեր իր անվամբ էին հավաքվել, լինեին երկուսը, երեքը կամ ավելին:
   Մի ուրիշ տեսակետ ևս, որով այս վերջին խոսքերը կարող են կապակցվել նախորդի հետ: Այն է՝ թե Եկեղեցու անսաստ մեղուցյալների համար ևս, երբ Եկեղեցու ճիգերն օգուտ չեն բերում, վերջինս կարող է աղոթքով դիմել Աստծուն և հանուն Հիսուսի Աստծուց խնդրել նրանց դարձը: Այս դեպքում նույնպես Հիսուսի խորհրդական ներկայությունն Իր անվամբ համախմբվողների մեջ և Իր անունով եղած խնդրվածների կատարման խոստումը մեզ քաջալերում են: Եթե մեր ջանքերն առանձին, ուրիշների հետ մեկտեղ կամ Եկեղեցու օգնությամբ ապարդյուն անցնեն, բոլորովին չպետք է հուսահատվենք, այլ հանուն Հիսուսի աղոթենք Հայր Աստծուն, որպեսզի դարձի բերի այդպիսիններին: Լիահույս պիտի լինենք, որ մեր այս վերջին ջանքերն ու ճիգերը պիտի հասնեն իրենց նպատակին: