Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

16-18․ «Բայց եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի» (Բ Օր. 19։15)։ «Սակայն եթե նրանց էլ չլսի, Եկեղեցո՛ւն ասա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի»։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաև երկնքում»։
   
    Բայց ի՞նչ անել, եթե նա չլսի և համառի։ «Վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի» (Մատթ. 18:16)։ Որքան նա անամոթ ու համարձակ լինի, այնքան ավելի մենք պիտի դիմենք բժշկությանը, և ոչ թե տրվենք բարկության ու վրդովմունքի։ Բժիշկն էլ, տեսնելով, որ հիվանդությունը չի դադարում, չի թողնում հիվանդին և չի բարկանում նրա վրա, այլ ավելի մեծ ուշադրություն է դարձնում նրան։ Հենց սա էլ Փրկիչը հրամայում է անել այստեղ։ Դու թույլ էիր, երբ մենակ էիր. եղի՛ր ուժեղ մյուսների օգնությամբ։ Երկուսը կարող են հանդիմանել մեղանչողին։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես Փրկիչը խոսում է ո՛չ միայն վիրավորվածի, այլև վիրավորողի օգտին։ Իսկապես վնասված է նա, ով կրքի մեջ է. այդպիսին և՛ հիվանդ է, և՛ թույլ, և՛ տկար։ Դրա համար էլ Փրկիչը նրա մոտ է ուղարկում վիրավորվածին՝ մե՛կ միայնակ, մե՛կ ուրիշների հետ։ Իսկ եթե նաև այդ ժամանակ է վիրավորողը համառում, ապա Քրիստոս առաջադրում է Եկեղեցու միջամտությունը. «Ասա՛, - ասում է, - Եկեղեցուն» (Մատթ. 18:17)։ Եթե Հիսուս միայն վիրավորվածի օգուտը հետապնդեր, ապա չէր հրամայի ապաշխարողին ներել մինչև յոթանասունյոթ անգամ, ու այդքան բժիշկների չէր մատնանշի՝ նրա հիվանդությունը բժշկելու համար։ Այլ եթե այդ վիրավորողն առաջին հանդիմանությունից հետո շարունակեր համառել, կհրամայեր այլևս հանգիստ թողնել նրան։ Մինչդեռ Քրիստոս, ընդհակառակը, հրամայում է բժշկել նրան ոչ մի այն մեկ, այլև երկու, այլև երեք անգամ, ու դա անել թե՛ միայնակ, թե՛ երկուսի հետ, և թե՛, վերջապես, շատերի օգնությամբ։ Երբ հարցը վերաբերում էր միայն «դրսիններին», այդժամ Հիսուս նմանօրինակ ոչինչ չպատվիրեց, այլ միայն ասաց. «Այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»(Մատթ. 5:39), իսկ այստեղ այդպես չէ։ Հենց նույն բանն է ուսուցանում նաև Պողոսը՝ ասելով. «Իմ ի՞նչ գործն է դատել նաև դրսիններին» (Ա Կորնթ. 5:12)։ Այդ նույն Պողոսը նույնպես հրամայում է թե՛ հանդիմանել, և թե՛ դարձի բերել եղբայրներին, իսկ անհնազանդներին կտրել-հեռացնել մեզնից, որպեսզի նրանք ամոթահար լինեն։ Եվ Փրկիչն էլ այստեղ նույնն է անում, երբ եղբայրների վերաբերյալ այսպիսի կանոն է սահմանում. երեք հոգու է «տալիս» վիրավորողին՝ որպես ուսուցիչներ ու դատավորներ, որոնք էլ նրան պիտի խրատեին ա՛յն հարցի առնչությամբ, թե նա ինչ է արել, օրինակ, իր հարբեցողության ընթացքում։ Թեև ամեն մի անպատեհություն խոսողն ու անողն այդ վիրավորողն անձամբ ինքն էր, բայց նա ունի կողմնակի խրատի կարիք, ինչպես հարբած մեկը։ Բարկությունն ու մեղքը մարդուն ավելի ուժեղ խելագարության մեջ են գցում, քան որևէ մի հարբեցողություն։ Ո՞վ էր Դավթից ավելի իմաստուն։ Բայց նույնիսկ նա, երբ մեղանչեց, ոչինչ չէր զգում, ցանկասիրությունը տիրում էր նրա ողջ բանականությանը և, ծխի պես, լցնում էր նրա հոգին։ Դրա համար էլ նա ուներ մարգարեական ճրագի և ա՛յն խոսքերի կարիքը, որոնք նրա հիշողության մեջ կարթնացնեին այն ամենը, ինչ նա արել էր։ Դրա համար էլ այստեղ Փրկիչն այնպիսի մարդկանց է բերում մեղանչողի մոտ, որոնք վերջինիս կպատմեին իր արարքի մասին։

    Իսկ ինչո՞ւ է Հիսուս հրամայում հանդիմանել վիրավորվածին, և ոչ թե ուրիշ մեկին։ Որովհետև վիրավորողն ավելի հեշտ կարող է հանդիմանություն ընդունել հենց նրանից, ում ինքը վիրավորել է, ով խոցվել, վիրավորվել ու տառապանք է կրել իրենից։ Մեկ այլ բան է հանդիմանություն լսել ուրիշներից, որոնք բարեխոսում են վիրավորվածի համար, և մեկ այլ բան՝ այդ հանդիմանությունը լսել անմիջապես վիրավորվածի շուրթերից՝ հատկապես, երբ հանդիմանողն այդ ժամանակ միայնակ է լինում։ Իսկապես, երբ նա, ով իրականում իրավունք ունի իրեն վիրավորողից հատուցում պահանջելու իր կրած վիրավորանքի համար, հայտնվում է վիրավորողի առջև՝ վերջինիս փրկության մասին հոգալով, այդ պարագայում ամենից շուտ հենց այս վիրավորված մա՛րդը կարող է ամոթի մատնել իրեն վիրավորածին։ Տեսնո՞ւմ ես, որ հանդիմանությունն այստեղ արվում է ո՛չ թե վիրավորելու, այլ ուղղելու համար։ Նույն նպատակով էլ Փրկիչն անմիջապես չի հրամայում երկու հոգու վերցնել հանդիմանության համար, այլ միայն ա՛յն ժամանակ, երբ ինքը՝ վիրավորվածն արդեն իսկ հաջողություն չէր ունեցել։ Եվ, դարձյալ, Հիսուս անմիջապես չի հրամայում, որ շատերը լծվեն հանդիմանելու գործին, այլ վիրավորվածին պատգամում է նախ իր հետ վերցնել միայն երկուսին կամ միայն մեկին։ Իսկ ահա երբ հանդիմանվողը նաև նրանց է արհամարհում, այն ժամանակ միայն Հիսուս վիրովորողին հանձնում է Եկեղեցու դատին։ Այսպիսով, Փրկիչը մեծ հոգածություն է ցուցաբերում, որպեսզի մերձավորի մեղքերի մասին լուրը մեծ տարածում չգտնի։ Թեև Քրիստոս հենց սկզբից կարող էր վիրավորվածին իրավունք տալ իր վիրավորանքի (ասել է թե՝ իրեն վիրավորողի) մասին Եկեղեցուն հայտնելու, բայց որպեսզի մեղքը չտարածվի, Փրկիչը հրամայում է սա անել միայն մեկ կամ երկու հանդիմանությունից հետո։

    Իսկ ի՞նչ է նշանակում. «Երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի»։ Սա նշանակում է, որ դու քո կողմից արել ես ամեն ինչ և բաց չես թողել որևէ միջոց, ինչը որ պարտավոր էիր գործադրել։ «Սակայն եթե նրանց էլ չլսի, Եկեղեցո՛ւն ասա», այսինքն՝ Եկեղեցու ներկայացուցիչներին։ «Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի»։ Այդպիսի մեկը, ուրեմն, անբուժելիորեն հիվանդ է։ Հիշի՛ր, որ Հիսուս ամենուր մաքսավորին ներկայացնում է որպես ամենածանր մեղավորի օրինակ։ Եվ ավելի վերևում էլ Նա ասաց. «Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մատթ. 5:46)։ Եվ դարձյալ մեկ այլ տեղում. «Մաքսավորներ ու պոռնիկներ, - այսինքն՝ ամենաարհամարհված մարդիկ, - ձեզնից առաջ պիտի հասնեն Արքայություն» (Մատթ. 21:31 – թող սա լավ լսեն նրանք, ովքեր անիրավ տոկոսներ են պահանջում և տոկոսների վրա տոկոսներ են ավելացնում)։ Ուրեմն ինչո՞ւ է Քրիստոս Եկեղեցուն հնազանդ չեղած մարդուն դասում մաքսավորների շարքում։ Վիրավորվածին մխիթարելու և այդ վիրավորողին վախեցնելու մտադրությամբ։ Բայց միայն սա՞ է պատիժը։ Ո՛չ, այլև լսի՛ր շարունակությունը. «Ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում» (Մատթ. 18:18)։ Հիսուս Իր խոսքը չի ուղղում միայն Եկեղեցու առաջնորդին՝ ասելով․ «Կապի՛ր նրան», այլ, եթե և դու իքնդ կապես (ամբողջ գործը վստահվում է վիրավորվածին), - ապա այդ կապանքները նույնպես անլուծելի կլինեն։ Այսպիսով, անդարձ վիրավորողը կենթարկվի ծայրահեղ պատուհասի,  մինչդեռ մեղավոր չէ նա, ով կապում է, այլ նա՛, ով չի ցանկանում հնազանդվել։ Տե՛ս, թե վիրավորվածն ինչ փորձանքների է ենթարկում համառողին. և՛ ներկա պատժի, և՛ գալիք տանջանքի։ Իսկ Հիսուս սրանով սպառնում է ո՛չ թե այն բանի համար, որ իսկույն ևեթ այդպես էլ պատահի, այլ որպեսզի վիրավորողը, սպառնալիքից, այսինքն՝ թե՛ Եկեղեցուց հեռացվելուց, և թե՛ երկնքում կապվելու վտանգից սարսափած, դառնա ավելի խոնարհ և, խելահաս լինելով այս ամենին, եթե ոչ սկզբում, ապա գոնե բազմաթիվ դատապարտումներից հետո, մարի իր բարկությունը։ Այսպես Փրկիչը սահմանեց առաջին, երկրորդ ու երրորդ դատը, և միանգամից չմերժեց մեղավորին, որպեսզի, եթե նա ունկդիր չլինի առաջին դատին, ապա հնազանդվի երկրորդին, իսկ եթե արհամարհի սա էլ, ապա վախենա երրորդից, իսկ եթե չհարգի վերջինն էլ, սարսափի գալիք պատժից՝ Աստծու վճռից ու դատաստանից։

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ:
Իսկ եթե չլսի քեզ, քեզ հետ վերցրու ևս մեկի կամ երկուսի, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք:
   
    Տե՛ս [Տիրոջ] խնամքը, որ ասում է, թե որքան ավելի անսանձ ու ստահակ լինի նա, այնքան ավելի պիտի ջանաս բժշկել նրան և ոչ թե ցասման կամ բարկության տրվես: Որովհետև բժիշկը նույնպես, երբ որևէ հիվանդություն բարդացած է տեսնում, ոչ թե թողնում ու գնում է, այլ այդ ժամանակ ավելի շատ միջոցների է դիմում: Այդպես էլ [Տերն] այստեղ է հրամայում վարվել. եթե մենակ տկար գտնվեցիր, ասում է, մեկ ուրիշի հետ դարձիր զորավոր, և երկուսը բավական են մեղանչածին խոսքով հանդիմանելու և բարու մեջ հաստատելու համար: Կամ էլ՝ երկուսը, ըստ Օրենքի, բավական են որպես վկա (Բ Օր. 17։6), և [նրանց վկայությամբ] դու քեզ հնարավոր ամեն ինչ արեցիր և չթողեցիր ոչինչ, որ պատշաճ էր, որ անեիր:

    Ինձ թվում է՝ այս վարդապետությունը համահունչ է [Եզեկիել] մարգարեին [ասվածին]. Աստված նրան ասաց. «Մարդո՛ւ որդի, քեզ դետ հաստատեցի՝ զգուշացնելու ժողովրդին. եթե լսեն [քեզ], փրկեցիր քեզ և նրանց, ապա թե ոչ՝ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ դու քո անձը փրկեցիր» (հմմտ. Եզեկ. 3։17-19), և միայն նրանով է տարբերվում, որ այնտեղ [Աստված] հրամայում է մի անգամ և շատերին զգուշացնել, իսկ այստեղ երկու և երեք անգամ և մեկին, ինչպես և ասում է.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15