Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:17

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է:
   

   Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին [դա] քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է:

   Քանի որ հասկացար, ասում է, որ Ես՝ այժմ երևացողս, հավիտյաններից առաջ եղածն եմ, և այժմ երևացողիս անվանեցիր ի սկզբանե եղած Աստված, դու էլ ընդունիր այդ երանական խոսքի պատիվը՝ սովորեցնելով, որ ովքեր աստվածճանաչողությանն են մերձենում, երանություն են ժառանգելու: Բայց դա՝ ո՛չ առանց Հոր՝ ըստ այսմ. «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չմղի նրան դեպի Ինձ» (հմմտ. Հովհ. 6։44): Որովհետև եթե ճշմարիտ դավանությունը չէ, որ դավանվում է, ապա այն վերին հայտնության գործը չէ: Եթե [Պետրոսը Հիսուսին] համարեր իբրև շատերից մեկը, բնավ չէր արժանանա երանության: Նաթանայելն ավելի առաջ ասաց. «Ռա՛բբի, Դու Աստծո Որդին ես» (Հովհ. 1։49), և նավում գտնվածներն էլ սա ասացին 843, բայց չերանվեցին, որովհետև նրանց դավանությունը Պետրոսի դավանության պես չէր: Այս պատճառով էլ [Հիսուսն] ասում է. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, որդի՛ Հովնանի»: Հոր անունն է հիշատակում՝ որպես թե ասելով. «Ինչպես որ դու Իմ Հորը քարոզեցիր, Ես էլ քո ծնողին հանվանե կհիշատակեմ»: Նաև սովորեցնում է թե՝ «Ինչպես դու Հովնանի որդին ես՝ նրա բնությունից ծնված, այդպես էլ Ես եմ Իմ Հոր ծնունդը՝ Նրա բնությունից առաջ եկած»:

   Ասում է. «Որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին [դա] քեզ», որպեսզի [Պետրոսը] չկարծի, թե իր հորից է այդ գիտությունն ընդունել: Թեպետ նրա գոյությունն ուներ, բայց ո՛չ գիտությունը, քանի որ անհնար է երկնային ուսմունքը մարմնավորներից սովորել, այլ [կարելի է սովորել միայն] երկնավոր Հորից, Ումից և [Պետրոսն այն] ընդունեց շնորհով:

   Նաև որպեսզի շատերը չկարծեին, թե քանի որ [Պետրոսը] շատ էր սիրում Քրիստոսին, ապա այդ դավանության խոսքը սիրո և հպատակության [արդյունք] էր, և ուրեմն երանությունն էլ՝ դրա անդրադարձը, [Հիսուսն] ասում է, որ թեպետ Պետրոսն էր խոսողը, սակայն [երկնավոր] Հայրն էր նրան դրդում, որպեսզի այդ խոսքը ոչ թե մարդկային կարծիք համարես, այլ աստվածային դավանություն: Հետևաբար, նաև երանության էր արժանի, որովհետև ինչպես որ խոսքն էր ի վերուստ, այդպես էլ դրա երանությունը:
   

Ստեփանոս Սյունեցի

Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է:
   
   «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է»:

   «Հովնանի որդի»՝ եբրայերեն «Բարիովնա», թարգմանվում է աղավնու որդի: «Մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ», [այլ] երկնային վարդապետությունը: «Եվ մարմինը չէ, որ հայտնեց քեզ», քանզի և անհնարին իսկ է: Այլ նրա, ում հոգում Հայրը կծագեցնի Հոգու լույսը, նա կարող է տեսնել Աստծու Որդուն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

17-19․ Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
   
   Պետրոսի դավանական խոսքերը հիշելուց հետո, Մարկոսն ու Ղուկասը Պետրոսին վերաբերյալ ոչինչ չեն ավելացնում: Մատթեոսը միայն գրում է Հիսուսի հետո ասած խոսքերը. «Երանի քեզ, Սիմոն, Յովնանու, զի մարմին և արիւն ոչ յայտնեցա քեզ, այլ Հայր իմ որ յերկինս է, եւ քեզ ասեմ, զի դու ես Վէմ, եւ ի վերայ այսր վիմի շինեցից զեկեղեցի իմ, եւ դրունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեսցեն. եւ տաց քեզ զփականս Արքայութեան Երկնից, եւ զոր միանգամ կապեսցես յերկրի, եղիցի կապեալ յերկինս, եւ զոր արձակեսցես յերկրի, եղիցի արձակեալ յերկինս»: Ամբողջական հատվածը մեջբերեցինք մեր բնագրի բառերով, որովհետև այդ հատվածը Ընդհանուր Եկեղեցում մեծ խնդրի նյութ է եղել: Արևմտյան Եկեղեցու մեծ մասը, այսինքն՝ լատին կաթոլիկը, այդ խոսքերի վրա է կամենում հիմնել պապական դրությունը, իսկ Արևմտյան Եկեղեցու մյուս մասը, որ է բազմաճյուղ բողոքականությունը, ինչպես նաև Արևելյան բոլոր Եկեղեցիները պնդում են հակառակը՝ չընդունելով նույն դրությունը, այդ խոսքերում չգտնելով պապական դրությանը նպաստող կարծեցյալ իմաստը: Հիսուսի խոսքերի մասին արտահայտվելիս, անշուշտ, մենք չենք պատրաստվում այս նյութի շուրջ ընդարձակ և աստվածաբանական մի գլուխ գրել: Բայց ճիշտ էլ չէր, առանց ամփոփ և համառոտ բացատրության, շրջանցել այդ հատվածը:
   Հիսուս նախ երանի է տալիս Պետրոսին, որ տեղյակ էր Աստվածային խորին կորհուրդներին, այն ոչ թե այս կամ այն մահկանացու անձից սովորելով, այլ ուղղակի Հայր Ասռծու ներշնչմամբ: Արդ, արդեն նշել ենք, որ Հիսուսին իբրև Քրիստոս և Աստծու Որդի ճանաչելը միայն Պետրոսի իմացած և նրանից վկյաված կետ չէր: Ասացինք, որ Բարթողիմեսոը ավելի վաղ էր նույնը դավանել (Հովհ. 1:43-51): Նույնն էր դավանել նաև Պետրոսը Կափառնայումում, ընկերների առջև (Հովհ. 6:61-72): Բոլոր առաքյալները ևս այն իմացել և հայտնել էին: Ուրեմն, ո՛չ Պետրոսին հատուկ և ո՛չ էլ Պետրոսից առաջին անգամ վկայված մի կետ էր: Այդ դիտողությունից հետևում է, որ Հիսուսի տված երանին բոլոր նրանց վրա էր տարածվում, ովքեր տեղյակ էին այդ ճշմարտությանը: Հիսուսի խոսքերում բացակայում է խոսքն ու գործը, գովեստն ու երանին առանձնապես Պետրոսին մասնավորելու փաստը: Եղած էլ լիներ, անհնար էր նրանից որևէ փաստ իմանալ:
   Հիսուսի խոսքերի երկրորդ մասում «Դու ես Վէմ, եւ ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ» բառերն են, որ կազմում են հռոմեադավանների գլխավոր փաստը՝ այն էլ օգտվելով ի մանավորի հայերեն թարգմանության բառերից: Մեր թարգմանությունը գրում է «Դու ես Վէմ», հույն, լատին և այլ թարգմանություններ պարզապես գրում են`«Դու ես Պետրոս»: Բանագրի անունը մեզանում հասարակ անվան ձև և նոր իմաստ է ստացել, որը բացակայում է հույն և լատին թարգմանություններում, պատճառը պարզապես այն է, որ հունարեն Պետրոսը և ասորերեն Կեփասը հայերենում, փոխանցյալ թարգմանությամբ, Վեմ է գրված: Հունարենում և լատիներենում Պետրոսը պարզապես հատուկ անուն է, իսկ հասարակ անունը Պետրան է: Դրանք իրար ածանցյալ են, սակայն միմյանց չեն փոխարինում, մինչդեռ հայերենում փոխարկելի են, որովհետև հայերենի հատուկ անունները սեռ չունեն: Պետրոս հատուկ անվան Վէմ թարգմանական ձևը ավետարանի այլ մասերում էլ է հանդիպում, ինչպես`«Անդրէաս եղբայր Սիմոնի Վիմի» Հովհ. 1:40 և Հովհ. 6:8 : Մեր թարգմանության այս կետն այնքան է համապատասխանել լատին հռոմեականների գործին, որ հայերեն Աստվածաշունչը (ըստ Յոհանասնից օրինակի), եբրայականից տարբեր լինելով, երբեմն մեղադրանքի ենթարկված լինելուն հակառակ, այդ մեկ բառի շնորհիվ իրենցից ոմանք թագուհի թարգմանութեանց անվամբ են պատվել:
    Սակայն «Դու ես Պետրոս» բնագրային բացատրությունը եբրայական ոճով քաջալերական մի դարձված է, որ հնչում է այնպես, կարծես ասեր`«Ապրես, Պետրոս»: Հետևաբար Պետրոսի վէմ նկատվելն ու կոչվելը բնավ նշանակություն չունի: Թեև Սիմոնի անունը Կեփասով կամ Պետրոսով ավելի վաղ է փոխարինվել, դեռ Հորդանանի կողմերում գտնված ժամանակ (Հովհ. 1:35-42), երբ Պետրոսը դեռևս ո՛չ դավանություն էր արել, ո՛չ էլ երանության արժանացել, այնպես որ Սիմոնի Պետրոս կոչվելը պետք է որոնել դավանությունից դուրս, մի այլ, բոլորովին պատահական կամ կամայական պատճառի մեջ:
    Հետևաբար վեմը, որի վրա պիտի հիմնվի Եկեղեցին, ոչ թե Պետրոսն է, այլ Պետրոսի հայտնած ճշմարտությունը, որ է Քրիստոսի աստվածությունը: Իրոք վայել է, որ այն Եկեղեցու հիմք ճանաչվի, որպեսզի Եկեղեցին էլ լինի անսասանելի ու անհաղթելի: Մահկանացու մարդը, այն էլ հավատքի մեջ երկմտող, Հիսուսից հանդիմանվող, Հիսուսին ուրացող, սատանա կոչվող, երբեք հաստատուն հիմք ունենալու բնությունը չունի, բայց ունի հավիտենական և աստվածային ճշմարտությունը, որը կարող է տալ պահանջվող անսասանելի և անհաղթելի հաստատությունը: Եթե այստեղ աստվածաբանական ճառ գրելու լինեինք, կարող էինք մեջբերել թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Սուրբ Հայրերի այդ մեկնությամբ իմացած վկայությունները. նաև Նոր Կտակարանում որպես Եկեղեցու վեմ միայն Հիսուս Քրիստոսին մատնանշած լինելը և, ի վերջո, զուգընթաց ու համիմաստ տեղերից՝ Պետրոսին որևէ առավելություն տրված չլինելը: Բայց մենք չենք ցանկանում դուրս գալ Ավետարանի խոսքերի սահմաններից: Բավական է հիշել, որ Պետրոսը ևս երբեք նման հավակնություն չունեցավ և իր աշակերտներին ուսուցանեց որպես «Վէմ կենդանի» ճանաչել միայն Հիսուս Քրիստոսին և «Վէմ ընտիր, գլուխ անկեան պատուական» Ա Պետ. 2:4 և 2:6 :
    «Դրունք դժոխաց», որ պիտի կռվեն Եկեղեցու դեմ և չպիտի հաղթեն, դիվական զորություններ են և «դուռն» բառը արևելյան լեզուներին հատուկ բացատրություն է, որով ճանաչվում են իշխանությունն զորությունը:
    Հիսուսի խոսքերի վերջին մասը, ուր հիշատակվում է «Փականք Արքայութեան Երկնից», կապելու և արձակելու իշխանությունը, առաքելական իշխանությունից ավելի ընդարձակ իմաստ չունեն և նույն ձևով հետո տրվել են նաև Տասներկուսին Մատթ. 18:18: Նույն ձևով կրկնվել են հարությունից հետո Հովհ. 20:23, ուստի ավելի երկար խոսքի կարիքը չկա՝ ցույց տալու համար, որ այդ մասից հռոմեացիներ օգտվելու եղանակը չգիտեն:
    Խոսքս ամփոփելով`որպես ավետարանական պատմության շարունակություն, կարող ենք համառոտակի ասել, թե Հիսուս գոհ մնաց այն հայտարարությունից, որ Պետրոսն արեց իր բոլոր ընկերների կողմից: Ինչպես Պետրոսն էր խոսել նրանց անունից, այնպես էլ Հիսուս Պետրոսի միջոցով հայտնեց Իր խնդությունը, գովեց նրանց, երանի կարդաց Հայր Աստծու հայտնած ճշմարտությանը հավատարիմ ման, դիվական զորություններն Իրեն չպիտի կարողանան կործանել: Իրենք ևս նույն Եկեղեցում իշխանություն պիտի վայելեն, պիտի կարողանան անարժաններին պատժել ու հեռացնել, իսկ զղջացողներին վերստին արժանացնել Եկեղեցու շնորհներին: