Հովհաննես Ծործորեցի
2-3. Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
Հիսուսը, մի մանուկ կանչելով Իր մոտ, նրան կանգնեցրեց նրանց մեջ և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք և չլինեք մանուկների պես, չեք մտնի երկնքի արքայություն»:
Ոչ միայն խոսքով է կամենում իմաստնացնել, այլև օրինակով հորդորել: Դուք, ասում է, քննում եք, թե ով է մեծ, և գահերիցության համար վիճում, բայց Ես ձեզ ճշմարիտ եմ ասում. եթե բոլորից ավելի խոնարհ չլինեք, չեք արժանանա արքայության անգամ դուռը տեսնելու: Եվ իրավացիորեն է մանկանը [նրանց] մեջ կանգնեցնում. որպեսզի նրա դեմքը տեսնել տալով ամաչեցնի [աշակերտներին] և [մարդկային] ճշմարիտ բնության մեջ հաստատի՝ եկամուտ չարությունը դուրս հանելով և [սովորեցնելով] բոլորի հանդեպ, [մեծերից] մինչև նվաստագույնները, հավասար վերաբերմունք ցույց տալ, քանի որ մանուկներն այդպիսին են: Եվ ցույց է տալիս, որ հնարավոր է սա անել նաև կամքով: Թող ոչ ոք չտարակուսի, թե ծերն ինչպե՛ս կարող է մանուկ դառնալ, ինչպես Նիկոդեմոսը կարծեց 936, այլ պիտի մանկան վարք ու բնավորություն ձեռք բերի, թեկուզ հասուն մարդ լինի: Կրկնակի առաքինություն է այդպիսի վարքն ունենալն ու չհպարտանալը, որովհետև մանուկը խոնարհ ու անմեղ է, նախանձից ու [անմաքուր] ցանկություններից զերծ, միամիտ է և պարզաբարո. անարգվելիս չի տրտմում, մեծարվելիս չի փքվում: Ուրեմն՝ ովքեր այսպես ամեն արատից զերծ են, իրավամբ ժառանգում են երկնքի արքայությունը, ինչպես անկողնում [Տիրոջ] հետ հանգստացող մանուկները 937, որ օրհներգում են Տիրոջը՝ ըստ
Դավթի 938: Որովհետև բոլոր նրանք, որ մտքով կատարյալ են և չարի մեջ՝ մանուկ 939, ստուգապես մանուկ են և արքայության ժառանգորդ:
Իսկ եթե մեկն ասի. «Եթե այդպես է, ապա այժմ մատղաշ մանուկները, որոնք ոչ չարի, ոչ էլ առաքինության են ընդունակ և ինչ-որ ձևով հափշտակվում են մոր գրկից, արքայության մեջ են», կպատասխանենք՝ եթե մկրտված են, այո՛, որովհետև երկրորդ ծննդյան շնորհիվ նրանց հոգու ադամական պարտքը վերացվել է, իսկ մարմնով էլ տակավին անմեղ են: Ուստի Բեթղեհեմի մանուկների պես արքայության մեջ են, քանի որ վերջիններս թեև ոչ ջրով, սակայն արյամբ մկրտվեցին: Պարզ է ուրեմն, որ այդպես էլ ամեն ոք, ում մարմինը դեռ չի հասունացել, հոգով կատարյալ է և հարության ժամանակ նաև կատարյալ մարմին կստանա: Եվ թեպետ կատարյալ մշակների հետ չի փառավորվի, սակայն կպսակվի միջինների հետ՝ ըստ այն տեղի ու փառքի, որ պատրաստված է Հոր կողմից այնպես, ինչպես Աստծո տեսչությունը գիտի: Որովհետև եթե [Տերը] փառքի արժանացնելու չլիներ նրանց, ապա սրանց նույնպես չէր հավասարեցնի այդպիսի մանուկներին, ինչպես ասում է.
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: