Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
2-5․ «Հիսուս Իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց»։ «Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, Երկնքի արքայություն չեք մտնի»»։ «Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը Երկնքի արքայության մեջ»։ «Եվ ով Իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, Ի՛նձ ընդունած կլինի»։
Իսկ ի՞նչ ասում է նրանց Քրիստոս։ Նա բացահայտում է նրանց խիղճը և պատասխանում է նրանց զգացումներին, ու ոչ թե պարզապես խոսքերին։ «Իր մոտ կանչեց մի երեխայի․․․և ասաց...եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, Երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. 18:2-3)։ Դուք, - ասում է, - հետամուտ եք այն բանին, թե ով է մեծը, և վիճում եք առաջնության համար։ Իսկ Ես ասում եմ ձեզ. ով բոլորից ցածր (խոնարհ) չլինի, նա արժանի չէ Երկնքի արքայությանը։ Եվ սքանչելի օրինակ է ներկայացնում։ Բայց ոչ միայն ներկայացնում է, այլև իրապես նրանց մեջտեղում մի երեխա է կանգնեցնում՝ աշակերտներին ամաչեցնելով հենց նրանով, ինչը տեսնում են իրենց առջև։ Եվ Հիսուս, այդ մանկանը մատնանշելով, առաքյալներին ուսուցանում է լինել այդպես խոնարհ ու պարզասիրտ, ինչպես մանուկը, որը ո՛չ նախանձ ունի, ո՛չ փառասիրություն, ո՛չ էլ առաջնայնության ցանկություն, այլ ունի պարզության, անչարության և խոնարհության վսեմ առաքինությունը։ Այսպիսով, հարկավոր է ո՛չ միայն արիություն և իմաստություն ունենալ, այլև խոնարհամտության և պարզության առաքինությունների կրողը լինել։ Երբ մենք չունենք այս առաքինությունները, ապա, ինչքան էլ մեծ լինեն մեր գործերը, մեր փրկությունը կասկածելի կդառնա։ Մանուկը, թեկուզ և վիրավորեն, թեկուզ պատժեն, թեկուզ գովեն, թեկուզ պատվեն՝ ո՛չ առաջին պարագայում է վրդովվում ու հանդիմանում, և ո՛չ էլ վերջին պարագայում է հպարտանում։
Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է մեզ կրկին կանչում բարի, բնական գործերի՝ ցույց տալով, թե դրանք կարելի է կատարել ազատ կամքով։ Սրանով Նա արմատախիլ է անում նաև մանիքեական ամբարիշտ ուսմունքը։ Իրապես, եթե բնությունը չարիք է, ապա ուրեմն Հիսուս ինչո՞ւ է իմաստություն ուսուցանելու համար օրինակներ քաղում հենց բնությունից։ Ինչ վերաբերում է այն երեխային, որը կանգնեցվեց աշակերտների առջև, ապա, իմ կարծիքով, սա մի մանուկ էր՝ լիովին ազատ բոլոր նշված կրքերից,երեխա՛, որն անտեղյակ էր թե՛ հպարտությանը, թե՛ փառասիրությանը, թե՛ նախանձին, թե՛ կռվարարությանը և թե՛ նմանօրինակ բոլոր կրքերին։ Մանո՛ւկ՝ զարդարված բազում առաքինություններով, ինչպիսիք են՝ պարզասրտությունը, խոնարհությունը, հանդարտությունը, և մանո՛ւկ, որն այս թվարկված առաքինություններից և ոչ մեկով չի հպարտանում։ Իսկ դա, այսինքն՝ ունենալ առաքինի հատկություններ և, միևնույն ժամանակ, չհպարտանալ դրանցով, վսեմագույն իմաստության ցուցիչն է։ Դրա համար էլ Քրիստոս այդ մանկանը բերեց և կանգնեցրեց մեջտեղում։ Բայց և սրանով էլ Նա չսահմանափակեց Իր խրատը, այլ ավելի հեռուն ուղղեց այն. «Եվ ով Իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, Ի՛նձ ընդունած կլինի» (Մատթ. 18:5)։ Դուք մեծ պարգև կստանաք ոչ միայն այն դեպքում, - ասում է Հիսուս, - եթե ինքներդ այդպիսին լինեք, այլև նույնիսկ եթե հանուն Ինձ պատվեք այդպիսիներին, այդ պարագայում նույնպես, որպես նրանց հանդեպ ձեր ցուցաբերած պատվարժան վերաբերմունքի պարգևատրություն, ձեզ Արքայության կարժանացնեմ։ Հիսուս անգամ ավելի առաջ է գնում՝ ասելով հետևյալը. «Ի՛նձ ընդունած կլինի», - այսինքն՝ ասում է, - ինձ այդքա՜ն հաճելի է ձեր խոնարհությունն ու պարզասրտությունը։ Մանկան կերպարի ներքո Քրիստոս այստեղ նկատի ունի այն մարդկանց, որոնք նույնքան պարզամիտ են, խոնարհ, մերժված ու արհամարհված սովորական մարդկանց կողմից։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
2-3. Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
Հիսուսը, մի մանուկ կանչելով Իր մոտ, նրան կանգնեցրեց նրանց մեջ և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք և չլինեք մանուկների պես, չեք մտնի երկնքի արքայություն»:
Ոչ միայն խոսքով է կամենում իմաստնացնել, այլև օրինակով հորդորել: Դուք, ասում է, քննում եք, թե ով է մեծ, և գահերիցության համար վիճում, բայց Ես ձեզ ճշմարիտ եմ ասում. եթե բոլորից ավելի խոնարհ չլինեք, չեք արժանանա արքայության անգամ դուռը տեսնելու: Եվ իրավացիորեն է մանկանը [նրանց] մեջ կանգնեցնում. որպեսզի նրա դեմքը տեսնել տալով ամաչեցնի [աշակերտներին] և [մարդկային] ճշմարիտ բնության մեջ հաստատի՝ եկամուտ չարությունը դուրս հանելով և [սովորեցնելով] բոլորի հանդեպ, [մեծերից] մինչև նվաստագույնները, հավասար վերաբերմունք ցույց տալ, քանի որ մանուկներն այդպիսին են: Եվ ցույց է տալիս, որ հնարավոր է սա անել նաև կամքով: Թող ոչ ոք չտարակուսի, թե ծերն ինչպե՛ս կարող է մանուկ դառնալ, ինչպես Նիկոդեմոսը կարծեց (Հովհ. 3։4), այլ պիտի մանկան վարք ու բնավորություն ձեռք բերի, թեկուզ հասուն մարդ լինի: Կրկնակի առաքինություն է այդպիսի վարքն ունենալն ու չհպարտանալը, որովհետև մանուկը խոնարհ ու անմեղ է, նախանձից ու [անմաքուր] ցանկություններից զերծ, միամիտ է և պարզաբարո. անարգվելիս չի տրտմում, մեծարվելիս չի փքվում: Ուրեմն՝ ովքեր այսպես ամեն արատից զերծ են, իրավամբ ժառանգում են երկնքի արքայությունը, ինչպես անկողնում [Տիրոջ] հետ հանգստացող մանուկները 1, որ օրհներգում են Տիրոջը՝ ըստ Դավթի (Սաղմ. 112։1): Որովհետև բոլոր նրանք, որ մտքով կատարյալ են և չարի մեջ՝ մանուկ (Ա Կոր. 14։20), ստուգապես մանուկ են և արքայության ժառանգորդ:
Իսկ եթե մեկն ասի. «Եթե այդպես է, ապա այժմ մատղաշ մանուկները, որոնք ոչ չարի, ոչ էլ առաքինության են ընդունակ և ինչ-որ ձևով հափշտակվում են մոր գրկից, արքայության մեջ են», կպատասխանենք՝ եթե մկրտված են, այո՛, որովհետև երկրորդ ծննդյան շնորհիվ նրանց հոգու ադամական պարտքը վերացվել է, իսկ մարմնով էլ տակավին անմեղ են: Ուստի Բեթղեհեմի մանուկների պես արքայության մեջ են, քանի որ վերջիններս թեև ոչ ջրով, սակայն արյամբ մկրտվեցին: Պարզ է ուրեմն, որ այդպես էլ ամեն ոք, ում մարմինը դեռ չի հասունացել, հոգով կատարյալ է և հարության ժամանակ նաև կատարյալ մարմին կստանա: Եվ թեպետ կատարյալ մշակների հետ չի փառավորվի, սակայն կպսակվի միջինների հետ՝ ըստ այն տեղի ու փառքի, որ պատրաստված է Հոր կողմից այնպես, ինչպես Աստծո տեսչությունը գիտի: Որովհետև եթե [Տերը] փառքի արժանացնելու չլիներ նրանց, ապա սրանց նույնպես չէր հավասարեցնի այդպիսի մանուկներին, ինչպես ասում է.
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: