Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ Երկնքի արքայության մեջ»»։
   
    «Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ Երկնքի արքայության մեջ»» - Ինչ-որ մարդկային բան էր գործում աշակերտների մեջ։ Դա մատնանշում է նաև ավետարանիչը՝ ասելով. «Այդ նույն ժամին», այսինքն՝ երբ Քրիստոս Պետրոսին բոլորից ավելի նախապատիվ համարեց։ Հակոբոսն էլ էր անդրանիկ, բայց Հիսուս նրա նկատմամբ նմանատիպ որևէ վերաբերմունք չցուցաբերեց։ Ամաչելով բացահայտել իրենց այն կիրքը, որով նրանք հիվանդ էին, աշակերտներն ուղղակիորեն չեն ասում՝ «ինչո՞ւ Դու Պետրոսին նախապատվեցիր մեզնից։ Մի՞թե նա մեզնից մեծ է»։ Նրանք ամաչեցին այսպես ասել, ուստի և հարցնում են անորոշ եղանակով. «Ո՞վ է ավելի մեծ Երկնքի արքայության մեջ»։ Երբ Հիսուս նախապատվություն տվեց առաքյալներից միայն երեքին, նրանց մեջ նմանօրինակ որևէ վրդովմունք չառաջացավ։ Իսկ երբ պատիվը տրվեց միայն մեկին, ամենքը տրտմեցին։ Եվ ոչ միայն այս, այլ նաև այլ հանգամանքներ նկատի ունենալով՝ աշակերտները կրքով բորբոքվեցին։ Այսպես, Քրիստոս մի ժամանակ Պետրոսին ասել էր. «Եվ քեզ պիտի տամ Երկնքի արքայության բանալիները․․․ Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի» (Մատթ. 16:19,17)։ Իսկ այստեղ էլ ասում է. «Նրա՛նց տուր Իմ ու քո տեղը»։ Բացի այդ, մյուս առաքյալներին հուզում էր նաև Պետրոսի կողմից դրսևորվող առավել մեծ համարձակությունը, որը նրանք բազմիցս էին տեսնում նրա մեջ։ Իսկ այն, որ Մարկոսը չի ասում, թե նրանք հարցնում էին, այլ թե՝ իրենք իրենց մեջ էին մտածում, ապա սա ամենևին չի հակասում առաջինին. հավանաբար, թե՛ մեկը, և թե՛ մյուսը եղել է նրանց հետ։ Ավելի վաղ նույնպես բազմիցս այսպիսի վիճակի մեջ էին հայտնվել, իսկ այժմ իրենց վրդվմունքն արտահայտեցին խոսքով և իրենք իրենց մեջ էլ մտածում էին այդ մասին։ Բայց դու նայիր ո՛չ միայն այն բանին, ինչը հանդիմանության արժանի կլիներ, այլ խորհրդածիր նաև ա՛յն մասին, որ, նախևառաջ, աշակերտներն այժմ արդեն երկրային ոչինչ չեն փնտրում, և երկրորդ՝ հետագայում նրանք հաղթահարեցին այս տկարությունը և փոխադարձաբար միմյանց էին զիջում առաջնությունը։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չենք կարող բարձրանալ նույնիսկ մինչև նրանց նվազ սխալականությանը. մենք չենք հարցնում, թե ով է ավելի մեծ Երկնային արքայության մեջ, այլ՝ թե ով է ավելի մեծ երկրայի՛ն արքայության մեջ, ով է ավելի հարուստ, ով է ավելի ուժեղ․․․
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»:
   
    Այդ օրը աշակերտները մոտեցան և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»:
    Առաքյալները մարդկորեն մեղանչեցին. ավետարանիչը դա է ցույց տալիս, երբ ասում է՝ «այդ օրը»՝ [այն օրը], որում [Հիսուսը] Պետրոսին բոլորից ավելի պատվեց: Վերջինս Հակոբոսի և Հովհաննեսի ընկերն էր, և նրանք նույնպես անդրանիկ էին, բայց նրանց համար [Հիսուսը] նման բան չա րեց: Եվ քանի որ ամաչում էին իրենց [նախանձի] կիրքը հայտնելով ասել. «Ինչո՞ւ Պետրոսին մեզնից ավելի պատվեցիր», կամ՝ «Նա մեզնից մե՞ծ է», անորոշ կերպով հարցրին. «Ո՞վ է մեծ»: Երբ երեքին միասին էին տեսնում բոլորից ավելի պատվված, բնավ չէին դժգոհում, իսկ երբ միայն մեկը պատվի արժանացավ, նեղվեցին: Եվ ոչ միայն այս պատճառով, այլև որովհետև մտքում շատ նախանձ ունեին մթերած. և՛ այն ժամանակ բորբոքվեցին, երբ լսեցին, որ [Հիսուսը Պետրոսին] ասաց. «Քեզ կտամ բանալիները», «Երանի քեզ, Սիմոն, Հովնանի որդի» (Մատթ. 16։19, 17), և՛ այստեղ, [երբ Հիսուսն ասաց Պետրոսին]. «Տուր Իմ և քո կողմից»: Եվ ուրիշ անգամներ էլ նրա ամբողջ համարձակությունը տեսնելով՝ կսկծում ու չարանում էին: Այդ պատճառով էլ հարցրին. «Մեզնից ո՞վ է մեծ Քո երկնքի թագավորության մեջ»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-5․ Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ: Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի:
   
    Պետրոսին երկդրամյանի հրաման տալուց հետո, Հիսուս այդ օրը մեջտեղ չեկավ, այլ Կափառնայումում շարունակեց մենակ մնալ: Անշուշտ Պետրոս կատարեց հրամանը և անմիջապես ետ վերադարձավ: Ուրիշ խոսակցությունների շարքում Հիսուս սկսեց առաքյալներից հարցնել. «Ճանապարիհին միմյանց հետ վիճում էիք: Ո՞րն էր պատճառը»: Առաքյալները լռեցին: Անհարմար զգացին պատասխանել, քանի որ իրենցից մեծին որոշելը նույնքան տգեղ էր, որքան որևէ մի մարդ դեռ չմեռած, իր ժառանգությունը բաշխելը: Դա իրենք ևս հասկանում էին: Հիսուս գիտեր վեճի նյութը, բայց ցանկանում էր, որ իրենք խոստովանվեն, ուստի կրկնեց հարցը և առաքյալները, տեսնելով, որ անհնար է խուսափելը, համարձակվեցին ասել. «Քանի որ պետք է մեզ թողնես, ապա չենք ուզում հրաժարվել Երկնից Արքայության գործից, այլ փափագում ենք այն շարունակել: Ուստի կամենում ենք իմանալ, թե մեզանից ո՞վ պետք է լինի մեծն ու գործի գլխավորը»: Եթե երբևէ Հիսուս կամենար առաքյալներից մեծին որոշել, ապա սրանից լավ առիթ չէր լինի ասելու, թե Պետրոսին ձեզ մեծ կարգեցի կամ Հակոբոսը ձեր մեծը պիտի լինի: Ընդհակառակը, Հիսուս բացեիբաց մերծում է Իրենից հետո Իր փոխարեն ավագ կարգելու գաղափարը: «Ձեր մեջ, - ասում է, - մեծության և առաջնության, իշխանության և պատվո հանգամանքներ մի՛ որոնեք. ձեր առաջնությունը խոնարհության և ուրիշներին օգտակար լինելու մեջ է: Առաջինը նա՛ է, ով ամենից խոքրն է, բայց ամեքին ծառայության է հասնում. միամիտ հեզությունն ու խոնարհ կրտսերությունն է իմ ուզած մեծությունը»: Նույն տեղում մի փոքրիկ տղա տեսնելով՝ կանչում է նրան, սիրում ու, գիրկն առնելով, շարունակում. «Ահա՛ իմ սիրած մեծությունը, անմեղ և միամիտ պարզություն. թե որ դուք էլ փոքրիկ երեխայի նման անմեղ ու միամիտ լինեք, Երկնքի Արքայությունում կլինեք մեծ. որովհետև ով իր սիրտը կարողանա այս երեխայի նման հեզ ու խոնարհ դարձնել, նա է Երկնից Արքայության կամ Ավետարանի գործում մեծը: Ոչ թե իշխանությունը, այլ առաքինությունն է Ավետարանի մեծությունը: Ավետարանի Գործում Իմ տեղը գրավողն առաքինին է, և ով այնպիսին է ընդունում, ինձ է ընդունում, որ Ավետարանի հիմնադիրն եմ, և ով ինձ է ընդունում, ընդունում է Երկնավոր Հորը, որ Ավետարանի հրամայողն է և ինձ առաքողը: Հետևապես իզուր եք փնտրում նրան, ով պիտի իմ փոխարեն ավագ լինի, ես ավագ չեմ կարգելու. ամենից փոքրն էլ մեծ է իմ աչքում, եթե նա մեծ է առաքինությամբ»:
    Որքան էլ Հիսուսի խոսքերում բարոյական խրատներ կան, սակայն Հիսուսին հաջորդող մեկը չգտնվելը շեշտված է և այլևս աններելի է առաքյալների միջից մեծ ու փոքրը զանազանելը և Ամեքն էլ միմյանց հավասար են ներկայացված: Իսկ այն երեխայի մասին, ու Հիսուս գիրկն առավ, կա մի ավանդություն, ըստ որի իբր նա մեծացավ, հետևեց առաքյալներին և, ի վերջո, դարձավ Անտիոքի եպիսկոպոս, որ հայտնի է Սուրբ Իգնատիոս Աստվածազգեաց անվամբ: