Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին.
Այդ օրը Նրան մոտեցան սադուկեցիները, ովքեր ասում էին, թե հարություն չկա:
Սադուկեցիներն աղանդավոր ժողովուրդ էին, ովքեր, ինչպես սամարացիները, հերձվածով բաժանվել էին հրեաներից` Սադովկից 1226 սկսած, չէին խոստովանում, թե կային հրեշտակներ, և չէին հավատում հարությանն ու հոգիների անմահությանը: Ուրիշներ էլ ասում են, թե սադուկեցիներն արդար 1227 և առանձնական 1228 են կոչվում, ինչպես փարիսեցիներն ու նազովրեցիները, ովքեր ասում էին. «Վարձով չենք ծառայում Աստծուն»: Ուրեմն այժմ էլ սրանք մոտեցան խաբեական խոսքերով փորձելու [Հիսուսին], քանի որ հանդգնությունը խիստ անամոթ ու լիրբ է, ինչպես նաև անմիտ: Որովհետև երբ [փարիսեցիներին] պապանձված տեսան և նրանց չար գործերը` հանդիմանված, փոխարեն կաղիկաղ մոտենային, առաջ վազեցին, ինչի վրա զարմանում է ավետարանիչը` [ասելով].«Այդ օրը»: Քանի որ խիստ թանձրամիտ էին և միայն մարմնավոր բաներով էին հետաքրքրվում` «սերմանված լինելով վեմից ու կաղնուց» 1229, շնականների 1230 ովքեր ամեն ինչ մարմին էին համարում. սրանք էլ ոչ հարություն, ոչ հոգի էին դավանում, որպեսզի անխտիր մեղքեր գործեին: [Մոտենալով Հիսուսին]` ասացին հետևյալը:
--------------------------------
1230. Շնականները կամ կյունիկյանները (նաև ցինիկներ) հին հունական փիլիսոփայական մի դպրոցի ներկայացուցիչներ են: Նրանց հիմնադիր է համարվում Սոկրատեսի աշակերտ Անտիսթենեսը (Ք.ա. Ե դար), իսկ հայտնի ներկայացուցիչներից է Դիոգենես Սինոպցին, ով ապրում էր տակառում: Կյունիկյանները գոյատևել են մինչև Ե դարը: Շնական կամ կյունիկյան (հունարեն «կյունիկոս» բառը նշանակում է «շնանման») են կոչվել իրենց հիմնադիր Անտիսթենեսի` Աթենքի Կյունոսարգես («սպիտակ շան տեղ») կոչվող ճեմարանում ուսուցանելու, ինչպես նաև այն պատճառով, որ այս հոսանքի փիլիսոփաներին նաև «շուն» էին կոչում իրենց դավանած սկզբունքների և դրանց համաձայն ապրած կյանքի պատճառով: Այդ սկզբունքներն էին արհամարհանքը հասարակության մեջ ընդունված բոլոր օրենքների, կարգերի, բարոյական նորմերի հանդեպ, ըստ իրենց` «բնությանը մոտ կյանքը», որն աղբյուրն է երջանկության, և որի պատճառով նրանք ապրում էին ոչ թե տներում, այլ փողոցներում: Նրանք մերժում էին հարստությունը, սեփականությունը, փառքը, պատիվը, պետությունը, մշակույթը, ազգություն ունենալը ևն:
Ստեփանոս Սյունեցի (†735)
23-24․ Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
Այն օրը Նրան մոտեցան սադուկեցիները և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց, եթե մեկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի» և այլն:
Սադուկեցիները հարություն չեն ընդունում և ոչ [էլ] հոգիների անմահություն, նույնպես և սամարացիները: Արդ, նախատելով նրանց, ովքեր ասում են, թե հարություն կա, հարցրին Քրիստոսին՝ եթե յոթն էլ հարություն առնեն, ում կինը կլինի նա, [քանի որ բոլորն էլ նրան իբրև կին ունեցան] (Մատթ. 22։28):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
23-33․ Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը: Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում: Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
Փարիսեցիներից հետո Հիսուսին փորձելու հերթը գալիս է սադուկեցիներին: Սակայն նրանց հարցումը, ոչ այնքան խաբեական դավաճանության է նմանվում, որքան դպրոցական (սխոլաստիկ) խծբծանքի՝ քննության մեղադրելու համար: Հիսուսից ստանալիք պատասխանն ոչ մի ձևով Նրա վրա մեղադրանքի պատճառ չէր լինի, մանավանդ, որ փարիսեցիների կարծիքն էլ իրենց հակառակ էր, այլ այն միայն պետք է ծառայեր Հիսուսին նեղելու, Նրա իմաստության ու կարողության հարգանքը նվազեցնելու համար: Սադուկեցիները չէին ընդունում հոգու անմահության և մեռելների հարության վարդապետությունները և այս մասին իրենց փաստերն էին վերցնում Աստվածաշնչի հնագույն գրքերից, որոնց մեջ չկային անմահ հոգու, հավիտենական կյանքի, հանդերձյալ վարձի ու պատժի մասին խոսքեր: Եվ ընդունում էին, որ արդարության և բարության վարձը այս աշխարհում երկարակեցության և բարօրության վայելքներով են հատուցվում: Սադուկեցիներն իրենց վարդապետությամբ անլուծելի խնդիր էին համարում հարությունից հետո պահպանվող ամուսնական կապերը: Մովսեսի օրենքով հրամայված էր, որ եթե մեկը ամուսնանա և անժառանգ մեռնի, մեռնողի եղբայրը պարտավոր է նրա այրուն կնության առնել, և այդտեղից եղած զավակը համարել որպես մեռած եղբոր զավակ ու մեռնողին ժառանգ ճանաչել, որպեսզի անզավակ մեռած մարդու ցեղը չկորչի: Դա նվիրական պարտավորություն էր համարվում, և եթե մի մարդ չուզենար կնության վերցնել մահացած եղբոր այրուն՝ պաշտոնապես, հրապարակային նախատինքի էր ենթարկվում Բ Օր. 25:5-10: Այս օրենքի զորությամբ անլուծելի մի խնդիր կազմած լինելու համոզմամբ, սադուկեցիները եկան Հիսուսին առաջարկելու. «Յոթ եղբայրներ կային. առաջինը ամուսնացավ և մեռավ առանց զավակի, երկրորդը նրա այրուն առավ և նա մեռավ անժառանգ, երրորդը պարտավորվեց նույն այրուն առնել, բայց նա էլ մեռավ անզավակ: Հերթը հասավ չորրորդին, նա էլ կնության վերցրեց նույն այրուն, բայց ինքն էլ անզավակ մեռավ, հինգերորդն էլ նույնպես, վեցերորդն էլ նույնպես և վերջապես յոթերորդը առավ նույն կնոջը, բայց նա էլ զավակ չունեցած՝ մեռավ, ի վերջո կինն էլ մեռավ, որ յոթը եղբայրներին կին էր եղել և զավակ չէր ունեցել: Արդ, եթե մեռելները հարություն առնեն, ի՞նչ պիտի լինի այդ կնոջ վիճակը, յոթից ո՞ր մեկի կինը պետք է լինի, քանի որ յոթ եղբայրներին էլ հավասարապես կին է եղել»: Իբրև անլուծելի այդ խնդրով, սադուկեցիները կարծում էին, թե ցույց կտան մեռելների հարություն առնելու վարդապետության անտեղի լինելը:
Հիսուսը պատասխանում է. «Մարդիկ քանի դեռ այս աշխարհում եմ, իրենց բնության բերումով ամուսնական կապերի կարիք ունեն և իրենց մահկանացու լինելու պատճառով՝ պարտավոր են աճն ապահովել: Այս պատճառով էլ այրերը կին են առնում և կանայք էլ այրերի հետ ամուսնանում: Սակայն հանդերձյալ աշխարհում բնության պայմանները փոխվում են և այլևս մահկանացու չեն: Այդ պատճառով ոչ բնության բերմամբ, և ոչ աճման պահանջով ամուսնության կարիք չի լինում: Հարությունից հետո այրուն կին և կնոջը այր պետք չէ, այլ հարություն առած մարդիկ Աստծո մոտ երկնային վիճակ են ստանում, հրեշտակներ են լինում, որոնց համար, ինչպես գիտեք, ամուսնական պահանջներ չկան: Հետևաբար այն յոթ եղբայրների հետ ամուսնացող կնոջ համար էլ տարբերություն չկա, ոչ ինքը պիտի այր փնտրի, և ոչ էլ յոթը եղբայրները իրեն որպես կին պետք է պահանջեն: Այդ կողմից ձեր վարդապետության համար փաստ չեք կարող քաղել»:
Սրա հետ կապված սադուկեցիները ցույց են տալիս, թե Մովսեսի Հնգամատյաններում և հնագույն գրքերում ամենևին հիշատակություն չկա, որ մարմնից բաժանված կենդանի հոգիներ են գտնվում, հետևաբար հարություն առնելու կարիք էլ չկա և ձև էլ չկա: Հիսուսը տալիս է այդ առարկության լուծումը ասելով. «Ուրեմն դուք դժվարություն չունեք մեռելների հարություն առնելուն հավատալու հարցում, եթե իմանաք և համոզվեք, որ մարմնից բաժանված կենդանի հոգիներ են գտնվում: Բոլորիդ էլ հայտնի են այն խոսքերը, որն Աստված ուղղեց Մովսեսին՝ Քորեբի բոցակեզ մորենու մեջ. «Ես եմ Աստուած Աբրահամու եւ Աստուած Իսահակա եւ Աստուած Յակոբայ» Ել. 3:6: Արդ երբ Աստված Մովսեսի հետ էր խոսում, և նույն վայրկյանին ասում էր, թե Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն «եմ», նորից ցույց էր տալիս, որ նույն վայրկյանին Աբրահամը, Իսահակն ու Հակոբը կային և նրանց Աստվածն էր, այնինչ նահապետները այդ ժամանակ մեռած էին, և Աստված չպետք է կարողանար ասել՝ մեռելների Աստվածն «եմ», եթե նրանք չկային, այլ պիտի ասեր, թե Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ ես «էի»: Արդ, քանի որ ասում է նրանց Աստվածն «եմ», ուրեմն պետք է ընդունենք, թե մեռած նահապետները կային, և տակավին կենդանի էին, իհարկե ոչ մարմնով, այլ՝ հոգով: Եթե մարդու մեռնելուց հետո կենդանի հոգիներ կան, ուրեմն կարող են հարություն առնել, և դուք, որ հակառակն եք պնդում, Ս. Գրքին հակառակ վարդապետութուն եք քարոզում, իրոք մոլորյալներ եք: Որովհետև ձեր մեկնությամբ ասում եք, թե Աստված մեռելների Աստված է, մինչ Աստված ողջերի Աստվածն է, և մեռելներն իր աչքին և կենդանի են, հոգով կենդանի»: Հիսուսի տված բացատրությունը ոչ միայն ժողովրդի համար բարձր և զարմանալի երևաց, այլ նույնիսկ փարիսեցիական աղանդից եղող դպիրները և քահանաները, սկսեցին գովել Հիսուսին, թե լավ և ճշմարիտ խոսեց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: