Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

23-33. «Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա, և հարց տվեցին Նրան»։ «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար սերունդ բերի»» (Բ Օրին. 25։5)։ «Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը»։ «Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը..., մինչև յոթերորդը»։ «Բոլորից հետո նաև կինը մեռավ»։ «Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ «Հիսուս պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը»»։ «Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում»։ «Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը»։ «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (Ելք 3։6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ՝ ողջերի»։ «Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր Նրա ուսուցման վրա»։
   
   Փարիսեցիներից հետո Փրկչին մոտեցան սադուկեցիները։ Ինչպիսի՜ անմտություն։ Հիսուս հազիվ էր հասցրել փակել փարիսեցիների բերանը, երբ Նրան են մոտենում արդեն այս մյուսները, մինչդեռ հարկավոր էր ձեռնպահ մնալ դա անելուց։ Բայց հանդգնությունն այնպես անամոթ ու անմիտ է, որ ձեռնարկում է գործել անգամ անհնարինը։ Դրա համար էլ ավետարանիչը, զարմանալով նրանց անմտության վրա, հենց դա է մատնանշում՝ ասելով. «Այդ օրը Հիսուսի մոտ եկան» (Մատթ. 22:23)։ «Այդ օրը». ե՞րբ էր դա։ Հենց ա՛յն օրը, երբ Փրկիչը մերկացրեց փարիսեցիների խորամանկությունն ու ամոթի մատնեց նրանց։ Ովքե՞ր են ապա սադուկեցիները։ Սրանք այն մարդիկ էին, որոնք հրեաների մեջ կազմում էին առանձնահատուկ մի աղանդ՝ փարիսեցիականից տարբեր ու դրանից շատ ավելի վատ։  Սադուկեցիները դավանում էին, թե չկա ո՛չ հարություն, ո՛չ հրեշտակ, ո՛չ հոգի։ Նրանք ավելի խստասիրտ էին, քան փարիսեցիները, և ամբողջովին անձնատուր էին մարմնավոր բաներին։ Հրեաների մեջ շատ էին տարբեր տեսակի աղանդները։ Դրա համար էլ Պողոսն ասում է. «Ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնական խստագույն օրենքների համաձայն» (Գործք 26:5)։ Ի դեպ, սադուկեցիները, Փրկչին մոտենալով, ուղղակիորեն չեն սկսում խոսել հարության մասին, այլ հորինում են մի առասպել և պատմում են, իմ կարծիքով, երբևէ չպատահած մի իրադարձության մասին՝ փորձելով դժվարության մեջ գցել Հիսուսին՝ հերքելու թե՛ այն, որ հարություն է լինելու, և թե՛ ինչպիսին է լինելու այն՝ համաձայն Փրկչի պատկերացման։ Եվ այս սադուկեցիները, փարիսեցիների նման, մոտենում են թվացյալ հեզությամբ՝ ասելով. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար սերունդ բերի» (Բ Օրին. 25։5)։ Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը..., մինչև յոթերորդը։ Բոլորից հետո նաև կինը մեռավ։ Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի»։ (Մատթ. 22:24-28)։ Տե՛ս, թե ճշմարիտ Վարդապետին վայել ինչպիսի իմաստությամբ է Փրկիչը պատասխանում նրանց։ Թեև սադուկեցիները նենգ մտադրությամբ էին մոտեցել Նրան, բայց նրանց հարցն ավելի շատ առաջացել էր անտեղյակությունից։ Դրա համար էլ Փրկիչը նրանց «կեղծավոր» չի կոչում։ Իսկ որպեսզի Հիսուս չհարցներ, թե այդ ինչպե՞ս էր, որ յոթը եղբայրները մեկ կին ունեին, ուստի սադուկեցիները հղում են անում Մովսեսին, չնայած նրանց ողջ պատմությունը, ինչպես ես արդեն իսկ ասացի, իմ կարծիքով, հորինված էր։ Իսկապես, երրորդ եղբայրն այդ նույն կնոջը կնության չէր վերցնի՝ տեսնելով, որ նրա նախորդ երկու ամուսիններն արդեն մահացել են։ Իսկ եթե երրորդը, ամեն դեպքում, կնության առներ այդ կնոջը, ապա այդպես չէին վարվի չորրորդն ու հինգերորդը։ Իսկ իսկ եթե նաև սրանք համաձայնվեին, ապա, հավանաբար, այդ նույն որոշումը չէին կայացնի վեցերորդն ու յոթերորդը, այլ կհեռանային այդ կնոջից՝ վախենալով նույն ճակատագրին արժանանալուց, քանի որ հրեաները հակված էին նման վախերի։ Եթե այժմ նույնպես շատերը նմանատիպ վախեր ունեն, ապա առավել ևս այդօրինակ մտավախություններ ունեին հրեաները, որոնք առանց դրա էլ խուսափում էին նման ամուսնություններից, չնայած որ օրենքով պարտավորված էին դա անելուն։ Ահա թե ինչու մովաբացի Հռութն էլ ամուսնացավ իր հեռու ազգականի հետ, մինչդեռ կար ավելի մոտիկը, և Թամարն էլ, նույն պատճառով, ստիպված էր խաբել իր սկեսրայրին, որպեսզի անզավակ չմնար։ Ինչո՞ւ ապա սադուկեցիները հորինեցին, որ մեկ կին ոչ թե երկու կամ երեք, այլ յոթ ամուսին ուներ։ Սրանով նրանք հույս ունեին էլ ավելի ծաղրել հարության մասին ուսմունքը։ Ահա թե ինչու են ասում՝ «բոլորն էլ նրան կնության առան»՝ կարծելով իրենց այդ խոսքով Հիսուսին այլևս ասելու ոչինչ չթողնել։ Իսկ ի՞նչ է անում Քրիստոս։ Նա պատասխանում է թե՛ մեկ, և թե՛ մյուս հարցադրմանը՝ նկատի ունենալով ոչ թե սադուկեցիների խոսքերը, այլ մտադրությունը և, ինչպես ավելի վաղ, բացահայտում է նրանց ծածուկ մտածումները՝ մասամբ դա բացահայտելով բոլորի առջև, մասամբ էլ Իր հանդիմանությունը գամելով հարցնողների խղճմտանքին։ Այժմ տե՛ս, թե Հիսուս ինչպես է մատնացույց անում թե՛ մեկը, և թե՛ մյուսը, այսինքն՝ այն, որ և՛ լինելու է հարություն, և՛ որ այն լինելու է ոչ այնպիսին, ինչպիսին սադուկեցիներն են այն պատկերացնում։ Եվ ի՞նչ է ասում նրանց Հիսուս։ «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը» (Մատթ. 22:29)։ Քանի որ նրանք հղում են անում Մովսեսին ու օրենքին՝ կարծես թե դրանք լավ իմանալով, ուստի Փրկիչը ցույց է տալիս, որ նրանց հենց այդ հարցն ինքնին մերկացնում է Սուրբ Գրքի հանդեպ իրենց անտեղյակությունը։ Սադուկեցիները փորձում էին Հիսուսին, քանի որ իրենք Սուրբ Գիրքն ինչպես հարկն է չէին հասկանում, և չգիտեին Աստծու զորությունը։ Զարմանալի՞ է արդյոք, - կարծես ասում է Քրիստոս, - որ դուք փորձում եք Ինձ, Ում դեռ չեք ճանաչում, երբ չգիտեք անգամ Աստծու զորությունը, որի այդքա՜ն վկայություններ են ներկայացվել ձեզ, սակայն, այդուհանդերձ, դուք այն չեք ճանաչել ո՛չ Սուրբ Գրքից, ո՛չ էլ բանականության համընդհանուր սկզբունքներից։ Չէ՞ որ բանականության համընդհանուր սկզբունքներից էլ կարելի է գիտենալ, որ Աստծու համար ամեն ինչ հնարավոր է։

   Եվ, առաջին հերթին, Փրկիչը պատասխանում է հարցին։ Քանի որ սադուկեցիների՝ հարությանը չհավատալու պատճառն իրենց այն տեսակետն էր, թե իրերի կարգը մշտապես անփոփոխ է մնում, ուստի Քրիստոս ամենից առաջ վերացնում է հիվանդության պատճառը, և ապա բժշկում է բուն հիվանդությունը (քանի որ վերջինս ծագում էր առաջինից), և ցույց է տալիս հարությանը բնորոշող հատկությունները. «Որովհետև հարության ժամանակ, - ասում է, - ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում» (Մատթ. 22:30), կամ, ինչպես ասում է Ղուկաս ավետարանիչը, «․․․Աստծո որդիներ» (Ղուկ. 20:36)։ Այսպիսով, եթե հարության ժամանակ չեն ամուսնանում, ապա անտեղի է նաև սադուկեցիների հարցը։ Ի դեպ, հարության որդիները «հրեշտակներ» են անվանվում ոչ թե այն պատճառով, որ չեն ամուսնանում, այլ՝ չեն ամուսնանում, քանի որ նման են լինելու հրեշտակներին։ Այս խոսքերով Փրկիչն ի չիք դարձրեց նաև շատ այլ (աշխարհիկ հաճույքների մասին) հոգսերի մասին հոգալու անհրաժեշտությունը, որոնք բոլորն էլ Պողոսը մեկ խոսքով ամփոփեց՝ ասելով. «․․․որովհետև այս աշխարհը, այնպես, ինչպես որ է, անցնելու վրա է» (Ա Կորնթ. 7:31)։ Բացատրելով, թե ինչպիսին է լինելու հարությունը՝ Փրկիչն այնուհետև ցույց է տալիս, որ այն իսկապես տեղի է ունենալու։ Իհարկե, վերևում ասվածից բխում էր նաև այս ճշմարտությունը, բայց Քրիստոս, նախորդ խոսքերով չբավականանալով, դրանց ավելացնում է նաև մի նոր ապացույց։ Հիսուս նկատի ուներ ոչ միայն բուն հարցը, այլև հենց հարցնողների մտածումները։ Այսպես, երբ Իրեն հարցնում են ոչ չար մտադրությամբ, այլ անտեղյակությունից դրդված, այդժժամ Նա Իր պատասխանով հաղորդում է ավելին, քան պահանջում էր հարցը։ Իսկ երբ հարցերի դրդապատճառը միայն չարությունն է, այդժամ Քրիստոս չի պատասխանում անգամ նրան, ինչի մասին հարցնում են։ Այսպիսով, Հիսուս դարձյալ փակում է սադուկեցիների բերանը Մովսեսի խոսքերով, քանի որ նրանք իրենք էին հղում անում Մովսեսին. «Իսկ մեռելների հարության մասին, - ասում է Նա, - չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը․ «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (Ելք 3։6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ՝ ողջերի» (Մատթ. 22:31-32)։ Աստված գոյություն չունեցողների ու ամբողջովին ոչնչացվածների Աստված չէ, որոնք այլևս երբեք հարություն չեն առնելու։ Փրկիչն Իր մասին չասաց՝ «Ես եղա», այլ ասաց՝ «Ես գոյություն ունեցողների ու ողջերի Աստվածն եմ։ Ինչպես Ադամը, թեև այն օրը, երբ ճաշակեց ծառի պտղից, ողջ էր, բայց Աստծու վճռի արտաբերումից անմիջապես հետո մահվան ենթարկվեց, այնպես էլ նախահայրերը, չնայած մահացան, բայց կենդանի մնացին հարության խոստմամբ։ Իսկ ինչպե՞ս է մեկ այլ տեղում ասվում. «․․․որպեսզի մեռելներին և կենդանիներին հավասարապես տիրի» (Հռոմ. 14:9)։ Այս խոսքը նախորդին չի հակասում, որովհետև այստեղ խոսքը մեռածների մասին է, որոնք ինչ-որ ժամանակ պիտի կենդանանան։ Ի դեպ, տարբերություն կա նաև «Ես Աբրահամի Աստվածն եմ» խոսքի և «տիրում է և՛ մեռելների, և՛ կենդանիների վրա» ասույթի միջև։ Հարկավոր է գիտենալ, որ կա նաև մեկ ուրիշ մահ, որի մասին ասվում է. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին» (Ղուկ. 9:60)։

   «Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր Նրա ուսուցման վրա» (Մատթ. 22:33)։ Բայց այս օգուտը ստացան ոչ թե սադուկեցիները, որոնք, պարտության մատնված լինելով, հեռացան, այլ ժողովուրդը, որը սրտի պարզությամբ լսում էր Քրիստոսին։ Այսպիսով, եթե այսպիսին է լինելու հարությունը, ապա ամեն մի ջանք գործածենք, որպեսզի գալիք կյանքում առաջնայնության արժանանանք։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին.
   
   Այդ օրը Նրան մոտեցան սադուկեցիները, ովքեր ասում էին, թե հարություն չկա:

   Սադուկեցիներն աղանդավոր ժողովուրդ էին, ովքեր, ինչպես սամարացիները, հերձվածով բաժանվել էին հրեաներից` Սադովկից 1 սկսած, չէին խոստովանում, թե կային հրեշտակներ, և չէին հավատում հարությանն ու հոգիների անմահությանը: Ուրիշներ էլ ասում են, թե սադուկեցիներն արդար 2 և առանձնական 3 են կոչվում, ինչպես փարիսեցիներն ու նազովրեցիները, ովքեր ասում էին. «Վարձով չենք ծառայում Աստծուն»: Ուրեմն այժմ էլ սրանք մոտեցան խաբեական խոսքերով փորձելու [Հիսուսին], քանի որ հանդգնությունը խիստ անամոթ ու լիրբ է, ինչպես նաև անմիտ: Որովհետև երբ [փարիսեցիներին] պապանձված տեսան և նրանց չար գործերը` հանդիմանված, փոխարեն կաղիկաղ մոտենային, առաջ վազեցին, ինչի վրա զարմանում է ավետարանիչը` [ասելով].«Այդ օրը»: Քանի որ խիստ թանձրամիտ էին և միայն մարմնավոր բաներով էին հետաքրքրվում` «սերմանված լինելով վեմից ու կաղնուց» 4, շնականների 5 ովքեր ամեն ինչ մարմին էին համարում. սրանք էլ ոչ հարություն, ոչ հոգի էին դավանում, որպեսզի անխտիր մեղքեր գործեին: [Մոտենալով Հիսուսին]` ասացին հետևյալը:
--------------------------------
5. Շնականները կամ կյունիկյանները (նաև ցինիկներ) հին հունական փիլիսոփայական մի դպրոցի ներկայացուցիչներ են: Նրանց հիմնադիր է համարվում Սոկրատեսի աշակերտ Անտիսթենեսը (Ք.ա. Ե դար), իսկ հայտնի ներկայացուցիչներից է Դիոգենես Սինոպցին, ով ապրում էր տակառում: Կյունիկյանները գոյատևել են մինչև Ե դարը: Շնական կամ կյունիկյան (հունարեն «կյունիկոս» բառը նշանակում է «շնանման») են կոչվել իրենց հիմնադիր Անտիսթենեսի` Աթենքի Կյունոսարգես («սպիտակ շան տեղ») կոչվող ճեմարանում ուսուցանելու, ինչպես նաև այն պատճառով, որ այս հոսանքի փիլիսոփաներին նաև «շուն» էին կոչում իրենց դավանած սկզբունքների և դրանց համաձայն ապրած կյանքի պատճառով: Այդ սկզբունքներն էին արհամարհանքը հասարակության մեջ ընդունված բոլոր օրենքների, կարգերի, բարոյական նորմերի հանդեպ, ըստ իրենց` «բնությանը մոտ կյանքը», որն աղբյուրն է երջանկության, և որի պատճառով նրանք ապրում էին ոչ թե տներում, այլ փողոցներում: Նրանք մերժում էին հարստությունը, սեփականությունը, փառքը, պատիվը, պետությունը, մշակույթը, ազգություն ունենալը ևն:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

23-24․ Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
   
   Այն օրը Նրան մոտեցան սադուկեցիները և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց, եթե մեկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի» և այլն:
   Սադուկեցիները հարություն չեն ընդունում և ոչ [էլ] հոգիների անմահություն, նույնպես և սամարացիները: Արդ, նախատելով նրանց, ովքեր ասում են, թե հարություն կա, հարցրին Քրիստոսին՝ եթե յոթն էլ հարություն առնեն, ում կինը կլինի նա, [քանի որ բոլորն էլ նրան իբրև կին ունեցան] (Մատթ. 22։28):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

23-33․ Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը: Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում: Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
   
   Փարիսեցիներից հետո Հիսուսին փորձելու հերթը գալիս է սադուկեցիներին: Սակայն նրանց հարցումը, ոչ այնքան խաբեական դավաճանության է նմանվում, որքան դպրոցական (սխոլաստիկ) խծբծանքի՝ քննության մեղադրելու համար: Հիսուսից ստանալիք պատասխանն ոչ մի ձևով Նրա վրա մեղադրանքի պատճառ չէր լինի, մանավանդ, որ փարիսեցիների կարծիքն էլ իրենց հակառակ էր, այլ այն միայն պետք է ծառայեր Հիսուսին նեղելու, Նրա իմաստության ու կարողության հարգանքը նվազեցնելու համար: Սադուկեցիները չէին ընդունում հոգու անմահության և մեռելների հարության վարդապետությունները և այս մասին իրենց փաստերն էին վերցնում Աստվածաշնչի հնագույն գրքերից, որոնց մեջ չկային անմահ հոգու, հավիտենական կյանքի, հանդերձյալ վարձի ու պատժի մասին խոսքեր: Եվ ընդունում էին, որ արդարության և բարության վարձը այս աշխարհում երկարակեցության և բարօրության վայելքներով են հատուցվում: Սադուկեցիներն իրենց վարդապետությամբ անլուծելի խնդիր էին համարում հարությունից հետո պահպանվող ամուսնական կապերը: Մովսեսի օրենքով հրամայված էր, որ եթե մեկը ամուսնանա և անժառանգ մեռնի, մեռնողի եղբայրը պարտավոր է նրա այրուն կնության առնել, և այդտեղից եղած զավակը համարել որպես մեռած եղբոր զավակ ու մեռնողին ժառանգ ճանաչել, որպեսզի անզավակ մեռած մարդու ցեղը չկորչի: Դա նվիրական պարտավորություն էր համարվում, և եթե մի մարդ չուզենար կնության վերցնել մահացած եղբոր այրուն՝ պաշտոնապես, հրապարակային նախատինքի էր ենթարկվում Բ Օր. 25:5-10: Այս օրենքի զորությամբ անլուծելի մի խնդիր կազմած լինելու համոզմամբ, սադուկեցիները եկան Հիսուսին առաջարկելու. «Յոթ եղբայրներ կային. առաջինը ամուսնացավ և մեռավ առանց զավակի, երկրորդը նրա այրուն առավ և նա մեռավ անժառանգ, երրորդը պարտավորվեց նույն այրուն առնել, բայց նա էլ մեռավ անզավակ: Հերթը հասավ չորրորդին, նա էլ կնության վերցրեց նույն այրուն, բայց ինքն էլ անզավակ մեռավ, հինգերորդն էլ նույնպես, վեցերորդն էլ նույնպես և վերջապես յոթերորդը առավ նույն կնոջը, բայց նա էլ զավակ չունեցած՝ մեռավ, ի վերջո կինն էլ մեռավ, որ յոթը եղբայրներին կին էր եղել և զավակ չէր ունեցել: Արդ, եթե մեռելները հարություն առնեն, ի՞նչ պիտի լինի այդ կնոջ վիճակը, յոթից ո՞ր մեկի կինը պետք է լինի, քանի որ յոթ եղբայրներին էլ հավասարապես կին է եղել»: Իբրև անլուծելի այդ խնդրով, սադուկեցիները կարծում էին, թե ցույց կտան մեռելների հարություն առնելու վարդապետության անտեղի լինելը:
   Հիսուսը պատասխանում է. «Մարդիկ քանի դեռ այս աշխարհում եմ, իրենց բնության բերումով ամուսնական կապերի կարիք ունեն և իրենց մահկանացու լինելու պատճառով՝ պարտավոր են աճն ապահովել: Այս պատճառով էլ այրերը կին են առնում և կանայք էլ այրերի հետ ամուսնանում: Սակայն հանդերձյալ աշխարհում բնության պայմանները փոխվում են և այլևս մահկանացու չեն: Այդ պատճառով ոչ բնության բերմամբ, և ոչ աճման պահանջով ամուսնության կարիք չի լինում: Հարությունից հետո այրուն կին և կնոջը այր պետք չէ, այլ հարություն առած մարդիկ Աստծո մոտ երկնային վիճակ են ստանում, հրեշտակներ են լինում, որոնց համար, ինչպես գիտեք, ամուսնական պահանջներ չկան: Հետևաբար այն յոթ եղբայրների հետ ամուսնացող կնոջ համար էլ տարբերություն չկա, ոչ ինքը պիտի այր փնտրի, և ոչ էլ յոթը եղբայրները իրեն որպես կին պետք է պահանջեն: Այդ կողմից ձեր վարդապետության համար փաստ չեք կարող քաղել»:
   Սրա հետ կապված սադուկեցիները ցույց են տալիս, թե Մովսեսի Հնգամատյաններում և հնագույն գրքերում ամենևին հիշատակություն չկա, որ մարմնից բաժանված կենդանի հոգիներ են գտնվում, հետևաբար հարություն առնելու կարիք էլ չկա և ձև էլ չկա: Հիսուսը տալիս է այդ առարկության լուծումը ասելով. «Ուրեմն դուք դժվարություն չունեք մեռելների հարություն առնելուն հավատալու հարցում, եթե իմանաք և համոզվեք, որ մարմնից բաժանված կենդանի հոգիներ են գտնվում: Բոլորիդ էլ հայտնի են այն խոսքերը, որն Աստված ուղղեց Մովսեսին՝ Քորեբի բոցակեզ մորենու մեջ. «Ես եմ Աստուած Աբրահամու եւ Աստուած Իսահակա եւ Աստուած Յակոբայ» (Ել. 3:6): Արդ երբ Աստված Մովսեսի հետ էր խոսում, և նույն վայրկյանին ասում էր, թե Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն «եմ», նորից ցույց էր տալիս, որ նույն վայրկյանին Աբրահամը, Իսահակն ու Հակոբը կային և նրանց Աստվածն էր, այնինչ նահապետները այդ ժամանակ մեռած էին, և Աստված չպետք է կարողանար ասել՝ մեռելների Աստվածն «եմ», եթե նրանք չկային, այլ պիտի ասեր, թե Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ ես «էի»: Արդ, քանի որ ասում է նրանց Աստվածն «եմ», ուրեմն պետք է ընդունենք, թե մեռած նահապետները կային, և տակավին կենդանի էին, իհարկե ոչ մարմնով, այլ՝ հոգով: Եթե մարդու մեռնելուց հետո կենդանի հոգիներ կան, ուրեմն կարող են հարություն առնել, և դուք, որ հակառակն եք պնդում, Ս. Գրքին հակառակ վարդապետութուն եք քարոզում, իրոք մոլորյալներ եք: Որովհետև ձեր մեկնությամբ ասում եք, թե Աստված մեռելների Աստված է, մինչ Աստված ողջերի Աստվածն է, և մեռելներն իր աչքին և կենդանի են, հոգով կենդանի»: Հիսուսի տված բացատրությունը ոչ միայն ժողովրդի համար բարձր և զարմանալի երևաց, այլ նույնիսկ փարիսեցիական աղանդից եղող դպիրները և քահանաները, սկսեցին գովել Հիսուսին, թե լավ և ճշմարիտ խոսեց: