Ա․ Լոպուխին
8-25. Ահա՛, Իսրայելի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան։ Հակոբն ու նրա որդիները: Հակոբի անդրանիկ Ռուբենը: [8] Ռուբենի որդիներն են Ենոքը, Փաղղուսը, Ասրոնն ու Քարմին: Շմավոնի որդիներն են Համուելը և Համինը, Ահոդը և Հաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնված Սավուղը: Ղևիի որդիներն են Գերսոնը, Կահաթն ու Մերարին: Հուդայի որդիներն են Էրը և Օնանը, Սելոմը, Փարեսն ու Զարան: Սակայն Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում: Փարեսի որդիները են Ասրոմն ու Համուելը: Իսաքարի որդիներն են Թողան ու Փուդը, Հասուբն ու Զամանը: Զաբուղոնի որդիներն են Սերեդը, Ալլոնն ու Էլոնը: Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային, Միջագետքում նա ծնեց Հակոբի համար։ Նրա բոլորը որդիներն ու դուստրերը երեսուներեք հոգի էին: Գադի որդիներն են Սափոնն ու Մեդիսը, Սավնիան ու Թավսոբամը, Այեդիսը, Արոյելիսը և Արիելիսը: Ասերի որդիներն են Հեմնան, Հեսուան, Հեուլը, Բարիան և նրանց քույր Սարան: Բարիայի որդիներն են Քոբորը և Մելքիելը: Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տվել էր իր դուստր Լիային: Սա Հակոբի համար ունեցավ այս տասնվեց որդիներին: Ռաքելի` Հակոբի կնոջ որդիներն են Հովսեփն ու Բենիամինը: Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթը Հովսեփի համար ծնեց Մանասեին ու Եփրեմին: Բենիամինի որդիներն են Բաղան, Բոքորն ու Ասբեեն: Գեերան ու Նեեմանը, Անաքսն ու Ռոսը, Մամփիմը, Ոփիմն ու Արադը: Սրանք Ռաքելի որդիներն են, որոնց նա ծնեց Հակոբի համար, ընդհանուր՝ տասնյոթ հոգի: Դանի որդին է Ասոմը: Նեփթաղիմի որդիներն են Ասիելն ու Գոնին, Ասարն ու Սիլլեմը: Սրանք որդիներն են Բալլայի, որին Լաբանը տվեց իր դուստր Ռաքելին, Բալլան ծնեց սրանց Հակոբի համար, ընդհանուր ` յոթ հոգի: (Սինոդական թարգ․)
Տրվում է Հակոբի ամենամոտ սերունդների ցանկը, որոնք նրա հետ տեղափոխվել են Եգիպտոս կամ էլ արդեն ծնվել են Եգիպտոսում: Այս սերնդաբանությունը, համաձայն Հին Արևելքի և ընդհանրապես հին հրեաների ընկալման ու սովորույթների, չափազանց կարևոր փաստաթղթի արժեք ուներ։ Մի կողմից այն ցույց է տալիս, որ ազգերի, հետագայում ցեղերի, սերունդների, տոհմերի և այլնի բաժանումը արմատներ ունի նահապետների ընտանիքների համապատասխան բաժանման մեջ։ Հետևաբար վերջին պարագան էլ այն է ցույց տալիս, որ Եգիպտոսում Հակոբի սերնդի հետագա բազմացումը և քաղաքական ու ազգագրական իմաստով մի ամբողջ ազգի վերածվելը տեղի է ունեցել բնակչության բնական աճի և բնական զարգացման միջոցով՝ առանց եգիպտացիների և նրանց քաղաքական իշխանության բռնի ազդեցության: Մյուս կողմից էլ այս ծագումնաբանությունը կարող էր իրավական նշանակություն ունենալ, քանի որ այն ապացուցում էր Հակոբի սերնդի յուրաքանչյուր ճյուղի՝ Իսրայելի այս կամ այն որդուց կամ թոռից սերած լինելու բոլորին հայտնի հանգամանքի ուժով, ավետյաց երկրում տարածք զբաղեցնելու իրավունքը:
7, 10, 70 թվերի խորհրդանշական իմաստով պայմանավորված՝ Աստվածաշնչյան լեզվում (և հնագույն լեզուներում ընդհանրապես) նշանակությունից զրկված չէ նաև այս սերնդաբանության անդամների թվաքանակը ներկայացնող 70 թիվը։
«70 թիվը ամբողջ սրբազան պատմության ընթացքում հանդես է գալիս որպես հատուկ իմաստ ունեցող. այն հանդիպում է ժողովուրդների ցանկում (Ծննդ. 10), Մովսիսական 70 ավագների, հրեական Սինհեդրիոնի, Աստծո 70 աշակերտների պարագաներում: Յոթանասնից թարգմանության մեջ առկա աշխարհի ժողովուրդների հրեական հաշվարկում դրանց թիվը կրկին 70 է: 10−ը՝ մարդկության զարգացման ավարտի, 7−ը՝ Աստծո կատարյալ գործերի թիվն է, հետևաբար, 70−ն էլ Աստծո ժողովրդի կատարյալ, ամբողջական զարգացումն է ցույց տալիս: Բայց լիարժեք զարգացումը ենթադրում է սերմ՝ ցորեն: Դա հենց նահապետների 70−հոգուց բաղկացած տունն է: Այսպիսով՝ 70 թիվը վերաբնակեցվող ընտանիքի համար նախանշում է Աստծո ժողովրդի սրբազան սերմը» (Նեգելբախ, Դելիչ):
Դիտարկվող տոհմաբանության մեջ 70 թիվը հետևյալ կերպ է ստացվում. առաջին խումբը Լիայից է (Ծննդ․ 46:8-15)՝ բաղկացած 33−հոգուց (Դինան ներառյալ խմբում լինում է 32 անձ, սակայն, հավանաբար, Հակոբն էլ է հաշվվում, համար 15): Երկրորդ խումբը Զելփայից է (Ծննդ․ 46:16-18)՝ 16 հոգի: Երրորդ խումբն էլ Ռաքելից է (Ծննդ․ 46:19-22.)՝ 14 հոգի: Իսկ չորրոդ խումբը Բալլայից է՝ 7 հոգի: Ելք. 1:5 և Երկ. Օր. 10:22 համարներում 70 թվի կրկնությունից երևում է, որ այս հաշվարկը ճիշտ է, և այն կլոր թիվ չէ: Յոթանասնից (ինչպես նաև ռուսերեն և սլավոնական թարգմանությունները) այլ թիվ ունեն. որ է՝ 75−ը։ Հավանաբար այս թիվը ստացվում է Մանասեի և Եփրեմի 5 ժառանգների ավելացմամբ (համար 20)։ Հակոբի սերունդների թիվը 75 է ինչպես Յոթանասնից թարգմանության մեջ, այնպես էլ Ստեփանոս Նախասարկավագի խոսքում․ Գործք. 7:14): Հակոբի որդիների և նրա հետագա սերնդի սերնդաբանությունը ներկայացնող Թվեր. 26:5−51 և Ա Մնաց. 4:1−37 հատվածների հետ համեմատ Ծննդ. 46:8-27−ում շատ առանձնահատկություններ են նկատվում: Օրինակ՝ անունների տարբեր ուղղագրություն (Ծննդ. 46:10−ում` Համուել, Թվեր. 26:12 և Ա Մնաց. 4:24−ում` Նամուել, Ծննդ. 46:10−ում` Սահառ, Թվեր. 26:13−ում՝ Զարա և այլն), աստվածաշնչյան հետագա անվանացուցակներում հիշատակված նոր անուններ և, ընդհակառակը, առանձին անունների բացթողումներ: Ընդ որում՝ Մնացորդաց Առաջին գրքի խմբագրությունը հաճախ այս երկու հնագույն անվանացանկերին էլ հակասում է, քանզի մեկ հարում է մեկին (Ծննդոց), մեկ էլ՝ մյուսին (Թվեր):
Այս երկու տարբերակները բացատրելը դժվար չէ, չնայած երբեմն շատ կարևոր է: Օրինակ՝ Ծննդ. գրքում (hամար 21) Բենիամինի որդիներ անվանվող անձինք (Արադ, Նեեման) Թվեր գրքում նրա թոռներն են: Ծննդոց 46−րդ գլխի սերնդաբանության հետ համեմատելով՝ Թվեր 26−րդ գլխի տոհմաբանությունը կարելի է առավել ճշգրիտ համարել, թեև ընդհանուր առմամբ երկու սերնդաբանություններն էլ հաստատում և լրացնում են միմյանց: Հակառակ Ծննդոց և Թվեր գրքերի հետ համաձայնեցվելու դժվարություններին՝ նույնիսկ Մնացորդաց Առաջին գրքի սերնդաբանությունն է իր հերթին հաստատում Իսրայելում անհիշելի ժամանակներից տոհմաբանության անդադար և անվնաս գոյություն ունենալը։ Այն հուժկու կերպով է խոսում նոր աստվածաշնչյան−քննադատական դպրոցի դեմ: Այս դպրոցը Հնգամատյանի գրությունը տանում է բաբելոնյան գերությունից հետո և դնում է Մնացորդացի գրքերի գրմանը զուգահեռ: Այս պարագայում այս երեք սերնդաբանությունների խմբագրությունների տարբերությունները մնում են առանց որևէ բացատրության: Ողջ սերնդաբանության ցանկում միայն երկու կանանց անուններ են հիշատակված (բացի Հակոբի 4 կանանցից, քանզի ըստ նրանց է ողջ տոհմաբանությունը խմբավորված)՝ Հակոբի դուստր Դինան (Ծննդ. 46:15) և թոռնուհի Սարան (Ասերի դուստրը, Ծննդ. 46:17)։ Սա, իհարկե, համապատասխանում է հին հրեաների մոտ եղած սերնդաբանության պաշտոնական−իրավական նշանակությանը, որում կարևոր է եղել միայն քաղաքական և տնտեսական իմաստով իրավահավասար արական սերնդի թվարկումը: Քանանացի կնոջից ծնված Շմավոնի որդիներից Սավուղի մասին Ծննդ. 46:10 համարի նշումը հրեական ավանդությանը Դինային այդ քանանուհու հետ նույնացնելու առիթ է տվել: Գուցե այս դիտողությունն առավել պարզ բացատրվում է քանանացի կանանց հետ Հակոբի որդիների անսովոր ամուսնություններով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները: Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը:
(Արարատ թարգ․) Եվ սրանք են Իսրայելի որդիների՝ Հակոբի և նրա որդիների անունները, որ Եգիպտոս եկան: Հակոբի անդրանիկն էր Ռուբենը:
(Գրաբար) Եւ այս են անուանք որդւոցն Իսրայէլի որ մտին յԵգիպտոս: Յակոբ եւ որդիք իւր: Անդրանիկ Յակոբու` Ռոբէն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: