Ծննդոց գրքի մեկնություն 46:8

Ա․ Լոպուխին

8-25. Ահա՛, Իսրայելի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան։ Հակոբն ու նրա որդիները: Հակոբի անդրանիկ Ռուբենը: [8] Ռուբենի որդիներն են Ենոքը, Փաղղուսը, Ասրոնն ու Քարմին: Շմավոնի որդիներն են  Համուելը և Համինը, Ահոդը և Հաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնված Սավուղը: Ղևիի որդիներն են Գերսոնը, Կահաթն ու Մերարին: Հուդայի որդիներն են Էրը և Օնանը, Սելոմը, Փարեսն ու Զարան: Սակայն Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում: Փարեսի որդիները են Ասրոմն ու Համուելը: Իսաքարի որդիներն են Թողան ու Փուդը, Հասուբն ու Զամանը: Զաբուղոնի որդիներն են  Սերեդը, Ալլոնն ու Էլոնը: Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային, Միջագետքում նա ծնեց Հակոբի համար։ Նրա բոլորը որդիներն ու դուստրերը երեսուներեք հոգի էին: Գադի որդիներն են  Սափոնն ու Մեդիսը, Սավնիան ու Թավսոբամը, Այեդիսը, Արոյելիսը և Արիելիսը: Ասերի որդիներն են  Հեմնան, Հեսուան, Հեուլը, Բարիան և նրանց քույր Սարան: Բարիայի որդիներն են  Քոբորը և Մելքիելը: Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տվել էր իր դուստր Լիային: Սա Հակոբի համար ունեցավ այս տասնվեց որդիներին: Ռաքելի` Հակոբի կնոջ որդիներն են  Հովսեփն ու Բենիամինը: Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթը Հովսեփի համար ծնեց Մանասեին ու Եփրեմին: Բենիամինի որդիներն են Բաղան, Բոքորն ու Ասբեեն: Գեերան ու Նեեմանը, Անաքսն ու Ռոսը, Մամփիմը, Ոփիմն ու Արադը: Սրանք Ռաքելի որդիներն են, որոնց նա ծնեց Հակոբի համար, ընդհանուր՝  տասնյոթ հոգի: Դանի որդին է Ասոմը: Նեփթաղիմի որդիներն են Ասիելն ու Գոնին, Ասարն ու Սիլլեմը: Սրանք որդիներն են Բալլայի, որին Լաբանը տվեց իր դուստր Ռաքելին, Բալլան ծնեց սրանց Հակոբի համար, ընդհանուր ` յոթ  հոգի: (Սինոդական թարգ․)
   
   Տրվում է Հակոբի ամենամոտ սերունդների ցանկը, որոնք  նրա հետ տեղափոխվել են Եգիպտոս կամ էլ արդեն ծնվել են Եգիպտոսում: Այս սերնդաբանությունը, համաձայն Հին Արևելքի և ընդհանրապես հին հրեաների ընկալման ու սովորույթների, չափազանց կարևոր փաստաթղթի արժեք ուներ։ Մի կողմից այն ցույց է տալիս, որ ազգերի, հետագայում ցեղերի, սերունդների, տոհմերի և այլնի բաժանումը արմատներ ունի նահապետների ընտանիքների համապատասխան բաժանման մեջ։ Հետևաբար վերջին պարագան էլ այն է ցույց տալիս, որ Եգիպտոսում Հակոբի սերնդի հետագա բազմացումը և քաղաքական ու ազգագրական իմաստով մի ամբողջ ազգի վերածվելը տեղի է ունեցել բնակչության բնական աճի և բնական զարգացման միջոցով՝ առանց եգիպտացիների և նրանց քաղաքական իշխանության բռնի ազդեցության: Մյուս կողմից էլ այս ծագումնաբանությունը կարող էր իրավական նշանակություն ունենալ, քանի որ այն ապացուցում էր Հակոբի սերնդի յուրաքանչյուր ճյուղի՝ Իսրայելի այս կամ այն ​​որդուց կամ թոռից սերած լինելու բոլորին հայտնի հանգամանքի ուժով, ավետյաց երկրում տարածք զբաղեցնելու իրավունքը:

   7, 10, 70 թվերի խորհրդանշական իմաստով պայմանավորված՝ Աստվածաշնչյան լեզվում (և հնագույն լեզուներում ընդհանրապես) նշանակությունից զրկված չէ նաև այս սերնդաբանության անդամների թվաքանակը ներկայացնող 70 թիվը։

   «70 թիվը ամբողջ սրբազան պատմության ընթացքում հանդես է գալիս որպես հատուկ իմաստ ունեցող. այն հանդիպում է ժողովուրդների ցանկում (Ծննդ. 10), Մովսիսական 70 ավագների, հրեական Սինհեդրիոնի, Աստծո 70 աշակերտների պարագաներում: Յոթանասնից թարգմանության մեջ առկա աշխարհի ժողովուրդների հրեական հաշվարկում դրանց թիվը կրկին 70 է: 10−ը՝ մարդկության զարգացման ավարտի, 7−ը՝ Աստծո կատարյալ գործերի թիվն է, հետևաբար, 70−ն էլ Աստծո ժողովրդի կատարյալ, ամբողջական զարգացումն է ցույց տալիս: Բայց լիարժեք զարգացումը ենթադրում է սերմ՝ ցորեն: Դա հենց նահապետների 70−հոգուց բաղկացած տունն է: Այսպիսով՝ 70 թիվը վերաբնակեցվող ընտանիքի համար նախանշում է Աստծո ժողովրդի սրբազան սերմը» (Նեգելբախ, Դելիչ):

Դիտարկվող տոհմաբանության մեջ 70 թիվը հետևյալ կերպ է ստացվում. առաջին խումբը Լիայից է (Ծննդ․  46:8-15)՝  բաղկացած 33−հոգուց (Դինան ներառյալ խմբում լինում է 32 անձ, սակայն, հավանաբար, Հակոբն էլ է հաշվվում, համար 15): Երկրորդ խումբը Զելփայից է (Ծննդ․ 46:16-18)՝ 16 հոգի: Երրորդ խումբն էլ Ռաքելից է (Ծննդ․  46:19-22.)՝ 14 հոգի: Իսկ չորրոդ խումբը Բալլայից է՝ 7 հոգի: Ելք. 1:5 և Երկ. Օր. 10:22 համարներում 70 թվի կրկնությունից երևում է, որ այս հաշվարկը ճիշտ է, և այն կլոր թիվ չէ: Յոթանասնից (ինչպես նաև ռուսերեն և սլավոնական թարգմանությունները) այլ թիվ ունեն. որ է՝ 75−ը։ Հավանաբար այս թիվը ստացվում է Մանասեի և Եփրեմի 5 ժառանգների ավելացմամբ (համար 20)։ Հակոբի սերունդների թիվը 75 է ինչպես Յոթանասնից թարգմանության մեջ, այնպես էլ Ստեփանոս Նախասարկավագի խոսքում․ Գործք. 7:14): Հակոբի որդիների և նրա հետագա սերնդի սերնդաբանությունը ներկայացնող Թվեր. 26:5−51 և Ա Մնաց. 4:1−37 հատվածների հետ համեմատ Ծննդ. 46:8-27−ում շատ առանձնահատկություններ են նկատվում: Օրինակ՝ անունների տարբեր ուղղագրություն (Ծննդ. 46:10−ում` Համուել, Թվեր. 26:12 և Ա Մնաց. 4:24−ում` Նամուել, Ծննդ. 46:10−ում` Սահառ, Թվեր. 26:13−ում՝ Զարա և այլն), աստվածաշնչյան հետագա անվանացուցակներում հիշատակված նոր անուններ և, ընդհակառակը, առանձին անունների բացթողումներ: Ընդ որում՝ Մնացորդաց Առաջին գրքի խմբագրությունը հաճախ այս երկու հնագույն անվանացանկերին էլ հակասում է, քանզի մեկ հարում է մեկին (Ծննդոց), մեկ էլ՝ մյուսին (Թվեր):

   Այս երկու տարբերակները բացատրելը  դժվար չէ, չնայած երբեմն շատ կարևոր է: Օրինակ՝ Ծննդ. գրքում (hամար 21) Բենիամինի որդիներ անվանվող անձինք (Արադ, Նեեման) Թվեր գրքում  նրա թոռներն են: Ծննդոց 46−րդ գլխի սերնդաբանության հետ համեմատելով՝ Թվեր 26−րդ գլխի տոհմաբանությունը կարելի է առավել ճշգրիտ համարել, թեև ընդհանուր առմամբ երկու սերնդաբանություններն էլ հաստատում և լրացնում են միմյանց: Հակառակ Ծննդոց և Թվեր գրքերի հետ համաձայնեցվելու դժվարություններին՝ նույնիսկ Մնացորդաց Առաջին գրքի սերնդաբանությունն է իր հերթին հաստատում Իսրայելում անհիշելի ժամանակներից տոհմաբանության անդադար և անվնաս գոյություն ունենալը։ Այն հուժկու կերպով է խոսում նոր աստվածաշնչյան−քննադատական դպրոցի դեմ: Այս դպրոցը Հնգամատյանի գրությունը տանում է  բաբելոնյան գերությունից հետո և դնում է Մնացորդացի գրքերի գրմանը զուգահեռ: Այս պարագայում այս երեք սերնդաբանությունների խմբագրությունների տարբերությունները մնում են առանց որևէ բացատրության: Ողջ սերնդաբանության ցանկում միայն երկու կանանց անուններ են հիշատակված (բացի Հակոբի 4 կանանցից, քանզի ըստ նրանց է ողջ տոհմաբանությունը խմբավորված)՝ Հակոբի դուստր Դինան (Ծննդ. 46:15)  և թոռնուհի Սարան (Ասերի դուստրը, Ծննդ. 46:17)։ Սա, իհարկե, համապատասխանում է հին հրեաների մոտ եղած սերնդաբանության պաշտոնական−իրավական նշանակությանը, որում կարևոր է եղել միայն քաղաքական և տնտեսական իմաստով իրավահավասար արական սերնդի թվարկումը: Քանանացի կնոջից ծնված Շմավոնի որդիներից Սավուղի մասին Ծննդ. 46:10 համարի նշումը հրեական ավանդությանը Դինային այդ քանանուհու հետ նույնացնելու առիթ է տվել: Գուցե այս դիտողությունն առավել պարզ բացատրվում է քանանացի կանանց հետ Հակոբի որդիների անսովոր ամուսնություններով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները: Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը:
(Արարատ թարգ․) Եվ սրանք են Իսրայելի որդիների՝ Հակոբի և նրա որդիների անունները, որ Եգիպտոս եկան: Հակոբի անդրանիկն էր Ռուբենը:
(Գրաբար) Եւ այս են անուանք որդւոցն Իսրայէլի որ մտին յԵգիպտոս: Յակոբ եւ որդիք իւր: Անդրանիկ Յակոբու` Ռոբէն: